Երիտասարդներ
10․ Ձեր մարմինը սուրբ է


հայր, մայր և երեխա

Ընտանիքը նայում է դեպի լույսը, հեղինակ՝ Լովետտա Ռեյես Կայրո։ Նկարը՝ Havenlight-ի

10.

Ձեր մարմինը սուրբ է

Ա Կորնթացիներին 6.18–20

Ձեր մարմինը զարմանալի նվեր է ձեր Երկնային Հորից: Մարմին ունենալը ձեզ ավելի մեծ ուժ է տալիս իրացնելու ձեր ազատությունը՝ ընտրելու ճիշտն ու սխալը։ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կարող է օգնել ձեզ տեսնել ձեր մարմինը Աստծո տեսանկյունից: Եվ սա մեծապես ազդում է ձեր ընտրությունների վրա այն առումով, թե ինչպես վարվել ձեր մարմնի հետ և ինչպես հոգ տանել դրա մասին:

Հավերժական ճշմարտություններ

Ձեր մարմինը պատկերն է Աստծո՝ տիեզերքի ամենափառահեղ, վեհ Էակի: Սուրբ գրությունները մեր մարմինները համեմատում են սուրբ տաճարի հետ. մի վայր, որտեղ Հոգին կարող է բնակվել: Իհարկե, ձեր մարմինն այժմ կատարյալ չէ։ Սակայն ձեր մարմնում ունեցած փորձառությունները կարող են օգնել ձեզ պատրաստվել մի օր ստանալու կատարյալ, հարություն առած, փառավորված մարմին։

Ձեր հոգին կազմված է ձեր մարմնից և ձեր ոգուց: Այդ իսկ պատճառով ֆիզիկական և հոգևոր առողջությունը սերտորեն կապված են: Փրկիչը հայտնեց Իմաստության Խոսքը՝ ուսուցանելով ձեր մարմնի մասին հոգ տանելու սկզբունքները և խոստանալով ֆիզիկական և հոգևոր օրհնություններ:

Սեռական զգացմունքները երջանիկ ամուսնություններ և հավերժական ընտանիքներ ստեղծելու Աստծո ծրագրի կարևոր մասն են: Այս զգացմունքները մեղսավոր չեն, դրանք սուրբ են: Քանի որ սեռական զգացմունքներն այնքան սուրբ են և այնքան զորեղ, Աստված ձեզ տվել է մաքրաբարոյության օրենքը, որպեսզի պատրաստի ձեզ օգտագործել այդ զգացմունքները, ինչպես Ինքն է ցանկանում: Մաքրաբարոյության օրենքն ասում է, որ Աստված հավանություն է տալիս սեռական հարաբերություններին միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Շատերն անտեսում կամ նույնիսկ ծաղրում են Աստծո օրենքը, բայց Տերը մեզ հրավիրում է լինել Իր աշակերտները և ապրել ավելի բարձր չափանիշներով։

Հրավերներ

Հարգանքով վերաբերվեք ձեր մարմնին և ուրիշների մարմիններին: Երբ որոշումներ եք կայացնում ձեր հագուստի, սանրվածքի և արտաքինի վերաբերյալ, հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ես հարգում եմ իմ մարմինը՝ որպես Աստծո սուրբ պարգև»: Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք տեսնենք միմյանց այնպես, ինչպես մենք կանք իրականում. ոչ պարզապես ֆիզիկական մարմիններ, այլ աստվածային ճակատագրով Իր սիրելի զավակներ: Խուսափեք այնպիսի ոճերից, որոնք ընդգծում են կամ անտեղի ուշադրություն են հրավիրում ձեր ֆիզիկական մարմնի վրա՝ այն բանի փոխարեն, թե ով եք դուք որպես Աստծո զավակ՝ հավերժական ապագայով։ Թող բարոյական մաքրությունը և Աստծո հանդեպ սերը առաջնորդեն ձեր ընտրությունները: Խորհուրդ հարցրեք ձեր ընտանիքից։

Արեք այնպիսի բաներ, որոնք կամրապնդեն ձեր մարմինը, այլ ոչ թե այնպիսի բաներ, որոնք ցավ կպատճառեն կամ կվնասեն այն։ Երախտագիտությամբ վայելեք Աստծո տված բազմաթիվ բարիքները: Հիշեք, որ ալկոհոլը, ծխախոտը, սուրճը, թեյը և այլ վնասակար թմրանյութերն ու նյութերը ձեր մարմնի կամ ձեր հոգու համար չեն։ Նույնիսկ օգտակար նյութերը, ինչպիսիք են դեղատոմսով տրվող դեղերը, կարող են կործանարար լինել, եթե ճիշտ չօգտագործվեն:

Սեռական հարաբերությունը և սեռական զգացմունքները սուրբ պահեք: Դրանք չպետք է լինեն կատակների կամ զվարճանքի առարկա: Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունից դուրս սխալ է դիպչել ուրիշի մարմնի անձնական, սուրբ մասերին, նույնիսկ եթե հագուստով են: Ձեր ընտրություններում, թե ինչ գործողություն կատարել, օրինակ՝ ինչ անել, ինչին նայել, ինչ կարդալ ու լսել, ինչի մասին մտածել, ինչ գրառում տեղադրել կամ հաղորդագրություն ուղարկել, խուսափեք այն ամենից, ինչը նպատակաուղղված ցանկասիրություն է առաջացնում ձեր կամ ուրիշների մեջ: Սա ներառում է պոռնոգրաֆիայի դրսևորումներ: Եթե գտնում եք, որ իրավիճակները կամ գործողություններն ավելի են ուժեղացնում գայթակղությունները, խուսափեք դրանցից: Դուք գիտեք, թե որոնք են այս իրավիճակներն ու գործողությունները։ Եվ եթե դուք վստահ չեք, Հոգին, ձեր ընտանիքը և ձեր ղեկավարները կարող են օգնել ձեզ իմանալ։ Ցույց տվեք ձեր Երկնային Հորը, որ դուք պատվում և հարգում եք կյանք ստեղծելու սուրբ զորությունը:

Հիսուս Քրիստոսը մտածում է և հենվում իր գավազանին

Խոստացված օրհնություններ

Ձեր հարգանքը ձեր և ուրիշների հանդեպ կավելանա, երբ դուք հարգեք ձեր մարմինը՝ ձեր վարքագծի, արտաքինի և հագուստի միջոցով:

Տերը գիտելիքների մեծ գանձեր է խոստացել նրանց, ովքեր պահում են Իմաստության Խոսքը: Կախվածությունից զերծ առողջ մարմինը նաև մեծացնում է անձնական հայտնություն ստանալու, հստակ մտածելու և Տիրոջը ծառայելու ձեր կարողությունը:

Մաքրաբարոյության օրենքով ապրելը բերում է Աստծո հավանությունը և մեծացնում անձնական հոգևոր զորությունը: Այն պաշտպանում է ձեզ և ձեր ապագա ընտանիքը։ Երբ դուք ամուսնացած եք, այս օրենքը ավելի մեծ սեր, վստահություն և միասնություն կբերի ձեր ամուսնությանը: Այս օրենքին հնազանդվելը ձեզ համար հնարավոր կդարձնի հավերժական զարգացումը և ձեր Երկնային Հորը ավելի շատ նմանվելու իրողությունը: Ձեր վստահությունը կաճի, երբ դուք ապրեք որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ:

Հարցեր և պատասխաններ

Ո՞րն է Տիրոջ չափանիշը հագուստի, հարդարանքի, դաջվածքների և պիրսինգների վերաբերյալ: Տիրոջ չափանիշն այն է, որ դուք պատվեք ձեր մարմնի սրբությունը, նույնիսկ երբ դա նշանակում է տարբերվել մյուս մարդկանցից։ Թող այս ճշմարտությունը և Հոգին լինեն ձեր ուղեցույցը, երբ դուք որոշումներ եք կայացնում, հատկապես այնպիսի որոշումներ, որոնք երկարատև ազդեցություն են ունենում ձեր մարմնի վրա: Եղեք իմաստուն և հավատարիմ, և խորհուրդ հարցրեք ձեր ընտանիքից և ղեկավարներից։

Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել գայթակղությունները և վատ սովորությունները: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը զորություն ունեն օգնելու ձեզ: Լցրեք ձեր կյանքը այնպիսի բաներով, որոնք Նրանց զորությունը հրավիրում են ձեր կյանք, ինչպիսիք են աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և ուրիշներին ծառայելը։ Դիմեք Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին և կտեսնեք, որ թուլությունները կարող են դառնալ ուժեղ կողմեր: Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք ծնողներից, ղեկավարներից և վստահելի արհեստավարժ խորհրդատուներից: Նրանք կարող են օգնել ձեզ վերականգնել ձեր կյանքի վերահսկողությունը։ Դա կարող է ժամանակ պահանջել, այնպես որ համբերատար եղեք և երբեք մի հանձնվեք։

Ինձ գրավում են նույն սեռի մարդիկ։ Որքանո՞վ են այս չափանիշները կիրառելի ինձ համար: Նույնասեռ գրավչություն զգալը մեղք չէ: Եթե դուք ունեք այդ զգացմունքները և չեք հետևում կամ չեք գործում դրանց համաձայն, դուք ապրում եք Երկնային Հոր՝ մաքրաբարոյության սրբազան օրենքով: Դուք Աստծո սիրելի զավակն եք և Հիսուս Քրիստոսի աշակերտը: Հիշեք, որ Փրկիչը հասկանում է այն ամենը, ինչ դուք զգում եք: Նրա հետ ձեր ուխտի կապի միջոցով դուք ուժ կգտնեք՝ հնազանդվելու Աստծո պատվիրաններին և ստանալու Նրա խոստացած օրհնությունները: Վստահեք Նրան և Նրա ավետարանին:

Ինձ բռնության են ենթարկել, և ես ամաչում եմ։ Արդյո՞ք ես մեղավոր եմ: Ոչ: Որևէ բռնության կամ հարձակման զոհ լինելը ձեզ մեղսավոր չի դարձնում: Փրկիչը սիրում է ձեզ: Նա ձեր ուժն է: Նա ցանկանում է օգնել ձեզ, բժշկել և խաղաղություն տալ: Վստահելի արհեստավարժ խորհրդատուները, ձեր ընտանիքի անդամները և ձեր ղեկավարները նույնպես կարող են օգնել:

Տես Ծնունդ 1․27 (մենք Աստծո պատկերով ենք), Հովհաննես 14․18 (Փրկիչը խոստանում է մխիթարություն), Փիլիպպեցիներին 4․7 (Աստծո խաղաղությունը գերազանցում է հասկացողությունը), Մոսիա 2․41 (նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, օրհնվում են աշխարհիկ և հոգևոր առումով), Վարդապետություն և Ուխտեր 88․15 (ոգին և մարմինը հոգին են), 89 (Իմաստության Խոսքը), 121․45 (առաքինի մտքերը հանգեցնում են վստահության աճի):

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր

  • Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41)։ Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել Ձեր մտքերով և պահվածքով։

  • Դուք հնազանդվո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքին:

  • Դուք հասկանո՞ւմ և հնազանդվո՞ւմ եք Իմաստության Խոսքին: