«Ապահովությունը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում է», Լիահոնա, հունվ․ 2026
Ուխտի կանայք
Ապահովությունը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում է
Աստծո մոտ վերադառնալու ուղին հստակ նշված է, եթե մենք հավատք և վստահություն ունենք մեր Փրկչի հանդեպ։
Մեր ընկած բնույթի և մահկանացու կյանքի հանգամանքների պատճառով բոլորս հակված ենք շեղվելու այն Աստծուց, որին ճանաչում և սիրում էինք մեր նախամահկանացու գոյության ընթացքում։ Դա մահկանացու կյանքի բնույթն է։ Եվ այսպես, Նա մեզ տվել է ուղիներ, որպեսզի մենք ապահով կերպով կապված լինենք Իր հետ, կնքենք մեր սրտերը Նրա հետ և օգնենք մեզ որքան հնարավոր է անվտանգ շարժվել այս մահկանացու կյանքի ականապատ դաշտով։
Համաշխարհային պատերազմների ժամանակ զինված ուժերը ականներն ու պայթուցիկ նյութերը թաքցնում էին գետնի տակ։ Կային թաքնված ականների մեծ դաշտեր, և բանակը կարող էր առանց իմանալու շարժվել այդ ականապատ դաշտերի վրայով և պայթել։
Պատերազմներից հետո հազարավոր չպայթած ականներ մնացին, և շատ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, կորցրին իրենց կյանքը կամ վերջույթները՝ անգիտակցաբար հայտնվելով ականապատ դաշտերում։ Այդ ականապատ դաշտերում ականների հայտնաբերումով և նշագրումով զբաղվող կազմակերպությունները բազմաթիվ կյանքեր են փրկել։
Մահկանացու կյանքը նման է ականապատ դաշտի։ Հակառակորդը շատ հմուտ է վտանգները քողարկելու մեջ, որպեսզի դրանք անվնաս և գրավիչ տեսք ունենան, ինչպես մի գեղեցիկ դաշտ։ Նա հազարավոր տարիների փորձ ունի։ Նա փորձագետ է այն ուղիները հրապուրիչ դարձնելու գործում, որոնք հանգեցնում են վտանգավոր հետևանքների և սրտի ցավի։
Ապահով առաջնորդվենք տուն
Մեր Երկնային Հայրը գիտի, թե ինչպես ապահով պահել մեզ և արդեն նշագրել է այն ուղին, որը մեզ անվտանգ կտանի տուն։ Իհարկե, կան բազմաթիվ վտանգներ և դժվարություններ, որոնք մեր մահկանացու կյանքի մասն են կազմում։ Բայց մենք կարող ենք խուսափել այն ընտրություններից, որոնք կարող են ավելորդ հոգսեր և խոր վիշտ պատճառել։
Ահա ինչու է մեր Հայրը մեզ տվել պատվիրաններ, Սուրբ Հոգու պարգևը, մարգարեներ՝ մեզ առաջնորդելու համար, և հզոր ուխտի կապեր Իր և մեր Փրկչի հետ՝ տաճարային արարողությունների և ուխտերի միջոցով։ Միայն այստեղ՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում, մենք գտնում ենք այն բոլոր հզոր նշաններն ու պաշտպանիչ միջոցները, որոնք կարող են ապահով կերպով մեզ տուն տանել։
Ժամանակակից մարգարեներ ունենալը մեծ օրհնություններ է բերում։ Նախագահ Հյու Բ. Բրաունը (1883–1975)՝ Առաջին Նախագահության նախկին խորհրդականը, պատմել է Բրիտանական Համայնքների պալատի մի անդամի հետ իր զրույցի մասին, որը նախկինում դատավոր էր եղել։ Այդ մարդն ասաց, որ կարծում է, թե Աստված առաջին դարից ի վեր երկրի վրա մարդկանց հետ չի խոսել, իսկ նախագահ Բրաունը պատասխանեց՝ բացատրելով նրան Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մասին։
«Դատավորը նստեց և ուշադիր լսեց»,- հիշում է նախագահ Բրաունը։ «Նա մի քանի շատ սուր և խորաթափանց հարցեր տվեց, և հարցազրույցի վերջում ասաց. «Պարոն Բրաուն, հետաքրքիր է՝ ձեր մարդիկ գնահատո՞ւմ են ձեր ուղերձի կարևորությունը։ Իսկ դուք կարևորո՞ւմ եք … Եթե այն, ինչ դուք ինձ ասացիք, ճշմարիտ է, ապա դա ամենամեծ լուրն է, որ եկել է երկիր՝ հրեշտակների կողմից Քրիստոսի ծնունդը հայտարարելուց ի վեր»։
Աստված կանչում է մարգարեներ, որովհետև սիրում է Իր զավակներին։ Իր ծառաների՝ մարգարեների միջոցով Նա բացահայտել է Իր փրկության ծրագիրը, Իր երջանկության ծրագիրը՝ Իր զավակներին առաջնորդելու համար։ Տերը մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին ցույց է տալիս այնպիսի բաներ, որոնք ուրիշները չեն կարող տեսնել։ Նրանք աշտարակի վրա կանգնած դետերն են (տես Եզեկիել 33․1–7), որոնք կարող են հեռուն տեսնել և նախազգուշացնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լսել՝ հաճախ գալիք տարիների համար։ Նրանք ունեն մի դիտակետ, որը մեզ հասանելի չէ, քանի որ հաղորդակցվում են Աստծո հետ՝ որպես Նրա լիազորված ծառաներ։ Կենսականորեն կարևոր է, որ մենք բոլորս խոր, անձնական վկայություններ ձեռք բերենք մեր ներկայիս մարգարեների, տեսանողների և հայտնողների մասին։
Ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մեջ է
Այսօր մեր աշխարհում ճշմարտության ընկալումը գնալով ավելի դժվար է դառնում։ Այնքան շատ ձայներ են գալիս տարբեր ուղղություններից՝ Instagram, TikTok, Facebook, X, փոդքասթեր, կաբելային հեռուստատեսություն և այլն։ Եվ հիմա, երբ արհեստական բանականությունը կամ ԱԲ-ն հայտնվել է ասպարեզում, ավելի դժվար է տարբերակել, թե ինչն է ճշմարիտ և ինչը՝ ոչ, կամ նույնիսկ ինչն է իրական։ Խաբուսիկ խորքային կեղծիք պարունակող տեսանյութերը կարող են տպավորություն ստեղծել, թե ինչ-որ մեկն ասել կամ արել է մի բան, որը չի արել։ Առաջիկա տարիներին շատ դժվար է լինելու ճշմարտությունը կեղծիքից տարբերելը։
2018 թվականի ապրիլին Եկեղեցու նախագահի պաշտոնում իր առաջին համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանեց.
«Ապագայի հանդեպ ես լավատեսորեն եմ տրամադրված։ … Բայց ես նաև պարզամիտ չեմ առաջիկա օրերի վերաբերյալ: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը բարդ է և գնալով ավելի հակասական է դառնում: Սոցիալական լրատվամիջոցների առկայությունը և 24-ժամյա նորությունները ռմբակոծում են մեզ անողոք հաղորդագրություններով: Եթե պիտի որևէ հույս ունենանք անհամար ձայների և մարդկանց փիլիսոփայությունների միջից մաղել ճշմարտությունը, մենք պետք է սովորենք հայտնություն ստանալ:
Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը ներկայիս և Իր գալուստի միջև: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով: Բայց գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես մխիթարող ազդեցության: …
… Ես աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը։ … Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը»:
Հին Կտակարանի մարգարե Ամովսն Ամովս 3․7 արձանագրել է․ «Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին»։ Քանի որ աշխարհի ձայները դառնում են ավելի բարձր և ավելի համոզիչ, մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա ավելի հաճախ և հստակ լսել Հոգու հանգիստ ձայնը, որպեսզի լսենք և հետևենք Տիրոջ ուղղորդմանը կենդանի մարգարեների միջոցով։
Աստված սիրում է Իր բոլոր զավակներին
Նոր Կտակարանում և Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան (տես Եբրայեցիներին 13․8, Մորմոն 9․9)։ Աստված սիրում է Իր զավակներին մեր օրերում այնպես, ինչպես սիրել է Իր զավակներին հին ժամանակներում, և քանի որ Նա սիրում է Իր զավակներին, Նա հիմա անում է այն, ինչ արել է այն ժամանակ։ Նա նշում է մահկանացու կյանքի ականապատ դաշտը այն պատվիրաններով, որոնք մեզ պահում են անվտանգ ճանապարհի վրա, մարգարեներով, որոնք նախազգուշացնող ձայն են հնչեցնում, երբ տեսնում են առջևում սպասվող վտանգները, և քահանայության ուխտերով, որոնք մեզ ավելի ապահով կերպով կապում են Աստծո հետ։
Երբ մենք հավատում ենք Փրկչին և վստահում Նրան, Նա մեզ անվտանգ տուն կուղեկցի Սուրբ Հոգու շշուկների, հին ու ժամանակակից սուրբ գրությունների, ժամանակակից մարգարեների, տեսանողների և հայտնողների ձայների, ինչպես նաև Իր և մեր Երկնային Հոր հետ խոր կապերի միջոցով, որոնք հնարավոր են դարձել տաճարային արարողությունների և ուխտերի միջոցով։
Ոչ մի այլ վայրում չկա առաջնորդության և ուղղորդման, ապահովության և պաշտպանության, ինչպես նաև մխիթարության, հանգստության և հույսի այնպիսի առատություն Քրիստոսում, ինչպես այստեղ՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում և Նրա վերականգնված Եկեղեցում։