2025
Առաքյալների սպասավորություն. գործ, որն ուրիշ ոչ ոք չի կարող անել
Մարտ 2025


«Առաքյալների սպասավորություն. գործ, որն ուրիշ ոչ ոք չի կարող անել», Լիահոնա, մարտ, 2025

Առաքյալների սպասավորություն. գործ, որն ուրիշ ոչ ոք չի կարող անել

Ինչպես է Տիրոջ ժամանակակից առաքյալների համաշխարհային սպասավորությունը բարիք բերում մարդկանց:

Տասներկու Առաքյալների Քվորումի խմբային լուսանկար

Տասներկու Առաքյալների Քվորումը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի վկաներ ողջ աշխարհում։ Նրանց կոչումը յուրահատուկ է և ծանրակշիռ։ Ծառայության կանչվելուց հետո նրանք փակում են իրենց պատվավոր կարիերայի դռները, որպեսզի իրենց ողջ ժամանակն ու տաղանդները նվիրեն ուրիշներին օրհնելուն։ Յուրաքանչյուրն իր կոչմանը բերում է յուրահատուկ պարգևներ և տաղանդներ, որոնք հղկվել են ողջ կյանքի ընթացքում՝ ծառայելով, ավետարանի ուսուցումով և սովորելով ու հաղթահարելով մարտահրավերները՝ հավատքով առ Տերը։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը և նրա կինը՝ Մելանին, նոր էին նստել իրենց տեղը՝ լսելու իրենց թոռան դպրոցական Սուրբ Ծննդյան համերգը, երբ տնօրենը մոտեցավ և հարցրեց՝ արդյոք երեց Ռասբանդը կցանկանար ողջունել հանդիսատեսին:

Երբ նա կանգնեց և նայեց հավաքվածներին ու նվագախմբին՝ բոլորն անհամբեր սպասում էին, որ ծրագիրը սկսվեր, նա մտածեց պարզապես ողջունել հյուրերին և հրաշալի երեկո մաղթել նրանց։ Բայց հետո նա հիշեց իր առաքելական կանչը՝ միշտ, բոլոր տեղերում կանգնելու որպես հատուկ վկա։ «Տիկնայք և պարոնայք»,- ասաց նա,- «ես չեմ կարող բաց թողնել Քրիստոսի ծննդյան այս ժամանակաշրջանում Նրա անվան և Նրա ծառայության մասին վկայելու հնարավորությունը»:

Ուր էլ որ գնան, ում էլ հանդիպեն, առաքյալների ուղերձը Հիսուս Քրիստոսի հաստատումն է՝ որպես Աստծո փրկագնող Որդի: «Նախ և առաջ, բոլոր ժամանակներում մենք վկաներ ենք Տեր Հիսուս Քրիստոսի կենդանի իրականության»,- ասել է երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը:

«Հիսուս Քրիստոսն է պատճառը, որ մենք այստեղ ենք»,- ասել է երեց Դեյլ Գ. Ռենլանդը Սփոփող միության քույրերին՝ անցյալ տարի Լոնդոնում տեղի ունեցած մի հոգևոր երեկոյի ժամանակ: Ես իսկապես գիտեմ, որ Նա ապրում է: … Իրական հրաշքը տեղի է ունենում ձեր կյանքում, երբ դուք ինքներդ եք իմանում դա»:

«Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց՝ հավատք զարգացնել առ Հիսուս Քրիստոսը»,- ասել է երեց Քվենթին Լ. Քուքը Սիդնեյի (Ավստրալիա) անդամներին՝ պատմելով, թե ինչպես է այդ հարցը երկար տարիներ եղել իր ուղերձների կենտրոնում:

Նրանց ուսմունքները բացահայտում են հրատապության և փափագի զգացում մարդկանց հանդեպ, որ նրանք աճեն սրբությամբ, տեսնեն և զգան Փրկչին և Նրա քավիչ շնորհը (տես 3 Նեփի 11.15)։ Նրանց ուսմունքները ողողված են սիրով և հասկացողությամբ։ Ապաշխարելու նրանց աղերսը նրբանկատ է, բայց հաստատուն։ Նրանց փափագը, որ անդամները աճեն Աստծո բաներում, նույնքան ակնհայտ է, որքան անհերքելի։ Երբ մարդիկ լսում են Առաքյալի վկայությունը, սրտերը կարող են հուզվել և կյանքերը՝ փոխվել:

Հիսուս Քրիստոսի վկաները

Յուրաքանչյուր Առաքյալ իր հանձնարարության մեջ բերում է յուրահատուկ տաղանդներ և փորձառություններ: Յուրաքանչյուրն աչքի է ընկել իր կարիերայում։ Նրանցից յուրաքանչյուրը տարբերվում է իր անհատականությամբ և ոճով, սակայն նրանք ընդհանուր հատկանիշներ ունեն։ Մարդկանց շրջապատում նրանք ուրախ են, դրական և հուսադրող: Հաճախ նրանք, ովքեր հանդիպում են Հիսուս Քրիստոսի առաքյալին, տպավորվում են նրա քաղաքավարությամբ և անկեղծությամբ։

Առաքյալների մոտ հրատապություն կա գործերն ավարտին հասցնելու՝ օրհնելու, մխիթարելու և վկայելու մղում։

«Երեք տասնամյակ է, ինչ ես պատիվ և արտոնություն ունեմ՝ շփվելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների հետ»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը: «Առանց բացառության, այս մարդկանցից յուրաքանչյուրն օգնել է ինձ դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ:

Երբ մենք վերջերս հավաքվեցինք քվորումի լուսանկար անելու համար, ես անչափ երախտագիտություն զգացի, որ Հիսուս Քրիստոսի հին և ժամանակակից աշակերտների շարունակական կարգի մի մասն եմ կազմում։

Անուններն ու դեմքերն ․․․ այս քվորումում ժամանակի ընթացքում փոխվում են, սակայն այն, ինչը շատ կարևոր է, մնում է. յուրաքանչյուր առաքյալ ստանձնել է պարտականությունը՝ լինելու «Քրիստոսի անվան հատուկ վկան ողջ աշխարհում» [տես Վարդապետություն և Ուխտեր 107.23]: Ավելի քաղցր գործ չէր կարող տրվել որևէ մեկի, ոչ էլ ավելի լավ մարդկանց խմբի կարող էր դա տրվել, ովքեր պիտի կատարեին դա»։

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ելույթ է ունենալու ԲՅՀ Երուսաղեմի կենտրոնում

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ելույթ է ունենում 2023թ. ապրիլի 22-ին ԲՅՀ Երուսաղեմի կենտրոնում՝ Երուսաղեմի շրջանի հատուկ համաժողովի ժամանակ:

«Փրկչի հանդեպ երախտագիտության զգացումները պարուրեցին ինձ այսօր, երբ մենք քննարկեցինք Նրա զոհաբերությունը երկու հատուկ վայրերում»,- ասել է երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ 2023 թվականին Իսրայելի սուրբ վայրերով շրջագայելիս։ «Մենք այցելեցինք պարտեզի գերեզմանը, որտեղ գուցե դրված է եղել Քրիստոսի մարմինը:

Մենք այցելեցինք նաև այն տարածքը, որը ոմանց կողմից համարվում է Գեթսեմանիի պարտեզ: Երբ քայլում էինք դարավոր ձիթենիների միջով, մենք լսում էինք սուրբ գրությունների հատվածները, որոնք նկարագրում էին Փրկչի հանդիսավոր զոհաբերությունը մեզ համար՝ պարտեզում և խաչի վրա:

«Հիսուս Քրիստոսի տանջալից փորձառությունը Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա արժանի է մեր լիակատար հարգանքին և ակնածանքին։ Նմանապես, Նրա խաչելությանը հաջորդող երրորդ օրը տեղի ունեցած հրաշալի իրադարձությունները արժանի են ակնածանքի և հավերժական երախտագիտության մի տեղ զբաղեցնել մեր սրտում և մտքում։

Ես՝ որպես Քրիստոսի աշակերտ, օրհնված եմ՝ հայտարարելու իմ վկայությունը, որ Նա ապրում է»:

Սոցիալական ցանցերում երեց Գերիթ Վ. Գոնգը հետևյալ գրառումն է կատարել Տիրոջ հանդեպ ակնածանքի մասին. «Եկեք միշտ ջերմ և ակնածալից երախտագիտությամբ խոսենք Աստծո աշխատանքի և փառքի և Հիսուս Քրիստոսի ու Նրա քավիչ զոհաբերության արժանիքների, ողորմության և շնորհի մասին»:

Պատրաստել առաքյալ

«Տիրոջից երկար ժամանակ է պահանջվում առաքյալ կրթելու համար»,- ասել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «Երբ այդ մարդը կանչվում է Տասներկուսում, Տերը մի յուրահատուկ բան է ակնկալում, որ այդ մարդը նվիրաբերի»:

Յուրաքանչյուր առաքյալի ճանապարհին ստուգարքներ են լինում՝ «քաջության և համբերության քննություններ», միշտ լինում է հոգու փնտրտուք, երբեմն էլ՝ կյանքին սպառնացող:

«Փորձվելը միշտ էլ լինում է»,- ասել է նախագահ Նելսոնը՝ նկարագրելով Տիրոջ ծառայության աշխատանքը: «Արդյո՞ք դուք պատրաստ եք իսկապես բարդ գործեր կատարել: Երբ ցույց տաք, որ պատրաստ եք կատարել ձեր բաժինը, Նա կօգնի ձեզ»։

Ավստրալիայում անդամներին դիմելիս երեց Քուքը մի դրվագ ներկայացրեց իր փորձից՝ պատմելով, թե ինչպես են Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներն իրենց անպատրաստ և անհամապատասխան զգացել, ինչպես երբեմն զգում են ծխի ղեկավարները։ «Տիրոջ ծառայության մեջ առաքյալ լինելը շատ խոնարհեցնող է»,- ասել է նա:

Որպես նոր կանչված առաքյալ, երեց Նիլ Լ. Անդերսենը բացատրել է, որ չնայած իրեն անհամապատասխան և խոնարհ էր զգում, նա մխիթարվեց, քանի որ Տերը օրհնել էր իրեն առնվազն մի որակավորումով. «Ես կատարյալ և հստակ պարզությամբ գիտեմ, Սուրբ Հոգու զորությամբ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո սիրելի Որդին»:

«Ինձ հարցրին, թե ես ինչ եմ զգում՝ նորընտիր առաքյալ լինելով»,- ասել է երեց Պատրիկ Քիրոնը՝ Տասներկուսի Քվորում կանչվելու հաջորդ օրը:

«Ես ունեցել եմ բոլոր հնարավոր զգացումները, և ես գիտեմ, որ դա իմ ուժերից շատ վեր է: Բայց ես օգնություն կխնդրեմ։ Ես աներկբայորեն հավատում եմ սիրող Հորը երկնքում և Նրա Որդուն՝ մեր Փրկչին։ Եվ ես գիտեմ, որ Նրանք կօգնեն: Եվ ես ապավինում եմ այդ օգնությանը: Եվ ես կանեմ ամեն ինչ, որ ժամանակի ընթացքում մոտենամ առաքյալի նշաձողին, որը դուք գուցե ունեք ձեր պատկերացումներում:

Եվ այսպես, այսօր, երբ կանչվելուց 24 ժամ անց ես պայքարում եմ՝ համապատասխանելու այս կոչմանը, եթե դուք ունենում եք մի օր, որն ըստ ձեզ, ձգվում է … ձեր ամենադաժան երևակայությունից այն կողմ, ուրեմն, ես հենց այդտեղ եմ՝ ձեզ հետ»:

Եկեղեցու ղեկավարները հանդիպում են Տոնգայի թագավորի և թագուհու հետ

2019 թվականին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տոնգայի թագավորի և թագուհու հետ հանդիպման ժամանակ գլխավորեց Եկեղեցու ղեկավարների պատվիրակությունը, որի կազմում էր նաև երեց Գերիթ Վ. Գոնգը։ Առաքյալները հանդիպում են բարձրաստիճան պաշտոնյաների և պետությունների ղեկավարների հետ՝ կատարելով իրենց դերը, բացելով ազգերի դռները ավետարանի առաջ։ «Տարիներ են պահանջվում, առաքյալներին պատրաստելու համար, որպեսզի ստանձնեն իրենց մեծ հանձնարարությունը»,- ասել է նախագահ Նելսոնը:

Դեսպաններ աշխարհում

Անդրադառնալով Վարդապետություն և Ուխտեր 107.23-ին, որտեղ Տերը կանչում է Տասներկու Առաքյալներին լինել «Քրիստոսի անվան հատուկ վկաներ ողջ աշխարհում», նախագահ Նելսոնը նկատել է. «Տասներկուսի յուրաքանչյուր անդամ առաքյալ է ողջ աշխարհի համար: Նա պետք է սովորի աշխարհի բոլոր մասերի մասին, ինչպես նաև մարդկանց, լեզուների և պատմության մասին»։

Նրանց աշխատանքը տարածվում է ողջ երկրագնդով մեկ։ Նրանք հանդիպում են պետությունների ղեկավարների, տեղական բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվամիջոցների և Եկեղեցու անդամների հետ՝ ինչպես մեծ լսարանում, այնպես էլ մասնավոր պայմաններում: Դա կարող է երկարատև լինել և մեծ պահանջարկ ունենալ: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի դեսպաններ՝ նրանց կյանքն այլևս իրենցը չէ։

Անցյալ տարի 12-օրյա համաշխարհային ծառայության շրջագայության ժամանակ, որն ընդգրկում էր եվրոպական վեց երկրներ և երբ քնելը հաճախ հնարավոր էր երկրների միջև գիշերային թռիչքի ժամանակ, երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հանդիպեց կառավարության ղեկավարների, լիաժամկետ միսիոներների և Եկեղեցու տեղական անդամների հետ:

Հատկանշական էր Խորվաթիայի մշակույթի և լրատվամիջոցների նախարարի հետ հանդիպումը, որտեղ նա Եկեղեցու օգնությունն առաջարկեց բազմաթիվ փախստականներին, որոնք գաղթել էին այդ երկիր՝ պատերազմից տուժած Ուկրաինայից: «Մենք … պարզեցինք, որ կան շատ տարբեր ուղիներ … մենք կարող էինք համագործակցել, հատկապես [օգնելով] նրանց, ովքեր մեծ կարիքի մեջ են»,- ասել էր երեց Քրիստոֆերսոնը:

Երեց Գարի Ի. Սթիվենսոնը ողջունում է Տանզանիայի բնակիչներին

2024 թ․ Դար-էս-Սալամում (Տանզանիա) տեղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ երեց Գարի Ի. Սթիվենսոնը նրանց հայտնեց Եկեղեցու կողմից մարդասիրական ծրագրի շրջանակներում արված նվիրատվության մասին, այնուհետև հանդիպեց անդամների և միսիոներների հետ։

Անցած տարի աֆրիկյան մի քանի երկրներ կատարած իննօրյա ճամփորդության ընթացքում երեց Գարի Ի. Սթիվենսոնն այցելեց Տանզանիայի Դար-էս-Սալամ քաղաքի Մակուբուրիի առողջության կենտրոն, որտեղ Եկեղեցին օգնում է ընդլայնել կենտրոնը: «Երբ մենք տեսնում ենք այն ծառայությունը, որը մատուցվում է մայրերին և երեխաներին այստեղ»,- ասել է երեց Սթիվենսոնը,- «մեր սրտերը հուզվում են»:

Կամբոջայում Եկեղեցու 30-ամյա հոբելյանը նշելու համար երեց Ռենլանդը հանդիպել է Կամբոջայի վարչապետի հետ, որին նա նկարագրել է որպես «նշանավոր անձնավորություն»։

Առաքյալը, որը նախկին սրտաբան է, ասաց վարչապետին, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին նվիրաբերում է մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի սրտաբանական կենտրոն ավելացվի Պնոմ Փենից մոտ 320 կմ դեպի հյուսիս գտնվող Սիեմ Ռիփ քաղաքի հիվանդանոցներից մեկում, որպեսզի ավելի լավ բուժօգնություն ցուցաբերվի մարդկանց, ինչպես օրինակ, վարչապետի քեռին, որը մահացել էր սուր կորոնար համախտանիշից:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդի հանդիպումը Կամբոջայի վարչապետի հետ

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը սեղմում է Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ ՀԱՆ Մանեի ձեռքը՝ 2024 թ․ հունվարի 22-ին, Պնոմ Փենում։ Առաջին անգամն է, որ այս պատմական հանդիպման ժամանակ Եկեղեցու ղեկավարը հանդիպում է Կամբոջայի Թագավորության կառավարության ղեկավարի հետ:

«Ես պատիվ ունեցա լինել անդամների, ղեկավարների և միսիոներների հետ Ուլան Բատորում (Մոնղոլիա), Կիոտոյում, Հիրոսիմայում, Ֆուկուոկայում, Սապորոյում և Տոկիոյում (Ճապոնիա)»,- ասել է երեց Ուլիսես Սոարեսը՝ 2024 թ. Ասիայի հյուսիսային տարածք այցելությունից հետո: «Յուրաքանչյուր հանդիպման կամ անձնական շփման ժամանակ ես զգացել եմ այն հոյակապ սերն ու հավատքը, որ այս մարդիկ ունեն Տիրոջ հանդեպ: Նրանց դարձի զարմանալի պատմությունները խորապես հուզեցին ինձ և ամրապնդեցին Հիսուս Քրիստոսի և երկրի վրա Նրա վերականգնված ավետարանի մասին իմ վկայությունը։

… Մեծ օրհնություն էր ինձ համար զգալ Տիրոջ Հոգին և Նրա սերը Քրիստոսի այս մեծ աշակերտների մեջ այս երկրներում»:

Առաքյալների գործը

Տարբեր երկրներում ավետարանի առաջ դռներ բացելը առաքելական հիմնական պարտականությունն է. «Տասներկուսն ուղարկված լինելով, կրելով բանալիները, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի հռչակումով բացի դուռը» (Վարդապետություն և Ուխտեր 107.35):

Որպես Տասներկուսի անդամ նախագահ Նելսոնի փորձառության մեջ ավետարանի դռները բացվել են այլ կերպ: Երբեմն Հոգին աշխատում էր կառավարության ղեկավարի հետ այնքան, մինչև «նա կսկսեր փոխել իր կարծիքը մեր մասին»,- ասել է նախագահ Նելսոնը: Մեկ ուրիշ անգամ Եկեղեցու ղեկավարների հետ խոսել չցանկացող մարդը հեռացվեց պաշտոնից, և Տերը տվեց «մեզ մի մարդ, որի հետ մենք կարող էինք խոսել»։ «Յուրաքանչյուր դեպքում»,- ասել է նախագահ Նելսոնը,- «[երկնքից] ինձ ուղղված ուղերձը նույնն էր. «Ջանքերը մի դադարեցրու … Ընդունիր ռիսկերը: Ապա, երբ այլևս չես կարող առաջ գնալ, ես կօգնեմ»։

Առաքյալի աշխատանքի ուրախությունը, ասում են, գալիս է այն ժամանակ, երբ հավասարակշռվում են մեծ խմբերի հետ խոսելու և անհատին ծառայելու դժվար կարիքները: Նրանք այցելում են անդամներին իրենց տներում՝ օրհնություն տալու, երախտագիտություն հայտնելու կամ անհրաժեշտ խորհուրդ տալու համար:

Երեց Բեդնարն ասել է. «Տերը Տասներկուսի Քվորումի անդամին ուղարկում է հատուկ վայրեր, որոշակի ժամանակ, երբ մենք հանդիպում ենք հավատարիմ վերջին օրերի սրբերին և այլոց, ովքեր տառապյալ են կամ մխիթարության և վստահության կարիք ունեն: Աստված կազմակերպում է այդ հաղորդակցությունները»։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը սեղմում է տղայի ձեռքը

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը և նրա կինը՝ Սյուզանը, ողջունում են մարդկանց 2023թ. նոյեմբերի 5-ին Մեքսիկայի Տոլուկա քաղաքում հանդիպման ժամանակ ելույթ ունենալուց հետո։

Երբեմն նրանց ծառայությունը շատ հանրային է, ինչպես, երբ երեց Սթիվենսոնը մասնակցեց Նայրոբիում (Քենիա) տեղի ունեցած բարձրաստիճան մամուլի ասուլիսին, որը հեռարձակվեց ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում: «Մի հարց, որը կարող է լինել ձեր մտքում՝ «Ի՞նչ է առաքյալը»,- հեռարձակման ժամանակ ասել է երեց Սթիվենսոնը: «Մենք … կանչված ենք գնալու աշխարհի ազգերի մեջ և վկայելու Հիսուս Քրիստոսի՝ կենդանի Աստծո Որդու աստվածային Որդիության մասին»:

«Ամեն ինչ Նրա մասին է»,- ասել է երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը: «Մենք ներկայացնում ենք Նրան: Ամեն ինչ Աստծո և Նրա մեծության, Նրա կարևորության մասին է՝ Իր զավակների երջանկության համար»:

Նրանց գործը երբեմն ավելի մոտ է տանը՝ բառացիորեն: Երեց Բեդնարը մի օր վերանորոգում էր իր տան տանիքը և գնաց մոտակա խանութը՝ որոշ պարագաներ գնելու։ Նա աշխատանքային հագուստով էր՝ սովորական տաբատ և կոշիկներ, վերնաշապիկ և բեյսբոլի գլխարկ։

«Մի մարդ մոտեցավ ինձ, երբ ես ընտրում էի իմ պարագաները և ասաց. «Երեց Բեդնար, այդ քողարկումը չի աշխատում»: Մենք ծիծաղեցինք, հետո նա ասաց. «Դեմ չե՞ք՝ մի հարց տամ Ձեզ»։

«Ես պատասխանեցի. «Իհարկե, ես դրա համար եմ այստեղ»:

«Նա հարցական պատասխան տվեց. «Ի՞նչ նկատի ունեք»:

«Ես ասացի. «Ես այստեղ եմ, որովհետև Աստված գիտեր, որ մենք հանդիպելու էինք այս խանութում, և որ Դուք ինչ-որ բանի մասին ուզում էիք հարցնել: Խնդրեմ, կարող եք տալ Ձեր հարցը»։

«Մենք մոտ 15 րոպե զրուցեցինք միջանցքում, և ես փորձեցի օգնել նրան գտնել իր հարցի պատասխանը: Մի՞թե պատահականություն էր, որ տեղի խանութում ես հանդիպեցի այդ բարի մարդուն։ Թե՞ այս դրվագը աստվածային կերպով կազմակերպված էր սիրառատ Փրկչի կողմից, ով … արձագանքել էր այդ հավատարիմ մարդու մտահոգություններին։

Ես հավատում եմ, որ Տիրոջ գործում այդպիսի բան չկա, որը կոչվում է պատահականություն։ Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»:

Երեց Նիլ Լ. Անդերսենը ֆիլիպինցիների հետ

Երեց Նիլ Լ. Անդերսենը լուսանկարվում է 2024 թ․ փետրվարի 22-ին Խայմե Կարդինալ Սին գյուղում (Մանիլա, Ֆիլիպիններ), որտեղ Եկեղեցին վերանորոգել է երեք ջրատարներ:

Մարտահրավերներին դիմակայել Տիրոջ հանդեպ հավատքով

Մեծ և բարդ խնդիրներ են դիմագրավում այսօրվա առաքյալները։ Նրանք ոգեշնչում են փնտրում, երբ ուսուցանում և ծառայում են Եկեղեցու ավելի քան 17 միլիոն անդամներից բաղկացած համաշխարհային համայնքին, որը փորձության է ենթարկվում այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են՝ քաղաքական հուզումները, պոռնոգրաֆիան, սոցիալական լրատվամիջոցների անողոք ճնշումները և տնտեսական անորոշությունները: Ազգերի միջև հակամարտությունը խաթարում է աշխատանքը։ Ավանդական արժեքների քայքայումը մարտահրավեր է սոցիալական կայունությանը:

Տասներկուսի անդամները սթափ են իրենց պարտականություններում և ցանկանում են հավատ կերտել ավելի ու ավելի անհավատ դարձող աշխարհում:

«Ակնհայտ է, որ Տիրոջ զորությունը տարածվում է Եկեղեցու ղեկավարների վրա՝ առաջ մղելով նրանց … հրատապությամբ»,- ասել է նախագահ Մ. Ռասսել Բալլարդը (1928–2023)՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը: «Այն հարցը, որ բոլորս պետք է տանք ինքներս մեզ, հետևյալն է. «Արդյո՞ք մենք համընթաց քայլում ենք [մեր ղեկավարների] հետ։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի պատասխանելու այս հարցին։ Կարող եմ վստահեցնել ձեզ, որ դա լուրջ քննարկման առարկա է Տասներկու Առաքյալների Քվորումում: … Սա հանգստանալու կամ մեր կոչումներով հանգիստ լողալու ժամանակը չէ»։ …

Մենք պետք է պատրաստ լինենք մեր ղեկավարների հետ համընթաց քայլելու»։

«Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք ձգտում ենք նմանվել մեր Փրկչին և հետևել Նրա օրինակին մեր բոլոր գործերում»,- ասել է երեց Ուխդորֆը: «Այն պահից, երբ մենք ոտք ենք դնում աշակերտության ուղու վրա, Աստծո տեսանելի և անտեսանելի օրհնությունները սկսում են այցելել մեզ։

Անկախ նրանից, թե որտեղ ենք մենք, ես և դուք այսօր կարող ենք քայլել աշակերտության ճանապարհով։ Եկեք խոնարհ լինենք, եկեք ամբողջ սրտով աղոթենք մեր Երկնային Հորը և արտահայտենք Նրան մոտենալու և Նրանից սովորելու մեր ցանկությունը»։