Լիահոնա
Քրիստոսանման ծառայությունը փափկացրեց սրտերը և դռներ բացեց Կորսիկայում
Հունվար 2026 Լիահոնա


«Քրիստոսանման ծառայությունը փափկացրեց սրտերը և դռներ բացեց Կորսիկայում», Լիահոնա, հունվ․ 2026։

Քրիստոսանման ծառայությունը փափկացրեց սրտերը և դռներ բացեց Կորսիկայում

Ցանկացած հնարավոր ձևով բնակիչներին օգնելու պատրաստակամությամբ՝ Միջերկրական ծովի այս կղզի ուղարկված միսիոներները վճռական էին՝ հրավիրելու մարդկանց գալ Քրիստոսի մոտ։

Բաստիայի լուսանկարը Կորսիկա կղզում

Բաստիայի քաղաքապետը շատ լավ գիտեր, որ իր առջև կանգնած միսիոներները օտարերկրացիներ էին։ Նա զարմացած մտածում էր՝ ինչու պետք է երիտասարդ տղամարդիկ այլ երկրներից գային և ցանկանային օգնել իր ժողովրդին Կորսիկա կղզում։

Մի փոքր դադարից հետո նա ընդունեց նրանց առաջարկը և մարտահրավեր նետեց նրանց հաջորդ վաղ առավոտյան գալ՝ իր փոքրիկ հյուրանոցը ներկելու համար։

Իրենց խոստմանը հավատարիմ, երիտասարդները ժամանեցին առավոտյան ժամը 7-ին՝ ոգևորված և պատրաստ՝ վերանորոգելու քաղաքապետի հյուրանոցը այս գեղատեսիլ կղզում, որը գտնվում է Ֆրանսիայի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում։

Երբ քաղաքապետը այդ օրը ավելի ուշ ժամանեց հյուրանոց, տեսավ, որ միսիոներները դեռ աշխատում էին արևոտ ափին, «նա ապշած էր՝ տեսնելով մեզ այնտեղ»,- ասաց Ջեյք Լոուրին, այն ժամանակ ծառայող միսիոներներից մեկը։

Քաղաքապետը զարմացած էր անծանոթ մարդկանց օգնելու նրանց պատրաստակամությամբ, ուստի մեղմեց իր դիմադրությունը և «խնդրեց մեզ նստել ու ասել, թե ինչի կարիք ունենք»,- պատմեց եղբայր Ջեյք Լոուրին։

Միսիոներները կիսվեցին ավետարանով և պատմեցին, որ իրենց նպատակը Կորսիկայի կղզու ժողովրդին օրհնելն է։ Նրանք պատմեցին այն դժվարությունների մասին, որոնց բախվել էին բնակարան գտնելու հարցում՝ բնակիչների կողմից արտասահմանցիների հանդեպ զգուշավոր վերաբերմունքի պատճառով։ Մի քանի ամիս առաջ բոլոր միսիոներներին հեռացրել էին կղզուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց այս ավագ միսիոներները այժմ վերաբացել էին կղզին միսիոներական ծառայության համար։

Քաղաքապետը լսեց երեցներին։ «Հաջորդ առավոտյան»,- ասաց եղբայր Լոուրին,- «նա մեզ համար ապահովել էր լավ տեղակայված բնակարան և թողել էր մի սիրալիր գրություն»։

Այդ երեկոյան, երբ նրանք արդեն տեղավորվել էին իրենց նոր բնակարանում, «քաղաքապետարանի գրասենյակից երկու լավ հագնված ներկայացուցիչ այցելեցին մեզ՝ ողջունելու և վստահեցնելու, որ մենք ընդունված և ապահով ենք քաղաքում»,- ասաց եղբայր Լոուրին։

Կարճ ժամանակ անց քաղաքապետը և նրա կինը սկսեցին մասնակցել ճյուղի կիրակնօրյա ժողովներին, որտեղ նրանք սիրով երգում էին սաղմոսները։ Շուտով քաղաքապետի կինը մկրտվեց։

Բարի հող

Վաղ 1990-ականներից սկսած՝ Եկեղեցին արմատներ գցեց այս կղզում, որը հայտնի է որպես Նապոլեոն Բոնապարտի ծննդավայր։ Միսիոներական աշխատանքը շուտով ծաղկեց: Երեք ամիս անց ավելի քան 40 մարդ մասնակցում էր կիրակնօրյա ժողովներին՝ քաղաքապետի կողմից կազմակերպված հրաշալի հավաքատանը։

«Հետադարձ հայացքով տեսնում ենք, որ Տիրոջ ձեռքը ակնհայտորեն գործել է՝ թե՛ ժամանակի, թե՛ միջոցների առումով՝ Կորսիկա կղզում Եկեղեցու հաստատման գործում»,- ասաց Ռիչարդ Վ. Թեչերը, որն այդ ժամանակ Ֆրանսիա Մարսել միսիայի նախագահն էր, իսկ այժմ՝ Ֆրանսիա Լիոն միսիայի։

Սակայն կղզում հաստատվելը հեշտությամբ չստացվեց։ Միսիոներներ տեղակայելու նախորդ փորձը հանդիպեց դիմադրության և վտանգի սպառնալիքների։ «1990-ականների սկզբին Կորսիկայի բնիկների կողմից Ֆրանսիայի դեմ աճող դժգոհությունը սկսում էր թեժանալ»,- ասաց եղբայր Թեչերը։

Կորսիկայի բնիկները արտասահմանցիների հանդեպ իրենց դժգոհությունը արտահայտում էին՝ ձեռագործ ռումբեր պատրաստելով՝ օտար բիզնեսներն ու գույքը ոչնչացնելու նպատակով։ Այն ժամանակվա երեց Դարին Դյուսնուպը ասաց․ «Սովորական էր ամեն օր քաղաքում բազմաթիվ պայթյունների ձայներ լսելը։ Մենք ֆրանսիացի չէինք, բայց նաև կորսիկացի չէինք»։

Միսիոներներին նախազգուշացրել էին վտանգների մասին, և երբ նրանց թաղամասում ռումբ պայթեց, կղզում գտնվող չորս միսիոներները տեղափոխվեցին միսիայի մեկ այլ հատված՝ մայրցամաքային Ֆրանսիայում։

«Մեր միսիոներներն այլևս կղզում չէին»,- ասաց եղբայր Թեչերը՝ նշելով, որ այս հետընթացը սովորելու և աճելու հնարավորություն էր։

Պատասխանը քրիստոսանման ծառայությունն էր

Երկնքի նպատակներն ավելի լավ հասկանալու համար միսիոներները հանձն առան ուսումնասիրել Փրկչի կյանքն ու ծառայությունը՝ Նրա ճանապարհները ավելի լավ ճանաչելու համար։ Նրանք ուսումնասիրեցին Նրա ծառայության և կարեկցանքի գործերը, որոնք ներառում էին կերակրելը, բուժելը և սեր ցուցաբերելը։ Նրանք եզրակացրին, որ ծառայություն մատուցելը կարևոր է ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և Տիրոջ սկզբունքներին համապատասխան ծառայելու համար։

Ծառայության նորոգված կենտրոնացումով՝ երեք միսիոներներ ուղարկվեցին Կորսիկա՝ 1992 թվականի մարտին վերսկսելու աշխատանքները։ Այս անգամ նրանք ուղարկվել էին կղզու երկրորդ խոշոր քաղաք՝ Բաստիա։ Այնտեղ նրանք որոշեցին շփվել մարդկանց հետ բնական ձևով՝ առանց դռներ թակելու, ինչը երբեմն վախ էր առաջացրել բնակիչների մոտ։

«Մենք ստացանք մեր աղոթքների պատասխանը։ Մենք հասկացանք, որ ծառայությունը կարող է արտահայտել մեր անկեղծ վերաբերմունքը համայնքի հանդեպ և մեղմել այն մարդկանց սրտերը, որոնք հակված էին դիմադրելու օտարներին»,- ասաց եղբայր Թեչերը։

Նոր միսիոներները ներկայացան բնակիչներին՝ հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով օգնելու իրենց պատրաստակամությունը։ Նրանք մաքրեցին ընտանեկան այգիները, վերանորոգեցին ավտոմեքենաները, նաև ներկեցին քաղաքապետի մաշված հյուրանոցը։ Նրանք հաճախ ընկերանում էին տեղի բնակիչների հետ, և նրանց ջանքերը արժանանում էին գնահատանքի։ Նրանց գրեթե միշտ հրավիրում էին նստել՝ առաջարկելով մի բաժակ «լիմոնատա» (լիմոնադ), և «խնդրում էին պատմել եկեղեցու մասին»,- ասաց եղբայր Թեչերը։ Շուտով «մեր ճակատագիրը կտրուկ փոխվեց»։

Վաղ շրջանի մի ուղղորդում հանգեցրեց Լոտա ընտանիքի մկրտությանը, ինչը հետագայում դարձավ նոր ուղղորդման պատճառ։ Երբ միսիոներներն այցելեցին այդ անձի տուն, ընտանիքի մայրը, որը երկար ժամանակ աղոթում էր ճշմարտությունը ճանաչելու համար, «ծնկի իջավ և արցունքներով շնորհակալություն հայտնեց Տիրոջը՝ իր աղոթքներին պատասխանելու համար»։

Կամուրջ՝ բաժանման միջոցով

Ծառայության սկզբնական փուլում Բաստիայում միսիոներները կամավորություն էին առաջարկել գլխավոր կաթոլիկ հիվանդանոցում, սակայն հիվանդանոցի հոգևոր խնամքի համար պատասխանատու մոնսինյորը մերժեց նրանց օգնությունը՝ տեղեկանալով նրանց դավանանքի մասին։ Նա դժկամություն էր ցուցաբերում հիվանդանոցում տարբեր քրիստոնեական դավանանքների ներգրավման հարցում։

Մոտ երկու ամիս անց՝ 1992 թվականի մայիսին, առաջնության խաղի ընթացքում ֆուտբոլի մարզադաշտի մեծ հատված փլուզվեց՝ պատճառելով 19 մարդու մահ, իսկ հազարավոր ծանր վիրավոր հանդիսատեսներ տեղափոխվեցին հիվանդանոց։

Ֆուտբոլի փլուզված մարզադաշտը

Երբ Կորսիկայում փլուզվեց ֆուտբոլի մարզադաշտը՝ պատճառ դառնալով 19 մարդու մահվան և հազարավոր վիրավորների, միսիոներները երկար ժամեր անցկացրին տեղական հիվանդանոցում՝ մասնակցելով վերահսկվող շտապ օգնության աշխատանքներին։

Լուսանկարը` Քրեյգ Պետերսոնի

Տուժածների հոսքը գերազանցեց հիվանդանոցի սպասարկման հնարավորությունները։ Ֆուտբոլի վիրավոր երկրպագուները լցվել էին հիվանդասենյակները և շարքով կանգնած էին միջանցքներում։ Ոմանց ինքնաթիռով տեղափոխեցին մայրցամաքային Ֆրանսիա՝ խնամքի համար։ Մոնսինյորը, հուսահատորեն փնտրելով կարողունակ կամավորների, հիշեց միսիոներների թողած այցեքարտը և դիմեց նրանց՝ օգնության խնդրանքով։

36 ժամ շարունակ միսիոներները անընդհատ անցնում էին առաջադրանքից առաջադրանք՝ աջակցելով վերահսկվող շտապ օգնության տարբեր աշխատանքներում, ինչպիսիք էին՝ ներարկման համակարգերի տեղադրումը, ճնշակապերի կիրառումը, սենյակների մաքրումը և վիրավորների տեղափոխումը։ Նրանք քահանայության օրհնություններ տվեցին փլուզման հետևանքով վիրավորված համայնքի անդամներին։

Երբ մոնսինյորը նկատեց միսիոներների անդադար ջանքերը, նա հավաքեց նրանց և ուղեկցեց հիվանդանոցով մեկ՝ ներկայացնելով նրանց՝ որպես Աստծո մարդիկ և հորդորելով հիվանդներին թույլ տալ, որ նրանք օրհնություն տան վիրավորներին։

Եղբայր Թեչերը հիշում է. «Մեր ծառայության շնորհիվ մենք արժանացանք բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքային պաշտոնյայի և կարևոր եկեղեցական հեղինակության հարգանքին ու գնահատանքին»։ Այն մեղմացրեց սրտերը և օգնեց վերացնել դիմադրությունը համայնքում, ասաց նա։ «Այս հանգամանքը վճռորոշ դեր խաղաց մեր միսիոներական գործունեության արդյունավետության ապահովման գործում»։

Ջեյսոն Սուլիերը, որը Ֆրանսիա Լիոն միսիայի նախագահն էր 2024 թվականին, նշել է. «Այսօր Կորսիկայում աճի հրաշքները շարունակվում են՝ չնայած տարբեր խոչընդոտներին»։ 2024 թվականին Բաստիայի մասնաճյուղի 14 անդամներ ուղևորվեցին Փարիզի (Ֆրանսիա) տաճար՝ մի քանի օր շարունակ տաճարային ծառայություն իրականացնելու նպատակով։ Սա ամենամեծ խումբն էր, որն այս հեռավոր Միջերկրածովյան կղզուց երբևէ ուղևորվել էր տաճար: Լիաժամկետ ավագ զույգերի և հինգ եռանդուն երեցների ու քույրերի աջակցությամբ, Տերը շարունակում է օրհնել այս կղզու դրախտը նոր դարձի եկածներով։

Հղում

  1. See Théophile Larcher, “30 Years On: Remembering France’s Furiani Football Disaster,” The Connexion, May 5, 2022, connexionfrance.com.