Լիահոնա
Նրա հանձնարարության տակ
Մարտ 2026 Լիահոնա


«Նրա հանձնարարության տակ», Լիահոնա, մարտ 2026։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Նրա հանձնարարության տակ

Ես չգիտեի, թե ինչպես ընտանիքին հայտնել նրանց դստեր մահվան լուրը, մինչև որ Սուրբ Հոգին օգնեց ինձ։

մի մարդու տան դռան մոտ կանգնած ոստիկանի նկար

Նկարը` Բրիանա Կրանցի

Եթե մարդկային ամենացավալի փորձառությունը սիրելիի անսպասելի և ողբերգական կորուստն է, ապա կարծում եմ՝ երկրորդ ամենադժվար փորձառությունն այն է, որ առաջին օգնություն ցուցաբերողը նայում է մոր և հոր աչքերի մեջ և ասում, որ նրանց երեխան մահացել է։

Մի առավոտ ինձ ուղարկեցին տեղեկացնելու մի ընտանիքի, որ նրանց կրտսեր դուստրը մահացել էր քոլեջից տուն վերադառնալիս։ Նա վարելիս քնել էր ղեկին և տեղում մահացել, երբ նրա մեքենան դուրս էր եկել ճանապարհից և ուժգին վթարի ենթարկվել։ Զատիկի առավոտ էր։

Ես սարսափում էի, որ ցավ էի պատճառելու այդ ընտանիքին։ Տարօրինակ էր, բայց գրեթե զգում էի, որ ընտանիքին այս ցնցող լուրը հայտնելով՝ ես ինչ-որ կերպ պատասխանատու էի դրա համար։

Ես սեղմեցի դռան զանգը, և մի տղամարդ մոտեցավ։ Մեր հայացքները հանդիպեցին դռան պատուհանից։ Նա անշարժ էր, դեմքին լարվածություն էր երևում։ Նա գիտեր, որ ես ներկայացել էի բացատրելու իր դստեր բացակայության պատճառը։ Հանկարծ ես հոգևոր հուշում ստացա.

«Ջեյսոն, մոռացիր ինքդ քեզ։ Դու իմ հանձնարարությունն ես կատարում և իրավունք ունես օգտվելու իմ զորությունից։ Լսիր Հոգու հուշումները։ Վստահիր դրան։ Սուրբ Հոգին կառաջնորդի քեզ՝ հասկացողություն և լուծում տալու նրանց, ովքեր հակասություն ունեն կամ շփոթված են։

Տղամարդը դողացող ձեռքով բացեց դուռը։ Իմ վարանումը փոխարինվեց հոգևոր վստահությամբ, երբ ես ներկայացա և խնդրեցի ներս մտնել։ Թեև Հոգով զորացված էի, սիրտս խորապես ցավում էր նրա համար։ Ես ուզում էի թեթևացնել նրա վիշտը, սգալ և արտասվել նրա հետ (տես Մոսիա 18․8–9)՝ կարծելով, որ դա կարող էր թեթևացնել նրա տառապանքը։

Անցնելով մի փոքր միջանցքով՝ մենք մտանք մի սենյակ, որտեղ հավաքվել էին նրա կինն ու երեխաները։ Սուրբ Հոգու զորությամբ լցված՝ ես զգացի վստահություն և մտքի պարզություն։ Ես պատասխանեցի նրանց հարցերին, ապա վկայեցի, որ Հիսուս Քրիստոսի, Նրա զոհաբերության և Հարության շնորհիվ նրանք կրկին կտեսնեն իրենց դստերը։

Այս փորձառության շնորհիվ Տիրոջ հանդեպ իմ հավատքը աճեց՝ դառնալով վստահություն։ Հուսով էի, որ նրանց հավատքը նույնպես աճել էր։

Յոթանասունից երեց Փոլ Բ. Փայփերն ուսուցանել է. «Երբեմն Աստծուն վստահել սովորելու լավագույն ուղին պարզապես Նրան վստահելն է»։

Տիրոջը վստահելն ուժ է տվել ինձ՝ մյուսներին օգնելու համար։ Այն նաև ամրապնդել է իմ վկայությունը և պատրաստել Նրա համար ուրիշներին ծառայելու անթիվ հնարավորությունների ճանապարհը։