2025
Աստվածային հաղորդակցման ուղիները
Մարտ 2025


«Աստվածային հաղորդակցության ուղիները», Լիահոնա, մարտ, 2025։

Աստվածային հաղորդակցման ուղիները

Աստված խոսում է մեզ հետ տարբեր եղանակներով։ Եվ կան բաներ, որ մենք կարող ենք անել, որպեսզի համոզվենք, որ այս հաղորդակցությունը տեղի է ունենում:

տղամարդն աղոթում է

Նկարները՝ Դեյվիդ Գրինի

Երբ ես սկսեցի պատրաստել իմ առաջին գերագույն համաժողովի ելույթը, հասկացա, թե որքան դժվար է դա: Գերագույն համաժողովի խոսնակներին թեմաներ չեն հանձնարարում, ուստի, ես պետք է ինքս բացահայտեի, թե Տերն ինչ կկամենար, որ ես ասեի:

Ես աղոթեցի և սպասում էի ուղղորդման։ Որոշ ժամանակ անց կինս՝ Իզաբելը, որն իմաստուն է և լավ է ճանաչում ինձ, տեսավ, որ ես դժվարանում եմ սկսելու հարցում։

«Տես, դու պետք է ինչ-որ բան անես»,- ասաց նա: «Սկսիր և մի բան գրիր»:

Ես այդպես էլ արեցի։ Ընթացքում ես սկսեցի մտածել վեց-յոթ հնարավոր ելույթների մասին: Երբ մտածում էի տարբեր հնարավոր ելույթների մասին, ես հակվեցի դրանցից մեկին և զգացի, որ դա այն թեման էր, որի մասին ես պետք է խոսեի։ Հոգին հանգստացրեց միտքս, և ելույթի մնացած մասը հեշտությամբ եկավ։

2023թ. հոկտեմբերի գերագույն համաժողովում ես ասացի, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Նա սիրում է մեզ, անձամբ ճանաչում է մեզ և ծանոթ է մեր կյանքի մանրամասներին: Նա լսում է մեզ, երբ աղոթում ենք և ցանկանում է խոսել մեզ հետ։

Սովորելը, թե ինչպես է Աստված խոսում մեզանից յուրաքանչյուրի հետ, անհատական փորձառություն է։ Բայց ահա մի քանի եղանակներ, որոնք կօգնեն հեշտացնել հաղորդակցությունը, որը Երկնային Հայրը ցանկանում է ունենալ մեզ հետ՝ մեր կյանքն օրհնելու համար։

Գործել հավատքով և վստահությամբ

Հասկանալը, թե երբ է Աստված խոսում, պահանջում է հավատք և վստահություն: Հավատքը միշտ խարսխված է Հիսուս Քրիստոսի վրա: Մենք նաև պետք է վստահենք Նրան։ Նա ասել է.

«Այո, ահա, ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում:

Արդ, ահա, սա է հայտնության ոգին» (Վարդապետություն և Ուխտեր 8.2–3):

Բայց հայտնությունն ու աստվածային առաջնորդությունը չեն գալիս, եթե պարզապես սպասենք հոգևոր դրսևորման։ Մենք պետք է գործենք։ Ինչպես կինս ասաց ինձ, թե ինչ պետք է անեմ համաժողովի իմ ելույթի համար, մենք երբեմն պարզապես պետք է «սկսենք»:

Երբ ես և Իզաբելը ծառայում էինք որպես միսիայի ղեկավարներ Ֆրանսիայի Լիոն միսիայում, ես պետք է որոշեի, թե յուրաքանչյուր միսիոներ որտեղ պետք է գնար միսիայի շրջանակներում և երբ կատարեր հանձնարարությունը: Ես հասկացա, որ Հոգին առաջնորդում է ինձ, եթե աղոթում եմ օգնության համար, ապա՝ օգտագործում իմ լավագույն դատողությունը: Այնուհետև ստանում էի հաստատում, երբ ամեն ինչ իր տեղն էր ընկնում:

Իմ ներկայիս կոչման շրջանակներում ես գնում եմ ամբողջ Եկեղեցու ցցերը՝ վերակազմավորելու ցցերի նախագահությունները: Երբ ես և իմ զուգընկերը հարցազրույց ենք անցկացնում մարդկանց հետ, մենք ստանում ենք մտքեր, զգացումներ և տպավորություններ: Այնուհետև մենք միասին խորհրդակցում ենք և աղոթում։ Ի վերջո, գալիս է հայտնությունը, և Տերը հաստատում է մեզ՝ թե ում է Նա կանչել ծառայելու:

Դա գործընթաց է ճանաչելու՝ երբ Աստված խոսում է, և բացահայտելու Նրա կամքը։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք գործել հավատքով և վստահությամբ:

Հետևեք մարգարեին

Կարևոր միջոցներից մեկը, որով Աստված խոսում է Իր զավակների հետ, մարգարեների միջոցով է։ Այսօր երկրի վրա մարգարե ունենալը հրաշալի նորություն է։ Նա հայտնություն է ստանում Աստծուց, որպեսզի ղեկավարի և առաջնորդի Եկեղեցին (տես Ամովս 3.7)։ Մենք նույնպես կարող ենք առաջնորդություն և պաշտպանություն ստանալ՝ հետևելով նրա ուսմունքներին: Միշտ չէ, որ դա հեշտ է տրվում, բայց Տերը մեզ հրահանգել է հետևել մարգարեին «ողջ համբերությամբ ու հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 21.5):

«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրն, օրինակ, մարգարեական է համարվում այն ժամանակից ի վեր, երբ ներկայացվել է 30 տարի առաջ։ Այն անդրադառնում է շատ խնդիրների, որոնք մենք չգիտեինք, որ կունենանք, և տալիս է առաջնորդություն, որը հաստատ չգիտեինք, որ մեզ անհրաժեշտ կլիներ, բայց որի կարիքն այժմ ունենք: Մարգարեի առաջնորդությունը միշտ չէ, որ այն է, ինչ մենք ցանկանում ենք լսել։ Այն կարող է չհամընկնել հասարակության ներկայիս արժեքների հետ: Անկախ դրանից, մենք կառաջնորդվենք և պաշտպանված կլինենք, երբ հետևենք մարգարեին:

կինը կարդում է սուրբ գրությունները

Հարցեր տվեք և փնտրեք պատասխաններ

Վերականգնման վաղ օրերին Աստված հաճախ էր խոսում՝ ի պատասխան Մարգարե Ջոզեֆ Սմիթի և մյուսների անկեղծ հարցերին: Մինչ Ջոզեֆը և Օլիվեր Քաուդերին աշխատում էին Մորմոնի Գրքի թարգմանության վրա, նրանք բացահայտեցին Փրկչի ուսմունքները մկրտության վարդապետության վերաբերյալ (տես 3 Նեփի 11.23–33)։ Նրանք ցանկանում էին ավելին իմանալ և գնացին անտառ՝ աղոթելու։ Շուտով Հովհաննես Մկրտիչը հայտնվեց և վերականգնեց մեղքերի թողության համար ընկղմումով մկրտելու իշխանությունը։

Մեկ այլ առիթով Ջոզեֆի կինը՝ Էմման, մտահոգություն հայտնեց սենյակի աղտոտվածության համար, երբ մարդիկ ծխամորճ էին ծխում և ծխախոտ ծամում ժողովների ժամանակ։ Ջոզեֆը հարց տվեց Տիրոջը և ստացավ հայտնություն՝ «Իմաստության Խոսքը» (Վարդապետություն և Ուխտեր 89.1), Աստծո զավակների ֆիզիկական և հոգևոր օգտի, առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Այս դեպքերը, և շատ ուրիշները, հիշեցնում են մեզ, որ լավ կլինի հարցեր ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ուղղությամբ ենք փնտրում պատասխանները։ Եթե մեր հարցերը տանք Տիրոջը, կգտնենք պատասխանները: Երբեմն պատասխանները միանգամից կգան։ Ավելի հաճախ, թեպետ, պատասխանները գալիս են «տող առ տող, ցուցում առ ցուցում՝ մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» (2 Նեփի 28.30)։ Գուցե մենք պետք է սպասենք պատասխանների, որոնք կօգնեն մեզ սովորել և աճել, սակայն Աստված կպատասխանի մեզ՝ Իր եղանակով, ըստ Իր կամքի և Իր ժամանակի։

Հիշեք անցյալ փորձառությունները

Երբ մենք պետք է սպասենք, որ Աստված խոսի մեզ հետ, կարևոր է, որ մենք կառչենք նրանից, ինչ գիտենք և մեր ունեցած փորձառություններից: Այլապես մենք կարող ենք կորցնել դրանք։ Մենք չենք ցանկանում կասկածել Հոգու հետ կապված անցյալ փորձառություններին միայն այն պատճառով, որ դժվար ժամանակներ ենք ապրում այժմ։ Այդ պահերին մենք պետք է մտովի հետ գնանք և հիշենք, թե ինչ ենք զգացել, երբ մոտ էինք զգում Աստծուն:

Մի անգամ Ալման Զարահեմլայի ժողովրդին տվեց ինքնաքննության մղող այս հարցերը.

«Ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես: Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին: Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում:

Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, …եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում» (Ալմա 5․14, 26

Մենք պետք է համոզվենք, որ հիշում ենք հոգևոր փորձառությունները և մի կողմ չենք դնում դրանք: Մենք պետք է պարբերաբար ինքներս մեզ հարցնենք. «Այժմ ես ունե՞մ այդպիսի զգացում»: Սա զորացնում է մեզ այն ժամանակ, երբ թվում է, թե Աստված լուռ է։ Մենք նաև ավելի լավ ենք կարողանում ճանաչել այն ժամանակները, երբ Նա խոսում է մեզ հետ:

Կապի մեջ մնացեք

Մեր Երկնային Հոր հետ հաղորդակցվելը կենդանի բան է: Մենք անում ենք մեր բաժինը դա կենդանի պահելու համար՝ ակտիվորեն փնտրելով և հնարավորություններ ստեղծելով աստվածային հաղորդակցության համար: Մենք կարող ենք կանոնավորապես և ջերմեռանդորեն աղոթել Աստծուն խաղաղության, մխիթարության և առաջնորդության համար: Մենք կարող ենք ուսումնասիրել Նրա խոսքը սուրբ գրություններում և զգալ Հոգու ազդեցությունը: Մենք նաև կարող ենք հետևել մարգարեական առաջնորդությանը։

Երբ մենք կապի մեջ ենք լինում մեր սիրառատ Երկնային Հոր հետ, մենք կարող ենք գործիքներ լինել Նրա ձեռքերում՝ օգնելով Նրան Իր հրաշալի գործում: Լսելով մեր ստացած մտքերն ու հուշումները՝ մենք կարող ենք օգնել ուրիշներին զգալ, որ Աստված գիտի և սիրում է նրանց և ցանկանում է խոսել նրանց հետ:

Վստահությունը, որ Աստված լսում և խոսում է Իր զավակների հետ, հսկայական օրհնություն է: Նրա հետ կանոնավոր աստվածային հաղորդակցությունը տալիս է առաջնորդություն, որը մեզ անհրաժեշտ է կյանքի ճանապարհով անցնելու համար: