Արդար տնտեսվարում՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ
Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար
4 մայիսի 2025թ․
Ամբողջ աշխարհում հավաքված սիրելի ընկերներ, ողջո՜ւյն։ Ես շատ ուրախ եմ ձեզ հետ լինելու այս հնարավորության համար՝ կիսվելու ձեր հանդեպ իմ սիրով և ձեր հանդեպ իմ ձգտումներով։ Ամենակարևորը, ես հույս ունեմ, որ դուք այս երեկո կունենաք մի փորձառություն, որի ընթացքում դուք կզգաք Աստծո սերը և կոգեշնչվեք հասնելու ձեզ համար Նրա բարձրագույն ձգտումներին։
Մենք այստեղ ենք՝ Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային հրապարակի պատմական Թաբերնաքլում։ Այս վեհաշուք շենքի շինարարությունը սկսվեց իմ ծնվելուց հարյուր տարի առաջ։ Դա այն ժամանակն էր, երբ շինանյութերը Յուտայի տարածքում շատ թանկ էին, չկար երկաթուղի՝ պարագաները բերելու համար, և նույնիսկ եթե կար, գումարը սակավ էր։ Բայց այս վեհաշուք կառույցի վրա աշխատողները հնարամիտ էին և մատչելի նյութերը վերամշակում էին։ Օգտագործված փայտանյութի մի մասը վերամշակվել էր նախկինում կառուցված բնակարաններից։ Մեխերն ու մետաղական ամրակապիչները կռում էին եզների մաշված նալերից։ Եվ գիպսը խառնվում էր կենդանիների մազերի հետ՝ ամրություն ստանալու համար։ «Նոր նպատակով օգտագործել», «վերաօգտագործել» և «վերամշակել» բառերը նրանց ամենատարածված բառերն էին դեռևս մեր խոսակցական լեզվի մաս կազմելուց շատ տարիներ առաջ։
Իմ երկրորդ և երրորդ նախապապերը, որոնք Անգլիայից ներգաղթածներ էին, աշխատել են այս Թաբերնաքլի հսկայական դռների կառուցման վրա։ Կարո՞ղ էին նրանք երբևէ պատկերացնել, որ իրենց ժառանգորդը՝ թոռնուհին, կխոսի այս պատմական վայրից։
Քույրեր և եղբայրներ, հասկանո՞ւմ եք, թե ինչ ազդեցություն կարող եք դուք ունենալ։
Աշխարհը, որում մենք ապրում ենք, լի է մարտահրավերներով։ Եվ դուք կանանց և տղամարդկանց մի սերունդ եք, որը պահվել է այս օրվա համար. դուք ունեք Աստծո զորությունը օգտագործելու կարողությունը, հատկանիշները, ցանկությունը և հնարավորությունը՝ այդ մարտահրավերներին դիմակայելու և դրանք լուծելու համար։ Ձեր ներուժը աստվածային է։
Ես հավատում եմ ձեր ներուժին։ Մարգարեները, տեսանողներն ու հայտնողները վստահություն են հայտնում ձեր հանդեպ։ Նրանցից եկող խոսքերը նույնն են, ինչ Տերն Ինքը խոսացած լինի։
Խնդրում եմ, մի հանձնվեք՝ փորձելով լուծել այս օրվա բարդությունները։ Մենք ունենք ձեր կարիքը:
Ես հասկանում եմ, որ հեշտ է ընկնել բացասական մտքերի թակարդը, խրվել աշխարհում տիրող խնդիրների անընդհատ հեղեղի մեջ։ Զինված հակամարտություն, վիճահարույց քաղաքականություն, բռնաճնշումներ, բնական աղետներ, մարդկային տառապանք՝ այդ բոլորից գրեթե շունչս կտրում է։ Դուք կարող եք անզոր զգալ երկարատև լուծումների հասնելու հարցում։
Վստահությամբ հայտարարում եմ, որ օրհնված լինելով Աստծո ուժով և զորությամբ, որը հասանելի է ձեզ, երբ Նրա հետ ուխտեր եք կապում և պահում, դուք կարող եք հակազդել բացասականին և լույս սփռել խավարի յուրաքանչյուր անկյունում։
«[Մենք ենք] աշխարհի լույսը»։, հայտարարել է Փրկիչը։ Եվ «լույսը հարում է լույսին»։ Թողնելով, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր աշակերտության լույսը շողա, ստանում ենք վերականգնվող էներգիայի բարձրագույն ձևը՝ էներգիա անընդհատ համալրվող աղբյուրից։ Ես վկայում եմ, որ Նրա մխիթարությունն ու լույսը ուրիշներին բերելով՝ մենք մեր սեփական մխիթարությունն ենք գտնում Նրանում։
Այսպիսով, խաղաղարար եղեք ձեր սեփական տանը, համայնքում և ձեր առցանց տիրույթում։ Թեթևացրեք տառապանքը ձեր իսկ շրջապատում։
Սատանայի նպատակն է, որ մենք ներգործվենք։ Ի հակադրություն, Հոր երջանկության ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս գործելու, լինելու բարու, խաղաղության, հույսի գործակալներ։
Մենք կարող ենք հակազդել ապատեղեկատվությանը՝ կիսվելով ոգեշնչող, հույս ներշնչող և ճշգրիտ տեղեկատվությամբ՝ դառնալով ճշմարտության պաշտպաններ, այլ ոչ թե պարզապես տեղեկատվության սպառողներ։ Մենք կարող ենք պատասխանել բացասականին՝ աշխարհը ողողելով Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսով և բարի լուրով։
Ինչպես մեր սիրելի մարգարե, նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է բացականչել. «Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոսը»: «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ մեր աշակերտությունը դարձնել մեր «ամենաբարձր առաջնահերթությունը»։ Մենք խորացնում ենք մեր աշակերտությունը, երբ սովորում ենք Հիսուս Քրիստոսից և Հիսուս Քրիստոսի մասին։ Այսպիսով, եկեք քննենք Փրկչի ուսմունքները։
Մատթեոս 25-րդ գլուխը պարունակում է երեք առակ՝ վերջին առակները, որոնք Մատթեոսը գրանցում է որպես Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկչի կողմից սովորեցրած առակներ։ Գերագույն համաժողովի իմ վերջին ելույթը և այս հոգևոր հավաքին նախապատրաստվելիս Հոգին ինձ հորդորեց վերադառնալ և սովորել այս պատմություններից։
Մեր նպատակների համար ես ցանկանում եմ ընդգծել այս առակների նախապատրաստման և տնտեսվարման կողմերը։ Նախագահ Նելսոնը հրավիրել է մեզ դարձնել «հիմա ․․․ ժամանակը ․․․ պատրաստվելու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Տնտեսվարումը սեփական խնամքին վստահված ինչ-որ բանի ուշադիր և պատասխանատու կառավարումն է։ Տնտեսվարման մեր ջանքերում մենք ընդօրինակում ենք Հիսուս Քրիստոսին։ Այսպիսով, լսեք նախապատրաստության և տնտեսվարման դասերը, որոնք կարող ենք քաղել այս պատմություններից։
Նախ, տասը կույսերի առակը. Հինգը, որոնք իմաստուն էին և հինգը, որոնք նկարագրված են որպես հիմար։
Առակում բոլոր տասը կույսերը ճիշտ վայրում էին, և սպասում էին փեսային: Նրանցից յուրաքանչյուրը եկել էր լապտերով։ Ինչպես և դուք բոլորդ։ Դուք այստեղ եք՝ գործադրելով ձեր հավատքը և կառուցելով ձեր վկայությունը։
Երբ փեսան՝ Փրկչի ներկայացուցիչը, եկավ կեսգիշերի անսպասելի ժամի, կույսերից հինգը բավարար յուղ չունեին իրենց լապտերների համար։ Գուցե նրանք չէին կարծում, որ լրացուցիչ յուղ ունենալը կարևոր է կամ անհրաժեշտ։ Կամ նրանք իրենց ունեցած յուղի խելամիտ տնտեսներ չէին եղել։ Գուցե՝ շեղվելով նպատակից, նրանք չկարողացան բավարար կերպով պատրաստվել իրենց լապտերները վառ պահելուն։
Եվ այսպես, հարսանեկան ընթրիքին մտնելու թույլտվություն ստանալու նրանց խնդրանքին ի պատասխան՝ փեսան ասաց. «Դուք ինձ չեք ճանաչում»: Ակնարկելով, որ իրենց նախապատրաստության և իմաստուն տնտեսվարման միջոցով հինգ իմաստուն կույսերը ճանաչում էին Իրեն։
Անձնական դարձը խորհրդանշող թանկարժեք յուղը թույլ տվեց իմաստուն կույսերին վառել իրենց լապտերները և մտնել հարսանեկան խնջույքին՝ փեսայի հետ։ Յուղը չէր կարող կիսվել իրենց ընկերների հետ, քանի որ անձնական դարձը հենց անձնական է։ Մենք կարող ենք և պետք է մեր լապտերների լույսը բարձր պահենք՝ ուրիշներին բարձրացնելու և զորացնելու համար, բայց մեզանից յուրաքանչյուրը մեր սեփական դարձի տնտեսն է։
Ինչպես ասել է Փրկիչը․ «Հավատարիմ եղեք, միշտ աղոթելով, ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ, որ կարողանաք պատրաստ լինել Փեսայի գալստի ժամանակ»։
Մենք նույնպես կճանաչենք Փրկչին և կունենանք «վստահություն՝ Աստծուն մոտենալու հարցում հենց հիմա», երբ պատրաստվենք մեր լապտերները լի պահել դարձի յուղով և այնուհետև թույլ տալ, որ այդ դարձի լույսը շողա։ Եվ ինչպես Տաճարային հրապարակի վեհաշուք քանդակն է պատկերում, մենք կարող ենք և պետք է աջակցենք ու զորացնենք ուրիշներին, երբ դա անում ենք՝ կոչ անելով ուրիշներին գալ լույսի՝ Աշխարհի Լույսի՝ Հիսուս Քրիստոսի մոտ։
Մատթեոսի պատմած երկրորդ առակը քանքարների առակն է։ Այդ պատմության մեջ տերը, հեռավոր ճանապարհ ընկնելուց առաջ, իր ծառաներից երեքին քանքարներ տվեց։ Նոր Կտակարանի ժամանակներում քանքարը խորհրդանշում էր փողը։ Բայց հուսով եմ՝ դուք քանքարները կընկալեք որպես մեր Երկնային Հոր կողմից մեզ տրված պարգևներ, կարողություններ և օրհնություններ։ Մեկ ծառային տերը տվեց հինգ քանքար, մյուսին՝ երկու, իսկ երրորդին՝ մեկ։ Եվ հետո տերը ճանապարհ ընկավ։
Երբ վերադարձավ, նա պարզեց, որ ծառաները, որոնց նա տվել էր հինգ և երկու քանքարներ, հավատարիմ և պիտանի տնտեսներ էին և լավ էին օգտագործել քանքարները։ Յուրաքանչյուրը կրկնապատկել էր իրեն վստահված քանքարները։ Եվ քչի մեջ հավատարիմ լինելու համար Տերը ավելին տվեց նրանց, գոչելով. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ»։
Ի հակադրություն դրան, ծառան, որին մեկ քանքար էր տրվել, թաղեց այն՝ գուցե որովհետև շեղվել էր նպատակից և հետաձգում էր իր քանքարից օգուտ ստանալը։ Կամ միգուցե նա հիասթափված էր՝ սկսելու եղանակը չիմանալու պատճառով կամ վախենում էր, որ կձախողվի։ Միգուցե նա իրեն համեմատեց մյուս ծառաների հետ, և իր սեփական կարողությունների կատմամբ կասկածները իրեն ետ պահեցին փորձելուց։ Նա չէր պատրաստվել տիրոջ վերադարձին, չզգաց հավատարիմ տնտեսվարման ուրախությունը և կորցրեց իր քանքարը։
Տասը կույսերի առակը և քանքարների առակը զուգահեռ առակներ են։ Երկուսն էլ շեշտադրում են, որ մենք անձնական պատասխանատվություն ունենք մեր դարձի համար և պետք է պատրաստվենք Տիրոջ վեհացման պարգևը ստանալուն, և որ մենք ունենք տնտեսվարելու և անձնական պատասխանատվություն այն բանի համար, ինչով մենք օրհնվել ենք։
Վերջապես, Մատթեոս 25 գլուխը պատմում է նրանց մասին, ովքեր «վստահություն ունեն Աստծո առաջ»։ Նկարագրվելով որպես Բարի Հովվի ոչխարներ, գտնվելով Նրա աջ կողմում, վայելելով հարսանեկան խնջույքը Նրա հետ և օրհնված լինելով որպես շատ բաների վրա իշխողներ, Նա ասաց.
«Քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք, [ես] մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք»։
Այս տեսանյութը գեղեցիկ կերպով արտահայտում է դա։
[տեսանյութի (ենթագրեր)]
«Հիսուսը մեզ ցույց տվեց, թե ինչպես սիրել մեր մերձավորին։ Մենք հետևում ենք Նրա օրինակին, երբ բարձրացնում ենք հոգնածներին, խնամում ենք երեխաներին, մխիթարում ենք մեր շրջապատի մարդկանց, կերակրում ենք քաղցածներին, փնտրում ենք կարիքավորներին։ Յուրաքանչյուր օրը հնարավորություն է լինելու Նրա նման, ծառայելու Նրա նման, հոգ տանելու Նրա նման։ Ամենօրյա հոգատարությունը սկսվում է քեզանից։ Այցելեք CaringSummary.ChurchofJesusChrist.org»:
[Տեսանյութի ավարտ]
Սա է մեզնից ակնկալվում։ Որպես Նրա աշակերտներ, մենք պատրաստվում ենք Նրա Երկրորդ Գալուստին և հավատարմորեն ու արդյունավետ կերպով տնտեսվարում ենք այն, ինչով օրհնվել ենք։ Կարեկցանքը, գթությունը, առաքինությունը և հավատարիմ տնտեսվարումը մեզ որակավորում են ապրելու Նրա հետ և ունենալու վստահություն Աստծո առաջ՝ հիմա։ Ինչպես Մորմոնն է ուսուցանել, նրանք, ովքեր լցված են գթությամբ՝ Քրիստոսի մաքուր սիրով՝ «[նրանց] համար լավ կլինի» վերջին օրը։ Նրանք կլինեն Փրկչի նման՝ տեսնելով Նրան այնպիսին, ինչպիսին Նա է, լցված հույսով և մաքրագործված, ինչպես Նա մաքուր է։ Նախագահ Նելսոնը հայտարարել է. «Գթությունն ու առաքինությունը ճանապարհ են բացում Աստծո առաջ վստահություն ունենալու համար»։
Այս երեք առակներն էլ սովորեցնում են, թե ինչպես Նրա աշակերտները՝ ինչպես մենք՝ պետք է պատրաստվենք Փրկչի Երկրորդ Գալուստին նախորդող վտանգավոր ժամանակներին։ Սրանք այն ժամանակներն են, որոնցում մենք ապրում ենք։ Մենք պետք է բոցավառ պահենք մեր դարձի լապտերները՝ թույլ տալով, որ մեր լույսը շողա, օգտագործելով և ընդլայնելով մեր քանքարները, հոգ տանելով կարիքավորների մասին, այն է՝ լցված լինելով գթությամբ՝ Քրիստոսի մաքուր սիրով։
Այս երեք առակներն էլ մեզ սովորեցնում են տնտեսվարման մասին.
Տնտեսվարում՝ մեր սեփական դարձի համար։
Տնտեսվարում՝ պարգևների, տաղանդների, ունեցվածքի և օգնության համար, որոնցով մենք օրհնվել ենք, այդ թվում՝ երկրի համար։
Տնտեսվարում՝ մեր քաղցած, անտուն, վշտացած և հոգնած մերձավորների համար։
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ինչպե՞ս կարող ենք լավ տնտեսվարել։
Գուցե՝ տնտեսվարման ավելի մանրամասն քննարկումը օգտակար լինի։ Նախ սահմանենք տնտեսվարում հասկացությունը։ Իսկ ի՞նչ է տնտեսը:
Տնտեսը կառավարում է մեծ տնային տնտեսության կամ կալվածքի ունեցվածքը։ Տնտեսը ունեցվածքի սեփականատերը չէ, այլ վստահված է դրանք կառավարել սեփականատիրոջ անունից։ Պիտանի տնտեսը հավատարիմ է ունեցվածքի սեփականատիրոջը՝ իմաստուն կերպով և առատաձեռնորեն հոգ տանելով ռեսուրսների մասին։ Հետևաբար, տնտեսվարումը մեր խնամքին վստահված բաների ուշադիր և պատասխանատու կառավարումն է։
Նախագահող եպիսկոպոսությունից Ջեռալդ Կոսեն սովորեցրել է, թե ինչ է նշանակում լինել երկրային տնտես։ Նա ասել է․ «Ավետարանի մեջ տնտես լինելու կոչում եզրույթը նշանակում է, որ մենք հոգևոր կամ նյութական սուրբ պատասխանատվություն ունենք՝ հոգ տանելու Աստծուն պատկանող ցանկացած բանի մասին, որի համար մենք հաշվետու ենք»:
Մտածեք, թե որքան մեծ գաղափար է սա։ Մենք մեր Երկնային Հոր կողմից մեզ վստահված ունեցվածքի տնտեսներն ենք։ Այն է՝ սրբազան վստահություն երկրի, դրա ռեսուրսների, Նրա զավակների, մեր պարգևների, տաղանդների և օրհնությունների համար։ Եվ սրբազան պարտականություն է Նրա ունեցվածքին խնամքով վերաբերվելը։
Ինչի՞ կամ ո՞ւմ համար եք դուք տնտեսվարություն ունենում։
Իրականում դրանք Աստծո բոլոր արարչագործություններն են այս երկրի վրա։ Դուք ունեք տնտեսվարություն ձեր սեփական մարմնի և մտքի համար։ Դուք ունեք տնտեսվարություն ունակությունների, տաղանդների, հոգևոր պարգևների և այն օգնության համար, որով օրհնվել եք։ Դուք ունեք տնտեսվարություն երկրի համար։ Եվ դուք մեկդ մյուսի համար տնտեսվարություն ունեք։
Եպիսկոպոս Կոսեն բացատրել է․ «Աստծո արարչագործությունների նկատմամբ մեր տնտեսվարության հիմնական մասն է այն սուրբ պարտականությունը, որ պետք է սիրել, հարգել և հոգալ բոլոր մարդկանց մասին, ում հետ մենք կիսում ենք երկիրը։ Նրանք Աստծո որդիներն ու դուստրերն են, մեր քույրերն ու եղբայրները, և նրանց հավերժական երջանկությունը Արարման աշխատանքի բուն նպատակն է»:
Արդյոք դուք կլինե՞ք պիտանի ծառա: Այսինքն՝ դուք իմաստուն կերպով և առատաձեռնորեն կհոգա՞ք Աստծո արարչագործությունների մասին։
Ես կցանկանայի մեր ուշադրությունը սևեռել այն պարգևների և տաղանդների տնտեսվարման վրա, որոնցով օրհնվել ենք,․ և երկրի և մեր մերձավորի հանդեպ տնտես լինելու վրա Հիշեք, արդար տնտեսվարումը մեր աշակերտության ապացույցն է։
Նախ, մեր պարգևների և տաղանդների տնտեսվարումը։
Վարդապետություն և Ուխտեր 46․11–12 հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը.
«Քանզի բոլորին տրված չէ ամեն պարգև. քանզի կան շատ պարգևներ, և ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց:
«Ոմանց տրված է մի բան, ոմանց էլ տրված է մեկ ուրիշ բան, որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն»:
Մեր հոգևոր պարգևները Աստծո կողմից մեզանից յուրաքանչյուրին տրված ունակություններն են։ Դրանք տրվում են Նրա կամքի և ժամանակի համաձայն, Սուրբ Հոգու զորությամբ, և նախատեսված են Աստծո բոլոր զավակների օրհնության և օգտի համար։
Հավատարիմ տտնեսները փնտրում և հրավիրում են հոգևոր պարգևներ իրենց կյանք և օգտագործում են այդ պարգևները, որոնցով իրենք օրհնվել են՝ ուրիշներին բարձրացնելու և ծառայելու համար։ Ձեզանից յուրաքանչյուրին՝ Աստծո զավակներ, շնորհվել են պարգևներ և հատուկ տաղանդներ։
Տասներկուսի Քվորումի անդամ երեց Մերվին Ջ. Էշթոնը նկարագրել է ոչ այնքան աչքի ընկնող մի քանի պարգևներ, հատկանիշներ և ունակություններ, որոնց մասին դուք գուցե չեք մտածել։ Մինչ ես թվարկեմ դրանք, կփորձե՞ք որոշ ինքնավերլուծություն կատարել և բացահայտել մեկ կամ երկուսը, որոնցով օրհնվել եք։ Ապա, ունենալով այդ պարգևը, մտածեք, թե ինչպես կօգտագործեք այն որպես հավատարիմ տնտես՝ ուրիշներին օրհնելու համար։
«Խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ անելու և մեղմ, հանդարտ ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, հակառակությունից խուսափելու պարգևը, համաձայնելու պարգևը, ունայն կրկնություններից խուսափելու պարգևը, արդարություն փնտրելու պարգևը, չդատվելու պարգևը, առաջնորդության համար Աստծուն փնտրելու պարգևը, աշակերտ լինելու պարգևը, [հանդարտեցնելու պարգևը], ուրիշների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը, հզոր վկայություն բերելու պարգևը և Սուրբ Հոգին ստանալու պարգևը»։
Մինչ դուք շարունակում եք խորհել ձեր պարգևների մասին, կարո՞ղ եմ մի նախազգուշացում անել։ Մի համեմատեք կամ չափեք ձեր պարգևները ուրիշների պարգևների հետ։ Մի զբաղվեք «նվաստացուցիչ ինքնագնահատմամբ»։ «Համեմատությունը ուրախության գողն է»: Տեր կանգնեք ձեր պարգևներին և ուրախացեք ուրիշների ունեցածով։ Հիշե՛ք, որ հոգևոր պարգևները տրվում են Աստծո կողմից Հոգու միջոցով, այն նպատակով, որ բոլորը կարողանան օգտվել դրանցից։
Իմ սիրելի տատիկը անգլերենի ուսուցչուհի էր և զգուշությամբ էր ընտրում իր բառերը։ Նա սիրում էր ասել՝ «Համեմատությունները նողկալի են»։ Նողկալի բառը շատ կոպիտ բառ է։ Այն նշանակում է «արհամարհելի և խիստ դատապարտելի»։ Ինչո՞ւ էր տատիկս այդքան կոպիտ բառ օգտագործում, երբ ինձ խորհուրդ էր տալիս համեմատություններ անելու վտանգի մասին։ Այն պատճառով, որ մեզ ուրիշների հետ համեմատելը հազվադեպ է արդյունավետ լինում։ Համեմատելով մեզ ուրիշների հետ՝ մենք մեզ առանձնանում ենք նրանցից։ Քրիստոսի ամբողջ մարմնի մի մասը զգալու փոխարեն, ես ստանձնում եմ փոքրիկ մատի դերը և չափում եմ իմ արժեքը մեկի հետ, ում համարում եմ ուսերը, բազուկները և իրանը։ Սովորաբար, երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ, մենք զգում ենք մեզ կամ ստորադաս, կամ վերադաս, բայց երկու դեպքում էլ դա աննպատակ է։ Մենք բոլորս երկնային ծնողների սիրելի զավակներն ենք, օրհնված հոգևոր պարգևների, հատկանիշների, տաղանդների և ուժեղ կողմերի անհատականացված փաթեթով։
Այսպիսով, ես ձեզ հրավիրում եմ զարգացնել համեմատություններից հրաժարվելու պարգևը։ Խնդրեք Երկնային Հորը օգնել ձեզ բացահայտել ձեր հոգևոր պարգևներն ու տաղանդները և թե ինչպես կարող եք դրանք օգտագործել որպես հավատարիմ տնտես։
Ահա մեկ օրինակ։
Մի քանի տարի առաջ Ջինը՝ Նիդեռլանդներում ապրող մի չափահաս երիտասարդ, խորհում էր Ադամին ու Եվային տրված առաջին պատվիրանի մասին, որն էր՝ բազմանալ և լցնել երկիրը։ Երբ նրա և իր ամուսնու մոտ անպտղություն էր, նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպես է այդ պատվիրանը վերաբերում իրենց։ Ջինը գիտակցեց, որ այն ժամանակահատվածում, երբ Ադամն ու Եվան երեխաներ չունեին, նրանք մշակում և խնամում էին այն պարտեզը, որի համար Աստված նրանց տնտես էր կարգել։ Իր հանգամանքների մասին մտածելիս նա մտածեց այն պարտեզների մասին, որտեղ ապրում էր՝ երկրագնդի պարտեզի, իր երկրի պարտեզի, իր ընտանիքի պարտեզի և իր ծխի պարտեզի։
Նա հասկացավ, որ չնայած ինքը չէր ապրում Եդեմի պարտեզում, սակայն սրանք այն պարտեզներն էին, որտեղ Տերը դրել էր իրեն։ Նա կարող էր ձգտել բազմացնել և լցնել այն ամենով, ինչի համար Տերը նրան տնտես էր կարգել։ Ջինը պատասխանեց․
-
«Ինչպե՞ս կարող եմ բազմացնել այն պարգևները, որոնք Տերը տվել է ինձ և ուրիշներին»։
-
Ինչպե՞ս կարող եմ սեր բազմացնել Աստծո զավակների հանդեպ։
-
Ինչպե՞ս կարող եմ բազմացնել ուրիշներին ծառայելու իմ ժամանակն ու ջանքերը։
-
Ինչպե՞ս կարող եմ լցնել իմ սեփական հոգևոր ջրհորը։
-
Ինչպե՞ս կարող եմ լցնել այն, ինչ ուրիշները կորցրել են՝ լինի դա աշխարհիկ, թե հոգևոր։
-
Ինչպե՞ս կարող եմ լցնել հույսն ու հավատը, որը, կարծես, կորած են աշխարհում շատերի համար»։
Այդ հարցերի վրա կենտրոնանալիս Ջինը օրհնվեց՝ ճանաչելով իր պարգևներն ու տաղանդները, օգտագործելով բազմանալու և լցվելու հնարավորությունները։ Նա թատրոն էր դասավանդում աշխարհի տարբեր ծայրերից եկած երիտասարդների։ Նա ծառայում էր երիտասարդ կանանց։ Նա օգտվեց իր մասնագիտական կյանքի ճկունությունից՝ օգնելով խնամել իր ընկերների երեխաներին։ Նա ավելի շատ ժամանակ անցկացրեց ավետարանը ուսումնասիրելով և իրեն օրհնված զգաց՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես կրել ուրիշների բեռը և մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն։ Դա մեծացրեց Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ իր վկայությունն ու հավատքը։ Ամենակարևորը, նա անձնական հասկացողություն ձեռք բերեց իր համար նախատեսված Աստծո ծրագրի վերաբերյալ։
Լավ տնտեսները միշտ բազմացնում և լցնում են Տիրոջ ունեցվածքը։
Թեև ոչ այնպես, ինչպես նա սկզբում պատկերացնում էր, Ջինի փորձառությունը գեղեցիկ ապացույց է Երեմիա մարգարեի խոստման, որն ասաց.
«Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։
Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով։ Եվ չի տեսնի տաքության գալու ժամանակը, նրա տերևները կանաչ կլինեն։ Երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց»։
Երկրորդ՝ երկրի և Աստծո բոլոր զավակների տնտեսվարումը։
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Որպես աստվածային Արարման շահառուներ՝ ի՞նչ պետք է անենք մենք: Մենք պետք է հոգ տանենք երկրագնդի մասին, իմաստուն տնտես լինենք նրա նկատմամբ և պահպանենք այն գալիք սերունդների համար»։
Գիտեմ, որ սա այն թեման է, որի մասին ձեր սերունդը խորապես մտահոգված է։ Դուք մեծ վճռականություն ունեք, իսկ ոմանք՝ որոշակի անհանգստություն։ Թույլ տվեք ձեզ վստահեցնել, որ Աստված պատրաստել է առողջ ապրելակերպի ուղի այս մոլորակի բոլոր մարդկանց համար, եթե մենք պատրաստ լինենք մեր պարգևներն ու տաղանդները օգտագործել այս բարիքի համար, մնանք արժանի հայտնություն ստանալու և խելամտորեն օգտագործենք երկրի առատ ռեսուրսները՝ միմյանց մասին հոգ տանելու համար։
Տերն ասել է.
«Ես՝ ․․․ եմ տարածել երկինքները և հաստատել երկիրը՝ իմ իսկ ձեռքերի գործերը. և բոլոր բաները նրանցում իմն են:
Քանզի երկիրը լի է, և բավականաչափ կա նաև խնայելու համար. այո, ես պատրաստել եմ բոլոր բաները և շնորհել եմ մարդկանց զավակներին լինելու գործակալն իրենց անձի»։
Ինչպե՞ս կօգտագործեք ձեր կամքի ազատությունը որով օրհնվել եք, ձեր տնտեսվարումը՝ երկրի փառահեղ օրհնության համար։
Հաջորդ հատվածում Տերը պարզաբանում է, որ մենք պետք է «վերցն[ենք] այն առատությունից, որը [Նա է] պատրաստել, և [մեր] մասից բաժին [հանենք] աղքատին ու կարիքավորին»։ Բավականաչափ բան կա խնայելու, եթե մենք կիսվենք մեր առատ օրհնություններով և օգտագործենք մեր կամքի ազատությունը որպես երկրի Քրիստոսանման տնտեսներ։
Եկեք վերադառնանք երկրի հանդեպ մեր տնտեսվարության մասին նախագահ Նելսոնի մեջբերմանը։ Նա ասել է, «Որպես աստվածային Արարման շահառուներ՝ ի՞նչ պետք է անենք մենք: Մենք պետք է հոգ տանենք երկրի մասին, իմաստուն տնտես լինենք նրա նկատմամբ և պահպանենք այն գալիք սերունդների համար»:
Ապա նախագահ Նելսոնը շարունակել է, «Եվ մենք պետք է սիրենք և հոգ տանենք մեկս մյուսի մասին»։
Կարևոր է, որ մենք գիտակցենք կապը երկրի և մերձավորի մասին հոգ տանելու միջև։ Երկրի մասին հոգ տանելով, մեր շրջակայքը գեղեցկացնելով և օգնելով մեր համայնքներն ավելի կայուն դարձնել, մենք գործում ենք որպես երկրի իմաստուն տնտեսներ՝ օրհնելով մեր մերձավորների կյանքը։ Նրանք այն մարդիկ են, որոնց մեզ պատվիրվել է սիրել։ Առակի ոչխարների նման, մենք կերակրում ենք քաղցածներին, ջուր ենք տալիս ծարավներին, հագցնում ենք մերկերին և այցելում հիվանդներին ու հոգնածներին։ Մենք «սատարում ենք թույլերին, բարձրացնում ընկած ձեռքերը և ամրացնում տկար ծնկները»։
Ամբողջ աշխարհում բնակվող ձեր քույրերն ու եղբայրները անում են դա։ Էրիթայը մեծացել է Կիրիբատի հեռավոր Մարաքեյ կղզում: Միսիայից վերադառնալուց հետո նա հաճախեց Հավայան կղզիների ԲՅՀ, որտեղ ընդգրկվեց ԿԱԳՏ-ի՝ Կայուն Աշխարհի Գործողությունների Տեխնոլոգիաների թիմի աշխատանքներում և սովորեց ջրային մշակությամբ այգեգործության մասին, որը բույսեր աճեցնելու մեթոդ է՝ առանց հողի՝ օգտագործելով ջրային լուծույթում հանքային սննդանյութեր։ Ավարտելուց հետո Էրիթայը վերադարձավ Կիրիբատի՝ իր ժողովրդին օգնելու համար։
Կիրիբատին կղզային պետություն է, որը բաղկացած է 32 օղակաձև մարջանային կղզիներից՝ կենտրոնական լագունաներով, որոնք կոչվում են ատոլներ, և մեկ բարձրացված մարջանային կղզիով։ Հասարակածի վրա գտնվելու պատճառով եղանակային պայմանները ծանր են։ Տաք, աղի ծովային քամիները և ծովի ջրի ներթափանցումը ոչնչացնում են հատիկը և աղտոտում ջուրը։ Այսպիսով, հողի և տարածքի պակաս կա սննդարար սնունդ աճեցնելու համար։ Կիրիբատի կղզու բնակիչների շրջանում թերսնումը և հիվանդությունները լայնորեն տարածում ստացան, քանի որ նրանք գրեթե բացառապես կախում ունեին ներմուծված և վերամշակված սննդից։
Բայց Էրիթային ուներ ջիղ և տեսլական, տաղանդ, որոնց վրա նա հիմնվեց՝ ստեղծելու կայուն ծրագիր՝ տեղական կիրիբատի ընտանիքներին սովորեցնելու համար, թե ինչպես աճեցնել առողջարար մրգեր և բանջարեղեն ջրային մշակության միջոցով։ Ջրային մշակությամբ այգին շարժական է, ինքնաբավ և արագ աճում է՝ բերք տալով 30 օրվա ընթացքում։
Իր նորարարական և կյանքեր փրկող աշխատանքի համար Էրիթային շնորհվել է Միավորված Ազգերի Կազմակերպության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Երկրի չեմպիոնի կոչումը։
Էրիթայը երկրի և իր մերձավորի տնտեսվարման գործում պարգևներն ու տաղանդները արդյունավետ կերպով օգտագործելու հիանալի օրինակ է։ Քաղցածներին կերակրելով՝ մենք համարվում ենք Աստծո աջ կողմում գտնվող ոչխարների շարքում։
Եվ մենք պետք է ջուր տանք ծարավին։ Մեր մերձավորներին մաքուր ջրի, սանիտարական պայմանների և հիգիենայի հասանելիությամբ օրհնելը կարևոր է մարդկության բարգավաճման համար։ Այս աշխատանքն իրականացնելու համար Եկեղեցին համագործակցում է աշխարհի այլ կազմակերպությունների և տեղական համայնքների հետ՝ այս ծառայությունների հասանելիությունը բարելավելու և ընդհանուր համակարգերը ամրապնդելու համար, ապահովելով, որ լուծումները երկարատև լինեն և խթանեն ինքնաապահովումը։ Սա կարևոր աշխատանք է։ Եվ դա ավելի ու ավելի կարևոր է դառնում, քանի որ երաշտները տարածվում են ամբողջ երկրագնդով մեկ, և մարդկությունը շարունակում է շատանալ։
Ալեխանդրան, Պերուի Կասկաս քաղաքում բնակվող մի չափահաս երիտասարդ, ինքն իրեն հարցրեց. «Ի՞նչ է մեզ պակասում այստեղ»։ Ալեխանդրան գիտեր, որ իր համայնքի ընտանիքների առնվազն 20 տոկոսը զուրկ էր անվտանգ սանիտարական ծառայություններից՝ հանգեցնելով ջրով փոխանցվող հիվանդությունների առաջացման ռիսկի մեծացմանը, ինչպիսին խոլերան է։ Այս խնդիրը լուծելու համար Ալեխանդրան միացավ Պերուում «Ջուր մարդկանց համար» տեղական թիմի կողմից կազմակերպված սանիտարական բիզնեսի վերապատրաստմանը։
Նա բիզնես սկսեց և իր փոքրիկ խանութը լցրեց այնպիսի ապրանքներով, ինչպիսիք են լվացարանները, ծորակները, զուգարանակոնքերը, սալիկները և այլ նյութեր, որոնք ընտանիքներին անհրաժեշտ էին իրենց լոգարանները լիարժեք դարձնելու համար։ Այժմ Կասկասի ընտանիքները հասանելիություն ունեն տնային լոգարաններ կառուցելու համար անհրաժեշտ նյութերին։
Դուք նույնպես կարող եք բացահայտել ձեր համայնքում մաքուր ջրի և սանիտարական կարիքները և թե ինչպես կարող եք ներգրավվել։
Եսայի մարգարեն կրկնում է իր հասակակից ընկեր Երեմիային, երբ մեզ ասում է.
«Կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ։ ․․․
«Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, ․․․ և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի»։
Իհարկե, Հիսուս Քրիստոսը ամբողջ կենդանի ջրերի աղբյուրն է։ Ես վկայում եմ, որ երբ մենք ջուր ենք տալիս ծարավին, մենք օրհնված ենք խմելու Նրա կենդանի ջուրը՝ «ջրի աղբյուր, որ հավիտենական կյանքի համար կբխի»: Երբ մենք հոգ ենք տանում երկրի և մեր մերձավորների մասին, մենք ավելի ենք մոտենում Փրկչին և ցանկանում ենք ուխտյալ հարաբերություններ Նրա հետ, որոնք թույլ կտան մեզ ավելի նմանվել Նրան։ Մենք կլինենք պատասխանատու տնտեսներ և նաև երջանիկ տնտեսներ։ Մենք կնորոգվենք և թևերով կսավառնենք արծիվների պես և չենք հոգնի։
Անցյալ տարի Սփոփող միության գերագույն նախագահությունը հայտարարեց կանանց և երեխաների առողջությունն ու բարեկեցությունը բարելավելու համաշխարհային նախաձեռնության ընդլայնման մասին։ Առաջին Նախագահության խնդրանքով, Սփոփող միությունը ղեկավարում է այս ջանքերը։
Մենք ցանկանում ենք կանանց և ընտանիքներին զորացնել՝ նրանց տրամադրելով ավելի մեծ հասկացողություն և ռեսուրսներ, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն այնպիսի փոփոխություններ կատարելու համար, որոնք կարող են երկարատև ազդեցություն ունենալ իրենց տներում, համայնքներում և երկրներում։ Երբ կինը զորացված է, քանի որ առողջ և կրթված է, ընտանիքները օրհնվում են, համայնքները՝ ոգեշնչվում, և ազգերը՝ ամրապնդվում։ Երբ դուք օրհնում եք երեխային, դուք ներդրում եք կատարում ապագայի մեջ։ Այսպիսով, մեր աշխատանքը կենտրոնանում է հինգ տարեկանից փոքր երեխաների սնուցման, մոր և նորածնի խնամքի, պատվաստումների և կրթության վրա։
Ալեյնան չափահաս երիտասարդ է, որն ապրում է Ջորջիա նահանգում, ԱՄՆ: Նա ջանում է աշխատանքային թերապիայի դոկտորական աստիճան ստանալ՝ նպատակ ունենալով աշխատել հիվանդանոցի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (NICU)՝ նախատեսված ծննդաբերությունից հետո լրացուցիչ խնամքի կարիք ունեցող, հատկապես վաղաժամ ծնված նորածինների համար։ Կանանց և երեխաների համար Օգնության Միության համաշխարհային նախաձեռնությունը Ալեյնային դուր եկավ։ Համաշխարհային նախաձեռնությանը մասնակցելու հրավերից ոգեշնչված՝ Ալեյնան իր ասպիրանտուրայի ավարտական նախագծի թեման է դարձնում «կենգուրուի խնամքը» կամ «մաշկը մաշկին» շփումը վաղաժամ ծնված երեխաների համար։
Ամեն տարի աշխարհում մոտ 15 միլիոն վաղաժամ երեխա է ծնվում։ Իսկ Ատլանտայում, Ջորջիա նահանգում, որտեղ ապրում է Ալեյնան, վաղաժամ ծննդաբերության և մանկական մահացության մակարդակները ավելի բարձր են, քան ԱՄՆ ազգային միջին ցուցանիշը։
Ալեյնան ստեղծում է կրթական ծրագիր, որպեսզի մարդիկ քաջատեղյակ լինեն վաղաժամ ծնված երեխաների և նրանց մայրերի միջև «մաշկը մաշկին» շփման առավելությունների մասին։ Մանուկներին՝ հագած միայն տակդիր, դնում են անմիջապես մոր մաշկի վրա՝ նրա կրծքին, ապա ծածկոց են դնում երկուսի վրա: Այս շփումը պահպանում է ջերմաստիճանը, իջեցնում սթրեսը, կարգավորում հորմոնները, մեծացնում է կապը, նպաստում կրծքով կերակրմանը, բարելավում է քունը և շատ այլ առավելություններ։ Սակայն այն միշտ չէ, որ գործարկվում է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքումներում որպես խնամքի չափանիշ: Ալեյնայի նախագիծը նպատակ ունի բարելավել այս գործարկումը։
Նրա հետազոտությունը շատ հոգևոր է թվում նրա համար։ «Գիտությունը կարդալը… և… սովորել, որ մեր մարմինները ստեղծված են այս բաները անելու համար», նրա համար հասկանալի էր այն գիտելիքի պատճառով, որ նա ուներ փրկության ծրագրի մասին։
Վաղաժամ նորածինների մաշկը-մաշկին խնամքը հատկապես կարևոր է ինձ համար, քանի որ ես թոռնիկ ունեցա փետրվարին՝ գրեթե յոթ շաբաթով վաղաժամ։ Ընդամենը 1,5 կգ կշռով մեր փոքրիկ ռազմիկը գրեթե մեկ ամիս մնաց նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Եվ այդ ընթացքում յուրաքանչյուրը օր, իմ հարսն ու որդին նրան պահում էին իրենց կրծքին՝ մաշկը մաշկին։ Տեսնու՞մ եք, «կենգուրուի խնամքը» նաև հայրիկների համար է։ Մեր թոռան հանկարծակի ծննդյան ծանր բնույթը և նրան հիվանդանոցում թողնելու հետ կապված բաժանման ցավը մեղմացան այդ պահերին։
Ալեյնան թույլ է տալիս, որ իր դարձի լույսը շողա. նա օգտագործում է այն տաղանդները, որոնցով օրհնվել է, և հոգ է տանում կարիքավորների մասին՝ ուսումնասիրելով և իրազեկելով այս կարևոր գործառույթի մասին։ Նրա ջանքերը արձագանքում են Փրկչի կոչին՝ «հիվանդ էի, և ինձ խնամեցիք»։
Էրիթայը, Ալեխանդրան և Ալեյնան Հիսուս Քրիստոսի աշակերտներ են, ովքեր պատրաստվում են Նրա Երկրորդ Գալուստին՝ հավատարմորեն և արդյունավետ կերպով տնտեսվարելով այն, ինչով Տերն օրհնել է իրենց։
Փրկիչն ասել է․ «քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք»։ Անկասկած, այս չափահաս երիտասարդները ներկայացնում են նրանց, ում Փրկիչը նկարագրում է որպես Իր ոչխարներ, ովքեր կլինեն Նրա աջ կողմում՝ որակավորված վայելելու Նրա ներկայությունը։
Մենք պատկանում ենք մի եկեղեցու, որը զարմանալի բարիք է գործում ամբողջ աշխարհում՝ օրհնելով մեր մերձավորների, այլ ոչ թե միայն մեր անդամների կյանքը։ 2024 թվականին կամավորական աշխատանքի ծավալը կազմել է 6.6 միլիոն ժամ, ծախսերը՝ 1.45 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սպասարկվել է 192 երկիր և տարածք։ Եկեղեցու համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունների թվում եղել են մաքուր ջրի, հիգիենայի և սանիտարիայի նախագծեր, արտակարգ իրավիճակներում օգնություն, հոգատարություն և սննդի անվտանգության նախագծեր։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և նրա անդամները թույլ են տալիս, որ իրենց լույսը շողա՝ փառաբանելու մեր Երկնային Հորը։
Մինչ Եկեղեցին և Սփոփող միությունը կարող են և կօգտագործեն իրենց համաշխարհային հասանելիությունը՝ ընդլայնելու ոգեշնչված ջանքերը՝ կերակրելու քաղցածներին, ջուր տալու ծարավին, հագցնելու մերկերին և խնամելու հիվանդներին, ամենակարևոր և ազդեցիկ աշխատանքը շարունակում է կատարվել մեկ առ մեկ։
Փորձելով ընդօրինակել Հիսուս Քրիստոսին, մենք ձգտում ենք ճանաչել մեր շուրջը գտնվող անմիջական կարիքները և արձագանքել սիրով։ Մենք ձգտում ենք լինել Նրա ունեցվածքի հավատարիմ տնտեսները, որոնց թվում են տաղանդներն ու հնարավորությունները, որոնցով մենք օրհնվել ենք, երկիրը՝ իր ողջ շքեղությամբ, և մեր ազդեցության ոլորտում գտնվող մարդիկ։
Ինչպես Հին Կտակարանի Նեեմանը, դուք կարող եք սպասել, որ ձեզ ասվի «մի մեծ բան» անել՝ մտածելով, թե ինչպես եք հասնելու Աֆրիկայի այդ հեռավոր անկյունը կամ ծովի որևէ կղզի՝ ձեր համաշխարհային մերձավորի մասին հոգ տանելու համար։
Քույրեր և եղբայրներ, ես ձեզ հրավիրում եմ օգտագործել ձեր պարգևներն ու տաղանդները՝ ձեր տնտեսվարման ոլորտում մի քանի փոքր և պարզ բաներ անելու համար։ Որտեղ էլ որ ապրեք, կան թերսնում ստացող երեխաներ։ Որտեղ էլ որ ապրեք, կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կարդալ։ Որտեղ էլ որ ապրեք, բժշկության համար խոչընդոտներ կան։ Որտեղ էլ որ ապրեք, կան մարդիկ, ովքեր քաղցած են, ծարավ, մերկ, հիվանդ և բանտում են՝ բառացիորեն կամ փոխաբերական իմաստով։
Ընկերներ, մենք ձեր կարիքն ունենք: Հուսով եմ, որ դուք անկեղծորեն կփնտրեք հայտնություն և կօգտագործեք ձեր պարգևներն ու տաղանդները՝ գտնելու ստեղծագործական լուծումներ, որոնք կօգնեն օրհնել Աստծո բոլոր զավակների ապագան։ Սա անկասկած ձեր աստվածային տնտեսվարման մի մասն է։
[տեսանյութի (ենթագրեր)]
«Տիեզերքը անսահման է։ Տրիլիոնավոր գալակտիկաներ՝ միլիարդավոր աստղերով, երկրներով, ջրերով, բույսերով, կենդանիներով։ Եվ այնուամենայնիվ, Աստված ճանաչում և սիրում է Իր բոլոր ստեղծագործություններին անունով։ Ներառյալ ձեզ»։
[Տեսանյութի ավարտ]
Եզրափակելով՝ ուզում եմ կիսվել իմ անձնական պատմությունով իմ սիրելի ընկերուհի Լիդիայի մասին, ով այս երեկո բացման աղոթքն ասաց։ Ես Լիդիայի հետ ծանոթացա, երբ մի քանի տարի առաջ նա ծառայում էր Սփոփող միության շենքում որպես ծառայող միսիոներ։ Լիդիան միշտ մանուշակագույն է հագնում, քանի որ այն կինը, որը նկարագրվում է որպես Պողոսի առաջին նորադարձ՝ Լիդիան էր, որը մանուշակագույն կտորեղենի վաճառող էր։
Լիդիայի մոտ արթրիտ ախտորոշվեց, երբ նա ընդամենը չորս տարեկան էր։ Եվ մինչ նա ամեն օր տառապում է ցավից, նա հաճույքով թույլ է տալիս, որ առ Հիսուս Քրիստոս իր դարձի լույսը շողա։ Եթե կա ինչ-որ առաքինի, սիրուն, բարի համբավ ունեցող կամ գովեստի արժանի բան՝ նա այդ բոլորն է։
Ձեզ բոլորիդ հետ խոսելու այս հանձնարարության շրջանակներում, ինձ հրավիրեցին ընտրել այն մարդկանց, ովքեր այսօր երեկոյան կաղոթեն։ Լիդիան անմիջապես մտքիս եկավ։ Նա ավարտեց իր միսիան, սկսեց ուսումը ԲՅՀ-ում և ընդունվեց բուժքույրական քոլեջ։ Եվ քանի որ նա իմ սիրելի ընկերուհին է, մենք կապի մեջ ենք մնացել միմյանց հետ։ Ես սիրում եմ Լիդիային։
Իմ հանձնարարությունն էր խնդրել նրան աղոթել, բայց ես պարզապես չէի հասցրել զանգահարել։ Ապա մարտի 31-ին ես ստացա այս հաղորդագրությունը Լիդիայից.
«Բարի լույս, նախագահ Ջոնսոն։
Ես Ձեզ շատ եմ սիրում
Երեկ գիշեր Դուք իմ երազում էիք։ Ես շատ նյարդային և սթրեսային էի զգում ինչ-որ բանի համար, որը պետք է անեի, և դուք նկատեցիք։ Դուք մի ձեռքով գրկեցիք ինձ, մոտ քաշեցիք՝ Ձեր գլուխն իջացրիք իմ գլխի մոտ, և շշնջացիք ականջիս. «Ամեն ինչ նորմալ է, Լիդիա, դու կարող ես դա անել։ Փոքր բաներն արա միայն»։ Ձեր քնքուշ խրախուսանքն ու հիշեցումը՝ քայլ առ քայլ անելու, հենց այն էր, ինչ ես այսօր ուզում էի լսել։ Եվ օ՜, նախագահ Ջոնսոնի գրկախառնությանը կարիքը որքան ունեի։ Կարծում եմ՝ Երկնային Հայրը երբեմն մեզ փոքրիկ ուղերձներ է ուղարկում այնպիսի մարդկանց միջոցով, ում մենք սիրում և վստահում ենք, ինչպես Ձեզ։
Հուսով եմ՝ այս շաբաթ կզգաք, թե ինչպես են հրեշտակները Ձեզ բարձրացնում։ Ահա Ձեզ համար մի մեծ գրկախառնություն, սիրելի՛ ընկեր»։
Ես անմիջապես հաղորդագրություն ուղարկեցի. «Ես անհամբեր սպասում եմ, որ պատմեմ քեզ, թե ինչու ես այդ երազը տեսել»։
Այդ երեկոյան ես զանգահարեցի Լիդիային՝ հարցնելու, թե արդյոք նա կցանկանա աղոթել չափահաս երիտասարդների այս համաշխարհային հոգևոր հավաքին։ Իհարկե, նա համաձայնվեց, և շարունակեց պատմել այն, ինչ չէր պատմել իր հաղորդագրության մեջ։ Դա մի մանրամասնություն էր, որը նա անկարևոր էր համարել ինձ գրելիս։ Երազում նա անհանգստանում էր մեծ խմբի առջև աղոթելուց։
Օ՜, որքա՜ն գորովագութ են Տիրոջ ողորմությունները։ Ես ուշացրել էի Լիդիային խնդրել, որ աղոթքի՝ առանց որևէ լավ պատճառի, բացառությամբ այն բանի, որ Լիդիային անհրաժեշտ էր տեսնել իր երազը։ Վստահություն, որ Տերը տեղյակ է նրա մասին և ուզում էր, որ նա ունենա այս հնարավորությունը։
Այո, տիեզերքը անսահման է։ Տրիլիոնավոր գալակտիկաներ։ Միլիարդավոր աստղերով։ Երկրներ, ջրեր, բույսեր, կենդանիներ, որոնց վրա Նա մեզ տնտեսվարում է տվել։ Եվ Աստված ճանաչում և սիրում է Իր բոլոր ստեղծագործություններին անունով։ Ներառյալ ձեզ։
Փրկիչը ներկայացրեց Իր մահկանացու ծառայությունը՝ ասելով, որ Նա ուղարկվել է «աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու»: Եթե դա Նրա առաքելությունն էր, և մենք Նրա աշակերտներն ենք, ապա մենք կիսում ենք Նրա նպատակը։
Դո՛ւք, իմ ընկերներ, եզակիորեն պատրաստված և նախասահմանված եք Նրան օգնելու համար։ Դուք Աստծո որդիներն ու դուստրերն եք։ Նա ճանաչում է ձեզ։ Դուք Նրա հետ ուխտի հարաբերության մեջ եք։ Դուք երբեք չեք սպառի Նրա ողորմած համբերատարությունը ձեր հանդեպ։ Եվ երբ դուք պահում եք Նրա հետ կապած ուխտերը, դուք օրհնվում եք Իր բժշկող, ամրապնդող զորությամբ»: Աստծո զորությունը կբարձրացնի ձեր ունակությունները, կընդլայնի այն տաղանդները, որոնցով դուք օրհնվել եք, և կօգնի ձեզ տեսնել Նրան քաղցած, ծարավ, օտար և հիվանդ մարդկանց մեջ։
Որպես Նրա աշակերտներ, եկեք պատրաստվենք Նրա Երկրորդ Գալուստին՝ հավատարմորեն և արդյունավետ կերպով տնտեսվարելով այն, ինչով մենք օրհնվել ենք։ Ես վկայում եմ, որ երբ դուք Հիսուս Քրիստոսի սփոփանքը տարածեք ուրիշների վրա, դուք կբացահայտեք ձեր սփոփանքը Նրանում։
Ես վստահ եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է։ Նա Իր Եկեղեցին ուղղորդում է ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների միջոցով։ Ես վստահ եմ, որ Ռասսել Մ. Նելսոնը Նրա հզոր խոսնակն է այսօր երկրի վրա։
Մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի գործն ու փառքն է տեսնել մեզ տանը՝ պատրաստված և որակավորված մնալու Իրենց ներկայության մեջ, որտեղ չկան քաղցածներ, ծարավներ, օտարացածներ, հիվանդներ կամ կաղեր, քանի որ նրանք կբուժվեն և կփրկվեն։ Դուք նրանց կարևոր գործընկերներն եք։ Ես սիրում եմ ձեզ: Նրանք սիրում են ձեզ։
Մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։