12.
Հիսուս Քրիստոսն ուրախություն է բերում
Վարդապետություն և Ուխտեր 101․36
Ձեր Երկնային Հայրը զվարթ է։ Նա ցանկանում է, որ դու՝ Իր զավակը, որքան հնարավոր է շատ ուրախություն ունենաս։ Ահա թե ինչու Նա պատրաստեց երջանկության ծրագիրը։ Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի լինի ձեր Փրկիչը և ուսուցանի Իր ավետարանը։ Ավետարան բառը նշանակում է «բարի լուր», և բարի լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դուք կարող եք ունենալ երջանկություն այս կյանքում և ուրախության լիություն հավերժության համար։
Հավերժական ճշմարտություններ
Ձեր կյանքը նախատեսված է երջանկություն և ուրախություն ունենալու համար։ Դա է ձեր կյանքի նպատակը։ Դա Երկնային Հոր երջանկության ծրագրի նպատակն է։ Սա չի նշանակում, որ դուք երբեք տխուր չեք լինի կամ դժվար ժամանակներ չեք ունենա։ Բայց դա նշանակում է, որ Փրկիչը կարող է օգնել ձեզ հաղթահարել դժվար ժամանակները և ուրախություն գտնել։
Ուրախությունը չի գալիս ձեր հանգամանքներից, այն գալիս է Հիսուս Քրիստոսին հետևելուց։ Դուք կարող եք վատ օր, վատ շաբաթ կամ վատ տարի ունենալ։ Բայց ուրախությունը ձեր կյանքում տխրության բացակայությունը չէ, այլ Քրիստոսի ներկայությունն է ձեր կյանքում։
Փրկչի ուրախությունն ավելի մեծ է և ավելի տևական, քան որևէ այլ բան։ Սատանան կգայթակղի ձեզ զվարճություն և բավարարվածություն փնտրել եսասիրական ձևերով կամ աշխարհիկ հաճույքներից։ Հիսուս Քրիստոսին և Նրա պատվիրաններին հակասող որևէ բան չի կարող ձեզ իրական, տևական ուրախություն և երջանկություն բերել։ Հիշեք, որ այս երկրի բաները ժամանակավոր են։ Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջարկում է ուրախություն և երջանկություն, որոնք խոր, սուրբ և հավիտենական են։
Հրավերներ
Ընտրեք ուրախությունը։ Թեև ճիշտ է, որ այս աշխարհում կան տխրություն և դժվարություններ, Երկնային Հայրը աշխարհը լցրել է նաև բազմաթիվ գեղեցիկ, առողջարար բաներով։ Փնտրեք դրանք։ Փորձեք ամեն օր նկատել ուրախանալու պատճառներ, գուցե նույնիսկ գրի առնեք դրանք։ Սրանք ձեր սիրող Երկնային Հոր պարգևներն են։
Ուրախություն և երջանկություն բերեք այլոց։ Հիսուս Քրիստոսը ուրախության լիություն գտավ մեզ ուրախություն պարգևելով։ Դուք կարող եք հետևել Նրա օրինակին՝ գտնելով ուրախություն և երջանկություն ուրիշներին ծառայելով։ Օգնեք ինչ-որ մեկին զգալ սիրված։ Անկեղծ հաճոյախոսություն արեք: Խրախուսեք դժվարության մեջ գտնվող մեկին։ Եթե երբևէ զգաք, որ ձեր կյանքում ավելի շատ ուրախության կարիք ունեք, փորձեք ուրախություն պարգևել մեկ ուրիշին։
Զվարթ եղեք Տիրոջը երկրպագելիս։ Երբ եկեղեցի եք գնում, կենտրոնացեք այն ուրախության վրա, որը Հիսուս Քրիստոսը տալիս է ձեզ, և գովաբանեք Նրան դրա համար։ Ձեր ներդրումն ունեցեք եկեղեցու ձեր ժողովներում ուրախ ոգի բերելու գործում։ Սուրբ երաժշտությունը դարձրեք ձեր երկրպագության մասը՝ տանը և եկեղեցում։
Խոստացված օրհնություններ
Դուք կարող եք ուրախություն զգալ նույնիսկ կյանքի դժվարությունների ժամանակ։ Դուք կարող եք զարմանալ, թե ինչպես է դա հնարավոր, բայց դա ճիշտ է։ Հիսուս Քրիստոսի, Նրա բուժիչ զորության և Նրա հավերժական խոստումների նկատմամբ ձեր հավատքը կարող է ձեզ մշտական ուրախություն պարգևել։ Նրա ուրախությունը ստվերում է տխրությունը և բերում խաղաղություն, որը գերազանցում է ամեն հասկացողություն։
Աստծո սելեստիալ արքայությունում ձեզ լիակատար ուրախություն է սպասում։ Հիսուս Քրիստոսը հաղթահարեց այն ամենը, ինչը կարող էր խանգարել ձեզ ստանալ հավերժական ուրախություն։ Երբ դուք վստահեք և հետևեք Նրան, այս ուրախությունը ձերը կլինի։
Հարցեր և պատասխաններ
Եթե Ավետարանը ուրախալի է,ինչո՞ւ եմ ես այդքան տխրություն զգում։ Տխուր զգալը նշան չէ, որ դուք չեք ապրում ավետարանով։ Բոլորի կյանքը ներառում է դժվարություններ, փորձություններ և տխրություն։ Հիսուս Քրիստոսին հետևելը չի փոխում սա, բայց կապում է ձեզ Փրկչի հետ, ով կարող է մխիթարել ձեզ և օգնել գտնել ուրախություն և երջանկություն։
Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա։ Աշխարհում տառապանքի մի մասը գալիս է այն պատճառով, որ մարդիկ օգտագործում են իրենց ազատ կամքը սխալ ընտրություններ կատարելու համար։ Սա կարող է տառապանք պատճառել ինչպես իրենց, այնպես էլ ուրիշներին։ Այլ դեպքերում տառապանքը ոչ մեկի մեղքը չէ, այլ պարզապես անկատար աշխարհում ապրելու արդյունք է։ Անկախ պատճառից, կարող է հուզիչ լինել տեսնելը, թե ինչպես է ինչ-որ մեկը տառապում, հատկապես՝ ձեր սիրելի անձը։ Վստահ եղեք, որ Աստված նույնպես տխրում է, երբ դուք տառապում եք։ Նա թույլ է տալիս, որ մահկանացու կյանքի փորձությունները օգնեն ձեզ աճել և պատրաստվել Նրա հետ հավերժական ուրախությանը, բայց Նա չի թողնում, որ դուք մենակ տառապեք։ Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի Իր վրա վերցնի ձեր ցավը, որպեսզի կարողանա օգնել ձեզ։ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Եվ Նա հրավիրում է ձեզ՝ որպես Իր հետևորդներից մեկին, անել այն ամենը, ինչ կարող եք՝ ուրիշների տառապանքը թեթևացնելու համար։
Տես Սաղմոս 16․11 (Աստծո ներկայության մեջ ուրախության լիություն կա), 95․1 (երգեք Տիրոջը), Հովհաննես 16․33 (ուրախացեք. Հիսուս Քրիստոսը հաղթեց աշխարհին), Գաղատացիներին 5․22 (Հոգու պտուղը ուրախությունն է), Եբրայեցիներին 12․2 (Հիսուսը դիմացավ Իր տառապանքին Աստծո զավակներին փրկելու ուրախության շնորհիվ), 2 Նեփի 2․25 (Աստված ցանկանում է, որ դուք ուրախություն ունենաք), Ալմա 26․15–16 (Աստծո գործը կատարելը տանում է դեպի ուրախություն), Վարդապետություն և Ուխտեր 18․15–16 (որքան մեծ կլինի ձեր ուրախությունը, երբ դուք օգնեք ուրիշներին գալ Քրիստոսի մոտ):
Տաճարային երաշխավորագրի հարց
-
Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես ձեր Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին: