«Կարո՞ղ եմ իսկապես վստահել մարգարեի առաջնորդությանը», Լիահոնա, մարտ, 2025։
Չափահաս երիտասարդներ
Կարո՞ղ եմ իսկապես վստահել մարգարեի առաջնորդությանը
Ես միշտ ընտրել եմ հետևել մարգարեին, բայց կարո՞ղ էի վստահել նրան այս դեպքում։
Նկարը՝ Քայլի Բոդիլիի
Երբ զանգ ստացա, որ ինձ կտարհանեն իմ միսիայի վայրից, ես տխուր ու շփոթված էի։
Իմ միսիայի ավարտից մի քանի ամիս առաջ Առաջին Նախագահությունը որոշեց ինձ և մի քանի այլ միսիոներների տուն ուղարկել՝ իմ կարծիքով, հնարավոր միջազգային կոնֆլիկտի մասին լուրերից ելնելով: Ոչ մի նշան չկար, որ ինչ-որ բան է կատարվելու:
Ես չէի կարծում, որ անհանգստանալու բան կար:
Հարցականի տակ դնել ոգեշնչումը
Ես միշտ ցանկացել եմ ծառայել միսիայում և շատ ջանք էի թափել այդ նպատակին հասնելու համար։ Գումարը սուղ էր, բայց ես գտա մի աշխատանք, որն օգնեց ինձ բավականաչափ գումար վաստակել իմ միսիայի համար։ Երբ բացեցի իմ կանչի նամակը, այնքան ճշմարտացի էր, և ես գիտեի, որ այն Աստծուց է:
Այնուհետև Քովիդ-19 համավարակի պատճառով ես ինն ամիս ծառայեցի Յուտայում, նախքան արտերկիր մեկնելը՝ ուր նշանակվել էի ծառայելու։ Ես թեթևացած էի ու անչափ ուրախ, երբ վերջապես հայտնվեցի այնտեղ, որտեղ Աստված ի սկզբանե ինձ կանչել էր։
Այնուհետև, ընդամենը մի քանի ամիս այնտեղ գտնվելուց հետո, ինձ հանկարծ հեռացրին այն մարդկանցից և երկրից, որոնց ես սիրում էի: Ինձ թվում էր, թե ինձ ամեն ինչից զրկում են։
Ես ինձ դավաճանված էի զգում։ Ես անկեղծորեն հարցրի, թե արդյոք սա ոգեշնչված ընտրություն էր:
Ես դժկամությամբ տուն մեկնեցի՝ Տեխաս։ Իմ տարհանումն այնքան անսպասելի էր, որ հայրս, քույրս ու եղբայրս նույնիսկ օդանավակայանում չէին՝ ինձ դիմավորելու համար:
Ապահովության օրհնությունը
Միսիայի տարածքը լքելուց ընդամենը մի քանի օր անց ես ցնցված էի, երբ իմ ծառայած վայրի մոտ վտանգավոր հակամարտություն սկսվեց: Այդ պահին ես հասկացա, որ մարգարեին հետևելով ես իրոք ապահով մնացի: Ես երախտապարտ էի մարգարեի և նրա ոգեշնչման համար:
Ես ինքս ինձ խոստացա, որ միշտ ականջալուր կլինեմ մարգարեի ասածներին, նույնիսկ եթե տվյալ պահին դա անիմաստ թվա:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը վերջերս ասել է. «Մարգարեներ ունենալը Իր զավակների հանդեպ Աստծո սիրո նշանն է: Նրանք հայտնի են դարձնում Աստծո և Հիսուս Քրիստոսի խոստումներն ու ճշմարիտ էությունը իրենց ժողովրդին»:
Ես իսկապես հավատում եմ, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ խոսնակն է: Նա ուղղակիորեն աշխատում է Երկնային Հոր և Փրկչի հետ՝ առաջնորդելու մեզ դեպի ապահովություն, մեզ հույս և ուղղություն տալու դժվարին ժամանակներում:
Մարգարեին հետևելու օրհնությունները
Եթե դուք դեռ մտածում եք, թե արդյոք մարգարեն կանչված է Աստծո կողմից, իմ խորհուրդն է արձագանքել նրա հրավերներին: Փորձեք վերընթերցել վերջին համաժողովում նախագահ Նելսոնի ելույթները և ուսումնասիրել սուրբ գրությունները, որոնք նա խորհուրդ է տալիս: Գործեք ըստ նրա հրավերների և ուսումնասիրեք այն օրհնությունները, որոնք նա խոստանում է այդ հրավերների հետ մեկտեղ:
Երեց Սոարեսը նաև ուսուցանել է. «Երբ հետևում ենք [մարգարեներին], մեր կյանքը դառնում է ավելի երջանիկ, մեր դժվարություններն ու խնդիրները պակասում ու դառնում են հեշտ տանելի, իսկ մենք մեր շուրջը ստեղծում ենք հոգևոր սպառազինություն»:
Ես տեսել եմ այս օրհնություններն իմ կյանքում, երբ հետևել եմ մարգարեի խորհրդին: Ես գիտեմ, որ այս օրհնությունները հասանելի են բոլորին, ովքեր իրենց վստահությունը դնում են Աստծո և Նրա մարգարեի վրա: