Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ
Հավատալով Տիրոջ՝ «Համապարփակ» ուխտի ուղուն
Անցյալ տարվա սկզբին ես և ընկերուհիս միասին ճաշեցինք։ Մեր հանդիպումից կարճ ժամանակ առաջ երկուսս էլ քայլեր էինք ձեռնարկել՝ հետևելու նախագահ Նելսոնի կոչին՝ իմանալ «բոլոր բաների մասին, որոնք Տերը խոստացել է անել ուխտի Իսրայելի համար», խորհել այդ խոստումների շուրջ, այնուհետև քննարկել «դրանք մեր ընտանիքի և ընկերների հետ»։ Մեր սրտերը հուզվեցին, երբ միասին հիանում էինք Տիրոջ խոստումներով։ Ընկերուհիս խոստովանեց, որ նախքան ինքնուրույն ուսումնասիրելը, «ուզում էր գոռալ», երբ Եկեղեցու ելույթներում և դասերում լսում էր «ուխտի ուղի» արտահայտությունը, քանի որ այդ բառերը գրեթե իմաստ չունեին իր համար։ Ապա, ջանքերի և կենտրոնացման շնորհիվ, նյարդայնությունը հալվեց, իսկ դրա փոխարեն աճեցին հասկացողությունն ու ուրախությունը։
Ուխտի Իսրայելի մեր սեփական ուսումնասիրությունը (անուն, որը կարելի է կարդալ որպես «թող Աստված տնօրինի») կարող է մեզ ուսուցանել, որ Տիրոջ խոստումները արմատավորվում են առօրյա անհանգստությունների և մտահոգությունների միջավայրում, այլ ոչ դրանց բացակայության դեպքում։ Ինչպես բոլոր մարդիկ, Աբրամն ու Սարան (որոնք դառնում են Աբրահամ և Սառա), նրանց որդի Իսահակը և նրա կինը՝ Ռեբեկան, նրանց թոռ Հակոբը (որը դառնում է Իսրայել) և նրա ընտանիքը պետք է ձեռք բերեին կացարան, սնունդ, ջուր, ընտանիք, ազգ, խաղաղություն և ինքնություն՝ թե՛ իրենց ժամանակի, թե՛ ապագա սերունդների համար։ Մենք ծանոթ ենք այդ զգացողությանը։
Սակայն Տերը նրանց առաջարկում է մի համարձակ լուծում. մի՛ հետապնդեք դրանք սովորական, մարդկային ձևով՝ տենդագին փորձելով ապահովել դրանք ձեզ համար։ Դրա փոխարեն՝ Աստված ասում է. նախ կապվեք Ինձ հետ, գործեք Իմ տված խոսքերի համաձայն, իսկ հետո Ես ձեզ կկապեմ ձեր շրջապատի մարդկանց հետ, ցույց կտամ ձեզ, կապահովեմ ձեզ, կպաշտպանեմ ձեզ, կտամ ձեզ սերունդ և կանվանեմ ձեզ։
Աստծո հետ այս զրույցը սկզբում կարող է անհարմար թվալ, քանի որ այն հակասում է բնական բնազդներին։ Մեր ներքին ձայնն ասում է. մենք ստանում ենք, երբ ստանալը դնում ենք առաջին տեղում, այնպես չէ՞։ Փոխարենը՝ Տերը մեզ հրավիրում է ընդունել լարվածությունը. թուլացնել մեր տենդագին ձգտումը ներկայիս ապահովության հանդեպ, որպեսզի ապահովենք վստահելի ապագան։ Սա է այն, ինչ Մովսեսը ուսուցանում է իսրայելացիներին, երբ Տերը նրան օգտագործում է Իսրայելի ուխտի ինքնությունը վերստեղծելու համար՝ ավելի քան չորս դար եգիպտական ստրկությունից հետո. «Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից »։
Մենք լսում ենք, թե ինչպես է Հիսուսն արձագանքում այս նույն ճշմարտությանը Իր ծառայության սկզբում։ Եթե Իսրայելի 40-ամյա անապատում ճամփորդությունը վերականգնեց նրանց ուխտի գիտակցությունը, ապա անապատում Հիսուսի երկարատև ծոմապահության ժամանակ վտանգի տակ է դրվում Նրա աստվածային ուխտի ինքնությունը. «Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Եվ փորձիչը, նրան մոտենալով, ասաց. «Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում»։ Ուխտի կյանքի խոսքերը այնքան խորապես արմատավորված են Հիսուսի մեջ, և Նա այնքան լիարժեքորեն է ապրում դրանցով, որ դրանք ձևավորում են Նրա բնական արձագանքը այն պահին, երբ Նրա ինքնությունը և ուխտի հանդեպ նվիրվածությունը հայտնվում են հարձակման տակ։
Շուտով Հիսուսը հաստատում է այդ ուսմունքը. «Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, … որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի»։
Հաշվի առնելով սա՝ մենք ավելի լավ ենք հասկանում նախագահ Նելսոնի վերջին մարտահրավերներից մեկը. «Հիմա է ժամանակը, որ մենք մեր աշակերտությունը դարձնենք մեր ամենաբարձր առաջնահերթությունը: … Ձեզ համար ո՛չ շատ վաղ է, ո՛չ էլ շատ ուշ՝ Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտ դառնալու համար»։ Իսկապես, ինչպես նախագահ Նելսոնը մեզ խրախուսել է. «Ուխտի ճանապարհը բաց է բոլորի համար: Մենք բոլորին խնդրում ենք մեզ հետ քայլել այդ ճանապարհով: Ոչ մի ուրիշ աշխատանք այսքան համապարփակ չէ»։