«Կգնամ, ուր կուզես Դու, Տեր», Լիահոնա, հունվար 2026։
Սրբեր ամեն երկրում
Կգնամ, ուր կուզես Դու, Տեր
Նա թողեց իր տունը, անցավ օվկիանոսը՝ հայրենիքում վերականգնված ավետարանը քարոզելու համար և մահացավ 26 տարեկանում՝ հավատարիմ մնալով իր ուխտերին։
Էմմա Փերսելը (առաջին շարք) և այլ միսիոներներ Սամոայի միսիայում, 1902 թվականի հոկտեմբեր
1901 թվականի մայիսի 5-ին 17-ամյա Էմմա Փերսելը ընդունեց Սամոայում միսիա ծառայելու կանչը։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ բոլոր ջանքերը կներդրվեն Տիրոջ աշխատանքը առաջ մղելու համար»,- գրել է նա նախագահ Լորենզո Սնոուին ուղղված նամակում։ Նա նաև խոստացավ. «Ես միշտ հաճույքով կպաշտպանեմ ավետարանի սկզբունքները, երբ և որտեղ էլ որ հնարավորություն լինի»։
Երբ Էմման պատրաստվում էր ծառայելու, դժվար թե իմանար, թե ինչ ակնկալել։ Նա յուրահատուկ էր իր միսիոներ ընկերների մեջ։ Եկեղեցին միայնակ կանանց լիաժամկետ միսիոներներ էր կանչել ընդամենը երեք տարի առաջ։ Եվ մինչ այժմ նա կանչվածներից կրտսերն էր։
Նա նաև կլիներ առաջին սամոացի կինը, որը կծառայեր լիաժամկետ միսիայում։ Չնայած նա ապրում էր Սոլթ Լեյք Սիթիում, սակայն ծնվել էր Մալաելայում՝ Սամոայի Ուպոլու կղզու արևելյան ծայրամասում գտնվող մի գյուղում։ 12 տարեկանում նա լքել էր իր տունն ու ընտանիքը՝ Յուտայում դպրոց հաճախելու համար, որը գտնվում էր 5000 մղոն (8047 կմ) հեռավորության վրա։
Հինգ տարի անց Սամոա վերադառնալու միտքը, անկասկած, և՛ հուզիչ, և՛ անհանգստացնող էր Էմմայի համար։ Հոգևորապես պատրաստվելու համար նա իր օժտումը ստացավ Սոլթ Լեյքի տաճարում։ Այսօրվա միսիոներների նման նա սրբազան ուխտեր կապեց Աստծո հետ և օրհնություններ ստացավ իր հավատարմության միջոցով։
Եվ, ինչպես նրա պատմությունը ցույց է տալիս, նա ամեն ինչ արեց այդ ուխտերը պահելու համար, մինչ ծառայում էր Տիրոջը։
Ուպոլուից մինչև Յուտա և հետ
Էմման ծնվել է 1883 թվականի հունիսի 26-ին Վիլիամու և Մատաֆուա Փերսելների ընտանիքում և նրանց յոթերորդ զավակն էր։ Նրա ընտանիքը Մալաելայում և շրջակայքում բնակվող մի քանի եվրոնեզյան (մասամբ եվրոպական, մասամբ պոլինեզյան) ընտանիքներից մեկն էր։ Նրա մայրը Սավայի կղզուց էր, որը գտնվում էր Ուպոլուից մի փոքր հյուսիս և արևմուտք: Նրա հայրը անգլիացու որդի էր, որը Սամոա էր եկել մոտավորապես 1834 թվականին, ամուսնացել սամոացի կնոջ հետ և բնակություն հաստատել Մալաելայում։
Էմման, հավանաբար, առաջին անգամ վերականգնված ավետարանի մասին իմացել է Ջոն և Նանավ Ռոզենկվիստների՝ Վերջին Օրերի Սրբերի զույգի հետ ապրելիս, որոնք նրան վերաբերվում էին որպես որդեգրված դստեր։ Նա մկրտվել է 12 տարեկանում՝ 1895 թվականի նոյեմբերի 3-ին։ Ծառայությանը ներկա միսիոներներից մեկը վկայեց մկրտության ժամանակ զգացած հզոր հոգու ներկայության մասին։
Մի քանի ամիս անց Ջոն Վ. Բեքը՝ Սամոայի միսիայի նախագահը, Առաջին Նախագահությունից հաստատում ստացավ Էմմային և այլ սամոացի երեխաների ուղարկելու Յուտա՝ ուսման համար։ Նա մեկնեց Ապիայից՝ Ուպոլուի գլխավոր նավահանգստից, նախագահ Բեքի և այլ միսիոներների հետ 1896 թվականի ապրիլի 23-ին։ Չնայած նրա կենսաբանական ծնողները համաձայն էին նրա հեռանալուն, սակայն արտասվելով էին հրաժեշտ տալիս նրան։
Էմմայից գրեթե երեք շաբաթ պահանջվեց շոգենավով և երկաթուղով Սոլթ Լեյք Սիթի հասնելու համար։ Քաղաքը շատ ավելի մեծ էր, քան Ուպոլուի վրա գտնվող իր գյուղը, և նա, անկասկած, ճնշված էր զգում բանուկ փողոցներից և անծանոթ ձայներից։ Այդ ժամանակ Յուտայում համեմատաբար քիչ պոլինեզացի բնակիչներ կային։ Մեծ մասամբ նա իրեն նման ոչ մեկին չէր տեսնում։
