«Աղոթք իմ սրտում», Լիահոնա, հունվ․ 2026
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Աղոթք իմ սրտում
Մորս ամենօրյա խորհուրդները աղոթքի վերաբերյալ մեծ փոփոխություն են առաջացրել իմ կյանքում։
Նկարները` Ալեն Գարնսի
Երբ ես սովորում էի տարրական դպրոցում, մայրս միշտ ինձ նախաճաշ էր տալիս, համբուրում ճակատս և ասում. «Այսօր օգտագործիր քո լավագույն ջանքերը և հիշիր, որ պետք է աղոթք պահես քո սրտում»։ Նա նույն բանն էր ասում ամեն առավոտ՝ ամբողջ ավագ դպրոցի ընթացքում։
Իրականում, «աղոթք պահիր քո սրտում» խոսքերը վերջինն էին, որ նա ասաց ինձ, երբ նստում էի ինքնաթիռ՝ մեկնելու Ֆլորիդա իմ երկամյա միսիայի համար։ Ես այնքան էի սովորել այդ խոսքերը լսել, որ մեծանալիս դրան մեծ ուշադրություն չէի դարձնում։ Ես կարծում էի, որ դա պարզապես մի բան էր, որը նրա սերունդը միշտ ասում էր, օրինակ՝ «Լավ օր եմ մաղթում»։
Որպես լիաժամկետ միսիոներ` ես սովորեցի որոշ չափով իսպաներեն խոսել, երբ ծառայում էի Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ): Ես հայտնաբերեցի, որ մեր նոր ընկերները, որոնցից շատերը Կուբայից և Պուերտո Ռիկոյից էին, ճիշտ իմ մայրիկի նման էին։ Մեր այցելած յուրաքանչյուր ընտանիք մեզ ճանապարհում էր նմանատիպ սիրալիր մաղթանքով՝ «Vaya con Dios» (Աստված ձեզ հետ)։
Երբ վերջապես սկսեցի հասկանալ, թե ինչ նկատի ուներ մայրս, սկսեցի փնտրել ուղիներ՝ իսկապես սրտումս աղոթք պահելու համար։ Այդպիսով իմ երախտագիտությունը Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ աճեց։ Ես ավելի մեծ տոկունություն զգացի փորձությունների և դժվարությունների ժամանակ։ Ես ավելի մեծ սեր զգացի ծնողներիս հանդեպ և գնահատանք՝ այն զոհաբերությունների համար, որ նրանք կատարել էին ինձ համար։
Մի օր ես կարդացի նեփիացիներին Փրկչի այցելության մասին Իր Հարությունից հետո։ Իր այցելության երկրորդ օրը «նա պատվիրեց իր աշակերտներին, որ աղոթեն»։ Երբ նրանք աղոթում էին, Փրկիչը նույնպես աղոթեց՝ ասելով «մեծ և սքանչելի» խոսքեր։ Երբ Նա ավարտեց, պատվիրեց բազմությանը, «որ նրանք չդադարեն աղոթել իրենց սրտերում» (3 Նեփի 19․17, 34, 20․1)։
Դա անելու միջոցներից մեկն այն է, որ աղոթքը պատկերացնենք որպես մեր առօրյա գործողությունները շրջապատող նկարի շրջանակ։ Աղոթքի այդ շրջանակը, զուգորդված սիրո և երախտագիտության հետ, օգնում է մեզ կենտրոնանալ Փրկչի վրա և պահել մեր ուխտերը։
Ես շնորհակալ եմ մորս ամենօրյա խորհրդի համար՝ «չդադարել աղոթել» իմ սրտում։ Այն մեծ փոփոխություն առաջացրեց իմ կյանքում: