Լիահոնա
Այնտեղ, ուր մեղքը քաոս է առաջացնում, Քրիստոսը խաղաղություն է բերում
Հունվար 2026 Լիահոնա


«Այնտեղ, ուր մեղքը քաոս է առաջացնում, Քրիստոսը խաղաղություն է բերում», Լիահոնա, հունվ. 2026։

ՉԵ շաբաթական պարբերականից

Այնտեղ, ուր մեղքը քաոս է առաջացնում, Քրիստոսը խաղաղություն է բերում

Նույնիսկ կյանքի քաոսի մեջ Քրիստոսը կարող է լույս, կարգուկանոն և խաղաղություն բերել ձեր հոգուն։

Նկար՝ մարդը դիտում է, թե ինչպես են արևի ճառագայթները ճեղքում ամպերի միջով

Նկարը՝ Քետի Բըրչի

Կյանքում երբևէ մի փոքր … քաոսի զգացում ունեցե՞լ եք։

Քաոսի զգացումը մի բան է, որը մենք բոլորս ժամանակ առ ժամանակ ունենում ենք։ Աշխարհի բարդությունները ստիպում են մեզ հեշտությամբ մոռանալ, որ մենք հոգևոր էակներ ենք, որոնք ունենում են մահկանացու փորձառություններ՝ մի բան, որը մենք երբեք չենք արել նախկինում։

Աստծո կողմից մեզ տրված երկու հրաշալի պարգևներն են՝ մահկանացու մարմինները և ազատ կամքը։ Այդ պարգևները թույլ են տալիս մեզ զգալ, ցանկանալ և գործել ինքներս մեզ համար։ Ուստի բնական է, որ իրավիճակը կարող է խառնաշփոթ կամ անորոշ թվալ այն ընտրությունների պատճառով, որոնք բնական կինը կամ տղամարդը հակված են կատարելու։

Բոլորս էլ սխալներ ենք գործում: Բայց երբ մենք պայքարում ենք մեղքերի կամ սովորությունների դեմ, որոնք, կարծես, չենք կարողանում հաղթահարել, անկախ նրանից, թե որքան ենք փորձում փոխվել, հեշտ է խառնաշփոթի զգացում ունենալը։ Երբ մեր հոգևոր կողմը ձգտում է դեպի երկինք, իսկ մահկանացու կողմը՝ դեպի աշխարհը, դա կարող է նմանվել ներքին անընդհատ պայքարի։

Անկախ նրանից՝ մենք պայքարում ենք բամբասանքի, զայրույթի, անարդար դատողությունների, չափից շատ մեդիայի սպառման, պոռնոգրաֆիայի օգտագործման կամ այլ մարտահրավերների դեմ, հակառակորդը արագորեն փորձում է բորբոքել ամոթի, հուսահատության և, ի վերջո, հոգևոր քաոսի կրակը։

Ի բարեբախտություն մեզ, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն, թե ինչպես հաղթահարել քաոսը։

Նախ՝ փնտրենք Նրա լույսը

Արարման ընթացքում՝ մեզ հայտնի ամեն ինչի սկզբում, տիեզերքը նկարագրվում է որպես քաոսային, անկազմակերպ վիճակում գտնվող երևույթ. «Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր» (Ծնունդ 1․2)։ Այս քաոսն ու անհույս խավարը հիշեցնում են այն զգացողությունները, որոնք հակառակորդը կարող է մեզ մոտ առաջացնել, երբ մենք մեղանչում ենք կամ կատարում ենք մեր արժեքներին հակասող ընտրություններ։ Նա վայելում է մեր թակարդված վիճակը և հաճախ խրախուսում է մեզ թաքնվել։

Սակայն, ինչպես ուսուցանել է Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական քույր Թամարա Վ. Ռունիան. «Հիսուս Քրիստոսը լույս է տալիս նրանց, ովքեր նստած են խավարում։ Ուստի, այն օրերին, երբ դուք լսում եք այդ ձայնը, որն ասում է՝ պետք է թաքնվեք միայնակ՝ մութ սենյակում, ես հրավիրում եմ ձեզ քաջ լինել և հավատալ Քրիստոսին: Գործեք և միացրեք լույսը՝ մեր հույսի կատարյալ պայծառությունը»։

Աստծո առաջնորդությամբ Արարչագործության ժամանակ Հիսուս Քրիստոսի առաջին գործը քաոսի խավարը ցրելու համար լույս բերելն էր (տես Ծնունդ 1․3, Մովսես 2․2–5)։ Այնտեղից Նա շարունակեց կազմակերպել նյութի յուրաքանչյուր քաոսային մաս՝ սկսած անծայրածիր երկնքից մինչև ամենափոքր սածիլը։

Եթե Նա կարողացավ կարգուկանոն հաստատել տիեզերքում, պատկերացրեք, թե ինչ կարող է պատահել, երբ դուք ամեն օր դիմեք Նրա Որդուն՝ բժշկման և փրկագնման զորության համար։ Երբ զգում եք, որ ծանրաբեռնված եք ձեր մաքառումներով և աշխարհի խավարով, Քրիստոսի լույսին հասնելը խաղաղության և աստվածային կազմակերպման առաջին քայլը կլինի։

Հաջորդը՝ հիշեք, թե ով եք դուք

Երկինքն ու երկիրը կազմավորելուց և գեղեցկացնելուց հետո Երկնային Հայրը պատրաստեց Իր հոգևոր զավակների ճանապարհը՝ երկիր գալու և ֆիզիկական մարմիններ ստանալու համար։ Սակայն մեր՝ երկրի վրա գտնվելու ընթացքում հակառակորդը ջանասիրաբար աշխատում է, որպեսզի մենք մոռանանք, թե ով ենք մենք։

Մենք կարող ենք տեսնել նրա ջանքերը՝ մեզ շեղելու մեր աստվածային ինքնությունից այն պահին, երբ Աստված խոսում է Մովսես մարգարեի հետ և նրա հետ կիսվում գիտելիքներով։ Մովսես 1 գլխում Աստված Մովսեսի հետ խոսում է անունով և բազմիցս նրան Իր որդի է անվանում։

Սակայն, հենց որ Աստված հեռանում է, հայտնվում է սատանան և Մովսեսին անվանում «մարդու որդի» (Մովսես 1․12), գայթակղելով նրան մոռանալ, թե ով է նա իրականում։

Սատանան ցանկանում է, որ մենք մոռանաք, թե ով ենք մենք իրականում: Նա կասկածներ է սերմանում մեր փոխվելու ունակության վերաբերյալ։ Նա ուզում է, որ մենք հավատանք, որ մենք բնական, անփոփոխ տղամարդիկ և կանայք ենք և միշտ էլ այդպիսին կլինենք։

Սակայն Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնը հիշեցնում է մեզ. «Դուք կարող եք Քրիստոսի մոտ գալ Նրա սիրառատ բարության հանդեպ վստահությամբ և ստանալ Նրա բոլոր պարգևները՝ ուրախություն, խաղաղություն, հույս, լույս, ճշմարտություն, հայտնություն, գիտելիք և իմաստություն։… Դուք Աստծո սիրելի դուստրն եք, դուք Աստծո թանկագին որդին եք, և Նա ձեզ պարգևել է Իր կատարյալ, սուրբ Որդուն՝ ձեզ փրկագնելու, արդարացնելու և սրբագործելու համար»։

Փրկագնումը մի բան է, որը սատանան երբեք չի ունենա։ Եվ երբ մենք հենվում ենք մեր հոգևոր ինքնության վրա, կարող ենք ասել, ինչպես «Մովսեսն ասաց.

Ո՞վ ես դու: Քանզի ահա, ես Աստծո որդի եմ, նրա Միածնի նմանությամբ։ …

Դե՛ն գնա, Սատանա. ինձ մի խաբիր. քանզի Աստված ինձ ասաց. Դու իմ Միածնի նմանությամբ ես» (Մովսես 1․13, 16

Եթե կյանքը վերածվում է քաոսի, դադար տվեք։ Հիշեք ձեր աստվածային ինքնությունը: Թող այդ ճշմարտությունը, որ դուք Աստծո սիրելի զավակն եք, առաջնորդի ձեզ դեպի երկինք։ Դիմեք Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա կարողանա օգնել ձեզ կարգուկանոն վերականգնել ձեր հոգում։

Վերջապես՝ թույլ տվեք Քրիստոսին քաոսը վերածել խաղաղության

Երբ Ադամն ու Եվան լքեցին Եդեմի այգին, այնտեղի՝ նրանց միշտ ծանոթ պարզությունը փոխարինվեց միայնակ ու մռայլ աշխարհով։ Սակայն Երկնային Հայրը խոստացավ, որ նրանք կարող են խաղաղություն ունենալ, քանի որ Նա պատրաստեց մի Փրկիչ՝ նրանց մեղքերից ու վշտերից փրկագնելու համար (տես Մովսես 5․7–10

Երբ ձեզ ճնշում են մահկանացու կյանքի փորձությունները, հիշեք այս անփոփոխ ճշմարտությունը. Երկնային Հայրը նախապես գիտեր, որ մենք պիտի բախվենք գայթակղությունների, սխալներ գործենք և մեղանչենք Իր մոտ՝ տունդարձի ճանապարհին։ Այդ ամենը ծրագրի մի մասն էր։

Հիսուս Քրիստոսի միջոցով Երկնային Հայրը միշտ կարող է օգնել մեզ վանել կյանքի խավարի ուժերը և դրանք փոխարինել լույսով։ Անկախ նրանից, թե քանի անգամ ենք սխալվում, մեր Փրկչի շնորհիվ մենք կարող ենք քաոսը փոխարինել մեր հոգիների խաղաղությամբ, երբ ապաշխարում ենք։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․

«[Հիսուս Քրիստոսը] կարող է ուժ տալ ձեզ: Նա կօրհնի ձեզ խաղաղությամբ, նույնիսկ քաոսի ժամանակ: …

Հիսուս Քրիստոսն Իր վրա է վերցրել ձեր մեղքերը, ձեր ցավերը, ձեր վշտերն ու ձեր թուլությունները։ Պետք չէ, որ դուք միայնակ կրեք դրանք։ Նա կների ձեզ, երբ դուք ապաշխարեք: Նա կօրհնի ձեզ այն ամենով, ինչի կարիքը դուք ունեք: Նա կբուժի ձեր վիրավոր հոգին»:

Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների եք հանդիպում, երբ օգնության համար դիմում եք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Նրանք միշտ կարող են վերականգնել ավերվածը, ազատել ձեզ մեղքերի և գայթակղությունների քաոսից և գեղեցկացնել ձեր կյանքը։

Նրանք դա արել են բազմիցս։