2025
Պատկանել Աստծո ծրագրին և տաճարին
Մարտ 2025


«Պատկանել Աստծո ծրագրին և տաճարին», Լիահոնա, մարտ, 2025:

Պատկանել Աստծո ծրագրին և տաճարին

Երեք սկզբունքներ հիշեցնում են մեզ, որ մենք բոլորս կարող ենք ստանալ այն օրհնությունները, որոնք Աստված տալիս է Իր զավակներին:

Բարանկիլիայի (Կոլումբիա) տաճարը

Բարանկիլիայի (Կոլումբիա) տաճարի լուսանկարը, լուսանկարիչ՝ Լեսլի Նիլսոն

Ես նստեցի Եկեղեցու անդամների խմբի մեջ: Մենք չէինք ճանաչում միմյանց, բայց բոլորս մեկ ընդհանուր բան ունեինք՝ ամուրի էինք։

Այժմ ուզում եմ մի պահ հետ գնանք։ Հիսուս Քրիստոսի ավետարանում մենք չենք սահմանվում պիտակներով: Մեր իսկական ինքնությունը, ինչպես ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, այն է, որ մենք «բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն ենք»: Ես հասկանում եմ, որ անհրաժեշտությունից ելնելով մենք Եկեղեցու որոշ անդամների կոչում ենք ամուրի: Դրա համար կան պատճառներ: Սակայն երբեմն, ինչպես երևում էր այս իրավիճակում, դա կարող է նպաստել, որ անդամներն իրենց օտար զգան։ Նրանց համար նույնիսկ կարող է դժվար լինել, որ իրենց լիովին ներառված զգան Աստծո փրկության և վեհացման օրհնությունների հարցում։

Տեսեք, մենք խոսում էինք տաճարի մասին, և խմբում որոշ մարդիկ զգացին, որ ամուրի լինելը բացառում է, որ իրենք ստանան տաճարային օրհնությունների լրիվությունը: Ես հասկանում եմ՝ երբ դուք ամուսնացած չեք ընտանիքի վրա կենտրոնացած Եկեղեցում, դժվար է տեսնել, թե որն է ձեր տեղը: Բայց ես նաև գիտեմ, որ Տերը չի դատում՝ արդյոք մարդն արժանի է ստանալ խոստացված օրհնությունները՝ հիմնվելով արտաքին տեսքի կամ պիտակների վրա: Նա «սրտին է նայում» (Ա Թագավորների 16.7) և Իր օրհնությունները մատչելի է դարձնում բոլոր նրանց, ովքեր ընտրում են հետևել Իրեն։ Ես հավատում եմ դրան իմ ամբողջ սրտով: Այսպիսով, դա նկատի ունենալով, ահա երեք սկզբունքներ, որոնք կօգնեն այն վերջին օրերի սրբերին, որոնք ամուրի են, իմանալ, որ իրենք պատկանում են Աստծո ծրագրին և տաճարին:

1. Աստված նախագծել է Իր ծրագիրը Իր յուրաքանչյուր զավակի համար

Քանի որ վեհացման համար անհրաժեշտ է ամուսնության նոր և հավիտենական ուխտը, կարող է թվալ, որ Աստծո ծրագիրը չի կազմվել ամուրիների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–3)։ Սակայն երեց Պատրիկ Քիրոնը ուսուցանել է. «Մեր հոր գեղեցիկ ծրագիրը, այսինքն Նրա «հիանալի» ծրագիրը, նախատեսված է ձեզ տուն բերելու, այլ ոչ թե ձեզ դրսում պահելու համար: Ոչ մեկը չի կառուցել ճանապարհային արգելապատնեշ և կանգնեցրել այնտեղ ինչ-որ մեկին՝ ձեզ հետ շրջելու և ձեզ հեռուն ուղարկելու համար: Փաստորեն, դա ճիշտ հակառակն է: Աստված անընդհատ հետևում է ձեզ: Նա «ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ընտրեն վերադառնալ Իր մոտ», և Նա ամեն հնարավոր միջոց կիրառում է` ձեզ վերադարձնելու համար»:

Աստված մտադիր չէ հեռացնել նրանց, ովքեր ամուրի են՝ Իր առաջարկած օրհնությունները վայելելուց: Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը (1928–2023)՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ուսուցանել է. «Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեները հաստատում են, որ յուրաքանչյուր ոք, ով հավատարիմ պահում է ավետարանի ուխտերը, կունենա վեհացման հնարավորություն»: Յուրաքանչյուր հոգի մեծ արժեք ունի Երկնային Հոր աչքերում, այնքան, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն, որ մահանա և փրկագնի մեզ բոլորիս մեղքից, որպեսզի մենք ունենանք հավերժական կյանքի պարգևը (տես Հովհաննես 3.16–17, Վարդապետություն և Ուխտեր 18.10-12):

Եթե կյանքն այլ կերպ է ընթանում, քան ակնկալվում էր, գուցե կասկածի տակ դնենք, թե որն է մեր նպատակը Աստծո ծրագրում։ Սակայն նրա ծրագիրը երբեք չէր երաշխավորել, որ մեր բոլորիս կյանքը նույնը կլինի։ Մենք չգիտենք, թե ինչպիսի ուրախություն, հիասթափություն, հաջողություն կամ վիշտ կարող է հանդիպել մեր ճանապարհին: Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ասել է. «Այնքան շատ բան կա, որ չգիտենք, որ մեր միակ հաստատուն վստահությունը ապավինելն է Տիրոջը և Իր զավակների հանդեպ Նրա սիրուն»:

Մենք, հնարավոր է, չգիտենք, թե ինչու է մեր ուղին այժմ այսպիսին: Բայց Աստծուն և Նրա սիրուն վստահելը կարող է պարզություն բերել, թե ինչպես է Նա նախագծել Իր ծրագիրը Իր բոլոր զավակների, այդ թվում՝ ձեզ համար:

Քրիստուս արձանի դիմաց կանգնած կինը

Հռոմի (Իտալիա) տաճարի այցելուների կենտրոնը ներսից, լուսանկարիչ՝ Մասսիմո Կրիշիոնե

2. Տաճարը անձնական օրհնություններ ունի բոլորի համար

Մենք կարող ենք մտածել, որ կնքումները վերաբերում են միայն ամուսնուն և կնոջը: Սակայն բացի զույգերին Տիրոջ հետ միավորելուց, կնքումները հավերժ միավորում են ընտանիքները: Կնքումների միջոցով Աստծո բոլոր զավակները կարող են վայելել հավերժական օրհնություններ, եթե պահեն իրենց ուխտերը:

Կնքման զորությունը վավերացնում է քահանայության բոլոր արարողությունները երկնքում և երկրի վրա: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Այստեղ է երևում կնքող զորության վեհությունն ու սրբությունը. այն անձնական փրկությունը և ընտանեկան վեհացումը դարձնում է համընդհանուր հասանելի Աստծո զավակներին, որտեղ էլ որ նրանք ապրել են երկրի վրա: Ոչ մի այլ աստվածաբանություն, փիլիսոփայություն կամ իշխանություն չի կարող համեմատվել նման համապարփակ հնարավորության հետ: Կնքման այդ զորությունը Աստծո արդարության, ողորմության և սիրո կատարյալ դրսևորումն է: Օրհնությունները, որ Տերն առաջարկում է, այնքան ընդգրկուն են, որ դրանք հասանելի են բոլոր նրանց, ովքեր Նրա հետ ուխտեր կկապեն և կպահեն։

Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե որքան ընգրկուն է Աստծո ծրագիրը՝ երկրպագելով Տիրոջ տանը: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Տաճարում անցկացրած ժամանակը կօգնի ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ և պատկերացում կազմել այն մասին, թե ով եք դուք իրականում, ով կարող եք դառնալ և ինչպիսի կյանք կարող եք ունենալ հավերժության մեջ»։ Նա նաև բացատրել է, որ տաճարային երկրպագությունը մեզ կտա պաշտպանություն, ավելի ամուր վկայություն, մխիթարություն, անձնական հայտնություն, գիտելիքի և զորության ավելացում և Աստծո ծրագրի ավելի մեծ հասկացողություն:

Անկախ նրանից՝ ամուսնացած ենք, թե ամուրի, տաճարը բոլորիս համար ունի անձնական հոգևոր արտոնություններ. այն մի վայր է, որը զորացնում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մոտ լինել Աստծուն: Ավելին իմանալու համար, տես «Տաճարային երկրպագությամբ զորացած» կողային վահանակը։

3. Տաճարում մենք կարող ենք խորացնել մեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ

Տաճարում ուշադրության կենտրոնում Հիսուս Քրիստոսն է։ Նա Աստծո ծրագրի կենտրոնն է և այն պատճառն է, որ մենք բոլորս կարող ենք փրկություն և վեհացում ստանալ: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Տիրոջ տունը ուսուցման տուն է։ Այնտեղ Տերն ուսուցանում է Իր ձևով: Այնտեղ յուրաքանչյուր արարողություն ուսուցանում է Փրկչի մասին: Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես կարելի է բացել վարագույրը և ավելի որոշակիորեն հաղորդակցվել երկնքի հետ: Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես սաստել հակառակորդին և ապավինել Տիրոջ քահանայության զորությանը, որ զորացնի մեզ և նրանց, ում սիրում ենք: Այնտեղ ապաստան գտնելու համար բոլորս պետք է մեծապես շահագրգռված լինենք»։

Մենք կարող ենք ապաստան գտնել և պատկանել տաճարին՝ փնտրելով Փրկչին արարողությունների և ուխտերի մեջ: Այդպես վարվելով՝ մենք կգտնենք ապացույցներ, որ Նա սիրում է մեզ, և որ «բոլորը նույնն են Աստծո համար» (տես 2 Նեփի 26.33)։ Մեր հանդեպ Իր սիրո շնորհիվ Նա ցանկանում է, որ մենք «հավիտենական կապեր» հաստատենք Նրա հետ և մեր ուխտերի միջոցով ստանանք «հատուկ սեր և ողորմություն»։ Եթե մենք տաճարային ուխտեր ենք կապում և պահում, մենք կարող ենք ամրացնել մեր հարաբերությունները Նրա հետ, բերելով մեզ «հույս, ուրախություն և լավատեսություն մեր ողջ կյանքի ընթացքում», անկախ մեր հանգամանքներից: