«Երկնային Հայրը ցանկանում է խոսել ձեզ հետ», Լիահոնա, մարտ 2025
Երկնային Հայրը ցանկանում է խոսել ձեզ հետ
Թույլ տվեք, որ ձեր հավատքը Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու հանդեպ օգնի ձեզ հեռացնել վարագույրը և ընդունել Հոր ձայնը:
Մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք, բոլորս ապրում ենք այս երկրի վրա` մեր երկնային տնից հեռու։ Սա մեր մահկանացու կյանքն է՝ մեր մարմինը ստանալու ժամանակը, ընտրելու բարին և ոչ թե՝ չարը, «դառնություն ճաշակ[ելու], որպեսզի սովորենք գնահատել բարին» (Մովսես 6.55), մեծացնելու մեր հավատքը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա սուրբ Քավության հանդեպ և ընդունելու մեր Հոր երջանկության ծրագիրը: Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի նմանվենք մեր Երկնային Հորը:
Առանց մեր նախաերկրային կյանքի հիշողության մենք երբեմն մեզ միայնակ ենք զգում, քանի որ լքել ենք այն աշխարհը, որտեղ ապրել ենք։ Մեր Հայրը մեզ հոգևոր պարգև է տվել, որպեսզի կապի մեջ լինենք Նրա հետ և Նրանից առաջնորդություն, ուղղորդում և մխիթարություն ստանանք։ Մենք շատ լավ գիտենք, թե որն է այդ պարգևը՝ այն կոչվում է աղոթք:
Աղոթեք ձեր Երկնային Հորը
Ադամին ու Եվային և բոլոր նրանց, ովքեր կհետևեին նրանց, հրեշտակը հրահանգել է. «Դու պետք է ապաշխարես և կանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով» (Մովսես 5.8):
Հիսուսն ուսուցանել է․ «Խնդրեք, և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք, և ձեզ կբացվի» (Մատթեոս 7.7): «Այլ երբ դու աղոթես … աղոթիր քո Հորը … ծածուկ» (Մատթեոս 6․6): «Արդ, դուք այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը» (Մատթեոս 6․9)։
Հիսուսը շարունակ աղոթում էր Իր Հորը: «Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկաս 6․12)։ «Եվ … բարձրացավ լեռը՝ աղոթելու» (Մարկոս 6.46): «Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ, մինչև աղոթեմ» (Մարկոս 14.32): Խաչի վրա եղած ժամանակ Հիսուսն աղոթեց Իրեն խաչած զինվորների համար. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23.34):
Սուրբ գրությունները խորհուրդ են տալիս մեզ «միշտ աղոթել» (Ղուկաս 21․36, 2 Նեփի 32.9, 3 Նեփի 18.15, Վարդապետություն և Ուխտեր 10․5, 19․38, 20․33, 31․12): «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար» (Ալմա 37.37)։ Բացի այդ, մենք «մատուց[ում] ենք բոլոր գոհությունները և գովքը, որը [մեր] ողջ հոգին ի զորու է ունենալ» (Մոսիա 2.20) և գիտակցում ենք այն ամենը, ինչ մեր Հայրն անում է մեզ համար։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է. «Հոգևոր ինքնագնահատականը սկսվում է այն գիտակցումից, որ յուրաքանչյուր նոր առավոտը Աստծո պարգևն է։ … Նա ամեն օր պահպանում է մեզ, աջակցում մի պահից մյուսը (տես Մոսիա 2․21)»։
Նեփին ասել է․ «Քանզի եթե դուք լսեք Հոգուն, որը սովորեցնում է մարդուն աղոթել, դուք կիմանայիք, որ դուք պետք է աղոթեք. քանզի չար ոգին չի սովորեցնում մարդուն աղոթել, այլ սովորեցնում է նրան, որ նա չպետք է աղոթի» (2 Նեփի 32․8)։
Դրվագ՝ Քրիստոսը կենդանացնում է Հայրոսի դստերը նկարից, ըստ Գրեգ Ք. Օլսենի
Դարերի ընթացքում մեր Փրկչի օրինակով և հրեշտակների ու մարգարեների խորհրդով մենք հստակ գիտենք, որ հարկավոր է ամեն օր աղոթել՝ երախտագիտություն հայտնել մեր օրհնությունների համար և մշտապես աղոթք ունենալ մեր սրտում: Մեր պատասխանատվությունն է հաղորդակցվել մեր Հոր հետ։
Բայց առավել փառավոր կերպով, մեր Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին: Այս մահկանացու աշխարհում ողջամիտ հարց է ծագում․ ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ստանալ և հասկանալ մեր Հոր պատասխանները, առաջնորդությունը և մխիթարությունը:
Իմ կյանքի ավելի քան յոթ տասնամյակների ընթացքում ես գիտեմ, որ մեր Հայրը խոսում է մեզ հետ։ Մենք մենակ չենք: Երկնային էակները հսկում են մեզ և օգնում, երբ մենք ձգտում ենք հետևել Փրկչին։
Մենք սկսում ենք ստանալ մեր աղոթքների պատասխանները, երբ հավատք ենք զարգացնում մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հիսուսն ասել է․ «Մի վախենա, այլ միայն հավատա» (Մարկոս 5.36): Մենք վստահում ենք Նրան, անում ենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում, որ պահենք պատվիրանները և տեսնենք Նրա ձեռքը բոլոր բաներում: «Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն … բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում և չեն հնազանդվում նրա պատվիրաններին» (Վարդապետություն և Ուխտեր 59.21):
Աստծո ձեռքը մեր կյանքում չի նշանակում, որ Նա է պատճառը չար կամ սարսափելի ողբերգությունների, որոնք կան աշխարհում։ Այնուամենայնիվ, դա նշանակում է, որ ձեր դժվարության և անարդարության ժամանակներում Նա կկանգնի ձեր կողքին, կամրապնդի ձեր ունակությունները, կսփոփի ձեզ և «կնվիրագործի [ձեր] չարչարանքները [ձեր] օգտի համար» (2 Նեփի 2.2):
Լսեք Նրա ձայնը
Երբ մենք հավատում ենք Նրան և պահում Նրա պատվիրանները, ինքնաբերաբար սովորում ենք ավելի լավ լսել Նրա ձայնը։
1993 թ. սեպտեմբերին, որպես գերագույն իշխանություն իմ առաջին տարվա ընթացքում, նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007թ.թ.), որն այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, հրավիրեց ինձ և կնոջս՝ Քեթիին, իր հետ միասին ներկա գտնվել Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր մի երեկոյի։ Հիշեցնեմ, որ 1993 թվականը սմարթֆոնների, սոցիալական մեդիայի և համացանցի համատարած օգտագործումից առաջ էր:
«Հոգու ձայնը» վերնագրով իր ելույթում նախագահ Ֆաուստը նախազգուշացրել է. «Ձեր սերնդի ժամանակներում ձեզ վրա կգրոհեն բազմաթիվ ձայներ, որոնք կասեն, թե ինչպես ապրել, գոհացնել ձեր կրքերը, ինչպես ունենալ այդ ամենը: Ձեր ձեռքի տակ կունենաք մինչև հինգ հարյուր հեռուստաալիք: Կլինեն ամեն տեսակի ծրագրեր, ինտերակտիվ համակարգչային մոդեմներ, տվյալների բազաներ և հայտարարությունների հարթակներ, կլինեն գրասեղանի հրատարակչություններ, արբանյակային ընդունիչներ և կապի ցանցեր, որոնք ձեզ կհեղեղեն տեղեկատվությամբ: … Ձայնը, որին դուք պետք է սովորեք հետևել, Հոգու ձայնն է»:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015թ.թ.)՝ Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահը, ուսուցանել է Հոգու մեղմ, ցածր ձայնի մասին՝ պատմելով բնագետ Ջոն Բըրոուգսի փորձից, երբ վերջինս ընկերների հետ քայլում էր մարդաշատ այգով: Ահա նախագահ Փաքերի խոսքերը.
«Քաղաքային կյանքի աղմուկի ներքո [պրն Բըրոուգսը] լսեց թռչնի երգը։
Նա կանգնեց ու լսում էր։ Իր հետ եղած մարդիկ չէին լսում դա։ Նա նայեց շուրջը։ Ոչ ոք չէր նկատել այդ երգի հնչյունները։
Նրան անհանգստացրեց այն միտքը, որ բոլորը պետք է բաց թողնեին այդ գեղեցիկ պահը։
Նա գրպանից մի կոպեկ հանեց ու նետեց դեպի օդ: Այն զրնգոցով ընկավ մայթեզրին, բայց զրնգոցն ավելի բարձր չէր, քան թռչնի երգը։ Բոլորը շրջվեցին, նրանք լսեցին դա։
Քաղաքային երթևեկության բոլոր ձայներից դժվար է առանձնացնել թռչնի երգը: Բայց այն հնարավոր է լսել։ Կարելի է պարզ լսել դա, եթե վարժվես դա անել»։
Նախագահ Փաքերի ուսմունքները Սուրբ Հոգու մասին տեղի են ունեցել 1979 թվականին, մի ժամանակ, երբ կյանքը շատ ավելի հանգիստ էր և աշխարհի աղմուկը շատ ավելի մեղմ էր, քան հիմա:
Նախագահ Նելսոնը ուսուցանել է. «Եթե դուք ավելի շատ ուշադրություն դարձնեք սոցիալական մեդիայի թարմացվող բովանդակությանը, քան Հոգու հուշումներին, ապա դուք հոգևոր վտանգի առաջ եք կանգնեցնում ձեզ»:
Նախագահ Ֆաուստն ասել է. «Եթե մենք ցանկանում ենք ականջ դնել Հոգու ձայնին, մենք նույնպես պետք է բացենք մեր ականջները, հավատքի աչքը ուղղենք դեպի ձայնի աղբյուրը և հաստատուն նայենք դեպի երկինք»:
Հոգու այս ձայնը գալիս է և մեր բանականությանը, և մեր զգացմունքներին: «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում» (Վարդապետություն և Ուխտեր 8․2)։ Լսեք ձեր խղճին՝ հայտնությունը հաճախ այնտեղ է սկսվում։
2024 թ. փետրվարին Ֆիլիպինների Մարկինա Սիթի քաղաքում գտնվող Girls՛ Home Boys՛ քաղաքային համալիր այցելության ժամանակ երեց Անդերսենը երիտասարդներին ուսուցանեց, որ նրանք Աստծո զավակներն են։ Երեց Անդերսենն ասաց․ «Նա սիրում է ձեզ։ Եվ դուք կարող եք դիմել Նրան: Նա կլսի ձեր աղոթքները»:
Աղոթեք հավատացող սրտով
Պատասխանները և տպավորությունները չեն կարող պարտադրվել: Մենք աղոթում ենք և ապա սպասում՝ հավատացող սրտով: Որոշ պատասխաններ այս կյանքում չեն գա, բայց արդարներին Տերը միշտ կուղարկի Իր խաղաղությունը (տես Հովհաննես 14.27): Պատասխանները հաճախ գալիս են այն ժամանակ, երբ աղոթում ենք, որ օգնենք մեզ շրջապատող մարդկանց։ Երբեմն դրանք գալիս են «տող առ տող, ցուցում առ ցուցում» (Վարդապետություն և Ուխտեր 98.12):
Երկնքի ձայնը կարող է գալ մեզ մոտ անսպասելի ժամանակներում և անսպասելի վայրերում, սակայն մենք գտնում ենք մեր ամենանշանավոր հնարավորությունները խաղաղ տարածքներում և սուրբ տեղերում: Վաղ առավոտյան իմ աղոթքների ու խորհրդածությունների մեջ ես արտասովոր օրհնություններ եմ գտնում։ Սուրբ գրությունների ամենօրյա, անձնական, անդադար ընթերցանությունը, սովորական լինելով հանդերձ, երբեմն մեր սիրտ է բերում Հոգու ձայնը, կարծես մի կրակ:
Մեկ-մեկ հատուկ տպավորություններ են գալիս մեր կարդացածից, երբեմն էլ այն, ինչի մասին խորհում ենք, բոլորովին ուրիշ հարցի պատասխան է բերում։ Հիշենք երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերը. «Երբ մենք ցանկանում ենք խոսել Աստծո հետ` աղոթում ենք։ Եվ երբ մենք ցանկանում ենք, որ Նա խոսի մեզ հետ՝ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները»։
Քանի որ աշխարհի աղմուկն ու շեղումները պտտվում են մեր շուրջը, Տերը ուղղորդել է Իր մարգարեին կառուցել ավելի ու ավելի շատ տաճարներ: Տիրոջ այս սուրբ տներում, երբ մենք դրսում ենք թողնում մեր դժվարությունները, և այնտեղ ենք մտնում մեր աղոթքներով ու մտահոգություններով, մեզ ուսուցանվում են հավերժության ճշմարտությունները:
Մեկ տարի առաջ նախագահ Նելսոնը մեզ տվեց այս ուշագրավ խոստումը. «Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ահա իմ խոստումը. Ոչինչ չի օգնի ձեզ ավելի ամուր կառչել երկաթե ձողից, ինչպես կանոնավոր տաճարային երկրպագությունը՝ որքանով թույլ են տալիս ձեր հանգամանքները։ Ոչինչ ավելի լավ չի պաշտպանի ձեզ, երբ դուք հանդիպեք աշխարհի խավարի մեգին։ Ոչինչ ավելի շատ չի ամրապնդի ձեր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ կամ չի օգնի ձեզ հասկանալ Աստծո հոյակապ ծրագիրը: Ցավի ժամանակ ոչինչ ավելի լավ չի հանգստացնի ձեր հոգին։ Ոչինչ չի կարող ավելի շատ բացել երկինքները։ Ոչինչ»։
Յուրաքանչյուր գերագույն համաժողով լրացուցիչ առատ օրհնություններ է բերում։ Գալիք ապրիլ ամսին կրկին կհանդիպենք գերագույն համաժողին՝ լսելու Տիրոջ ձայնը: Մենք գալիս ենք գերագույն համաժողովին՝ աղոթելով և պատրաստվելով: Մեզանից յուրաքանչյուրի համար կան հրատապ մտահոգություններ և լուրջ հարցեր: Մենք գալիս ենք թարմացնելու մեր հավատքը մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ և ամրապնդելու գայթակղությանը դիմակայելու մեր ունակությունը: Մենք գալիս ենք ուսուցանվելու ի վերուստ։ Ես խոստանում եմ ձեզ, որ գերագույն համաժողովի նիստերին պատրաստվելով և աղոթքով գալով, դուք կզգաք ձեր մտահոգությունների պատասխանները, և կիմանաք, որ «երկնքի ձեռքը» ձեզ վրա է:
Հավատք ունեցեք, որ ձեր Երկնային Հայրը խոսում է ձեզ հետ: Նա խոսում է։ Թող ձեր հավատքը Նրա և Նրա Սիրելի Որդու հանդեպ օգնի ձեզ հեռացնել վարագույրը և ընդունել Հոր ձայնը: Ես վկայում եմ, որ Նա ձեր կողքին է և սիրում է ձեզ առավել, քան խոսքերով կարելի է ասել: