«Կորսված չեն Փրկչի համար», Լիահոնա, հունվ․ 2026:
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Կորսված չեն Փրկչի համար
Ես շնորհակալ եմ մխիթարական օրհնության համար, որը ստացա տաճար հաճախելուց։
Նկարը՝ Ալեն Գարնսի, թույլտվությամբ պատկերել է Դել Փարսոնի Կորած ոչխարը կտավը
Ընտանիքի անդամներից մեկը և նրա ամուսինը վերջերս որոշեցին հեռանալ Եկեղեցուց՝ իրենց փոքր երեխաների հետ միասին։ Այդ լուրը շատ տխրեցրեց մեր ընտանիքին։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք փորձեցինք վերագտնել մեր բնականոն վիճակը։
Նրանց հայտարարությունից հետո օրերը լի էին տառապանքով, արցունքներով և մեր Երկնային Հորը ուղղված անկեղծ աղոթքներով։ Իմ աղոթքների անմիջական պատասխաններից մեկն այն էր, որ ես պետք է ամեն շաբաթ երկրպագեմ տաճարում։ Որպես ուսանողուհի, աշխատող կին և մայր՝ այդ պատասխանը ինձ վախեցնող թվաց, բայց ես որոշեցի հնարավորինս հնազանդ լինել հուշմանը։
Մի երեկո՝ աշխատանքի հատկապես դժվար հերթափոխից հետո, ես ուժեղ զգացում ունեցա, որ այդ երեկո պետք է գնամ տաճար։ Ես խնդրեցի որդուս ուղեկցել ինձ՝ նախնական աշխատանք կատարելու համար։
Երբ մենք հասանք տաճար, գնացինք մեր առանձին ճանապարհներով։ Երբ ես մի քանի քույրերի համար փոխարինող աշխատանք կատարեցի և լսեցի նրանց խոստացված օրհնությունները, հուզմունքը պատեց ինձ։ Ես չէի կարողանում մտքիցս հանել մեր հեռացած ընտանիքի անդամներին։
Ավարտելուց հետո հագնվեցի, գնացի սպասասրահ և նստեցի։ Շուտով, սակայն, զգացի, որ պետք է տեղս փոխեմ, որպեսզի տեսնեմ որդուս, երբ նա դուրս գա տղամարդկանց հանդերձարանից։
Ես տեղափոխվում էի, բայց անհանգիստ էի զգում յուրաքանչյուր տեղում, մինչև վերջապես նստեցի տաճարի մուտքի մոտ՝ պատի դիմաց գտնվող բազմոցին։ Ես հենց նոր էի վերցրել սուրբ գրությունները՝ փորձելով հանգստացնել անհանգիստ սիրտս, երբ նայեցի պատին։
Այնտեղ ես տեսա գրեթե իրական չափերի մի նկար, որտեղ Փրկիչը գրկում պահում էր մի փոքրիկ գառնուկ։ Հոգին հանկարծ հիշեցրեց ինձ, որ չնայած իմ սիրելի ընտանիքի անդամները կորսված էին համարվում ինձ համար, սակայն նրանք կորսված չէին մեր Փրկչի համար։
«Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի։
Եվ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի» (Ղուկաս 15․4–5):
Մենք կարող ենք շարունակել սիրել և փորձել հասկանալ նրանց, ովքեր հեռացել են: Բայց երբ տխրությունը ողողում է ինձ, ես հիշում եմ այս փորձառությունը՝ հույս ունենալով, որ մի օր նրանք, ովքեր մոլորվել են, կգտնեն իրենց վերադարձի ճանապարհը սիրող Փրկչի օգնությամբ։