«Ձեր ընկերը՝ Եկ, հետևիր ինձ», Լիահոնա, հունվ․ 2026։
Ձեր ընկերը՝ Եկ, հետևիր ինձ
Այս տարվա ռեսուրսը ավելացնում է նոր արվեստի գործեր և մտորելու տեղիք տվող գաղափարներ ձեր Հին Կտակարանի ուսումնասիրության համար։
Ես անպայման կազատեմ քեզ, Եվա Թիմոթի, պատճենումն արգելված է
Մի՞թե հրաշալի չէր լինի, եթե սուրբ գրությունները կարդալիս միշտ ձեր կողքին մի ընկեր նստած լիներ, որը ոգևորում է ձեզ։ Գուցե մեկը, ով սիրում է սուրբ գրությունները և այնքան ոգևորված է, որ դուք կարդում եք դրանք, որ հազիվ է զսպում իրեն։ Երբեմն ընկերդ ասում է. «Մի՞թե այդ մասը զարմանալի չէ»։ «Ի՞նչ ես մտածում այս հատվածների մասին»։ «Աստված իմ, սա ճիշտ մեր կյանքի նման է, չե՞ս կարծում»։ Եթե երբևէ բարդ հատվածի պատճառով շփոթվես կամ դժվարության մեջ հայտնվես, ընկերդ կարող է ասել՝ «Ահա մի տարբերակ, թե ինչպես կարելի է դիտարկել դա։ Դա օգնո՞ւմ է»,- չնայած նա զգույշ կլիներ, որ նշանակալի մանրամասներ չբացահայտեր։ Ի վերջո, նա ընկեր է։
Եկ, հետևիր ինձ ձեռնարկը այդպիսի ընկեր է։ Դրա նպատակն է օգնել ձեզ ունենալ սուրբ գրություններն ընթերցելու հրաշալի փորձառություն։ Այն կարող է ձեզ ուղղորդել դեպի հատվածներ, որոնք կօգնեն ձեզ կառուցել ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, իսկ այնուհետև կարող է օգնել ձեզ կապել այդ հատվածները ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այն կարող է օգնել, երբ հարցեր ունեք, բայց ավելի հաճախ Եկ, հետևիր ինձ ձեռնարկը ձեզ հարցեր կտա, այլ ոչ թե կպատասխանի դրանց, քանի որ լավ ընկերը երբեք չի զրկի ձեզ հոգևոր ճշմարտությունները ինքուրույն բացահայտելու հաճույքից։
Եկ, հետևիր ինձ ձեռնարկը կարող է կատարել այս բոլոր բարեկամական քայլերը ցանկացած ժամանակ, երբ կարդում եք սուրբ գրությունները։ Այո, նույնիսկ երբ այս տարի կարդում եք Հին Կտակարանը։
Մտածելու տեղիք տվող հարցերից և վարժության գաղափարներից բացի, Եկ, հետևիր ինձ ձեռնարկում կգտնեք այլ օգտակար հատկանիշներ։ Ահա դրանցից մի քանիսը.
Հին Կտակարան․ Ակնարկ
2026 թվականի Եկ, հետևիր ինձ ձեռնարկի սկզբում դուք կգտնեք Հին Կտակարանի տեսողական ամփոփում։ Այն նման է ժամանակացույցի, որը ներառում է մարգարեների, թագավորների և այլ կարևոր դեմքերի անունները։ Սա օգտակար է, քանի որ Հին Կտակարանի գրքերը ոչ բոլորն են ժամանակագրական կարգով դասավորված։ Ընդհանուր տեսքը կարող է ցույց տալ, օրինակ, թե Եսայու և Երեմիայի նման մարգարեների գրվածքները որտեղ են տեղավորվում Հուդայի թագավորության պատմության մեջ։ Դուք կարող եք տեսնել, թե Դանիելի և Եսթերի պատմությունները որտեղ են տեղավորվում Հին Կտակարանի ավելի լայն պատկերի մեջ։ Եթե երբևէ մոլորված զգաք Հին Կտակարանում, դիմեք «Հին Կտակարանի ակնարկին»՝ կողմնորոշվելու համար։
Նոր պատկերագիրք
Այս տարվա Եկ, հետևիր ինձ ձեռնարկի համար պատվիրվել է տասներկու նոր նկար։ Որոշ կարևորագույն կետերից են․
-
Ենովքը տեսնում է ժամանակի միջօրեականը նկարը (Ջենիֆեր Փեյջեթ), որը խորհրդանշականորեն պատկերում է Ենովքի տեսիլքը Փրկչի զոհաբերության մասին (տես Մովսես 7):
-
Կանգնեք որպես վկա, (Քվանի Պովի Ուինդեր), որը լուսաբանում է «փոքրիկ աղջկան», որի պարզ վկայությունը հանգեցրեց մեծ հրաշքի (տես Դ Թագավորների 5)։
-
Ես մեծ գործ ունեմ անելու, (Թայսոն Սնոու), որը պատկերում է Երուսաղեմի պարիսպները վերակառուցելու Նեեմիայի վճռականությունը, չնայած իր թշնամիների դիմադրությանը (տես Նեեմիա 4)։
-
Ես անպայման կազատեմ քեզ, (Եվա Թիմոթի) Երեմիայի՝ եթովպացի Աբդիմելեքի կողմից ցեխոտ զնդանից ազատագրման պատկերը (տես Երեմիա 38–39)։
«Մտքեր, որոնք պետք է հիշել»
Ժամանակ առ ժամանակ Եկ, հետևիր ինձ ձեռնարկի շաբաթական ուսումնական ուղեցույցների հաջորդականությունը ընդհատվում է «Մտքեր, որոնք պետք է հիշել» բաժնի համար։ Սրանք մինի-էսսեներ են այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են՝ ուխտերը, զոհաբերությունը, Իսրայելի հավաքումը և Հին Կտակարանի պոեզիան։ «Մտքեր, որոնք պետք է հիշել» բաժինը ներկայացնում է պատմական համատեքստ, վերջին օրերի հեռանկարներ և պարզ գաղափարներ, որոնք կարող են հեշտացնել հավատք կերտող փորձառություններ ունենալը Հին Կտակարանն ուսումնասիրելիս։
Ինչպես նախորդ տարիներին, Եկ, հետևիր ինձ ձեռնարկը ևս ձեր ուսումնասիրության առարկան չէ։ Դա պարզապես օգտակար ուղեկից է, երբ դուք ուսումնասիրում եք Աստծո խոսքը սուրբ գրություններում։ Ընկերները հենց դրա համար են: