2010–2019 թթ․
Ուխտեր
Հոկտեմբեր 2011


14:20

Ուխտեր

Երբ մենք գիտակցում ենք, որ մենք ուխտի զավակներ ենք, մենք հասկանում ենք, թե ով ենք մենք և թե ինչ է մեզանից ակնկալում Աստված:

Ռուսաստանի Մոսկվա քաղաքում առաջին ցիցը ստեղծելու վերջերս ունեցած հանձնարարությունից մեկ շաբաթ անց ես հաճախեցի շրջանի համաժողովին Ս. Պետերբուրգում: Մինչ խոսում էի իմ երախտագիտության մասին վաղ շրջանի միսիոներների և տեղական ղեկավարների հանդեպ, ովքեր ամրացրեցին Եկեղեցին Ռուսաստանում, ես հիշատակեցի Վյաչեսլավ Եֆիմովի անունը: Նա առաջին ռուս նորադարձն էր, որ դարձել էր միսիայի նախագահ: Նա և նրա կինը հրաշալիորեն կատարեցին այդ հանձնարարությունը: Իրենց միսիան ավարտելուց հետո որոշ ժամանակ անց, ցավոք սրտի, Նախագահ Եֆիմովը անսպասելիորեն մահացավ:

Մինչ խոսում էի այս պիոներ զույգի մասին, Հոգին հուշեց ինձ հարցնել հավաքվածներին, թե արդյոք նրա կինը ներկա էր: Սենյակի վերջում մի կին կանգնեց: Ես հրավիրեցի նրան մոտենալ խոսափողին: Այո, դա Քույր Գալինա Եֆիմովան էր: Նա խոսեց վստահությամբ և ազդեցիկ վկայություն բերեց Տիրոջ, Նրա ավետարանի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին: Նա և նրա ամուսինը կնքված էին սուրբ տաճարում: Նա ասաց, որ նրանք հավերժորեն միացված էին: Նրանք դեռևս միսիոներական զույգեր էին, նա վարագույրի այս կողմում, ամուսինը՝ վարագույրի մյուս կողմում: Երջանկության արցունքներով նա շնորհակալություն հայտնեց Աստծուն տաճարային սուրբ ուխտերի համար: Ես նույնպես արտասվեցի, լիովին գիտակցելով, որ հավիտենական միությունը, որի վառ օրինակն էր այս հավատարիմ զույգը, սուրբ ուխտեր կապելու, պահելու և պատվելու արդար արդյունքն էր:

Ճշմարիտ կրոնի կարևոր գաղափարներից մեկը սուրբ ուխտն է: Իրավաբանական լեզվով՝ ուխտը ընդհանուր առմամբ պայմանագիր է՝ կնքված երկու կամ ավելի կողմերի միջև: Բայց կրոնի առումով, ուխտը շատ ավելի մեծ նշանակություն ունի: Այն սուրբ խոստում է Աստծո հետ: Նա է որոշում պայմանները: Յուրաքանչյուր անհատ կարող է ընտրել՝ ընդունել կամ մերժել այդ պայմանները: Եթե մեկը ընդունում է ուխտի պայմանները և հնազանդվում է Աստծո օրենքին, նա ստանում է ուխտի հետ կապված օրհնությունները: Մենք գիտենք, որ «եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն»:

Դարեր շարունակ Աստված ուխտեր է կապել Իր զավակների հետ: Նրա ուխտերը առկա են ողջ փրկության ծրագրում և ուստի հանդիսանում են Նրա ավետարանի լրիվության մասը: Օրինակ, Աստված խոստացավ Փրկիչ ուղարկել Իր զավակների համար, խնդրելով նրանց դրա դիմաց հնազանդվել Իր օրենքին:

Աստվածաշնչում մենք կարդում ենք Հին Աշխարհի տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր ճանաչված էին որպես ուխտի զավակներ: Ի՞նչ ուխտի: «Այն ուխտի, որ Աստուած մեր հայրերի հետ հաստատեց, եւ Աբրահամին ասեց. Եւ քո զաւակովը պիտի օրհնուին երկրի բոլոր ազգերը»:

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Նոր Աշխարհի մարդկանց մասին, ովքեր նույպես ճանաչված էին որպես ուխտի զավակներ: Հարություն առած Տերը տեղեկացրեց նրանց հետևյալի մասին. «Ահա, դուք եք մարգարեների զավակները. և դուք Իսրայելի տնից եք. և դուք այն ուխտից եք, որ Հայրն արել էր ձեր հայրերի հետ՝ ասելով Աբրահամին. Եվ քո սերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն»:

Փրկիչը բացատրել է որպես ուխտի զավակներ ճանաչված լինելու կարևորությունը: Նա ասել է. «Հայրը նախ ինձ բարձրացնելով ձեզ համար և ուղարկելով՝ օրհնելու ձեզ, հեռու շրջելով ձեզանից ամեն մեկին իր անօրինություններից. և դա՝ որովհետև դուք ուխտի զավակներն եք»:

Ուխտը, որն Աստված կապեց Աբրահամի, իսկ ավելի ուշ վերահաստատեց Իսահակի և Հակոբի հետ, անսահման մեծ կարևորություն ունի: Այն պարունակում է մի շարք խոստումներ, ներառյալ սրանք.

  • Հիսուս Քրիստոսը պետք է ծնվեր Աբրահամի սերնդից:

  • Աբրահամի սերունդը բազմաթիվ կլիներ, լիազորված լինելով ունենալու հավերժական աճ և նաև կրելու քահանայություն:

  • Աբրահամը պետք է դառնար շատ ազգերի հայրը:

  • Որոշակի երկրներ պետք է ժառանգվեն նրա սերնդի կողմից:

  • Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրա սերնդի կողմից:

  • Եվ այդ ուխտը կլիներ հավիտենական՝ նույնիսկ մինչև «հազար ազգ»:

Այս խոստումներից մի քանիսն իրականացել են, մյուսները դեռ պիտի իրականանան: Ես մեջբերում եմ Մորմոնի Գրքի վաղեմի մարգարեություններից. «Մեր հայրը՝ [Լեքին], միայն մեր սերնդի վերաբերյալ չի խոսել, այլ նաև ողջ Իսրայելի տան, նշելով ուխտը, որ պետք է իրականանա վերջին օրերում. այն ուխտը, որ Տերն արեց մեր հայր Աբրահամին»: Արդյոք զարմանալի չէ՞: Բեթլեհեմում Հիսուսի ծնվելուց մոտ 600 տարի առաջ մարգարեները գիտեին, որ Աբրահամին տրված խոստումը վերջնականապես կիրականանար միայն վերջին օրերում:

Որպես այդ խոստումն իրականացնելու նախերգանք, Տերը հայտնվեց այս վերջին օրերում և վերանորոգեց Աբրահանին տրված այդ խոստումը: Մարգարե Ջոզեֆ Սմիթին Տերը հայտարարել է.

«Աբրահամը խոստումներ ստացավ իր սերնդի վերաբերյալ և իր երանքի պտղի համար,-դու …իմ ծառա Ջոզեֆ, այդ երանքից ես: …

Այդ խոստումը նաև ձերն է, որովհետև դուք Աբրահամից եք»:

Խոստումի այս վերանորոգմամբ մենք ստացել ենք սուրբ քահանայությունն ու հավիտենական ավետարանը, ճիշտ ինչպես մարդիկ հնում: Մենք ունենք ավետարանի լրիվությունը ստանալու, քահանայության օրհնությունները վայելելու և Աստծո մեծագույն օրհնություններին արժանի լինելու իրավունքը, որը հավերժական կյանքն է:

Մեզանից ոմանք Աբրահամի ուղղակի սերունդն են, մյուսները հավաքված են նրա ընտանիքում որդեգրմամբ: Տերը աչառ չէ: Միասին մենք ստանում ենք այս խոստացված օրհնությունները, եթե փնտրում ենք Տիրոջը և հնազանդվում Նրա պատվիրաններին: Բայց եթե մենք չենք հնազանդվում, մենք կորցնում ենք ուխտի օրհնությունները: Մեզ աջակցելու համար Նրա Եկեղեցին տալիս է հայրապետական օրհնություններ, յուրաքանչյուր ստացողին տալով իր ապագայի հեռանկարը, ինչպես նաև կապը անցյալի հետ, մինչև անգամ հայտարարելով ազգատոհմի ծագումը մինչև Աբրահամը, Իսահակը և Հակոբը:

Ուխտի եղբայրները իրավունք ունեն արժանանալու քահանայության երդմանը և ուխտին: Եթե դուք «հավատարիմ [եք]՝ այս երկու քահանայությունները ստանալու … և [ձեր] կոչումը մեծարելու, [դուք] Հոգու կողմից սրբագործվում [եք]՝ ի նորացումն [ձեր] մարմնի»: Դա ամենը չէ: Տղամարդիկ, ովքեր արժանիորեն ընդունում են քահանայությունը, ընդունում են Տեր Հիսուս Քրիստոսին, և նրանք, ովքեր ընդունում են Տիրոջը, ընդունում են Հայր Աստծուն: Եվ նրանք, ովքեր ընդունում են Հորը, ընդունում են այն ամենն, ինչ Նա ունի: Հրաշալի օրհնություններ են թափվում այս երդման և ուխտի արդյունքում արժանի տղամարդկանց, կանանց և երեխաների վրա ամբողջ աշխարհում:

Մերն է պարտականությունը օգնել իրականացնել Աբրահամի ուխտը: Մերն է սերունդը, որը նախասահմանված է և պատրաստված՝ օրհնելու աշխարհի բոլոր մարդկանց: Ահա թե ինչու քահանայության պարտականությունը ներառում է միսիոներական աշխատանքը: Սպասումներից և նախապատրաստությունից հետո մոտ 4000 տարի, սա է նշանակված օրը, երբ ավետարանը պիտի տարվի երկրի ազգերին: Սա է Իսրայելի հավաքման խոստացված ժամանակը: Եվ մենք մասնակցելու հնարավորություն ունենք: Արդյոք դա ոգևորիչ չէ՞: Տերը վստահում է մեզ և մեր որդիներին, և Նա մեծապես երախտապարտ է մեր դուստրերին, ովքեր արժանիորեն ծառայում են որպես միսիոներներ Իսրայելի հավաքման այս կարևոր ժամանակներում:

Մորմոնի Գիրքը շոշափելի մի նշան է, որ Տերը սկսել է հավաքել ուխտյալ Իսրայելի Իր զավակներին: Այդ գիրքը՝ գրված մեր օրերի համար, հայտարարում է, որ դրա նպատակներից մեկն է, որ «դուք կարող եք իմանալ, որ այն ուխտը, որը Հայրն արել է Իսրայելի զավակների հետ … արդեն սկսվում է կատարվել: … Քանզի ահա, Տերը հիշելու է իր ուխտը, որը նա արել է Իսրայելի տան իր ժողովրդին»:

Իսկապես, Տերը չի մոռացել: Նա օրհնել է մեզ և մյուսներին աշխարհով մեկ Մորմոնի Գրքով: Դրա նպատակներից մեկն է «համոզել հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է»: Այն օգնում է մեզ ուխտեր կապել Աստծո հետ: Այն հրավիրում է մեզ հիշել Նրան և ճանաչել Նրա Սիրելի Որդուն: Այն ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Ուխտի զավակները իրավունք ունեն ստանալ Նրա վարդապետությունը և իմանալ փրկության ծրագիրը: Նրանք հավակնում են դրան սուրբ նշանակություն ունեցող ուխտեր կապելով: Բրիգամ Յանգն ասել է. «Բոլոր Վերջին Օրերի Սրբերը նոր և հավիտենական ուխտի մեջ են մտնում, երբ մտնում են այս Եկեղեցի: … Նրանք նոր և հավիտենական ուխտի մեջ են մտնում Աստծո Թագավորությանը աջակցելու համար»: Նրանք ուխտը պահում են, Նրա պատվիրաններին հնազանդվելով:

Մկրտվելիս մենք խոստանում ենք ծառայել Տիրոջը և պահել Նրա պատվիրանները: Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք վերանորոգում ենք այդ ուխտը և հայտարարում ենք, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Այդպիսով, մենք որդեգրվում ենք որպես Նրա որդիներ և դուստրեր և ճանաչվում ենք որպես եղբայրներ և քույրեր: Նա է Հայրը մեր նոր կյանքի: Ի վերջո, սուրբ տաճարում մենք կարող ենք կցորդ ժառանգներ դառնալ հավերժական ընտանիքի օրհնություններին, ինչպես խոստացվել էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին: Այսպիսով, սելեստիալ ամուսնությունը վեհացման ուխտն է:

Երբ մենք գիտակցում ենք, որ մենք ուխտի զավակներ ենք, մենք հասկանում ենք, թե ով ենք մենք և թե ինչ է մեզանից ակնկալում Աստված: Նրա օրենքը գրված է մեր սրտերում: Նա մեր Աստվածն է և մենք Նրա ժողովուրդը: Ուխտին հավատարիմ զավակները հաստատուն են մնում, նույնիսկ կյանքի անբարենպաստ շրջանում: Երբ այդ վարդապետությունը խորը արմատ է գցում մեր սրտերում, նույնիսկ մահվան խայթոցը մեղմանում է և մեր հոգևոր տոկունությունը ուժեղանում:

Ամենամեծ հաճոյախոսությունը, որին կարող ենք արժանանալ այս կյանքում, որպես ուխտը պահող ճանաչվելն է: Ուխտը պահողը պարգևներ կստանա և այս կյանքում, և այս կյանքից հետո: Սուրբ գրություններում ասվում է, որ «դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները: Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում, … և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում … և բնակվում են Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»:

Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգնվել է բոլոր մարդկանց օրհնելու համար: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Նրա մարգարեն է այսօր: Եվ մենք, որպես ուխտի հավատարիմ զավակներ, կօրհնվենք այժմ և հավիտյան: Սա ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: