4.
Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ
Սաղմոս 147․3
Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Նա արել է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դուք ուրախություն ունենաք այս կյանքում և ընդմիշտ: Նրան և Նրա ավետարանը ընտրելով՝ դուք ընտրում եք հավերժական երջանկություն և ուրախություն։
Նույնիսկ, երբ փորձում եք անել հնարավոր ամեն ինչ՝ լավ ընտրություն կատարելու համար, երբեմն սխալներ կգործեք։ Դուք կարող եք անել այնպիսի բաներ, որոնք կցանկանայիք, որ չանեիք: Բոլորի հետ է դա պատահում: Երբ սա տեղի է ունենում, հեշտ է հուսահատվել կամ մտածել, թե արդյոք երբևէ բավականաչափ լավը կլինեք։ Բայց կա լավ նորություն՝ հրաշալի, հուսադրող նորություն: Քանի որ Աստված սիրում է ձեզ, Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որը Իր վրա վերցրեց ձեր մեղքերը, որպեսզի դուք կարողանաք ապաշխարել, ներվել և շարունակել առաջադիմել։
Հավերժական ճշմարտություններ
Հիսուս Քրիստոսը կզորացնի ձեզ։ Նա կօգնի ձեզ փոխել ձեր ցանկությունները, ձեր մտքերը և ձեր գործողությունները։ Երբ դուք անհանգստանում եք, վախենում կամ ինչ-որ կերպ պայքարում եք, Նա կմխիթարի ձեզ: Նա կօգնի ձեզ ձեր կյանքի բոլոր ոլորտներում: Դուք կարող եք վստահել Նրան։
Ապաշխարությունը պատիժ չէ մեղքի համար. դա այն ճանապարհն է, որով Փրկիչը մեզ ազատում է մեղքից: Ապաշխարել նշանակում է փոխվել՝ հեռանալ մեղքից և դառնալ դեպի Աստված: Դա նշանակում է կատարելագործվել և ներում ստանալ: Այս տեսակի փոփոխությունը մեկանգամյա իրադարձություն չէ. դա շարունակական գործընթաց է:
Հրավերներ
Հիսուս Քրիստոսին դարձրեք ձեր կյանքի կիզակետը։ Փնտրեք Նրա օգնությունը ձեր բոլոր գործերում։
Ապաշխարեք: Դիմեք Տիրոջը՝ կատարելագործվելու ցանկությամբ։ Եթե ինչ-որ սխալ բան եք արել, ազնվորեն ընդունեք դա Աստծո առաջ և, ըստ անհրաժեշտության, ձեր եպիսկոպոսի և այն մարդու առաջ, ում դուք գուցե վնասել եք: Ամեն ինչ արեք՝ իրավիճակը շտկելու համար:
Ուրախացեք ավելի լավ գործելու և ավելի լավ լինելու պարգևով: Նույնիսկ երբ դա հեշտ չէ և ավելի երկար է տևում, քան դուք կցանկանայիք, երբեք մի դադարեք փորձել։ Շարունակեք աշխատել և վստահել Տիրոջը: Փրկիչը կօգնի ձեզ ճանապարհի ամեն քայլափոխին:
Խոստացված օրհնություններ
Երկնային Հայրը կների և կբժշկի ձեզ, երբ դուք ապաշխարեք։ Նա ձեր մեղքը կփոխարինի խաղաղությամբ և ուրախությամբ: Նա այլևս չի հիշի ձեր մեղքերը: Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է, և Նրա ուժի հետ մեկտեղ կմեծանա Նրա պատվիրանները պահելու ձեր ցանկությունը։
Նա կփոխի ձեր սիրտը և ձեր կյանքը: Դուք կամաց-կամաց կաճեք ու ավելի շատ կնմանվեք Նրան:
Հարցեր և պատասխաններ
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստված ներել է ինձ: Աստված խոստանում է, որ կների նրանց, ովքեր ապաշխարում են: Երբ դուք մխիթարություն եք զգում Հոգուց, կարող եք իմանալ, որ Փրկչի փրկագնող զորությունը գործում է ձեր կյանքում։
Ես ե՞րբ ունեմ եպիսկոպոսի օգնության կարիքը՝ ապաշխարելու համար: Ձեր եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները և ունի հոգևոր պարգևներ՝ ձեզ օգնելու համար, որ ապաշխարեք։ Դուք կարող եք ցանկացած պահի դիմել նրա օգնությանն ու խորհրդին: Եթե դուք լուրջ սխալներ եք թույլ տվել, օրինակ՝ խախտել եք մաքրաբարոյության օրենքը, հանդիպեք ձեր եպիսկոպոսի հետ։ Նա ձեզ չի դատապարտի: Նա Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչն է և կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես լիովին ապաշխարել և ստանալ Փրկչի բժշկող ու ամրացնող զորությունը:
Ես փորձում եմ ապաշխարել, բայց շարունակում եմ նույն սխալները թույլ տալ: Ես ինչպե՞ս վարվեմ: Չհանձնվե՛ք։ Դարձեք դեպի Քրիստոսը և հավատացեք Նրան։ Նրա շնորհը բավարար է: Կրկին փորձեք: Դուք երբեք մենակ չեք առաջադիմելու ձեր ջանքերում: Հիսուս Քրիստոսը միշտ ձեզ հետ է:
Տես Ենովս 1.6 (հանցանքը կարող է սրբվել), Մոսիա 4.3 (Սուրբ Հոգու միջոցով Աստված թույլ է տալիս իմանալ, որ դուք ներված եք), 26.30 (Փրկիչը ներում է այնքան հաճախ, որքան մենք ապաշխարում ենք), Եթեր 12.27 (Փրկչի շնորհը կարող է թույլ կողմերը ուժեղ դարձնել)), Մորոնի 6.8 (նրանք, ովքեր ապաշխարում են, ներվում են), 10.32 (կատարյալ եղեք Քրիստոսում), Վարդապետություն և Ուխտեր 1.32 (Տերը ներում է նրանց, ովքեր ապաշխարում են), 58.42–43 (ապաշխարությունը ներառում է մեղքը խոստովանելը և թողնելը):
Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր
-
Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես ձեր Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին:
-
Ձեր կյանքում կա՞ն լուրջ մեղքեր, որոնք պետք է շտկվեն քահանայության իշխանությունների հետ՝ որպես ձեր ապաշխարության գործընթացի մաս։