Լիահոնա
Ուրախալի լուրը
Մարտ 2026 Լիահոնա


«Ուրախալի լուրը», Լիահոնա, մարտ 2026։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ուրախալի լուրը

Փրկչի անսահման Քավության շնորհիվ ես գիտեմ, որ կրկին կտեսնեմ իմ ընկերոջը։

երկու կանանց լուսանկար

Նկարը` Բրիանա Կրանցի

Ես և Մարիցան հարևաններ էինք և ծանոթացել էինք երիտասարդ տարիքում։ Չնայած նա մի քանի տարով մեծ էր ինձանից, մենք դարձանք շատ մտերիմ լավ ընկերներ։

Երբ ես 19 տարեկան էի և հատկապես ուղղորդման կարիք ունեի, նա ինձ ծանոթացրեց Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանին՝ լիաժամկետ միսիոներների միջոցով։ Ես արդեն մի փոքր գիտեի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հորեղբորս և տատիկիս միջոցով։ Նրանք Եկեղեցու ռահվիրա անդամներն էին իմ ընտանիքում։

Մարիցան ինձ հետ էր իմ դարձի գալու ողջ ընթացքում․ նա օգնեց ինձ զարգացնել իմ վկայությունը Փրկչի և Նրա ավետարանի մասին և օգնում էր ամեն անգամ, երբ ես նրա կարիքն ունեի։

Ես նրանից սովորեցի, թե ինչ ուրախություն է ավետարանով պարզությամբ և վճռականությամբ ապրելը։ Ես հիանում էի, թե նա ինչպես էր շփվում մյուսների հետ, միաբանում ընտանիքին և ընկերներին ու հաստատակամորեն հասնում աշխարհիկ և հոգևոր նպատակներին։ Ես նրանից սովորեցի, որ երբ մենք սովորում ենք ճշմարտությունը, պետք է կիրառենք մեր սովորածը՝ պահելով պատվիրանները և կիրառելով ավետարանի ուսմունքները մեր կյանքում և ընտանիքներում։ Հավատարիմ մնալու համար մենք պետք է համարձակ լինենք մեր վկայության մեջ և ձգտենք հավատարիմ մնալ մեր հավատքին՝ չնայած դժվարություններին։

2010 թվականին Մարիցան մահացավ ավտովթարից։ Դա տխուր պահ էր ինձ համար, բայց գիտեմ, որ փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, ես կրկին կտեսնեմ նրան։ Գիտեմ, որ նա ապրում է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է՝ նույն ուրախ տրամադրությամբ և եռանդով, որը բնորոշ էր նրան այստեղ՝ երկրի վրա։

Ես գիտեմ, որ այս «փորձնական վիճակը» (Ալմա 12․24) միակ տեղը չէ։ Գիտեմ, որ մենք կրկին կտեսնենք մեր ընտանիքի անդամներին և ընկերներին վարագույրի մյուս կողմում։ Մենք կտեսնենք նրանց, կողջունենք նրանց և կրկին միասին կլինենք։ Մենք կզգանք նույն սերը, որը զգացել ենք միմյանց հանդեպ երկրի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 130․2): Իմ ընտանիքի անդամները հոգևոր աշխարհում են։ Գիտեմ, որ Մարիցան նույնպես այնտեղ է։

Մարիցան ուրախությամբ կիսվում էր ավետարանի մասին բոլորի հետ երկրի վրա։ Վստահ եմ, որ նա նույն բանն է անում հոգևոր աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138․57): Նա ուսուցանում է Փրկչի անսահման Քավության և այն ուրախալի լուրի մասին, որ Նրա շնորհիվ և տաճարային արարողությունների միջոցով, մենք կարող ենք վերադառնալ Նրա և Հոր ներկայություն՝ որպես ընտանիքներ հավերժ ապրելու համար:

Հղում

  1. Տես Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 461։