«Հավատարմություն և մարգարեներ՝ անցյալ և ներկա», Լիահոնա, հունվ․ 2026։
Հավատարմություն և մարգարեներ՝ անցյալ և ներկա
Հինգ կարևոր սկզբունքներ կարող են օգնել մեզ խուսափել մարգարեներին և առաքյալներին հակառակվելու ծուղակից։
Երբ ես 17 տարեկան էի, ապրում էի Արևմտյան Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա, ԱՄՆ), միսիոներները իմ ընտանիքին ուսուցանեցին Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին։ Երիտասարդ Ջոզեֆի՝ Աստծո հետ շփվելու և Նրա կամքը իմանալու ցանկությունը խորապես համընկնում էր իմ սեփական ցանկությունների հետ։
Երբ միսիոներները մեզ ուսուցանում էին ապրող մարգարեների և առաքյալների մասին, ես հարցրի. «Կա՞ն այսօր առաքյալներ։ Որտե՞ղ են նրանք»։ Նրանք մեզ ցույց տվեցին նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985), Առաջին Նախագահության նրա խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների լուսանկարը՝ արված 1980 թվականին։ Սա ամրապնդեց իմ զարգացող վկայությունն այն մասին, որ Աստված, ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան, դեռևս կարիք ունի մարգարեների և առաքյալների՝ Իր զավակներին ներկայումս առաջնորդելու համար։
Ժամանակի ընթացքում իմ ծնողներն ու բոլոր 10 երեխաները մկրտվեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Ապրող մարգարեներին ու առաքյալներին ճանաչելուց ի վեր նրանց սրբազան կոչման և բանալիների մասին իմ վկայությունը միայն ավելի է ամրապնդվել։
Մարգարեների և առաքյալների առջև ծառացած մարտահրավերները
Բնականաբար, սատանան միշտ ձգտել է նվազեցնել վստահությունը մարգարեների և առաքյալների հանդեպ։ Ի վերջո, պատմության ընթացքում նրանք եղել են Հիսուս Քրիստոսի անվան գլխավոր վկաները ողջ աշխարհի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 107․23)։
Մեր ժամանակներում հակառակորդը ձգտում է խոչընդոտել այն, ինչ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն անվանել է «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունը»՝ Իսրայելի հավաքումը, որը պետք է նախորդի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Մարգարեներն ու առաքյալները կրում են այս հավաքի բանալիները։ Ուստի, նրանք միշտ բախվում են հակադրության։
Թե՛ հին ժամանակներում, թե՛ վերջին օրերում, սատանան նույնիսկ գտել է եղանակներ՝ խաբելու Աստծո ուխտյալ զավակներից մի քանիսին, որ պայքարեն Գառան առաքյալների դեմ՝ անցյալում և ներկայում (տես 1 Նեփի 11․34–36)։
Ահա հինգ սկզբունք, որոնք կարող են օգնել մեզ խուսափել այս ծուղակի մեջ ընկնելուց։
Հավատք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ
Այս սկզբունքներից առաջինը նաև ավետարանի առաջին սկզբունքն է՝ հավատք Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ։
Հավատքը ուղղորդող է։ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ՝ նախագահ Ջեֆրի Ռ. Հոլանդը, ուսուցանել է, որ հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան։
Քանի որ մեր հավատքը Քրիստոսի հանդեպ և վստահությունը Աստծո հանդեպ աճում է, մենք «նայում ենք առաջ հավատքի աչքով և տեսնում», որ Նրանց խոստումները կատարված են (տես Ալմա 5․15, տես նաև Մոսիա 18․21․ Ալմա 32․40)։ «Եղեք մեկ» վերնագրով տոնակատարության ժամանակ, որը նվիրված էր քահանայության վերաբերյալ 1978 թվականի հայտնության 40-ամյակին, Առաջին Նախագահության առաջին խորհրդական նախագահ Դալլին Հ. Օուքսը հրավիրեց բոլորին «սպասել մեր հավատքի միասնությանը և վստահել Տիրոջ խոստմանը [տես 2 Նեփի 26․33]»։
Այս առաջնային ուղղվածությունը մեզ տանում է դեպի նախագահ Նելսոնի խոստման կատարումը «կատարյալ խաղաղության և ներդաշնակության»՝ այս նույն իրադարձության ընթացքում և այն օրը, երբ, ինչպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական նախագահ Հենրի Բ. Այրինգն է ուսուցանել. «Տեր Եհովան կվերադառնա ապրելու նրանց հետ, ովքեր դարձել են Իր ժողովուրդը և կգտնի նրանց միավորված, մեկ սրտով, միավորված Իր և մեր Երկնային Հոր հետ»։
Ի հակադրություն սրա՝ սատանան ձգտում է կարծրացնել Աստծո զավակներին, որպեսզի նրանք խրվեն անցյալի հանգամանքների, հայտարարությունների կամ ուսմունքների մեջ՝ նույնիսկ նրանց վրա, որոնք պարզաբանվել են ավելի ուշ շրջանի մարգարեների և առաքյալների կողմից։ Որպես «մեր եղբայրների դեմ չարախոսը … գիշերուզօր» (Հայտնություն 12․10), նա հրահրում է Աստծո մարգարեների, առաքյալների և նրանց ուսմունքների մշտական քննադատությունը։ Սա խորամանկորեն խաթարում է նրանց հավատը իրենց վկայության կիզակետի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ, և դա է նրա վերջնական դիվային նպատակը։
Ժամանակակից առաքյալների միասնության, խաղաղության և ներդաշնակության մասին հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ չնայած սատանան խորամանկորեն հրահրում է վեճ և անհամաձայնություն, այժմ ժամանակն է, որ Աստծո բոլոր ուխտյալ զավակները (տես 1 Նեփի 11․34–36) միավորվեն՝ ընդունելով և գործելով Աստծո կողմից Իր մարգարեների և առաքյալների միջոցով բացահայտված հավերժական ճշմարտությունների համաձայն։ Այդպես մենք կարող ենք դառնալ միասնական, երջանիկ, հզոր, ուխտի, հավատքով լի ժողովուրդ՝ զրոյական ռասայական, սեռական, էթնիկական կամ այլ աններդաշնակությամբ։
Մարգարեների և առաքյալների ուսմունքները ոգեշնչում են այս միասնությունը և Հիսուս Քրիստոսի հանդեպ անսասան հավատը, որը միշտ մեզ առաջ կտանի։
Մի՛ դատապարտեք, մի՛ դատեք, գործեք հավատքով
Մորոնին, տեսնելով մեր օրերը, ուսուցանում էր, թե ինչպես կարող ենք պաշտպանված լինել մարգարեների և առաքյալների նկատմամբ քննադատական վերաբերմունքից՝ չդատապարտելու և չդատելու սկզբունքի միջոցով։
«Մի դատապարտեք ինձ իմ թերությունների համար, ոչ էլ իմ հորը նրա թերությունների համար, ոչ էլ նրանց, ովքեր գրել են նրանից առաջ. այլ, ավելի շուտ, գոհություն հայտնեք Աստծուն, որ նա հայտնի է դարձրել ձեզ մեր թերությունները, որպեսզի դուք սովորեք լինել ավելի իմաստուն,, քան մենք ենք եղել» (Մորմոն 9․31, շեշտադրումն ավելացված է):
Այլ կերպ ասած, մենք կենտրոնանում ենք մարգարեների և առաքյալների ուսմունքների և Քրիստոսի ու Նրա ավետարանի վկայության վրա և սովորում դրանցից, և խուսափում ենք նրանց թերությունները փնտրելուց։ Պատմության ընթացքում Աստված բացահայտել է այս թերություններից մի քանիսը մեր օգտի համար և որպեսզի օգնի մեզ սովորել ավելի իմաստուն լինել։ Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան դրա համար։
Այնուամենայնիվ, մենք պետք է զգույշ լինենք։ 2019 թվականի ապրիլի գերագույն համաժողովում նախագահ Այրինգը մեջբերեց Առաջին Նախագահության առաջին խորհրդական՝ նախագահ Ջորջ Ք. Քենոնի (1827–1901) այս ուսմունքը. «Աստված ընտրել է Իր ծառաներին։ Նա հաստատում է, որ Իր իրավունքն է դատապարտել նրանց, եթե նրանց անհրաժեշտ է դատապարտել: Նա մեզ, անհատապես, չի լիազորել, որ պարսավենք ու դատապարտենք նրանց: Ոչ ոք, որքան էլ ուժեղ լինի հավատքի մեջ, որքան էլ բարձր լինի քահանայության մեջ, չի կարող չարությամբ խոսել Տիրոջ օծյալի դեմ ու սխալ փնտրել երկրի վրա Աստծո իշխանության դեմ՝ առանց առաջացնելու Նրա դժգոհությունն իր հանդեպ։ Սուրբ Հոգին կհեռանա նման մարդուց և նա կընկղմվի խավարի մեջ: Եթե արդյունքն այսպիսին է, տեսնո՞ւմ եք, թե որքան կարևոր է, որ մենք զգույշ լինենք»։
Ես և դուք ունենք Տիրոջ օրհնությունն ու հանձնարարությունը մարգարեական ուսմունքների և գործողությունների վերաբերյալ, ներառյալ այն ամենը, ինչը մեզ համար դժվար է հասկանալ կամ ընդունել։
«Դու պիտի ուշք դարձնես նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ.
Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 21․4-5, շեշտադրումն ավելացված է)։
Կրկին, մենք չենք դատապարտում կամ դատում (տես Մատթեոս 7․1–2)։ Քանի որ ես առաջ եմ շարժվել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և մարգարեների ու առաքյալների օրհնության համար երախտագիտությամբ, ես առատորեն օրհնվել եմ (տես Վարդապետություն և Ուխտեր 21․6)։
Խուսափենք մեր իշխանությունը գերազանցելու գայթակղությունից
Մեկ այլ կարևոր սկզբունք է խուսափել մեր լիազորությունները գերազանցելուց կամ այնպիսի դերեր ստանձնելուց, որոնք մենք չունենք։ Այս մտածելակերպերը մեզ մոլորեցնում են՝ ստիպելով չափազանց բարձր գնահատել մեր սեփական կարծիքները, ինչը բնականաբար տեղի է ունենում, երբ չափազանց ցածր ենք գնահատում մարգարեների և առաքյալների ուսմունքները։ Ներկայիս և անցյալի մարգարեներին ու առաքյալներին դատապարտելը ակնհայտորեն գերազանցում է մեր լիազորությունները, քանի որ Տերը այս կարողությունը վերապահում է Իրեն։ Ես լիովին վստահ եմ, որ մեր ամենագետ, սիրող և ողորմած Փրկիչը անդրադարձել է կամ կանդրադառնա և անհամբերությամբ կների անցյալի ցանկացած սխալ կամ թերություն, ինչպես մենք հույս ունենք, որ Նա կանի մեզ համար ներկայում։
Մեր լիազորությունները գերազանցելու մեկ այլ օրինակ է այն, երբ մենք ենթադրում ենք, թե կարող ենք ուղղորդել մարգարեներին և առաքյալներին՝ ասելով, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Եկեղեցին կամ ինչպես պետք է այն կառավարվի։ Դա Տիրոջ դերն է, ոչ թե մերը (տես Վարդապետություն և Ուխտեր 28․2–7)։ Անկախ մեր բարի մտադրություններից՝ մարգարեներին և առաքյալներին դատապարտելը կամ նրանց ուղղորդելու փորձերը բխում են հպարտությունից և հանգեցնում են մոլորության ու մարգարեական իշխանությանը չհետևելուն։
Շարունակվող Վերականգնումը
1820 թվականից մինչ այսօր Տերը անընդհատ ուսուցանել է Իր մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին հայտնության գործընթացում, որով Նա առաջնորդում է Իր Եկեղեցին։
Նախագահ Նելսոնն ուսուցանել է․
«Երբ մենք հավաքվում ենք որպես Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի Խորհուրդ, մեր ժողովի սենյակները դառնում են հայտնության սենյակներ: Հոգին շոշափելիորեն ներկա է լինում: … Թեև մենք կարող ենք տարբեր սկզբնական տեսակետներ ունենալ, սերը, որ մենք զգում ենք միմյանց հանդեպ, մնայուն է: Մեր միասնությունն օգնում է մեզ հասկանալ Տիրոջ կամքը Իր Եկեղեցու համար:
Մեր ժողովներում մեծամասնությունը երբեք չի ղեկավարում: Մենք աղոթքով լսում ենք մեկս մյուսին և խոսում միմյանց հետ, մինչև որ միաբանվում ենք»:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկատել է. «Նպատակը պարզապես խորհրդի անդամների միջև համաձայնությունը չէ, այլ Աստծուց հայտնություն ստանալը։ Դա մի գործընթաց է, որը ներգրավում է ինչպես խելքը, այնպես էլ հավատքը՝ Տիրոջ միտքն ու կամքը ստանալու համար»:
Անվտանգության այս վերականգնված, կատարելագործված սկզբունքը մեծացնում է վստահությունը մեր ներկայիս առաջնորդների՝ Եկեղեցին մշտապես Տիրոջ կամքին համապատասխան կառավարելու ունակության նկատմամբ։
Պահպանեք խոնարհ վերաբերմունք
Իհարկե, Հիսուս Քրիստոսը կանգնած է Իր Եկեղեցու գլխին, և Նա ուղղորդում է Իր մարգարեներին։ Այն, ինչ մենք կարող ենք ընկալել որպես թերություն նրանց խոսքերի կամ գործողությունների մեջ, իրականում կարող է արտացոլել մեր ընկալման կամ մահկանացու հասկացողության թերություն։ Հիշելով, որ Տիրոջ ճանապարհները մեր ճանապարհներից բարձր են, և Նրա մտքերը մեր մտքերից բարձր են (տես Եսայի 55․8–9), մենք կարող ենք խուսափել մարգարեներին դատելուց, այդ թվում՝ անցյալի մարգարեներին։ Այս խոնարհ վերաբերմունքը մեզ հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել կենդանի մարգարեների խոսքերին «ողջ համբերատարությամբ ու հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 21․5, տես նաև 1․28)։
Այն նաև օգնում է մեզ ստանալ ավելի մեծ հայտնություն, հույս և հավատք Քրիստոսի հանդեպ՝ ավելի ու ավելի դժվարացող աշխարհում։ Հակոբն ուսուցանել է․ «Մենք ուսումնասիրում ենք մարգարեներին, և մենք ունենք շատ հայտնություններ և մարգարեության ոգի. և ունենալով բոլոր այս վկայությունները՝ մենք ձեռք ենք բերում հույս, և մեր հավատքը դառնում է անսասան» (Հակոբ 4․6)։ Եթե մենք խոնարհ լինենք, այս սրբազան փորձառությունները կարող են մեզանից հեռացնել մարգարեների և առաքյալների նկատմամբ, այդ թվում՝ անցյալի առաքյալների նկատմամբ թերություններ փնտրելու ցանկացած ցանկություն (տես Վարդապետություն և Ուխտեր 88․124, 136․23)։ Խոնարհությունը մեզ օգնում է «ուսումնասիր[ել] մարգարեներին» ճշմարտություններ գտնելու համար, որոնք մեծացնում են մեր ուրախությունն ու խաղաղությունը, այլ ոչ թե փնտրում են թերություններ։
Այդ ոգով ես բերում եմ իմ վստահ և սիրող վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթից սկսած, մարգարեները Աստծո մարգարեներն էին անխափան հաջորդականության գծով մինչև և ներառյալ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։ Ինձ համար մեծ օրհնություն է եղել «մարգարեներին ուսումնասիրելը» և նրանցից յուրաքանչյուրի ուսմունքների միջոցով Աստծուն ավելի մոտենալը։
Ես վկայում եմ, որ այս մարգարեների ղեկավարությամբ, սուրբ առաքելության կոչվածները Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաներն էին և են ամբողջ աշխարհում։ Ի՜նչ մեծ պատիվ է նայել և առաջ շարժվել դեպի Հիսուս Քրիստոսը՝ այս վկաների ուսմունքների միջոցով։