Փնտրել Քրիստոսին և ուխտերը. Նեփիի բանալիները Հին Կտակարանը կարդալու համար
Նեփին կիսվել է որոշ մտքերով, որոնք կարող են օգնել ձեզ ձեր ուսումնասիրության մեջ։
Քրիստոսի նկարը, Հեյնրիխ Հոֆման, տրամադրել է C. Harrison Conroy Co., Inc.
Ես սիրում եմ ընթերցել Հին Կտակարանը։ Տարիների ընթացքում Հին Կտակարանում ես հայտնաբերել եմ երկու բանալի, որոնք պետք է փնտրել՝ ուրախություն բերելու և հասկացողությունը մեծացնելու համար․ դրանք են Քրիստոսը և ուխտերը։
Ահա մի քանի եղանակներ, թե ինչպես կարող ենք գտնել Քրիստոսին և ուխտերը Հին Կտակարանի այս տարվա ուսումնասիրության մեջ։
Փնտրել Քրիստոսին
Նեփին, որը կարդում էր սուրբ գրությունները արույրե թիթեղներից, ասել է. «Ահա, հոգիս հրճվում է՝ ապացուցելով իմ ժողովրդին Քրիստոսի գալստյան ճշմարտությունը. քանզի այս վախճանի համար է տրված Մովսեսի օրենքը. և բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են մարդուն, խորհրդանշումն են նրա» (2 Նեփի 11․4)։
Հին Կտակարանում մենք կարող ենք Հիսուս Քրիստոսին գտնել բազմաթիվ ձևերով։
Մովսեսը և պղնձե օձը, Ջուդիթ Ա․ Մեր, Քրիստոսը խաչի վրա, Կառլ Հեյնրիխ Բլոխ
Աստված Հին Կտակարանում
Քանի որ ժամանակակից հայտնության միջոցով մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Աստվածն է (տես Վարդապետություն և Ուխտեր 110․3–4), մենք տեսնում ենք Նրա զորությունը Արարչագործության մեջ և որպես Օրենսդիր՝ Սինա լեռան վրա, որն ուսուցանում է Իսրայելին, թե ինչպես դառնալ Աստծո նման։ Մենք ճանաչում ենք Նրա շնորհը՝ Եգիպտոսի ստրկությունից փրկության մեջ, Նրա սերը՝ անապատում Իր ժողովրդին խնամելու և նրանց խոստացված երկիր հասցնելու գործում, և Նրա շարունակական հոգատարությունը՝ մարգարեներ ուղարկելով և Իսրայելին ներման հնարավորություն տալով, երբ նրանք ապաշխարում էին իրենց մեղքերից։
Հիսուս Քրիստոսի կերպարները
Հին կտակարանի պատմություններում կան Հիսուս Քրիստոսի բազմաթիվ կերպարներ (կամ նկարագրություններ), որոնցից շատերը նախանշում են Նրա ապագա գալուստը, ինչպես արձանագրված է Նոր Կտակարանում և Մորմոնի Գրքում։ Աբրահամի և Իսահակի պատմությունը նախանշում է Հայր Աստծո կողմից Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին զոհաբերելը։ Հովսեփը փրկեց իր եղբայրներին ֆիզիկական սովից, ինչպես Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ հոգևոր սովից։ Մովսեսը իր ժողովրդին ազատեց ստրկությունից, ինչպես Հիսուսը մեզ ազատեց մեղքից։ Տերը Իսրայելի զավակներին ուսուցանեց Իր և Իր Քավության հանդեպ հավատքի զորությունը անապատում պղնձե օձի պատմության մեջ։ Եղիան և Եղիսեն մարմնավորեցին Փրկչին՝ բուժելով հիվանդներին և հարություն տալով մահացածներին։
Աբրահամն ու Իսահակը, Հարոլդ Կոպինգ, © Look and Learn/Bridgeman Images
Գաղափարներ Փրկչի մասին Նոր Կտակարանում
Հիսուս Քրիստոսը խորհրդանշականորեն ներկայացված է Հին Կտակարանի և Մովսեսի օրենքի պատմություններում։ Մովսեսի օրենքում Զատիկի և զոհաբերության պատմությունները մատնանշում են Քրիստոսին։ Նախանշելով Հիսուսի առաքելությունը՝ Հին Կտակարանի մարգարեները բժշկում էին հիվանդներին և հարություն էին տալիս մահացածներին։ Երեմիա մարգարեի միջոցով Տերը մեզ խոստացավ «նոր ուխտ» (Երեմիա 31․31, տես նաև հատված 32)։
Նոր Կտակարանում Հիսուսը գալիս է որպես Հին Կտակարանի օրենքի և մարգարեների իրականացում։ Նա նոր ուխտը կնքեց Լեռան քարոզում և ուխտի խորհրդանիշները հաստատեց Վերջին ընթրիքի՝ Զատիկի ընթրիքի ժամանակ։ Հիսուսը մեզ ուսուցանեց սիրել և ծառայել միմյանց, ինչպես նաև Նա բուժեց հիվանդներին և հարություն տվեց մահացածներին։ Իր Քավության միջոցով Նա փրկագնեց մեզ մեղքից ու մահից և հաստատեց Իր Եկեղեցին երկրի վրա։ Երբ մենք Հիսուսին ճանաչում ենք որպես Հին Կտակարանի Աստված, կարող ենք ավելի լավ հասկանալ Նրան Նոր Կտակարանում։
Փնտրել ուխտերը
Նեփին նաև ուսուցանեց մեզ փնտրել ուխտերը սուրբ գրություններում. «Եվ հոգիս հրճվում է Տիրոջ ուխտերով, որոնք նա արել է մեր հայրերի հետ» (2 Նեփի 11․5)։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նույնպես ընդգծել է ուխտերի կարևորությունը։ Նա ասել է․ «Ամենամեծ հաճոյախոսությունը, որին կարող ենք արժանանալ այս կյանքում, որպես ուխտը պահող ճանաչվելն է: Ուխտը պահողը պարգևներ կստանա և՛ այս կյանքում, և՛ այս կյանքից հետո»:
Ի՜նչ զարմանալի խոստում։ Նույնիսկ մկրտվելուց և տաճարային ուխտեր կապելուց հետո մենք գուցե չգիտակցենք, թե այս խոստումները ինչ մեծ դրական ազդեցություն կարող են ունենալ մեր առօրյա կյանքի վրա։ Սակայն Հին Կտակարանը մեզ հիշեցնում է, թե իրականում ինչ է նշանակում լինել «ուխտի ժողովուրդ», և ինչպես կարող ենք ավելի լավ հասկանալ դրա հետ կապված օրհնություններն ու պարտականությունները։
Հին Կտակարանում հիշատակվող հիմնական ուխտը Աբրահամի ուխտն է։ Մենք կարող ենք ճշմարտություններ գտնել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին այս ուխտի մեջ, որը մեզ տանում է դեպի Հիսուս Քրիստոսը, ում մեջ մենք փրկություն ենք գտնում։
Ահա մի քանի եղանակներ, որոնցով Հին Կտակարանը մեզ օգնում է ավելի լավ հասկանալ և պահել մեր ուխտերը։
Հասկանանք մեր դերը Աբրահամի ուխտի մեջ
Աբրահամի ուխտը Աբրահամին տրված խոստումների և օրհնությունների շարք էր, որը մինչև օրս շարունակվում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից վերականգնված «նոր և հավիտենական ուխտում» (տես Վարդապետություն և Ուխտեր 132․30–31)։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է․
Տերը հայտնվեց այս վերջին օրերում և նորոգեց Աբրահամին տրված այդ խոստումը։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին Տերը հայտարարել է.
«Աբրահամը խոստումներ ստացավ իր սերնդի վերաբերյալ և իր երանքի պտղի համար,- դու … իմ ծառա Ջոզեֆ, այդ երանքից ես: …
«Այս խոստումը նաև ձերն է, որովհետև դուք Աբրահամից եք» [Վարդապետություն և Ուխտեր 132․30–31]»։
Այս ուխտի միջոցով Տերը ստեղծեց արդար ընտանիք, որտեղ Նա կարող էր ուսուցանել Իր ավետարանը և Իր զավակներին բերել Հիսուս Քրիստոսի մոտ։ Պողոս առաքյալը մեզ ուսուցանել է, որ եթե մենք գանք Քրիստոսի մոտ, կդառնանք Աբրահամի ընտանիքի մի մասը. «Եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ» (Գաղատացիներին 3․29, տես նաև հատված 27)։ Աբրահամի ուխտի միջոցով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները դառնում են Իսրայելի տուն և Աբրահամի ուխտի օրհնությունների ժառանգորդներ։
Մենք կարող ենք հասկանալ մեր դերը ուխտի մեջ՝ քննելով Հին Կտակարանի մարդկանց կյանքը, ուսումնասիրելով Տիրոջ կողմից Իր զավակներին տրված խոստումները պատվիրաններում և լսելով հին մարգարեներին, որոնք աղերսում էին Իսրայելի զավակներին ապաշխարել և հնազանդվել իրենց ուխտերին։
Գտնենք խոստացված օրհնությունները մեր ուխտերի միջոցով
Հին Կտակարանն ընթերցելիս կարող ենք փնտրել նշաններ, որոնք ցույց են տալիս, որ Տերը պահպանում է Աբրահամի ուխտով տրված խոստումները։ Երեք ամենակարևոր օրհնություններն են՝ հողը, որը խորհրդանշում է ժառանգություն Երկնային Հոր արքայությունում, սերունդը, որը հավերժական աճի խոստում է, և ավետարանի ու քահանայության օրհնությունները, «որոնք փրկության, այսինքն՝ հավերժական կյանքի օրհնություններն են» (Աբրահամ 2․11)։
Աբրահամին խոստացվեց, որ նրա սերնդի միջոցով «աշխարհի բոլոր ազգերը կօրհնվեն» (Ծնունդ 12․3)։ Սա նշանակում էր, որ Հիսուս Քրիստոսը աշխարհ կգար Աբրահամի տոհմածառի միջոցով և կօրհներ երկրի բոլոր ազգերին Իր Քավության և Հարության միջոցով (տես Գաղատացիներին 3․16)։
Գեթսեմանի, հատված նկարից՝ Ջ. Քըրք Ռիչարդս, բազմացումն արգելվում է
Ի՞նչ օրհնություններ եք տեսնում ձեր կյանքում այսօր՝ Աբրահամի ուխտի շնորհիվ։
Իսրայելը հավաքելու պարտականությունը
Օրհնություններից բացի՝ Աբրահամի ուխտի մաս կազմելը ներառում է որոշակի պարտականություններ։ Հին Կտակարանն ուսումնասիրելով՝ մենք սովորում ենք, թե ինչպես ապրել մեր ուխտերի համաձայն։ Որպես Աբրահամի ընտանիք՝ Եկեղեցու անդամները կոչված են հավաքելու Իսրայելը։ Երբ մենք մասնակցում ենք միսիոներական աշխատանքին, սպասավորությանը, տաճարային աշխատանքին, եկեղեցական կոչումներին, ինչպես նաև մեր ընտանիքներին ուսուցանելու դաստիարակելու գործընթացին, ապա հավաքում ենք Իսրայելը՝ ուրիշներին ավելի մոտեցնելով Քրիստոսին։
Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին քայլ կատարել՝ Աստծո հետ ուխտեր կապելու և մկրտություն ու տաճարային արարողությունները ստանալու ուղղությամբ, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը»։
Սովորենք սիրել Հին Կտակարանը
Այս տարի, երբ կարդաք Հին Կտակարանը մեր՝ Եկ, հետևիր ինձ ուսումնասիրության համար, կարող եք սովորել սիրել դրա ուսմունքները՝ հետևելով Նեփիի օրինակին և փնտրելով այս երկու թեմաները՝ Քրիստոսը և ուխտերը։ Այդպես դուք կարող եք ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին, Նրա Քավությունը և Նրա ավետարանը։ Դուք կարող եք նաև ավելին իմանալ «նոր և հավիտենական ուխտի» և դրանում ձեր դերի մասին՝ որպես Քրիստոսի աշակերտ և որպես Իսրայելի տան անդամ։
Հին Կտակարանի պատմություններն ու ուսմունքները կարող են օգնել մեզ խորացնել մեր հարաբերությունները Փրկչի հետ և մեր հասկացողությունն ու նվիրվածությունը մեր սեփական ուխտերի հանդեպ։