«Աստված խոսել է վաղ սրբերի հետ։ Իսկ Նա խոսո՞ւմ է ինձ հետ», Լիահոնա, մարտ, 2024
Չափահաս երիտասարդներ
Աստված խոսել է վաղ սրբերի հետ։ Իսկ Նա խոսո՞ւմ է ինձ հետ
Նա խոսել է սրբերի հետ: Նա կխոսի մեզ հետ: Մենք պարզապես պետք է լսենք Նրան:
Լույսի մի սյուն։ Ձայն երկնքից։ Հայտնություն Աստծուց։ Վարդապետություն և Ուխտերում շատ պատմություններ կան Ջոզեֆ Սմիթի և մյուսների մասին, որոնք օգնություն և առաջնորդություն են խնդրել Աստծուց: Թեև Աստծուց հայտնություն ստանալը անհատական փորձառություն է, գործընթացը կրկին ու կրկին արձանագրվել է սուրբ գրություններում:
Թեև մենք ամեն օր չենք շփվում մարգարեի հետ կամ հայտնություններ ստանում Եկեղեցու համար, Աստված կարող է խոսել մեզ հետ նույն կերպ, ինչպես Նա արեց 200 տարի առաջ։ Այս սրբերը անհատական ուղերձներ են ստացել Աստծուց, և մենք նույնպես կարող ենք։
Ջոզեֆի խոնարհ աղոթքը
Այն սկսվել է հարցով: Եվ դա դարձավ՝ ինչպես Յոթանասունից երեց Ալեքսանդր Դուշկուն է նկարագրել, «լույսի և ճշմարտության անհաղթահարելի պոռթկում»։ Ջոզեֆ Սմիթի խոնարհ աղոթքը հանգեցրեց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի գեղեցիկ այցելությանը (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.14–17)։ Որքան էլ անհավանական կլիներ Աստծո հետ դեմ առ դեմ խոսելը, այս փորձառությունները հազվադեպ են և սուրբ:
Թեև մեզանից ոչ բոլորն են ունենալու Ջոզեֆի նույն հնարավորությունը, «մենք նույնպես կարող ենք ունենալ մեր սեփական լույսի սյունը՝ ամեն անգամ մի ճառագայթ»։ Երբ մենք հարց ենք տալիս և խոնարհ աղոթքով ծնկի ենք գալիս, Սուրբ Հոգու միջոցով պատասխան կստանանք Աստծուց:
Օգդենի (Յուտա) տաճարի մկրտության ավազանի լուսանկարը
Տաճարի զորությունը
Սրբերը Կիրթլենդում (Օհայո), զոհաբերեցին ժամանակ, փող և աշխատանք՝ Տիրոջ տունը կառուցելու համար: Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ Ջոզեֆ Սմիթն աղոթեց, որ Աստված օրհնի այս հավատարիմ սրբերին զորությամբ, երբ նրանք մտնեն և երկրպագեն (տես Վարդապետություն և Ուխտեր 109.13)։ Տաճարը պետք է լիներ «աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, փառքի և Աստծո տուն» (Վարդապետություն և Ուխտեր 109.16):
Վերջին օրերում մենք օրհնված ենք տաճարներով ամբողջ աշխարհում: Մեզ խոստացվել է, որ տաճար հաճախելով մենք հայտնություն կստանանք։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս ասել է, որ «տաճարում մենք կարող ենք «ստանալ Սուրբ Հոգու լիությունը» [Վարդապետություն և Ուխտեր 109.15]: Պատկերացրեք, թե ինչ է նշանակում այդ խոստումը հավերժական ճշմարտությունը անկեղծորեն փնտրող յուրաքանչյուր մարդու համար, երբ երկինքները բացվում են նրա առջև»։
Հայրումի հարցը Մարգարեին
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե խնդրեք մարգարեին խոսել Աստծո հետ ձեզ համար։ Հայրումը՝ Մարգարե Ջոզեֆի եղբայրը, հենց այդպես էլ արեց։ Ջոզեֆի միջոցով նա ստացավ այս խորհուրդը Տիրոջից. «Ահա, դու Հայրումն ես, իմ որդին. փնտրիր Աստծո արքայությունը, և բոլոր բաները պիտի ավելացվեն՝ համաձայն նրա, ինչն արդար է» (Վարդապետություն և Ուխտեր 11.23):
Երբեմն առաջնորդությունը գալիս է այլ մարդկանց միջոցով։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խորհուրդ է տվել մեզ «Առաջնորդություն փնտրեք վստահելի ձայների մեջ, որ գալիս են մարգարեներից, տեսանողներից և հայտնողներից և Սուրբ Հոգու շշուկներից»: Թեև մենք բոլորս չենք կարող մեր հարցերն ուղղակիորեն ուղղել մարգարեին, մենք կարող ենք ստանալ մեր անձնական հարցերի պատասխանները:
Օլիվեր Քաուդերիի դիմանկարը՝ Լյուիս Ա. Ռեմսիի կողմից
Օլիվերի հավատքի ուսումնասիրությունը
Օլիվեր Քաուդերին անգնահատելի օգնություն էր ցուցաբերում Ջոզեֆին՝ Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ։ Սակայն 1829 թ. նա հիասթափություն ապրեց։ Ինչո՞ւ ինքը չէր կարող թարգմանել: Տերը Օլիվերին որոշակի խորհուրդ տվեց այն մասին, թե ինչպես ստանալ իր հարցի պատասխանը. խորհուրդ, որը դեռևս կիրառելի մեզ համար այսօր:
Երբ մենք հարց ունենք, մեզ խրախուսում են ուսումնասիրել այն, հավատք ունենալ և ապավինել տպավորություններին (տես Վարդապետություն և Ուխտեր 9.6–9): Մեր տպավորությունները կարող են առաջանալ զգացմունքների, ջերմ զգացումների կամ մտքի խաղաղության տեսքով։ Ինչպես ասել է երեց Մաթիաս Հելդը Յոթանասունից․ «Երբ [տրամաբանական դատողությունները և Սուրբ Հոգու ոգեշնչումը] միավորվում են մեր հոգում, մեկ ամբողջական պատկերը ցույց է տալիս բաների իրականությունն այնպես, ինչպես իրականում կան»:
Լուսանկարը՝ Քրեյգ Ալան Շելլիի
Սմիթների ընտանիքի հայրապետական օրհնությունները
Հայրապետական օրհնությունները Եկեղեցու մասն են եղել Հին Կտակարանի ժամանակներից (տես Ծնունդ 48)։ Երբ վերջին օրերին Եկեղեցին կազմավորվեց, 1834 թ․ Աստված ասաց Ջոզեֆին, որ իր հորը՝ Ջոզեֆ Սմիթ Ավագին, կանչի որպես հայրապետ։ Երեք օր անց Սմիթների ընտանիքը հավաքվեց, որպեսզի Ջոզեֆ Սմիթ Ավագը կարողանար հայրապետական օրհնություն տալ իր երեխաներից յուրաքանչյուրին և նրանց կողակիցներին: Այդ օրհնությունները խորհուրդ և մխիթարություն էին նրանց կյանքի համար։
Բացի տոհմական գիծը հայտարարելուց, հայրապետական օրհնությունը «անձնական սուրբ գրություն է ձեզ համար»։ Կանոնավորապես ուսումնասիրելով մեր հայրապետական օրհնությունները, մենք պիտի «գնահատենք դրա խոսքերը, խորհենք դրանց շուրջ և ապրենք այնպես, որ արժանի լինենք ստանալու խոստացված օրհնություններն այս կյանքում և հավերժության մեջ»:
Էմմա Սմիթի դիմանկարը՝ Լի Գրին Ռիչարդսի կողմից
Էմմայի անձնական առաջնորդությունը Աստծուց
Որպես մարգարեի կին՝ Էմմա Սմիթը հաճախ էր պայքարում փորձությունների և կոնֆլիկտների դեմ, որոնք իր ընտանիքին խնդրում էին կրել։ Վարդապետություն և Ուխտեր 25-ում մենք կարող ենք կարդալ Երկնային Հոր մխիթարող և զորացնող խոսքերը Էմմային:
Երբ մենք փնտրում ենք Երկնային Հորից տրված մխիթարության մեր սեփական ուղերձները, մենք կարող ենք խնդրել, որ մեզ քահանայության օրհնություն տան: Ինչպես ուսուցանել է նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007թթ.)՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը․ «Քահանայության օրհնությունները կօգնեն մեզ՝ մեր կյանքի փոքր և մեծ որոշումների մեջ։ Եթե քահանայության մեր օրհնությունների միջոցով մենք կարողանայինք ընկալել միայն մի փոքր մասը, թե Աստված ինչպիսին է ակնկալում, որ մենք լինենք, ապա մենք կկորցնեինք մեր վախը և այլևս երբեք չէինք կասկածի»:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի դիմանկարը, Ալբերտ Սալզբրենների կողմից
Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսումնասիրում է սուրբ գրությունները
Երբ 1918 թ. հիվանդությունները, պատերազմներն ու մահը ավերեցին աշխարհը, Ջոզեֆ Ֆ․ Սմիթ մարգարեն պատասխաններ գտնելու համար դիմեց սուրբ գրություններին։ Նոր Կտակարանում Պետրոսի խոսքերը ուսումնասիրելուց հետո նա սկսեց մտորել և խորհել։ Եկեղեցու մասին տեսիլքում նա տեսավ, թե ինչպես է Փրկիչը կազմակերպում միսիոներական աշխատանքը հոգիների աշխարհում։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 138)։
Ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017)․ «Երբ մենք ուզում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք: Եվ երբ մենք ցանկանում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները»։ Սուրբ գրությունները Աստծո խոսքերն են, որոնք պահպանվել են գրավոր ձևով, և մեր թվային դարաշրջանում դրանք ավելի քան մատչելի են մեզ համար։ Երբ կարդանք և խորհենք սուրբ գրությունների շուրջ, մենք կգտնենք այն օգնությունը երկնքից, որն այդքան անհրաժեշտ է։
Լուսանկարը՝ Ջոն ՄըկՔիննիի
Նրան լսելու միտումնավոր ջանքեր
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված։ Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով»։ Ինչպես վաղ սրբերը, մենք կարող ենք Աստծուց ստանալ ուղերձներ, որոնք անձնական են և իրական։
Աստված խոսել է սրբերի հետ։ Նա կխոսի մեզ հետ: Մենք պարզապես պետք է լսենք Նրան: