«Պատկանել Աստծո ծրագրին և տաճարին», Լիահոնա, մարտ, 2025:
Պատկանել Աստծո ծրագրին և տաճարին
Երեք սկզբունքներ հիշեցնում են մեզ, որ մենք բոլորս կարող ենք ստանալ այն օրհնությունները, որոնք Աստված տալիս է Իր զավակներին:
Բարանկիլիայի (Կոլումբիա) տաճարի լուսանկարը, լուսանկարիչ՝ Լեսլի Նիլսոն
Ես նստեցի Եկեղեցու անդամների խմբի մեջ: Մենք չէինք ճանաչում միմյանց, բայց բոլորս մեկ ընդհանուր բան ունեինք՝ ամուրի էինք։
Այժմ ուզում եմ մի պահ հետ գնանք։ Հիսուս Քրիստոսի ավետարանում մենք չենք սահմանվում պիտակներով: Մեր իսկական ինքնությունը, ինչպես ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, այն է, որ մենք «բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն ենք»: Ես հասկանում եմ, որ անհրաժեշտությունից ելնելով մենք Եկեղեցու որոշ անդամների կոչում ենք ամուրի: Դրա համար կան պատճառներ: Սակայն երբեմն, ինչպես երևում էր այս իրավիճակում, դա կարող է նպաստել, որ անդամներն իրենց օտար զգան։ Նրանց համար նույնիսկ կարող է դժվար լինել, որ իրենց լիովին ներառված զգան Աստծո փրկության և վեհացման օրհնությունների հարցում։
Տեսեք, մենք խոսում էինք տաճարի մասին, և խմբում որոշ մարդիկ զգացին, որ ամուրի լինելը բացառում է, որ իրենք ստանան տաճարային օրհնությունների լրիվությունը: Ես հասկանում եմ՝ երբ դուք ամուսնացած չեք ընտանիքի վրա կենտրոնացած Եկեղեցում, դժվար է տեսնել, թե որն է ձեր տեղը: Բայց ես նաև գիտեմ, որ Տերը չի դատում՝ արդյոք մարդն արժանի է ստանալ խոստացված օրհնությունները՝ հիմնվելով արտաքին տեսքի կամ պիտակների վրա: Նա «սրտին է նայում» (Ա Թագավորների 16.7) և Իր օրհնությունները մատչելի է դարձնում բոլոր նրանց, ովքեր ընտրում են հետևել Իրեն։ Ես հավատում եմ դրան իմ ամբողջ սրտով: Այսպիսով, դա նկատի ունենալով, ահա երեք սկզբունքներ, որոնք կօգնեն այն վերջին օրերի սրբերին, որոնք ամուրի են, իմանալ, որ իրենք պատկանում են Աստծո ծրագրին և տաճարին:
1. Աստված նախագծել է Իր ծրագիրը Իր յուրաքանչյուր զավակի համար
Քանի որ վեհացման համար անհրաժեշտ է ամուսնության նոր և հավիտենական ուխտը, կարող է թվալ, որ Աստծո ծրագիրը չի կազմվել ամուրիների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–3)։ Սակայն երեց Պատրիկ Քիրոնը ուսուցանել է. «Մեր հոր գեղեցիկ ծրագիրը, այսինքն Նրա «հիանալի» ծրագիրը, նախատեսված է ձեզ տուն բերելու, այլ ոչ թե ձեզ դրսում պահելու համար: Ոչ մեկը չի կառուցել ճանապարհային արգելապատնեշ և կանգնեցրել այնտեղ ինչ-որ մեկին՝ ձեզ հետ շրջելու և ձեզ հեռուն ուղարկելու համար: Փաստորեն, դա ճիշտ հակառակն է: Աստված անընդհատ հետևում է ձեզ: Նա «ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ընտրեն վերադառնալ Իր մոտ», և Նա ամեն հնարավոր միջոց կիրառում է` ձեզ վերադարձնելու համար»:
Աստված մտադիր չէ հեռացնել նրանց, ովքեր ամուրի են՝ Իր առաջարկած օրհնությունները վայելելուց: Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը (1928–2023)՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ուսուցանել է. «Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեները հաստատում են, որ յուրաքանչյուր ոք, ով հավատարիմ պահում է ավետարանի ուխտերը, կունենա վեհացման հնարավորություն»: Յուրաքանչյուր հոգի մեծ արժեք ունի Երկնային Հոր աչքերում, այնքան, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն, որ մահանա և փրկագնի մեզ բոլորիս մեղքից, որպեսզի մենք ունենանք հավերժական կյանքի պարգևը (տես Հովհաննես 3.16–17, Վարդապետություն և Ուխտեր 18.10-12):
Եթե կյանքն այլ կերպ է ընթանում, քան ակնկալվում էր, գուցե կասկածի տակ դնենք, թե որն է մեր նպատակը Աստծո ծրագրում։ Սակայն նրա ծրագիրը երբեք չէր երաշխավորել, որ մեր բոլորիս կյանքը նույնը կլինի։ Մենք չգիտենք, թե ինչպիսի ուրախություն, հիասթափություն, հաջողություն կամ վիշտ կարող է հանդիպել մեր ճանապարհին: Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ասել է. «Այնքան շատ բան կա, որ չգիտենք, որ մեր միակ հաստատուն վստահությունը ապավինելն է Տիրոջը և Իր զավակների հանդեպ Նրա սիրուն»:
Մենք, հնարավոր է, չգիտենք, թե ինչու է մեր ուղին այժմ այսպիսին: Բայց Աստծուն և Նրա սիրուն վստահելը կարող է պարզություն բերել, թե ինչպես է Նա նախագծել Իր ծրագիրը Իր բոլոր զավակների, այդ թվում՝ ձեզ համար:
Հռոմի (Իտալիա) տաճարի այցելուների կենտրոնը ներսից, լուսանկարիչ՝ Մասսիմո Կրիշիոնե
2. Տաճարը անձնական օրհնություններ ունի բոլորի համար
Մենք կարող ենք մտածել, որ կնքումները վերաբերում են միայն ամուսնուն և կնոջը: Սակայն բացի զույգերին Տիրոջ հետ միավորելուց, կնքումները հավերժ միավորում են ընտանիքները: Կնքումների միջոցով Աստծո բոլոր զավակները կարող են վայելել հավերժական օրհնություններ, եթե պահեն իրենց ուխտերը:
Կնքման զորությունը վավերացնում է քահանայության բոլոր արարողությունները երկնքում և երկրի վրա: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Այստեղ է երևում կնքող զորության վեհությունն ու սրբությունը. այն անձնական փրկությունը և ընտանեկան վեհացումը դարձնում է համընդհանուր հասանելի Աստծո զավակներին, որտեղ էլ որ նրանք ապրել են երկրի վրա: Ոչ մի այլ աստվածաբանություն, փիլիսոփայություն կամ իշխանություն չի կարող համեմատվել նման համապարփակ հնարավորության հետ: Կնքման այդ զորությունը Աստծո արդարության, ողորմության և սիրո կատարյալ դրսևորումն է: Օրհնությունները, որ Տերն առաջարկում է, այնքան ընդգրկուն են, որ դրանք հասանելի են բոլոր նրանց, ովքեր Նրա հետ ուխտեր կկապեն և կպահեն։
Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե որքան ընգրկուն է Աստծո ծրագիրը՝ երկրպագելով Տիրոջ տանը: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Տաճարում անցկացրած ժամանակը կօգնի ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ և պատկերացում կազմել այն մասին, թե ով եք դուք իրականում, ով կարող եք դառնալ և ինչպիսի կյանք կարող եք ունենալ հավերժության մեջ»։ Նա նաև բացատրել է, որ տաճարային երկրպագությունը մեզ կտա պաշտպանություն, ավելի ամուր վկայություն, մխիթարություն, անձնական հայտնություն, գիտելիքի և զորության ավելացում և Աստծո ծրագրի ավելի մեծ հասկացողություն:
Անկախ նրանից՝ ամուսնացած ենք, թե ամուրի, տաճարը բոլորիս համար ունի անձնական հոգևոր արտոնություններ. այն մի վայր է, որը զորացնում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մոտ լինել Աստծուն: Ավելին իմանալու համար, տես «Տաճարային երկրպագությամբ զորացած» կողային վահանակը։
3. Տաճարում մենք կարող ենք խորացնել մեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ
Տաճարում ուշադրության կենտրոնում Հիսուս Քրիստոսն է։ Նա Աստծո ծրագրի կենտրոնն է և այն պատճառն է, որ մենք բոլորս կարող ենք փրկություն և վեհացում ստանալ: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Տիրոջ տունը ուսուցման տուն է։ Այնտեղ Տերն ուսուցանում է Իր ձևով: Այնտեղ յուրաքանչյուր արարողություն ուսուցանում է Փրկչի մասին: Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես կարելի է բացել վարագույրը և ավելի որոշակիորեն հաղորդակցվել երկնքի հետ: Այնտեղ մենք սովորում ենք, թե ինչպես սաստել հակառակորդին և ապավինել Տիրոջ քահանայության զորությանը, որ զորացնի մեզ և նրանց, ում սիրում ենք: Այնտեղ ապաստան գտնելու համար բոլորս պետք է մեծապես շահագրգռված լինենք»։
Մենք կարող ենք ապաստան գտնել և պատկանել տաճարին՝ փնտրելով Փրկչին արարողությունների և ուխտերի մեջ: Այդպես վարվելով՝ մենք կգտնենք ապացույցներ, որ Նա սիրում է մեզ, և որ «բոլորը նույնն են Աստծո համար» (տես 2 Նեփի 26.33)։ Մեր հանդեպ Իր սիրո շնորհիվ Նա ցանկանում է, որ մենք «հավիտենական կապեր» հաստատենք Նրա հետ և մեր ուխտերի միջոցով ստանանք «հատուկ սեր և ողորմություն»։ Եթե մենք տաճարային ուխտեր ենք կապում և պահում, մենք կարող ենք ամրացնել մեր հարաբերությունները Նրա հետ, բերելով մեզ «հույս, ուրախություն և լավատեսություն մեր ողջ կյանքի ընթացքում», անկախ մեր հանգամանքներից: