2025
Ո՞վ է ավազանը լցրել ջրով
Մարտ 2025


«Ո՞վ է ավազանը լցրել ջրով» Լիահոնա, մարտ, 2025

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ո՞վ է ավազանը լցրել ջրով

Քանի որ քաղաքում ջուր չկար, ինչպե՞ս պետք է մկրտեինք Մեգանին։

խոհանոցային ծորակ, որին միացած է փողրակը

Նկարները՝ Դեյվիդ Մայլսի

Նայրոբիում (Քենիա) ավտոբուսը բաց թողնելուց հետո ես և զուգընկերս որոշեցինք ավետարանով կիսվել բոլոր նրանց հետ, ում մենք կտեսնեինք հաջորդ ավտոբուսին սպասելիս։ Մենք զրուցեցինք ավելի քան 400 հոգու հետ։

Նրանցից մեկը Բենարդն էր, որը շինարարության վրա էր աշխատում՝ մոտակայքում։ Մենք նրան տվեցինք Մորմոնի Գիրքը և հորդորեցինք կարդալ այն ամեն օր և հարցնել Աստծուն՝ արդյոք դա ճշմարիտ է:

Չորս ամիս անց ինձ տեղափոխեցին Նայրոբի։ Այնտեղ իմ առաջին հաղորդության ժողովի ժամանակ ես տեսա Բենարդին։ Այդ ժամանակից ի վեր նա մկրտվել և կարգվել էր Ահարոնյան քահանայության։

Բենարդը ոգևորված հրավիրեց մեզ այցելել իր տուն և սովորեցնել իր կնոջը՝ Մեգանին։ Երբ հանդիպեցինք Մեգանի հետ, մեզ ապշեցրեց նրա մեծ հավատքը։ Երբ նա աղոթեց՝ իմանալու համար՝ արդյոք մեր ուղերձը ճշմարիտ է, Աստված պատասխանեց նրա աղոթքին:

Մենք հրավիրեցինք Մեգանին մկրտվել հաջորդ կիրակի։ Այդ շաբաթ, սակայն, Նայրոբի քաղաքում հայտարարվեց, որ ջրամատակարարումը կդադարեցվի 10 օրով։ Շաբաթ օրը Մեգանի մկրտության հարցազրույցից հետո ես և զուգընկերս աղոթեցինք, որ հաջորդ օրը նրա մկրտությունը կայանա:

Մենք ծոմ պահեցինք, խորհրդակցեցինք մեր ղեկավարների հետ և փորձեցինք ջուր հայթայթելու տարբեր եղանակներ, բայց ամեն ինչ անօգուտ էր: Ամեն դեպքում այդ երեկո մենք պատրաստվեցինք մկրտության։ Հետո ծնկի եկանք ու նորից աղոթեցինք։ Մենք հուշում զգացինք, որ փողրակի մի ծայրը ամրացնենք հավաքատան խոհանոցի ծորակին, իսկ մյուսը՝ դնենք մկրտության ավազանի մեջ: Մի անգամ էլ աղոթեցինք, դուռը կողպեցինք և գնացինք տուն։

Հաջորդ առավոտ, երբ գնացինք հավաքատուն, ի զարմանս մեզ, ավազանը լցված էր ջրով։ Մենք բացեցինք խոհանոցի ծորակը, բայց ջուր չէր գալիս։ Ճյուղից ոչ ոք չգիտեր, թե ինչպես է ավազանը լցվել։

Այդ օրը Մեգանը մկրտվեց։ Ամբողջ ծուխը եկել էր ականատես լինելու նրա մկրտությանը և ողջունելու նրան Եկեղեցում: Ծորակը շարունակում էր չոր մնալ, բայց բոլորի աչքերը թաց էին երախտագիտությունից։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Տերը կօրհնի ձեզ հրաշքներով, եթե հավատաք Նրան՝ «ոչ մի բանի չկասկածելով» [Մորմոն 9․21]։ Հրաշքներ փնտրելու հոգևոր աշխատանք կատարեք»: Ես գիտեմ, որ քանի որ ես և զուգընկերս ֆիզիկական և հոգևոր աշխատանք կատարեցինք՝ աղոթեցինք, տարբերակներ փորձեցինք և հետևեցինք հոգևոր հուշումներին՝ մենք հրաշք տեսանք Տիրոջից։