«Օրհնելով աշխարհի բոլոր ազգերին», Լիահոնա, 2026։
Օրհնելով աշխարհի բոլոր ազգերին
Եթե մենք հետևենք և կիսվենք այն ծրագրով, որը մեր Երկնային Հայրը պատրաստել է ընտանիքների համար, Նա մեզ հետ կլինի, կաջակցի մեզ և մեզ հետ կլինի Նրա մոտ վերադառնալու մեր ճամփորդության ժամանակ։
Հակոբի երազը Բեթելում, Ջ. Քեն Սպենսեր
Վերջերս քույր Ուխդորֆի հետ մասնակցեցինք մեր ծոռներից մեկի մկրտությանը։ Երբ տեսանք, թե ինչպես են մի քանի սերունդներ ուրախությամբ նշում այս իրադարձությունը, խորին երախտագիտություն զգացինք մեր Երկնային Հոր հանդեպ՝ Իր զավակների համար նախատեսված փրկության ծրագրի համար։ Մենք զգացինք, թե որքան կարևոր են ընտանիքն ու սրբազան ուխտերը Նրա համար հենց սկզբից ի վեր։
Այդ կարևորությունը կարելի է տեսնել Հին Կտակարանի հավատարիմ Հակոբի պատմության մեջ, որը երկար և դժվարին ճանապարհ անցավ՝ կին գտնելու, ուխտի կնքումով ամուսնանալու և ընտանիք կազմելու համար։ Մի երեկո Հակոբը կանգ առավ՝ գիշերելու, բայց միայն քարեր գտավ՝ գլխի տակ դնելու համար։ Նա, հավանաբար, շատ հոգնած էր, որովհետև կարողացավ քնել և նույնիսկ երազ տեսնել։
Ուխտի կնքումով ամուսնանալու և ընտանիք կազմելու իր արժանի նպատակներն անկասկած մտքում ունենալով՝ Հակոբը տեսավ «երկրի վրա դրված մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։
Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը» (Ծնունդ 28․12–13)։
Այնուհետև Տերը մի քանի կարևոր ուխտի խոստումներ տվեց Հակոբին․ խոստումներ, որոնք Նա տվել էր նաև Հակոբի հորը՝ Իսահակին, և նրա պապին՝ Աբրահամին, ներառյալ՝
-
Խոստում, որ Հակոբը կդառնա «ժողովուրդների բազմությ[ա]ն» հայր (Ծնունդ 28․3, տես նաև 14-րդ հատվածը):
-
Խոստում, որ Հակոբի սերունդը հող կստանա (տես Ծնունդ 28․4, 13):
-
Խոստում, որ Հակոբի և նրա «սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը» (Ծնունդ 28․14, շեշտադրումն ավելացված է):
Հակոբի փորձառությունն այնքան սրբազան էր, որ նա հայտարարեց. «Իրապես Տերն այստեղ է… սա ուրիշ բան չէ, այլ միայն Աստծու տունը, և սա է երկնքի դուռը» (Ծնունդ 28․16–17)։ Եվ այսպես, Հակոբը այդ վայրն անվանեց Բեթել, որը նշանակում է «Աստծու տուն» (Ծնունդ 28․19, ծանոթագրություն ա):
Հակոբի երազում խոստացված օրհնությունները պահանջում էին, որ Հակոբն իրական կյանքում փոխաբերական իմաստով բարձրանար։ Որպես Վերջին Օրերի Սրբեր՝ դժվար չէ տեսնել Հակոբի երազի, Տիրոջ ուխտերի և Տիրոջ տան միջև կապը։ Տաճարները շատ նման են այն սանդուղքին, որ Հակոբը տեսավ։ Տիրոջ տան ուսմունքները, արարողությունները և ուխտերը կապում են երկինքն ու երկիրը։ Ուխտերը կարելի է համեմատել սանդուղքի աստիճանների հետ, որոնք մեզ ավելի են մոտեցնում Տիրոջը։ Եվ սուրբ տաճարներում մատուցվող սրբազան ծառայության միջոցով մենք օրհնում ենք «երկրի բոլոր ցեղերը»՝ անցյալի, ներկայի և ապագայի։
«Ինչպիսի՜ բացահայտում»
Երեց Բրուս Ս. Հեյֆենը՝ Յոթանասունի պատվավոր անդամը, մի անգամ հեռախոսազանգ ստացավ ազգային լրատվական ամսագրի խմբագրից։ Խմբագիրը ցանկանում էր խոսել վերջերս հրատարակված մի գրքի մասին, որտեղ ներկայացված էին տարբեր կրոններում դրախտի մասին համոզմունքների ուսումնասիրություններ։
«Հեղինակները պարզել են, որ հանրությունը երկնքի՝ և երկնքում ընտանիքների համատարած ծարավ է զգում»,- գրել է երեց Հեյֆենը։ Բայց մինչ մարդկանց մեծ մասը դեռևս հավատում է հետմահու կյանքին, հավերժական սիրուն և երկնային ընտանեկան վերամիավորումներին, «քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը քիչ է արձագանքում այս ներքին ծարավին», բացառությամբ մեկի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու։
Փրկչի վերականգնված Եկեղեցում մենք ունենք սրբազան տաճարներ։ Մենք ունենք հավերժական ամուսնություն՝ այն կնքելու լիազորությամբ, որն օրհնություն է ֆիզիկական մահից հետո։ Մենք ունենք հավիտենական ապագայի խոստումը՝ սիրելիների հետ՝ Հոր և Որդու ներկայությամբ։ Հաշվի առնելով այս ամենը՝ հեղինակները եզրակացրել են, որ Վերջին Օրերի Սրբերի դրախտի մասին պատկերացումն ամենաամբողջականն է, և, կավելացնեի, ամենաերջանիկը։
«Ինչպիսի՜ բացահայտում»։ Երեց Հեյֆենը նկատել է. «Այսօր մարդկանց մեծ մասը տենչում է ունենալ հավերժական ընտանիք, և [Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն] այդ ցանկությունը բավարարում է ավելի լավ, քան որևէ այլ հայտնի գաղափար [կամ կրոնական դավանանք]»։ Երանի ամբողջ աշխարհը կարողանար լսել ավետիսի մասին մեր մանկական երգը՝ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել»:
Ընտանիքները պարզապես սոցիալապես հարմար կազմակերպված միավորներ չեն։ Դրանք երկնքի հավերժական օրինաչափությունն են։ Դրանք «ամենակարևոր դերն ուն[են] Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»։ Ինչպես մեզ ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը. «[Տերը] ստեղծեց երկիրը, [որպեսզի] մենք կարողանանք ձեռք բերել ֆիզիկական մարմին և կազմել ընտանիք։ Նա հիմնադրեց Իր Եկեղեցին՝ ընտանիքները վեհացնելու համար։ Նա տաճարներ է տվել, որպեսզի ընտանիքները կարողանան հավերժ միասին լինել»։
Բայց մեր հետաքրքրությունն ամուր ընտանիք ունենալու հարցում կենտրոնացած չէ միայն հավերժական ճակատագրի վրա։ Ընտանիքը կարևոր դեր է խաղում նաև մեր մահկանացու կյանքում երջանիկ լինելու հարցում։ Մեր Երկնային Հայրը, որը կատարելապես գիտի, թե ինչն է երջանկություն բերում այժմ և հավերժության համար, Իր զավակներին տալիս է ընտանիքներ՝ որքան էլ որ նրանք անկատար լինեն, և հրավիրում է մեզ կառուցել և զարգացնել ամուր ընտանիքներ։ Իհարկե, «անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը»։ Բայց ոչինչ չի կարող փոխարինել ամուսնու և կնոջ, հոր և մոր էական, աստվածային պարտականություններին։
«Միմյանց հետ կենսաբանական կապ ունեցող, երկու ծնողից բաղկացած ընտանիքների» վերաբերյալ հետազոտությունները շարունակում են ցույց տալ, որ ընտանիքն անփոխարինելի է «սիրո և մտերմության խորը կապերը» պահպանելու համար։ Այն «կայուն, լավ հարմարված և սոցիալապես գիտակից անհատների զարգացման հիմնական միջոցն է»։
Ընտանիքի ջանասեր պաշտպանները
Իհարկե, մեզ չպետք է զարմացնի այն, որ Աստծո ծրագրի այդքան կարևոր մի մաս կարող է բախվել հակադրության։ Սատանան երբեք ընտանիքը չի խրախուսել, և իր ջանքերով միայն ավելի համառ է դառնում՝ «իմանալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12․12): Ինչպես ասել է Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Մ. Ռասսել Բալլարդը (1928–2023). «Սատանան գիտի, որ Տիրոջ գործը խափանելու ամենահուսալի և իրական ուղին ընտանիքի արդյունավետությունը և տան սրբությունը նվազեցնելն է»:
Իմանալով այն, ինչ գիտենք Աստծո հավերժական ընտանիքի, Իր զավակների համար Նրա ծրագրի և ընտանեկան հարաբերությունների հավերժական նշանակության մասին` մենք պետք է լինենք աշխարհում ընտանիքի ամենաջանասեր պաշտպաններից մեկը։
Ինչպե՞ս ենք անում դա:
Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, տվել է հետևյալ խորհուրդը. «Ընտանիքի հռչակագիրը … Տիրոջ կողմից ավետարանի ճշմարտությունների վերաշեշտադրումն է, որոնք անհրաժեշտ են, որ ինքներս մեզ նեցուկ լինենք ընտանիքին սպառնացող ժամանակակից մարտահրավերների դարում»:
Մեր անձնական կյանքում մենք կարող ենք անել «փոքր ու հասարակ բաներ» (Ալմա 37․6), որոնք ամրապնդում են ընտանեկան հարաբերությունները։ Սա ներառում է «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրում նշված հաջողակ ընտանիքների և ամուսնությունների սկզբունքներին հետևելը՝ «հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»: Անկախ մեր ներկայիս ընտանեկան իրավիճակից, մենք կարող ենք մեր գործերով ցույց տալ, որ հավերժական ընտանեկան հարաբերությունները կարևոր են մեզ համար։
Որպես մեր համայնքների «պատասխանատու քաղաքացիներ», մենք կարող ենք «պայմաններ ստեղծե[լ] և միջոցառումներ անցկացնե[լ]՝ ուղղված ընտանիքների … պահպանմանն ու ամրապնդմանը»։
Մենք Տիրոջ վերջին օրերի ուխտի ժողովուրդն ենք։ Մենք Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումների ժառանգորդներն ենք․ խոստումներ, որոնք ամբողջովին կապված են ընտանիքների հետ։ Այդ խոստումները գալիս են «երկրի բոլոր ազգերին» օրհնելու սրբազան կոչի հետ միասին։ Եվ դա անելու կարևոր ուղիներից մեկը հավերժական ճշմարտության համաձայն ապրելն է, այն պաշտպանելը և դրանով կիսվելը, որ «ընտանիքը հաստատված է Աստծո կողմից», և որ սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար՝ վերադարձը դեպի Աստծո ներկայությունը, իսկ ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը»:
«Ես քեզ հետ եմ»
Երբ ես և քույր Ուխդորֆը տեսնում ենք, թե ինչպես են մեր ընտանիքի անդամները սուրբ ուխտեր կապում մեր սիրող, հավերժական Երկնային Հոր հետ, մեր սրտերը լցվում են ուրախությամբ և երախտագիտությամբ։ Մենք ուրախանում ենք ոչ միայն մեր երեխաներով և նրանց երեխաներով, այլև մեր ծնողներով և նրանց ծնողներով։ Մենք, խորին սիրով լցված, խորհում ենք այն մասին, թե ինչպես են ավետարանի ուխտերը միավորում մեզ սերունդների հետ։ Դա մի փորձառություն է, որը նման է «երկրի վրա դրված մի սանդուղք[ի], որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին» (Ծնունդ 28․12)։
Հակոբի երազում Տիրոջ կողմից խոստացված օրհնությունները վերաբերում են Իր բոլոր ուխտի զավակներին՝ այդ թվում՝ ձեզ և ինձ։ Ինչպես Տերը պատասխանեց Հակոբին, Նա կպատասխանի մեզ «[մեր] նեղության օրը» (Ծնունդ 35․3), եթե մենք ընտրենք Նրան։
«Ահա,- ասաց Տերը,- ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ, … որովհետև քեզ չեմ թողնի» (Ծնունդ 28․15):
Հակոբի նման, մենք բոլորս անապատ ունենք անցնելու։ Երբեմն խոստացված օրհնությունները հեռու են թվում։ Երբ լուրջ խնդիրների կամ դժվարությունների ենք առնչվում, մենք կարող ենք կասկածի տակ դնել Տիրոջ սերը։ Մենք կարող ենք նույնիսկ զգալ, որ Աստված լքել է մեզ։ Չնայած աշակերտ լինելու մեր լավագույն ջանքերին, մենք կարող ենք զգալ, որ չենք ստանում այն օրհնությունները, որոնց հույսն ունեինք։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ ընկերներ, ուխտի ուղին ուրախալի է, չնայած երբեմն կարող են արցունքների հետքեր լինել։ Եթե զգում եք, որ երջանկության ծրագրի որոշ մասեր ձեր կյանքում հիմա չեն կատարվում, խնդրում եմ վստահեք, որ Տերը հոգ է տանում ձեր մասին և կօրհնի ձեզ Իր ժամանակին՝ համաձայն Իր իմաստության։
Հիսուս Քրիստոսի և Նրա խոստումների հանդեպ հավատքը մեզ ոգեշնչում է նայել առաջ, այլ ոչ թե հետ։ Նրա շնորհիվ մեր ապագան չպետք է գերի լինի անցյալում տեղի ունեցած կամ մեր տեսադաշտը այժմ փակող իրադարձության։ Այո, մենք բոլորս ինչ-որ մի պատճառով վիրավորվել ենք կամ կվիրավորվենք։ Բայց մենք հավատում ենք Մեծ Բժշկողին։ Մենք այնքան շատ ենք վստահում Նրան, որ ընդունում ենք Նրա խոստումները՝ լիովին «համոզված լինելով դրանցում», նույնիսկ երբ դրանք դեռ «հեռվ[ում]» են (Եբրայեցիներին 11․13):
«Եկեք հիշենք, որ Տիրոջ հարմար ձևով և ժամանակին, ոչ մի օրհնություն հետ չի պահվի Նրա հավատարիմ Սրբերից»,- ասել է նախագահ Նելսոնը։ «Տերը կդատի և կհատուցի յուրաքանչյուր անհատի՝ ինչպես ըստ գործերի, այնպես էլ սրտերի ցանկությունների»:
Ես խոստանում եմ, որ եթե մենք հետևենք և կիսվենք այն ծրագրով, որը մեր Երկնային Հայրը պատրաստել է ընտանիքների համար, Նա մեզ հետ կլինի, կաջակցի մեզ և մեզ հետ կլինի մեր ճամփորդության ժամանակ։ Նա երբեք մեզ մենակ չի թողնի, հատկապես, երբ մենք կամ մեր սիրելիները փորձություններ ենք ունենում։ Նա մեզ կտանի, կբարձրացնի և կբերի մեզ դեպի ուրախության լիության խոստացված երկիր՝ Իր հետ, Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ և մեր ընտանիքների հետ՝ հավերժ։