«Ինչպես ձեռք բերեցի լավ համբերություն», Լիահոնա, մարտ, 2025 թ․։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Ինչպես ձեռք բերեցի լավ համբերություն
Ես մտածում էի, թե ինչու պետք է ծառայեի իմ ողջ սրտով և հոգով, եթե արդյունքում փորձություններ ունեցա։
Հեղինակի լուսանկարը՝ Շոն Սաթոնի
Երբ 2016 թ. հյուսիսային Ֆիլիպիններում պատվավոր միսիաս ավարտելուց հետո վերադարձա հայրենիք, անհամբեր սպասում էի, թե երբ եմ հաճախելու Բրիգամ Յանգ Համալսարան (Հավայի) և ունենալու մյուս բոլոր արկածները, որոնք սպասում են չափահաս երիտասարդներին։
Սակայն հանկարծ սկսեցի նիհարել։ Բժիշկս ախտորոշեց հիպերթիրեոզ։ Նա ինձ վախեցրեց հետևանքներով, եթե հիվանդությունը չբուժվեր։
Չնայած բուժմանը՝ մարմինս սկսեց փոխվել։ Աչքերս սկսեցին ուռչել, և ես շատ նիհարեցի։ Ես խուսափում էի նկարվելուց և նույնիսկ հայելու մեջ նայելուց՝ արտաքին տեսքիս պատճառով։
Դեղորայքը սկսեց դանդաղորեն օգնել: Բայց երեք տարի անց ինձ մոտ հայտնաբերվեց երկրորդ հիվանդությունը՝ դեպրեսիվ խանգարումը։ Այս երկու հիվանդությունները զրկեցին ինձ ինքնավստահությունից։ Ես դժվարանում էի վեր կենալ անկողնուց, որպեսզի դպրոց գնայի, և ես ինձ անկարող էի զգում Եկեղեցում ծառայելու համար։
Ես բարկացած էի, որ Աստված թույլ էր տվել, որ դա տեղի ունենար։ Ես մտածում էի, թե ինչու պետք է ծառայեի իմ ողջ սրտով և հոգով, եթե արդյունքում փորձություններ ունեցա։ Այնուամենայնիվ, ես մխիթարվեցի Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի այս խոսքերից. «Կոտրված մտքերը կարող են բուժվել ճիշտ այնպես, ինչպես կոտրված որսկորներն ու սրտերն են բուժվում»: Ես լաց եղա, երբ լսեցի այդ խոսքերը։ Ես կոտրված միտք ունեի, որն ապաքինման կարիք ուներ։
Ես մեծացել եմ հավատավոր ընտանիքում, և իմ հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը անսասան է մնացել՝ չնայած ցավին և անորոշությանը: Աստիճանաբար ես ընդունեցի ու հարմարվեցի իմ նոր հանգամանքներին։
Այժմ, ութ տարի անց, ինձ այլևս չեն դանդաղեցնում իմ հիվանդությունները։ Ես դրանք ընդունում եմ որպես իմ կյանքի մասը։ Ես ինձ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կամ։ Ես կարող եմ լիարժեք ծառայել ու ապրել, թեև առողջական խնդիրներն ինձ հետ կլինեն իմ ողջ կյանքի ընթացքում։ Ես սովորել եմ, որ լավ համբերելը մահկանացու կյանքի մի մասն է (տես Վարդապետություն և Ուխտեր 121.7–8)։ Ես սովորում եմ խմել իմ դառը բաժակից և ուժեղ մնալ:
Ես այժմ աշխատում եմ արհեստական բանականությամբ զբաղվող ընկերության կադրերի բաժնում, իսկ գիշերը՝ միանում եմ Բրիգամ Յանգ Համալսարանի Pathway Worldwide-ի առցանց դասերին։ Ես դադարել եմ հարցնել «Ինչո՞ւ ես» և սկսել եմ հարցնել. «Ի՞նչ կարող եմ սովորել: Ի՞նչ օգուտ կարող եմ քաղել այս փորձառությունից»:
Հետադարձ հայացք գցելով՝ ես տեսնում եմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ողջ ճանապարհին ինձ հետ էին։ Առաջ շարժվելով՝ ես գիտեմ, թե ում կարող եմ ապավինել (տես Առակներ 3.5–6, 2 Նեփի 4.34):