2025
Մնացեք կապված Փրկչի հետ
Մարտ 2025


«Մնացեք կապված Փրկչի հետ», Լիահոնա, մարտ 2025:

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Մնացեք կապված Փրկչի հետ

Երբ մենք սկսեցինք իջնել սարի գագաթից, հանկարծ հայրս ու քույրս իրենց մեքենայից դուրս նետվեցին։

երկու հոգի սպորտային պարագաներով կանգնած են ցեխոտ ճանապարհին, մոտակայքում՝ կողաշրջված ամենագնաց

Նկարը՝ Դեյվիդ Մայլսի

Մի ամառ, արձակուրդի ժամանակ, ընտանիքով մեկնեցինք հարավային Չինաստան, որտեղ ամենագնացներ (ATV) վարեցինք արևադարձային անտառում: Երբ հասանք ամենագնացների ճամբարը, զարմացանք, երբ զբոսավարները մեզ տվեցին ամբողջ մարմինը պաշտպանող կոստյումներ, հսկայական սաղավարտներ և ակնոցներ: Սիրողական վարողների համար նման շոգ, խոնավ եղանակին մի քիչ ավելորդ էին թվում կոստյումները, բայց մենք, այնուամենայնիվ, հագանք դրանք:

Վարորդական հրահանգներ ստանալուց հետո մենք ճամփա ընկանք և, ի վերջո, հասանք մեր ճամփորդության գագաթնակետին։ Այնտեղ կանգ առանք՝ ջուր խմելու և մեր դեմքի քրտինքը սրբելու։

Հետո մեր զբոսավարը բացատրեց, որ իջնելն ավելի դժվար է լինելու։ Մենք պետք է իրար մոտ մնայինք և ձևավորեինք ATV գնացք, որտեղ յուրաքանչյուր ATV-ն դիպչում էր առջևի և հետևի մեքենային, որպեսզի կայունացնեինք խումբը:

Իջնելու ընթացքում մենք կանչում էինք իրար, որպեսզի համակարգեինք մեր ընթացքը։ Այնուամենայնիվ, մենք դանդաղորեն բաժանվեցինք, և մի փոքրիկ միջանցք բացվեց իմ և այն մեքենայի միջև, որը վարում էին հայրս ու փոքր քույրս՝ Վիվին։ Հանկարծ Վիվին ու հայրս դուրս նետվեցին իրենց մեքենայից։ Հայրս ժամանակին ցատկեց և իր մարմնով ծածկեց Վիվիին, որպեսզի պաշտպաներ նրան ամենագնացից, որը գլորվում էր նրա կողմ։

Մենք աներևակայելի հանգստություն զգացինք, երբ տեսանք, որ հայրս և Վիվին ոտքի կանգնեցին և թափ տվեցին փոշին իրենց տաբատներից: Շնորհիվ իրենց կրած պաշտպանական հագուստի՝ հայրս քիչ վնասվածքներ էր ստացել։ Վիվին սարսափահար էր, բայց չէր վնասվել։ Երբ մենք վերախմբվեցինք, զբոսավարը հստակ ձայնով հիշեցրեց մեզ, որ մենք պետք է միացված պահենք մեր մեքենաները, եթե չենք ուզում նորից ցած գլորվել բլրից:

Կյանքում մենք երբեմն գայթակղվում ենք մտածելու, որ կարող ենք ինքնուրույն ինչ-որ բան անել: Մենք կարծում ենք, որ կարիք չկա հագնելու ավետարանի պաշտպանական սպառազինությունը, որը կարող է անհարմարավետ թվալ: Նմանապես, երբեմն մենք գուցե դժվարանանք կապված մնալ մեր Երկնային Հոր հետ։ Երբ թերանում ենք դա անել, մենք վտանգի տակ ենք՝ ինքնուրույն նավարկելու աշխարհի սարսափելի և դավաճանական ճանապարհներով, ենթարկվելով ծանր հոգևոր վթարների և վնասվածքների:

Եթե մենք օգտագործենք ավետարանի առաջարկած պաշտպանությունը և կապված մնանք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, մենք կարող ենք դիմակայել այն մարտահրավերներին, որոնք սպասվում են մեր կյանքում: Անկախ նրանից, թե որքան սարսափելի կամ դժվար է ճանապարհը, Նրանց հետ մենք հաջողության կհասնենք: