«Տերը կառաջնորդի ինձ», Լիահոնա, հունվ. 2026.
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Տերը կառաջնորդի ինձ
Հավատքի, հնազանդության, համբերության և աղոթքի միջոցով ես սովորել եմ, որ ապագայի համար վախենալու կարիք չկա։
Նկարը` Ալեն Գարնսի
Ես մեծացել եմ՝ երգով, երաժշտությամբ շրջապատված։ Մանկուց երազանքս պրոֆեսիոնալ երգիչ դառնալն էր։ Ես նույնիսկ հաղթել եմ մի քանի երգի մրցույթներում։ Բայց կյանքիս որոշակի պահի ես դատարկություն զգացի, երբ մտածեցի այն նպատակի մասին, որն Աստված ուներ ինձ համար՝ ճանաչելիությունից և ուրիշների գովասանքից այն կողմ։
Հիսուս Քրիստոսի ավետարանի աճող ներկայությունն իմ կյանքում օգնել է ինձ հավատք ունենալ անորոշության ժամանակներում։ Այն նաև օգնեց ինձ հասկանալ, որ Երկնային Հայրը ցանկանում էր, որ ես օգտագործեմ Իր տված տաղանդը՝ Իրեն ավելի մոտենալու և փառաբանելու համար։
Չնայած ես հրաժարվեցի երազանքիցս, զգացի, որ պետք է շարունակեմ երգել և երաժշտություն ուսումնասիրել։
25 տարեկանում ես ավարտել էի ճարտարապետության ուսումնասիրումը և նաև սովորել էի BYU–Pathway Worldwide-ում և Brigham Young University–Idaho-ում, ինչն օգնեց ինձ բարելավել անգլերեն խոսելու իմ կարողությունները։
Ապա մի հրաշք տեղի եղավ:
Ես հրավեր ստացա՝ լինելու երաժշտական միսիոներ՝ որպես Թաբերնաքլի երգչախմբի համաշխարհային մասնակցային ծրագրի մաս։ Ես չգիտեի, բայց այն ամենը, ինչ ես անում էի մի քանի տարի, օգնել էր ինձ պատրաստվել այս պահին։ Հրավերը իմ աղոթքների և ցանկությունների պատասխանն էր։ Երկնային Հայրը գիտի վերջն ի սկզբանե և թույլ տվեց ինձ երգել Թաբերնաքլ երգչախմբի հետ Տաճարային հրապարակում 2024 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ։
Այս փորձառության միջոցով ես կարող եմ վկայել Սուրբ Հոգու կողմից առաջնորդվելու, համբերատար լինելու մասին, նաև վստահելու, որ Աստված նպատակ ունի, թեև մենք, գուցե, չհասկանանք այդ նպատակը։ Ինչպես մեզ խոստացվել է․ «Անմիջական ճանապարհը միշտ չէ, որ հստակ է, բայց մենք կարող ենք հետևել Փրկչին այն հավատքով, որ մեր ճամփորդությունը կավարտվի գեղեցիկ և հաղթական, քանի որ Նա ապահով կառաջնորդի մեզ այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք»:
Նրանք, ովքեր փնտրում են իրենց առջևում գտնվող ուղին, իմացեք, որ Տերը ձեզ համար պատրաստել է ինչ-որ բան, որն ավելի մեծ է, քան դուք կարող եք պատկերացնել։ Եթե մենք հետևենք Նրան, կստանանք այն, ինչ Նա է պատրաստել մեզ համար։ Ուղին գուցե պարզ չէ, և կյանքը կարող է դժվար լինել, բայց Տերը, միևնույն է, հրաշքներ է գործում Իր զավակների համար։
Ես սովորել եմ, որ հավատքի, հնազանդության, համբերության և աղոթքի միջոցով Տերը կառաջնորդի ինձ։