Յուտայում Էմման ապրում էր Սոլթ Լեյք Սիթիի Տասներեքերորդ ծխի տարածքում, լավ կրթություն էր ստանում Եկեղեցուն պատկանող դպրոցներում և կապի մեջ էր Սամոայի միսիայից վերադարձած միսիոներների հետ։ Նրա եպիսկոպոսը շուտով նկատեց նրա ներուժը և խորհուրդ տվեց նրան պատրաստվել հայրենիքում միսիա ծառայելուն։
Էմման նրա խոսքերին լրջորեն վերաբերվեց, և երբ կանչը եկավ 1901 թվականի սկզբին, նա պատրաստ էր։
Ծառայությունը Մալաելայում
Էմման վերադարձավ Ուպոլու 1901 թվականի հուլիսի 25-ին և ուրախացավ, պարզելով, որ հայրը իրեն է սպասում նավահանգստում։ Իր բացակայության ընթացքում Էմման կորցրել էր սամոերեն խոսելու որոշ կարողություններ։ Բայց երբ նրան հրավիրեցին ժողովի ժամանակ ասել եզրափակիչ աղոթքը, Հոգին ոգեշնչեց նրան, և նա ասաց այն իր մայրենի լեզվով։
Էմման նշանակվեց ծառայելու Մալաելայում՝ իր հայրենի քաղաքում, որտեղ Եկեղեցին դպրոց էր գործարկել 1896 թվականից ի վեր։ Նա ստանձնեց աշակերտուհիների ուսուցման պատասխանատվությունը։ Նա նաև ղեկավարեց Մալաելա ճյուղի Երիտասարդ կանանց փոխադարձ կատարելագործման ասոցիացիան։ Կիրակի օրերին և ամբողջ շաբաթվա ընթացքում նա քարոզում և ուսուցանում էր մյուս միսիոներների հետ։
Սկզբում Էմմայի ընտանիքի որոշ անդամներ կղզում դեմ էին նրա աշխատանքին և հորդորում էին նրան հեռանալ Եկեղեցուց։ Սակայն միսիայի նախագահ Ուիլյամ Գ. Սիրսի խոսքերով՝ «նա պաշտպանեց իր ուղին» և վճռեց պահել իր ուխտերը՝ չնայած հակադրությանը։
Նա նաև նույնքան կարողունակ էր, որքան մյուս միսիոներները։ Մի անգամ կատակով երկու երեցներ նախաճաշին նրա կոկոսի բնական ջուրը փոխարինեցին սովորական ջրով։ Կատակը «հիասթափեցրեց» Էմմային, բայց նա հատուցեց երեցներին՝ շաքարի փոխարեն նրանց աղով պատված կոկոս մատուցելով։
Կատակներից զատ միսիոներները անսահման հարգանք ունեին «քույր Փերսելի» նկատմամբ։ Մի միսիոներ նկատեց, որ նա «լի է միսիոների և կոչման ոգով»։ Մեկ այլ երեց գնահատանքով գրեց նրա բարության մասին։ Մի անգամ Էմման մի քանի բանան թողեց արահետի երկայնքով, որպեսզի նա և նրա զուգընկերը ճամփորդության ժամանակ ինչ-որ բան ուտեն։
Գրառումները ցույց են տալիս, որ նա քարոզել է քահանայության իշխանության, Մորմոնի Գրքի և այլ ավետարանական թեմաների մասին։ Էմմայի քարոզը Ջոզեֆ Սմիթի կյանքի և առաքելության մասին լսելուց հետո մի միսիոներ գրել է. «Ես հաճույքով լսում էի նրա խոսքերը և ափսոսեցի, երբ նա դադարեց խոսել»։
Ցավոք, Էմման իր միսիայի ավարտին վարակվեց փղախտ հիվանդությունով և վաղաժամկետ ազատ արձակվեց։ Երբ դպրոցի կանայք և աղջիկները իմացան, որ նա վերադառնում է Յուտա, լաց եղան։ Մալաելա ճյուղը նրա համար հրաժեշտի հանդիպում անցկացրեց՝ տալով նրան քարոզելու վերջին հնարավորությունը։ Նա «բավականին համոզիչ խոսեց»,- նշվում է հանդիպման արձանագրության մեջ,- «և բոլորին հորդորեց հավատարիմ մնալ ավետարանին»։
Նվիրումի ժառանգությունը
Էմման հավատարիմ մնաց ավետարանին և իր ուխտերին՝ իր կյանքի մնացած մասի ընթացքում։ Յուտայում նա շարունակեց կրթությունը, մասնակցեց նահանգի պոլինեզյան համայնքի կյանքին և խորհրդատվություն տրամադրեց Սամոայում Վերջին Օրերի Սրբերի օրհներգերի առաջին գրքի վերաբերյալ։ Ի վերջո, նա նաև հանդիպեց մի հավայան սրբի՝ Հենրի Կահալեմանու անունով: Նրանք ամուսնացան Սոլթ Լեյքի տաճարում 1907թ․-ի հունվարի 31-ին:
Երեք տարի անց Էմման մահացավ 26 տարեկանում և թաղվեց Իոսեպայում՝ պոլինեզյան սրբերի բնակավայրում, որը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիից 97 կմ արևմուտք։ Չնայած կարճ կյանքին, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանին նրա նվիրվածությունը մնում է հզոր օրինակ աշխարհի Սրբերի համար, հատկապես երիտասարդ կանանց համար, որոնք այսօր արձագանքում են ծառայելու կոչին։