2025
Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ
Մարտ 2025


«Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ», Լիահոնա, մարտ, 2025

Դիմանկարներ հավատքի թեմայով

Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ

Ես կարծում էի, որ կգտնեմ հավատք, սեր և հոգևոր ճշմարտություն՝ ապրելով տարբերվող կյանքով։ Այդպես չեղավ։ Ես դրանք գտա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում և տաճարում:

մարդը նստած է տան գրասենյակում

Լուսանկարը՝ Լեսլի Նիլսոնի

1960-ականներին երբ պատանի էի, Վիետնամում պատերազմ սկսվեց։ Ջոն Ֆ. Քենեդին սպանվել էր, ինչպես և Մարտին Լյութեր Քինգ Կրտսերը և Ռոբերտ Քենեդին։ Ես ըմբոստացա ծնողներիս դեմ և մեր ժամանակի բոլոր ավանդույթների ու հաստատությունների դեմ։ Ես չէի ուզում ամուսնանալ կամ երեխաներ բերել մի աշխարհ, որն այդքան դաժան էր, անազնիվ և ոչ բնականոն:

Ես դուրս եկա դպրոցից, տեղափոխվեցի Սան Ֆրանցիսկոյի Հեյթ Աշբըրի շրջան (Կալիֆորնիա, ԱՄՆ) և 1969-1972թթ. ապրեցի հիպիի կյանքով: Ես ապրում էի համայնքներում, կատարում էի այն աշխատանքը, որը կարող էի գտնել, և ապրում էի իդեալիստական և հեդոնիստական ապրելակերպով, այդ թվում նաև՝ թմրադեղերի չարաշահումով։

երկար մազերով և մորուքով երիտասարդը

Պատանի Ռենդին մտածում էր, որ իր կյանքը երջանիկ ապագա չունի։ «Ես ըմբոստացա ծնողներիս դեմ և մեր ժամանակի բոլոր ավանդույթների ու հաստատությունների դեմ»,- ասում է նա:

Միևնույն ժամանակ ես փնտրում էի հավատք, սեր և հոգևոր ճշմարտություն։ Ես խորհրդածում և ուսումնասիրում էի տարբեր կրոններ՝ դրանցից վերցնելով այն ամենը, ինչը ինձ համար ճշմարիտ կամ արժեքավոր էր։ Սակայն իմ բոլոր որոնումները ավարտվեցին հիասթափությամբ։ Եղբայրս՝ Ջոնը, իմանալով իմ որոնումների մասին, ինձ Մորմոնի Գիրք ուղարկեց։

«Դու պետք է սա կարդաս»,- գրել էր Ջոնը, որն ավելի վաղ միացել էր Եկեղեցուն:

Ես աշխատում էի բենզալցակայանում, բայց ինձ հեռացրին աշխատանքից Մորմոնի Գիրքը կարդալու համար, և ես մտածեցի. «Սա լավ բան չի կարող լինել»: Ես գիրքը դեն նետեցի:

Դրանից շատ չանցած՝ Ջոնն ինձ ասաց, որ գալիս է Սան Ֆրանցիսկոյի Ծոցի տարածք՝ Բրիգամ Յանգ Համալսարանի երգչախմբի հետ։

«Ես կցանկանայի տեսնել քեզ», - ասաց նա, առաջարկելով հանդիպել Օքլենդի (Կալիֆորնիա) տաճարում:

Գիշերը, Ծոցի տարածքով մեքենան վարելիս, հաճախ էի տեսնում տաճարը։ Դա ինձ հոգևորապես գրավում էր, ուստի, կարդացի դրա մասին և ցանկանում էի ներս մտնել: Ես ու Ջոնը հանդիպեցինք մի վաղ առավոտյան՝ տաճարի տարածքում։ Մեր հանդիպումից հետո նա ասաց, որ ժամանակն է, որ իր խմբի հետ տաճար մտնի։

«Ռենդի, դու չես կարող մտնել տաճար»,- ասաց Ջոնը:

«Գիտեմ՝ ես հիպի եմ»,- պատասխանեցի ես,- «բայց ես ուսումնասիրել եմ արևելյան կրոնները, ես բուսակեր եմ, ես ապրում եմ մի համայնքում, որտեղ մենք կիսում ենք ամեն ինչ, և ես ունեմ 20 դոլար: Որքա՞ն կարող է լինել մուտքավճարը»։

«Շատ ավելին, քան դա»,- պատասխանեց Ջոնը: «Դու բավականաչափ լավը չես»:

Այդ ժամանակ ես ինձ մտավոր, փիլիսոփայական առումներով և հոգևորապես զարգացած մարդ էի համարում։ Ինչպե՞ս կարող էի բավականաչափ լավը չլինել։

Հույսով լցված

Մի քանի տարի շարունակ ծնողներս չգիտեին, թե որտեղ եմ ես։ Նրանք լավ մարդիկ էին՝ փորձել էին ինձ տալ հնարավոր լավագույն կրթությունը և, հասկանալիորեն հիասթափված էին իմ ընտրություններից։ Երբ հայրս հիվանդացավ, մայրս համոզեց ինձ տուն վերադառնալ՝ Վաշինգտոն ԿՇ։ Երբ ես ժամանեցի, Ջոնն ինձ համար աշխատանք գտավ՝ Վաշինգտոնի տաճարի շինարարների աշխատակազմում:

Ես չգիտեի, բայց նա հոգ էր տարել, որ ես աշխատեմ վերադարձած միսիոներների անձնակազմի հետ։ Ես ապշել էի, երբ Ջոն Հաուելը, որն աշխատակազմի ղեկավարն էր, խնդրում էր անձնակազմի անդամներից մեկին աղոթել ամեն աշխատանքային օրվա սկզբում. մի բան, որը ես չէի տեսել նախկինում աշխատելիս։

Մի օր աշխատանքի ժամանակ մի քանի հոգով ամրացնում էինք տաճարի մուտքի ծանր դռներից մեկը, երբ այն ընկավ և ջախջախեց մատս, որը 10 ցենտանոցի նման տափակ էր դարձել: Ջոնը շտապեց ինձ մոտ, զննեց մատս, խնդրեց, որ սրբագործված յուղ բերեն և օրհնեց ինձ։ Մատս այնքան արագ բուժվեց, որ բժշկի դիմելու կարիք չունեի:

Մեկ այլ անգամ ինձ ածելի տվեցին և ասացին, որ քերեմ մնացորդները բետոնե հատակից:

«Ինչո՞ւ»,- ես հարցրի մեր անձնակազմի անդամներից մեկին։ «Չէ՞ որ գորգ են փռելու»։

«Ռենդի, դու չգիտե՞ս, թե ում տունն է սա»,- արձագանքեց նա։ «Մենք այն կատարելագործում ենք Կատարյալի համար»։

Մինչ աշխարհը խորտակվում էր ցինիզմի, դառնության, ատելության և վախի մեջ, այս երիտասարդների օրինակն ու ուսմունքները, որոնց հետ ես աշխատում էի, հույսով լցրին ինձ: Երբ անձնակազմի անդամները կիսվում էին ինձ հետ իրենց համոզմունքներով, ես գիտեի, որ նրանք ազնիվ են և անմիջական։ Նրանք իրենց կյանքի երկու տարիները նվիրել էին ուրիշներին ծառայելուն և խելացիորեն լավատես էին։ Ես ուզում էի, որ նրանց ուսմունքները ճշմարիտ լինեին։ Ես զգացի, որ ձեռք եմ բերում այն լուսավորությունը, որը փնտրում էի, և որ Տերը հոգևորապես նախապատրաստում է ինձ։

Ջոն Հաուելը առաջարկեց, որ ես հանդիպեմ լիաժամկետ միսիոներների հետ։ Փոխարենը, ես որոշեցի, որ եղբայրս և նրա ընկերներից մեկը՝ մեկ այլ վերադարձած միսիոներ, ուսուցանեն ինձ: Երբ նրանք ուսուցանում էին ինձ, ես ուզում էի արտաքին, անհերքելի ապացույց տեսնել, որ այն, ինչ սովորում էի, ճշմարիտ էր։ Առանց այդ ապացույցի չէի ցանկանում շարունակել հետագա զրույցները:

Երբ ես հարցրի նրանց, թե ինչպես են իմացել ճշմարտությունը, նրանք պատասխանեցին. «Մենք կարդացել ենք, աղոթել և զգացել ենք Սուրբ Հոգուց վկայություն»: Նրանք ասացին ինձ, որ ես այդ նույն վկայության կարիքն ունեմ։

Այդ երեկո ես գնացի մեր հարևանությամբ գտնվող ծառաշատ պուրակը։ Չգիտեմ, թե որքան ժամանակ էի աղոթում, բայց ես անում էի դա հստակ մտադրությամբ: Եվ շարունակ տալիս էի Աստծուն նույն չորս հարցերը. «Արդյո՞ք Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է: Արդյոք Դուք և Ձեր Որդին հայտնվե՞լ եք Ջոզեֆ Սմիթին: Արդյո՞ք սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ Եկեղեցու անդամ լինելու համար»։

Յուրաքանչյուր հարցի պատասխանը շշուկով եկավ հոգուս՝ «Այո»՝ չորս անգամ: Այդ շշուկները ուղեկցվում էին հանդարտ ու վեհ զգացումներով։

Գլուխս խոնարհած, աղոթքով ծնկի եկած և արցունքներից թրջված, ես բացականչեցի. «Եթե սա է պատասխանը, որ Դու կտաս ինձ, ապա ես ընդունում եմ այն և իմ կյանքը լիովին կհանձնեմ Քեզ և այս ավետարանին, ինչպես որ Դու կբացահայտես ինձ այն»: Բառերը չեն կարող արտահայտել այն մտքերը, զգացումներն ու ճշմարտությունները, որոնք ինձ պարուրել էին։

Այդ երեկո ստացածս վկայությունը անհերքելի էր, և այն նույնքան ուժեղ է այժմ, որքան այն ժամանակ էր: Այդ աղոթքից հետո Աստված ինձ ապացուցել է այդ պատասխանները հազարավոր հրաշքներով և գործնական ձևերով:

հեղինակը երիտասարդ տարիքում

«Եկեղեցին հրաշք է»,- ասում է Ռենդին, որը պատկերված է այստեղ իր մկրտությունից մեկ ամիս անց: «Եվ իմ կյանքը Եկեղեցում հրաշալի է»:

Իմ ներսում կրակ էր վառվել

1974 թ.-ին մկրտվելուց կարճ ժամանակ անց եղբորս՝ Ջոնի հետ ես առաջին անգամ ներկա գտնվեցի Սոլթ Լեյք Սիթիում կայացած գերագույն համաժողովին։ Ես զարմացա, երբ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բոյդ Ք. Փաքերը (1924–2015թթ․), որն այդ համաժողովից երեք շաբաթ առաջ հանդիպել էր իմ մորաքրոջը՝ Նյու Յորք Սիթիում, անդրադարձավ ինձ և Ջոնին կիրակի առավոտյան իր ելույթի ժամանակ։

Մեջբերելով մորաքրոջս, երեց Փաքերն ասաց. «Իմ զարմիկներից երկուսը միացել են ձեր Եկեղեցուն: Դժվար է հավատալ, թե ինչ փոփոխություն է դա բերել նրանց կյանք»:

Այդ հզոր փոփոխության շնորհիվ (տես Ալմա 5.14), իմ ներսում կրակ էր վառվել, և այդ մասին ես ցանկանում էի խոսել: Շուտով ես հայտնվեցի Այդահոյում՝ որպես լիաժամկետ միսիոներ։ Իմ միսիայի կեսն անցել էր, երբ մահացավ հայրս, որն իմ ամենամեծ հերոսն ու լավագույն ընկերն էր: Մայրս զանգահարեց իմ միսիայի նախագահին և խնդրեց, որ ես վերադառնամ տուն՝ թաղմանը մահախոսական ասելու։ Երբ իմ միսիայի նախագահը թույլ տվեց, որ որոշումը ես կայացնեի՝ արդյոք պետք է գնայի, թե՝ ոչ, ես ասացի, որ նախքան որոշելը ցանկանում եմ աղոթել և ծոմ պահել 24 ժամ։

Այդ գիշեր ես երազ տեսա: Հայրս հայտնվեց ինձ։ Իր հետ ունեցած վեհ և բովանդակալից զրույցի ժամանակ նա ինձ ասաց. «Որդիս, մնա քո միսիայի վայրում»:

Ես հետևեցի հորս խորհրդին և մնացի։

երիտասարդ միսիոները

Նրա դարձի գալուն հաջորդած հզոր փոփոխության շնորհիվ Ռենդիի ներսում «կրակ էր վառվում», որով նա ցանկանում էր կիսվել որպես լիաժամկետ միսիոներ։

Իմ միսիայից վեց ամիս անց ես բռնեցի մորս ձեռքը, երբ նա հոգին ավանդեց: Տասնամյակներ անց կինս՝ Լիզան, մի հին արկղի մեջ գտավ ծնողներիս նամակը։ Հայրս դա գրել էր ինձ իմ միսիայի ժամանակ, բայց մահացել էր նախքան այն ուղարկելը։

«Մեր սրտերը եղել են, կան և միշտ լի են լինելու սիրով քո հանդեպ: Ես հասկանում եմ, որ ամեն ինչ միշտ չէ, որ կատարյալ է եղել, բայց դա է կյանքը։ … Քրիստոսը չի ասել. «Հետևիր ինձ և հեշտ կլինի»։ Նա ասել է․ «Վերց[րու] [քո] խաչը և [արի] իմ հետևից» [Մատթեոս 16.24]: Նա խաչը տարավ, բայց մենք բոլորս մեր փայտե բեկորներն ունենք։ Հնարավոր է՝ երկնքում մեր տեղը կախված է նրանից, թե ինչպես ենք տանում մեր բեկորը։ Որդիս, մենք քեզ շատ ենք սիրում»:

Այն, ինչ ես փնտրում էի

Մեծանալով՝ կոպիտ էի վարվում ծնողներիս հետ, բայց երբեք չէի կասկածում նրանց սիրո մեջ։ Եկեղեցին գտնելուց ի վեր ես մեծ ջանքեր եմ թափել, որ շնորհակալություն հայտնեմ և պատվեմ նրանց։

2018 թ. փետրվարի 17-ին, Վաշինգտոնի տաճարը վերանորոգման նպատակով փակվելուց երկու շաբաթ առաջ, ես կնքվեցի հորս և մորս հետ, 42 տարի անց այն բանից հետո, երբ նրանք անցան վարագույրի մյուս կողմ՝ դեպի հավերժություն: Իմ ավագ որդին՝ Ուիլյամը, հորս փոխարինող անձն էր, իսկ Լիզան՝ մորս։ Ես զգացի, որ ծնողներս, որոնք ավելի վաղ կնքվել էին իրար հետ, երկուսն էլ հոգով այնտեղ էին։

Տաճարում մենք գտնում ենք այնպիսի լարեր, որոնք մեզ հավերժ կապում են մեր սիրելիների հետ: Ես վստահ եմ դրանում։

Երբ փոքր էի, չէի ուզում ամուսնանալ կամ երեխաներ ունենալ։ Բայց այսօր կինս, երեխաներս ու թոռներս իմ ամենամեծ գանձերն են։ Եկեղեցին հրաշք է, և իմ կյանքը Եկեղեցում հրաշալի է: Ջոզեֆ Սմիթի հետ ես ասում եմ․ «Եթե ես չզգայի այն ամենը, ինչ ես զգացել եմ, ես ինքս չէի հավատա դրան»:

50 տարի առաջ ես Վաշինգտոնի տաճարի շինարարական խմբի աշխատող էի: Ես համոզված էի, որ կյանքս երջանիկ ապագա չուներ։ Այսօր ես այդ նույն տաճարում արարողությունների աշխատող եմ, ընդունելով Տիրոջ հրավերը՝ հետևել Նրան, ստանալ Նրա բժշկությունը, ընդունել Նրա արարողությունները և ձգտել դառնալ Նրա նման:

ամուսինն ու կինը միասին կանգնած՝ ժպտում են

Ռենդին և նրա կինը՝ Լիզան, ծառայում են Վաշինգտոն ԿՇ-ի տաճարում, որը նա օգնել է կառուցել 50 տարի առաջ:

Լուսանկարը՝ Լեսլի Նիլսոնի

Վերականգնված Եկեղեցին ոչ տեսություն է, ոչ փիլիսոփայություն, ոչ էլ՝ պարզապես համայնք կամ մշակույթ: Այն մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է:

Ես կարծում էի, որ կգտնեի այն, ինչ փնտրում էի, Սան Ֆրանցիսկոյում։ Այդպես չեղավ։ Ես այն գտա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում և Տիրոջ տանը, որը «վերականգնման լավագույն զարդն [է]»։