Երիտասարդներ
11․ «Ճշմարտությունը կազատի ձեզ»


Հին ժամանակներում մի երիտասարդ կարդում է մագաղաթից

Սնվեք Խոսքով, հեղինակ՝ Լիզ Լեմոն Սվինդլ։ Նկարը՝ Havenlight-ի

11.

Ճշմարտությունը կազատի ձեզ

Հովհաննես 8.32

Ձեր Երկնային Հայրը ճշմարտության Աստված է: Նա ամենագետ է։ Ամբողջ ճշմարտությունը գալիս է Նրանից և տանում դեպի Նա: Դուք ցույց եք տալիս, որ գնահատում եք ճշմարտությունը, երբ ձգտում եք սովորել, ապրում եք շիտակ կյանքով և խիզախորեն պաշտպանում եք այն, ինչը գիտեք, որ ճիշտ է, նույնիսկ, եթե ստիպված եք միայնակ պաշտպանել այն:

Հավերժական ճշմարտություններ

Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միշտ սովորեն: Դուք ունեք նյութական և հոգևոր պատճառներ՝ ուսման ձգտելու և այն սիրելու համար: Կրթություն ստանում ենք ոչ միայն գումար վաստակելու համար: Այն ձեր հավերժական նպատակի մի մասն է՝ ավելի նմանվելու Երկնային Հորը:

Շիտակությամբ ապրելը նշանակում է, որ դուք սիրում եք այն, ինչ ճիշտ է Աստծո աչքում՝ ավելի շատ, քան սիրում եք անձնական հարմարավետությունը, հանրաճանաչությունը կամ հարմարությունները։ Դա նշանակում է անել այն, ինչ ճիշտ է, պարզապես այն պատճառով, որ դա ճիշտ է:

Դուք թանկարժեք մի բան ունեք, որով կարող եք կիսվել։ Հիսուս Քրիստոսի ավետարանը պարունակում է կյանքի հարցերի պատասխանները: Այն դեպի խաղաղություն և երջանկություն տանող ուղին է: Դուք գուցե ամեն ինչ չիմանաք, բայց բավականաչափ գիտեք՝ սիրելու ձեր մերձավորներին, կիսվելու ճշմարիտ սկզբունքներով նրանց հետ և հրավիրելու նրանց ավելին իմանալու։

Հրավերներ

Միշտ սովորեք: Փնտրեք հնարավորություններ՝ ընդլայնելու ձեր միտքն ու ձեր հմտությունները: Այդ հնարավորությունները կարող են ներառել միջնակարգ կրթություն դպրոցում կամ մասնագիտական ուսուցում, ինչպես նաև ոչ պաշտոնական ուսուցում այն աղբյուրներից, որոնց վստահում եք: Ներգրավեք Տիրոջը ձեր ջանքերում և Նա կառաջնորդի ձեզ:

Սովորեք հոգևոր ճշմարտություններ։ Երբ սովորեք ձեզ շրջապատող աշխարհի մասին, սովորեք նաև Փրկչի մասին, որը ստեղծել է աշխարհը: Ուսումնասիրեք Նրա կյանքն ու ուսմունքները: Սեմինարիան, ինստիտուտը և ավետարանի անհատական ուսումնասիրությունը դարձրեք ձեր ողջ կյանքի ուսումնառության մասը: Այն կարող է պատրաստել ձեզ ծառայելու միսիայում և կիսվելու ավետարանով ձեր ողջ կյանքի ընթացքում։

Ապրեք ազնվությամբ։ Մի՛ գողացեք, մի՛ ստեք, մի՛ խաբեք որևէ կերպ՝ դպրոցում, աշխատանքի վայրում, առցանց, ամենուրեք։ Եղեք Հիսուս Քրիստոսի նույն հավատարիմ հետևորդը հրապարակայնորեն և անձնական կյանքում:

մարդիկ ծնկի են իջնում հարություն առած Հիսուս Քրիստոսի առջև

Խոստացված օրհնություններ

Կրթությունը մեծացնում է Տիրոջը ծառայելու ձեր կարողությունը, այդ թվում՝ որպես միսիոներ։ Այն ձեզ ուժ է տալիս՝ օրհնելու ուրիշներին, հատկապես ձեր ընտանիքին: Որքան շատ եք սովորում, այնքան ավելի շատ կարող եք օգնել կառուցել Աստծո արքայությունը և ի բարին ազդել աշխարհի վրա:

Ազնվությունը բերում է խաղաղություն և ինքնահարգանք: Երբ ձեր խոսքերն ու արարքները համահունչ են ճշմարտության հետ, դուք ցույց եք տալիս, որ ուրիշ մարդիկ և Տերը կարող են վստահել ձեզ:

Երբ դուք պաշտպանում եք Հիսուս Քրիստոսի ուսմունքները, Նա սատարում է ձեզ: Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Ուրիշները կարող են չհամաձայնվել ձեր համոզմունքների հետ, բայց ձեր համարձակությունն ու անկեղծությունը կնկատվի։ Անկախ նրանից՝ ուրիշները կհետևեն ձեր օրինակին, թե ոչ, ձեր վկայությունը, վստահությունը և հավատքն առ Քրիստոս կաճի:

Հարցեր և պատասխաններ

Արդյո՞ք սխալ է Եկեղեցու վերաբերյալ հարցեր ունենալը: Ինչպե՞ս կարող եմ պատասխաններ գտնել: Հարցեր ունենալը թուլության կամ հավատքի բացակայության նշան չէ: Իրականում, հարցեր տալը կարող է օգնել հավատք կերտել։ Ավետարանի Վերականգնումը սկսվեց, երբ 14-ամյա Ջոզեֆ Սմիթը հավատքով հարցեր տվեց: Փնտրեք պատասխաններ սուրբ գրություններում, Աստծո մարգարեների խոսքերում, ձեր ղեկավարներից և ընտանիքի հավատարիմ անդամներից ու հենց Աստծուց: Եթե պատասխաններն անմիջապես չգան, վստահեք, որ դուք կսովորեք տող առ տող: Շարունակեք ապրել այն ամենով, ինչ արդեն գիտեք, և շարունակեք փնտրել ճշմարտությունը:

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել այն, ինչը ճիշտ է, առանց վիրավորելու նրանց, ովքեր տարբեր համոզմունքներ ունեն: Սկսեք՝ համոզվելով, որ ձեր խոսքերն ու գործողությունները ներշնչված են Աստծո և Նրա զավակների հանդեպ սիրուց: Ավետարանով կիսվելը չպետք է արվի հակառակության ոգով, այլ ավելի շուտ՝ պարզությամբ, հեզությամբ և բարությամբ: Դուք կարող եք սիրել ուրիշներին, նույնիսկ, եթե համաձայն չեք նրանց տեսակետների հետ: Ձեր ապրելակերպով եղեք Հիսուս Քրիստոսի հետևորդի լավ օրինակ։

Տես Մատթեոս 5․14–16 (թող ձեր լույսը փայլի), Հովհաննես 14․6 (Հիսուսը ճշմարտությունն է), Ա Պետրոս 3․15 (միշտ պատրաստ եղեք կիսվելու Քրիստոսի հանդեպ ձեր հույսով), Վարդապետություն և Ուխտեր 88․77–80 (բաներ, որոնք Տերը ցանկանում է, որ մենք սովորենք), 88․118 (իմաստություն փնտրեք լավագույն գրքերից), 93․36 (Աստծո փառքը բանականությունն է), 124․15 (ազնվությունը նշանակում է սիրել այն, ինչ ճիշտ է), 130․18 (մեր բանականությունը կբարձրանա մեզ հետ, երբ մենք հարություն առնենք):

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր

  • Դուք ձգտո՞ւմ եք ազնիվ լինել ձեր բոլոր գործերում։

  • Դուք աջակցո՞ւմ կամ առա՞ջ եք տանում որևէ ուսմունք, գործունեություն կամ վարդապետություն, որը հակասում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ընդունված ուսմունքներին, գործունեությանը կամ վարդապետությանը: