«Աստվածային բնությանը հաղորդակից լինեք», Լիահոնա, հունվ․ 2026
Աստվածային բնությանը հաղորդակից լինեք
(Բ Պետրոս 1․4)
Փրկության ծրագրի գիտելիքը տալիս է հրաշալի հեռանկար, հարստացնում է մեր ուրախությունները և զորացնում մեզ՝ հաղթահարելու մեր մարտահրավերներն ու դժվարությունները։
Քրիստոսը կանչում է երկու առաքյալների, Գերի Է․ Սմիթ
Պետրոս Առաքյալը հիշեցնում է մեզ, որ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ.
որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով» (Բ Պետրոս 1․3–4, շեշտադրումն ավելացված է):
Երկնային Հոր ծրագիրը նկարագրում է ամենամեծ ու պատվական ճշմարտություններն ու խոստումները, որոնք սահմանում են մեր հավերժական ինքնությունն ու նպատակը։
Ինչպես բացատրված է «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրում.
«Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: …
Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավերժական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրը, ըստ որի պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»։
Աստված խոստանում է Իր զավակներին, որ եթե նրանք հետևեն իր ծրագրի սկզբունքներին և Իր Սիրելի Որդու օրինակին, պահեն պատվիրանները և հավատով համբերեն մինչև վերջ, ապա Փրկիչի Քավության շնորհիվ նրանք «կունենա[ն] հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14․7)։
Աստծո գործը կենտրոնացած է Նրա զավակների առաջընթացի և վեհացման վրա։ Նրա ծրագրի յուրաքանչյուր կողմը նախատեսված է Նրա որդիներին ու դուստրերին օրհնելու համար, քանի որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18․10)։
Հոր ծրագիրը
Նախամահկանացու խորհրդի ժամանակ Երկնային Հայրը Իր հոգևոր զավակներին ներկայացրեց Իր ծրագիրը նրանց հավերժական առաջընթացի և երջանկության համար։
«Մենք կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք կկարողանան բնակվել:
Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց․
Եվ նրանց, ովքեր պահում են իրենց առաջին վիճակը, կտրվի ավելին. իսկ նրանք, ովքեր չեն պահում իրենց առաջին վիճակը, փառք չեն ունենա այն նույն թագավորության մեջ, նրանց հետ, ովքեր պահում են իրենց առաջին վիճակը. և նրանք, ովքեր կպահեն իրենց երկրորդ վիճակը, նրանց գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից:
Եվ Տերն ասաց. Ո՞ւմ ուղարկեմ: Եվ մեկը՝ Մարդու Որդու նման, պատասխանեց. Ահա ես, ինձ ուղարկիր: Եվ մեկ ուրիշը պատասխանեց և ասաց. Ահա ես, ինձ ուղարկիր: Եվ Տերն ասաց. Ես կուղարկեմ առաջինին:
Եվ երկրորդը բարկացավ, և չպահեց իր առաջին վիճակը. և այդ օրը շատերը հետևեցին նրան» (Աբրահամ 3․24–28)։
Ուշադրություն դարձրեք, որ նախամահկանացու խորհրդում ներկայացվել է միայն մեկ ծրագիր՝ Հոր ծրագիրը։ Մեր Երկնային Հայրը չի տվել հետևյալ հարցը․ «Ի՞նչ անենք»։ Նա չէր փնտրում կարծիքներ, չէր հավաքում առաջարկություններ կամ չէր խնդրում առաջարկներ ներկայացնել։ Փոխարենը՝ Նա ներկայացրեց Իր ծրագրի հիմնական տարրերը և հարցրեց. «Ո՞ւմ ուղարկեմ»։ Նրա հարցի էությունը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ով պետք է ուղարկվի՝ Իր ծրագրի պայմաններն ու դրույթները կատարելու համար։
Հակառակորդի ապստամբության հետևանքները նույնպես նկարագրված են սուրբ գրություններում։
«Ուստի, քանի որ Սատանան ապստամբեց իմ դեմ, և փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը, որը ես … տվել էի նրան, և նաև փնտրեց իմ զորությունը, … որ ես պետք է տայի նրան. ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր.
Եվ նա դարձավ Սատանա, … դևը, բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց և գերության տանի նրանց իր կամքով, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր չեն կամենա ականջ դնել իմ ձայնին» (Մովսես 4.3-4, շեշտադրումն ավելացված է):
Լյուցիֆերը չներկայացրեց մի ծրագիր, որը մերժվեց նախամահկանացու խորհրդի մասնակիցների մեծամասնության կողմից։ Նա համակրելի գործիչ չէ, որն ընտրություններում պարտվել է։ Նա ապստամբեց։ Հպարտությունը, ամբարտավանությունը և եսասիրությունը դրդեցին նրան ապստամբել Հոր ծրագրի դեմ։
Հոր ծրագիրը և Փրկչի ավետարանը
Ծրագիրը նկարագրում է Հոր և Որդու գործերը, որոնք բոլոր մարդկությանը հասանելի են դարձնում հավերժական կյանքի օրհնությունները։
Հիսուս Քրիստոսի ավետարանը այն ուղին է, որով մենք կարող ենք ստանալ Աստծո ծրագրում խոստացված օրհնությունները, այսինքն՝ վարդապետությունը, սկզբունքները, արարողությունները և ուխտերը, որոնց տղամարդիկ և կանայք պետք է հավատան և հետևեն։ «Չկա ոչ մի ուրիշ անուն երկնքի տակ տրված, բացի այս Հիսուս Քրիստոսից … որի միջոցով մարդ կարող է փրկվել» (2 Նեփի 25.20): Հիրավի, Տեր Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ [Նրա] միջոցով» (Հովհաննես 14.6, շեշտադրումն ավելացված է):
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․
«Ծրագիրը պահանջում էր Արարում, իսկ այն, իր հերթին, պահանջում էր ինչպես Անկում, այնպես էլ՝ Քավություն: Սրանք ծրագրի հիմնական բաղկացուցիչ մասերն են: Դրախտային մոլորակ ստեղծելու ծրագիրը եկել է Աստծուց: Մահկանացու կյանքը և մահը աշխարհ եկան Ադամի Անկումով [տես 2 Նեփի 2.25, Մովսես 6.48]: Անմահությունը և հավերժական կյանքի հնարավորությունը տրվել են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով [տես 2 Նեփի 2.21–28]: …
«… Մենք գալիս ենք երկիր կարճ ժամանակահատվածով, դիմանում մեր ստուգարքներին ու փորձություններին և պատրաստվում շարժվելու առաջ ու վեր՝ դեպի փառահեղ տունդարձ» [տես Սաղմոս 116.15, Ալմա 42.8]: Մեր մտքերն ու գործերը [մահկանացու կյանքում] անկասկած ավելի նպատակասլաց կլինեն, եթե մենք հասկանանք Աստծո ծրագիրը և շնորհակալ լինենք և հնազանդ լինենք Նրա պատվիրաններին» [տես Վարդապետություն և Ուխտեր 59․20–21]»։
Ծրագրի վերնագրերը Մորմոնի Գրքում
Մենք կարևոր ճշմարտություններ ենք սովորում՝ բացահայտելով և ուսումնասիրելով Հոր ծրագրի բազմաթիվ տարբեր վերնագրերը Մորմոնի Գրքում. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին։ Օրինակ՝ դիտարկենք վերնագրերի հետևյալ ընտրված նմուշը.
«Մեծ Ստեղծողի ողորմած ծրագիրը» (2 Նեփի 9․6)։
«Մեր Աստծո ծրագիրը» (2 Նեփի 9.13):
«Փրկության ծրագիրը» (Հարոմ 1․2, Ալմա 24․14)։
«Փրկագնման ծրագիրը» (Ալմա 12․25, 26, 30, 32, 33; 42․11, 13):
«Վերականգնման ծրագիրը» (Ալմա 41.2):
«Երջանկության ծրագիրը»(Ալմա 42․16)։
«Ողորմածության մեծ ծրագիրը» (Ալմա 42․31)։
Այս վերնագրերից յուրաքանչյուրը մեզ օգնում է ավելի հստակ հասկանալ Հոր ծրագրի հրաշալի խոստումները և հարստացնում է մեր պատկերացումները մեր մահկանացու կյանքի նպատակների և իմաստի մասին։
Հատկանշական է, որ Մորմոնի Գրքում Աստծո ծրագրի համար ամենահաճախ օգտագործվող վերնագիրը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով հնարավոր դարձած փրկագնման վրա։
Ալման հայտարարել է․ «Արդ, եթե չլիներ փրկագնման ծրագիրը, որը հաստատվել էր աշխարհի հիմնադրումից ի վեր, չէր կարող լինել մեռելների հարություն. սակայն փրկագնման ծրագիրը հաստատվել էր, որը պիտի իրագործի հարությունը մեռելների» (Ալմա 12․25):
Նա նաև զգուշացրել է․ «Սկսեք հավատալ Աստծո Որդուն, որ նա գալու է՝ փրկագնելու իր ժողովրդին, և որ նա պիտի տառապի ու մեռնի՝ նրանց մեղքերը քավելու համար. և որ նա պիտի բարձրանա մեռելներից, որը կիրականացնի հարությունը, այնպես որ բոլոր մարդիկ կկանգնեն նրա առաջ՝ դատվելու վերջին ու դատաստանի օրը՝ համաձայն իրենց գործերի» (Ալմա 33․22)։
Ճանապարհը պատրաստված է
Մեր հոգիները պետք է լցվեն երախտագիտությամբ, երբ մենք խորհում ենք Աստծո փրկության, փրկագնման, վերականգնման, ողորմածության և երջանկության մեծ ծրագրի մասին։ Փրկության ծրագրի գիտելիքը տալիս է հրաշալի հեռանկար, հարստացնում է մեր ուրախությունները և զորացնում մեզ՝ հաղթահարելու մեր փորձություններն ու դժվարությունները։
Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք վերադառնանք տուն՝ Իր մոտ։ Նա հրավիրում է և խոստանում օրհնություններ, սակայն երբեք չի ստիպի, չի հարկադրի կամ չի սահմանափակի բարոյական ազատ ընտրության իրավունքը, որը Նա մեզ տվել է։ Մենք պետք է գործենք և ընտրենք վերադառնալ Նրա մոտ՝ հետևելով Նրա Սիրելի Որդու օրինակին։
Նրա ձեռքը դեռ պարզված է, հեղինակ՝ Էլիզաբեթ Թայեր
«Ճանապարհը պատրաստված է, և եթե մենք կամենանք նայել, մենք կարող ենք ապրել հավիտյան» (Ալմա 37․46, շեշտադրումն ավելացված է)։
Ես ուրախությամբ վկայում եմ, որ Երկնային Հայրը Իր զավակների համար աստվածային ծրագրի հեղինակն է։ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն ու Փրկիչն է: Եվ որպես Տիրոջ վերջին օրերի առաքյալներից մեկը, ես վկայում եմ, որ հիրավի, Նա է «ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը» (Հովհաննես 14․6, շեշտադրումն ավելացված է)։