Լիահոնա
Ապաշխարությունը միայն մեղքի հաղթահարումը չէ
Հունվար 2026 Լիահոնա


«Ապաշխարությունը միայն մեղքի հաղթահարումը չէ», Լիահոնա, հունվ․ 2026։

ՉԵ շաբաթական պարբերականից

Ապաշխարությունը միայն մեղքի հաղթահարումը չէ

Դեպի Քրիստոսը դառնալը՝ մեր վերաբերմունքը փոխելը և մեր հեռանկարը Նրա հեռանկարներին համապատասխանեցնելը նույնպես ապաշխարության մի ձև է։

Նկար՝ միսիոները նայում է լույսին

Նկարը՝ Նեյթ Ուայլդի

Մինչ ես միսիայում էի, բաց թողեցի լավագույն ընկերուհուս հարսանիքը։

Ես ամբողջ օրը չէի կարողանում դադարել նրա մասին մտածելուց։ Մենք ծանոթացել էինք քոլեջում որպես սենյակակիցներ, և նա շատ արագ ինձ համար քրոջ նման դարձավ։ Ես գիտեի, որ Երկնային Հայրը առաջնորդել էր ինձ հանդիպելու նրան։

Բայց հիմա ես չէի կարող այնտեղ լինել՝ նշելու նրա կյանքի ամենակարևոր պահերից մեկը։ Ես զայրացած էի:

Անսպասելի փորձություններ

Միսիայից առաջ իմ կյանքը կատարյալ չէր, բայց ամեն բան լավ էր։ Ես սիրում էի քոլեջը և հենց նոր էի ձեռք բերել լավագույն ընկերներին, որ երբևէ ունեցել էի։ Ես շատ երջանիկ էի:

Ես գիտեի, որ միսիայում ծառայելը դժվար կլինի։ Այնուամենայնիվ, ես սպասում էի, որ միսիայում ծառայելը կլիներ իմ կյանքի լավագույն 18 ամիսները՝ նվազագույն դժվարություններով։

Բայց վեց ամիս անց ընկերուհուս հարսանիքը դարձավ ամենաթարմը այն դժվարությունների ցանկում, որոնց ես չէի սպասում։ Օտար երկիր տեղափոխվելը և նոր լեզու սովորելը ինձ դարձրեց միայնակ ու անհանգիստ։ Միսիոներական կյանքի ընթացքում ստացած մերժումը մտավորապես ուժասպառ արեց ինձ։ Անկեղծ ասած, ես ուղղակի ուզում էի տուն գնալ։

Ես հոգնած ու հիասթափված էի և չէի զգում, որ Աստված ինձ առաջարկում է այն հույսն ու երջանկությունը, որոնց կարիքը ես այնքան շատ ունեի։ Միայն մյուս բոլոր տարբերակները սպառելուց հետո ես դիմեցի իմ հայրապետական օրհնության խոստումին՝ որ ես կզգայի Երկնային Հոր սերը սուրբ գրությունների միջոցով։

Նոր հեռանկար

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ես խորապես կապվեցի Եվայի պատմության հետ։ Նրան վտարեցին դրախտից դեպի մութ ու մռայլ անապատ, ինչը մոտավորապես ես էի զգում։ Իմ փորձառության նման Եվայի անցումային շրջանը տեղի էր ունեցել որոշակի ընտրության պատճառով։ Ես մտածում էի՝ արդյոք նա երբևէ զղջացել էր իր ընտրության համար, ինչպես ես էի սկսում զղջալ ծառայելու իմ ընտրության համար։

Բայց Եվան շատ ավելի իմաստուն հեռանկար ուներ, քան ես։ Չնայած նա, ըստ էության, կորցրել էր ամեն ինչ, երբ իմացավ, որ Փրկիչ ունի, «ուրախացավ՝ ասելով. Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք … երբեք չէինք գիտենա բարին և չարը» (Մովսես 5․11

Նա չզղջաց իր ընտրության համար։ Նա երախտապարտ էր դրա համար։ Թեև նա և Ադամը վտարվել էին դրախտից, փրկագնվելու ուրախությունն ավելի քաղցր էր, քան նրա կորստի ցավը։ Իրականում, թվում էր, թե փրկագնումը նրան ավելի մեծ ուրախություն էր բերել, քան եթե նա ընդհանրապես փրկագնման կարիք չունենար։

Ինչպե՞ս կարող էր այդպես լինել։

Ապաշխարության ուրախությունն ու խաղաղությունը

Մենք կարող ենք մտածել, որ ապաշխարությունը միայն մեր կյանքից մեղքերն ու վատ վարքը հեռացնելու համար է։ Այդ հեռացման գործընթացը կարող է դժվար և երբեմն ցավոտ լինել, ինչը հեշտացնում է բառին բացասական երանգ հաղորդելը։

Սակայն ապաշխարությունը միայն մեղավոր լինելու աստիճանը նվազեցնելու մասին չէ։ Այն նաև ավելի քրիստոսանման դառնալու մասին է։

Դիմել Նրան՝ փոխելով մեր վերաբերմունքը և մեր հեռանկարը համահունչ դարձնելով Նրա հեռանկարին, նույնպես ապաշխարության ձև է։

Ես հասկացա, որ իմ զայրույթի և մենակության մեջ իմ հեռանկարը դարձել էր սահմանափակ։ Ես այնքան կենտրոնացած էի այն բաների վրա, որոնց կարիքն ունեի, որ չկարողացա նկատել այն, ինչ արդեն ձեռք էի բերել՝ ավելի սերտ հարաբերություն իմ Փրկչի հետ։

Ես հասկացա, որ պետք է ապաշխարեմ իմ ոչ պատշաճ վերաբերմունքի համար։ Ժամանակ պահանջվեց, բայց երբ աղերսում էի իմ Փրկչի օգնությունը, հավաստիացում ստացա, որ «այս կյանքում ես ուրախություն կունենամ» (Մովսես 5․10

Ես դեռ տխուր էի, որ բաց էի թողել ընկերուհուս հարսանիքը, բայց ժամանակի ընթացքում Տերը պատասխանեց իմ աղոթքներին։ Ես շատ ուրախ էի ընկերուհուս համար և այնքան մեծ ուրախություն գտա իմ վկայության մեջ, որ Երկնային Հայրը իսկապես տեսնում և սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին։ Ես շատ ավելին ստացա, քան այն, ինչից զրկվել էի։

Քույր Քրիստին Մ. Յին՝ Սփոփող միության Գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է. «Ապաշխարությունը թույլ է տալիս մեզ զգալ Աստծո սերը և ճանաչել ու սիրել Նրան այնպես, ինչպես մենք երբեք չէինք ճանաչի»։

Ապաշխարության շնորհիվ ես հիմա գիտեմ, որ երբ մոտենում եմ Քրիստոսին, «նա կդարձնի [իմ] անապատը Եդեմի նման, և [իմ] ամայի վայրերը՝ Տիրոջ պարտեզի նման: Ցնծությունն ու բերկրանքը կտիրի այնտեղ» (Եսայի 51․3):

Երբ միսիայից տուն վերադարձա, ես դրախտ չվերադարձա։ Միսիայից հետո կյանքը ինձ համար նոր անապատ է, որը պետք է մշակել։ Այնքան էլ հեշտ չէ, և ես երբեմն դեռ կարոտում եմ իմ կյանքը միսիայից առաջ։

Բայց գիտեմ, որ Քրիստոսի շնորհիվ իմ ուրախությունն ավելի կխորանա իմ փրկագնման գիտակցության մեջ։