Լիահոնա
Ինչպե՞ս կարող եմ բողոքել
Հունվար 2026 Լիահոնա


«Ինչպե՞ս կարող եմ բողոքել», Լիահոնա, հունվ․ 2026։

Դիմանկարներ հավատքի թեմայով

Ինչպե՞ս կարող եմ բողոքել

Մեր ընտանիքի՝ որպես փախստականների չորս տեղափոխությունները դարձան իսկական տիտանական փորձություն։ Բայց մենք կառչում ենք երկաթե ձողից՝ վստահ լինելով, որ Տերը մեզ տանում է դեպի ավելի լավ ապագա։

հեղինակն իր ընտանիքի հետ

2019 թվականի աշնանը ես ժամանեցի Իսպանիա երեխաներիս՝ 8-ամյա Ահարոնի և 17-ամյա Խորխեի հետ, որն աուտիզմ ունի։ Ճամպրուկիս մեջ ունենալով միայն երազանքներս՝ ես ամուր կառչեցի Աստծուց և լիովին վստահեցի Նրան։

Մի բարի սամարացի մեզ ընդունեց իր տանը, որտեղ մենք մնացինք երկու շաբաթ։ Բայց Խորխեին իրեն ծանոթ միջավայրից հեռացնելը հեշտ չէր։ Իր վիճակի պատճառով նա հետևում է խիստ ռեժիմի։ Առաջին մի քանի գիշերները նա խփում էր պատերին, և ես արագ վեր էի կենում, որպեսզի նա ուրիշներին չարթնացներ։ Ես ծնկի իջա նրա կողքին և աղոթեցի՝ հիշելով Եսայի 41․10 հատվածը․ «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով»:

Իսպանիայում գտնվելու մեր երկրորդ շաբաթվա վերջում մենք եկեղեցի հասանք հենց այն պահին, երբ հաղորդության ժողովն ավարտվում էր։ Ես մոտեցա մի երիտասարդ կնոջ, որը Երեխաների միության երեխաների հետ էր, և բացատրեցի, որ ես Եկեղեցու անդամ եմ, բայց ոչ մեկին չեմ ճանաչում։ Նա մեզ ծանոթացրեց մի քանի այլ անդամների հետ։

Հաջորդ օրը Սարագոսայի քաղաքային խորհուրդը մեզ ընդունեց որպես փախստականների և տարավ մի բնակարան, որտեղ ջուր և էլեկտրաէներգիա չկար։ Եպիսկոպոսությունը, Սփոփող միությունը և մեր հաճախած ծխի երեցների քվորումը օգնության հասան մեզ՝ տրամադրելով վերմակներ, տաքացման կարիք չունեցող սնունդ, ձմեռային հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Երեխաներս սկսեցին դպրոց գնալ, իսկ ես՝ վերապատրաստման դասընթացի։ Ճաշի ժամերը մարտահրավեր էին Խորխեի համար, քանի որ նա սովոր էր կեսօրին ճաշելուն։ Նրա դաստիարակը տեղեկացրեց ինձ, որ անկախ նրանից, թե ով է դասավանդում, երբ ժամացույցը ցույց է տալիս կեսօր, նա պետք է հանի իր սնունդը և սկսի ուտել։

«Ես ևս ծոմ եմ պահելու»

Մեր չորս տեղափոխությունները տիտանական փորձություն էին մեզ համար։ Ես աղոթում էի ուժեղ մնալու համար, բայց հաճախ միայնակ լաց էի լինում։ Շաբաթներ շարունակ ես գիշերը քնում էի ընդամենը երկու կամ երեք ժամ։ Մի քանի օր աշխատանք փնտրելուց հետո ես օրհնվեցի աշխատանքով․ պետք է խնամեի մի երիտասարդ կնոջ, որը տառապում էր ուղեղի անբուժելի քաղցկեղով։ Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո ես վերցնում էի երեխաներին, օգնում էի նրանց պատրաստել դասերը, ապա կատարում էի իմ ուսումնական տնային առաջադրանքները։

Ես մեկ տարի հոգ տարա այդ հրաշալի երիտասարդ կնոջ մասին, մինչև նա մահացավ 48 տարեկանում՝ թողնելով երկու փոքր երեխաների։ Նրա իրավիճակը ստիպեց ինձ հարցնել ինքս ինձ. «Ես ինչպե՞ս կարող եմ բողոքել»։ Նրա մասին հոգ տանելով՝ ես հոգացի մեր կարիքները և իմ հոգին երախտագիտությամբ լցվեց իմ Երկնային Հոր հանդեպ։

Ամեն օր տանը մենք կարդում էինք սուրբ գրությունները, աղոթում և հաստատում էինք սովորույթներ՝ Խորխեի անվտանգությունն ապահովելու համար։ 2024 թվականի սկզբին մենք սկսեցինք նախապատրաստվել Մադրիդի (Իսպանիա) տաճար գնալու համար։ Երկնային Հորը ավելի մոտենալու համար ես զգացի, որ մենք պետք է ընտանիքով ծոմ պահենք։ Ահարոնը համաձայնեց, և հաջորդ առավոտյան Խորխեն ինձ ասաց. «Մայրիկ, այսօր ես էլ եմ ծոմ պահելու»։ Դա աննկարագրելի ուրախության պահ էր։

հեղինակը և նրա ընտանիքը տաճարի առջև

«Մադրիդի (Իսպանիա) տաճար գնալու նախապատրաստական աշխատանքները սկսելիս Երկնային Հորը ավելի մոտենալու համար ես զգացի, որ պետք է ընտանիքով ծոմ պահենք», - ասում է Եսմինը: «Խորխեն ինձ ասաց. «Մայրի՛կ, այսօր ես էլ եմ ծոմ պահելու»։ Դա աննկարագրելի ուրախության պահ էր»։

Մեր տաճարային այցելությունից ի վեր Խորխեի վիճակը զգալիորեն բարելավվել է։ Նա ավելի ճկուն է իր ժամանակացույցի հետ կապված։ Շաբաթ օրերին նա պատրաստում է իր հագուստը, որպեսզի պատրաստ լինի կիրակի օրը հաղորդությունը բաժանելուն։ Նա նաև մեծ առաջընթաց է գրանցել ուսումնական առումով։

Այսօր մենք հոգ ենք տանում ինքներս մեր մասին՝ սիրող Երկնային Հոր աջակցությամբ։ Հիսուս Քրիստոսը մեզ վերակենդանացրել է մոխիրներից (տես Եսայի 61․3)։ Մեր տասանորդը վճարելով՝ մենք առատ օրհնություններ ենք ստացել։ Մենք կառչած ենք երկաթե ձողից (տես 1 Նեփի 8.24, 30, 11.25, 15.23) այն վստահությամբ, որ շարժվում ենք դեպի ավելի լավ ապագա:

Հղում

  1. «Նեղությունների ժամանակ երախտապարտ լինելը չի նշանակում, որ մենք գոհ ենք մեր հանգամանքներից: Սա նշանակում է, որ հավատքի աչքերով մենք նայում ենք մեր այսօրվա մարտահրավերներից այն կողմ: Մեր հանգամանքներում երախտապարտ լինելը Աստծո հանդեպ հավատքի դրսևորում է (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում», Լիահոնա, մայիս 2014, 76)։