Երիտասարդներ
9. Դուք օրհնված եք քահանայության բանալիներով և իշխանությամբ


երկնային սուրհանդակները վերականգնում են քահանայության բանալիները Կիրթլենդի տաճարում

9.

Դուք օրհնված եք քահանայության բանալիներով և իշխանությամբ

Մատթեոս 16.18-19

Երբ Հիսուսը Պետրոսին ուսուցանեց քահանայության իշխանության մասին, Նա խոսեց բանալիների մասին։ Բանալիները գործածվում են բաներ բացելու և բանալու համար։ Քահանայության բանալիները կարող են բացել Աստծո զորությունը, պարգևները և օրհնությունները ձեր կյանքում։

Հավերժական ճշմարտություններ

Քահանայության բոլոր բանալիներն ու իշխանությունը գալիս են Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քահանայության յուրաքանչյուր կրող կարող է իր իշխանությունը հետագծել մինչև Նա։ Փրկիչն է որոշում, թե ով է ստանում այս իշխանությունը և ով է ստանում քահանայության բանալիները։ Մենք վստահում ենք Նրա կատարյալ գիտելիքին։

Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր քահանայությունը մեր օրերում։ Նա ուղղորդում է քահանայության օգտագործումը։ Ադամը, Մովսեսը, Պետրոսը և պատմության ընթացքում շատ այլ մարգարեներ ստացան քահանայության բանալիները։ Մեր օրերում Ջոզեֆ Սմիթը քահանայության բանալիները ստացավ Հովհաննես Մկրտչից, Պետրոսից, Մովսեսից, Եղիասից, Եղիայից և ուրիշներից։ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներն այսօր կրում են երկրի վրա քահանայության բոլոր բանալիները։ Տեղական քահանայության ղեկավարները և քվորումի նախագահները նույնպես կրում են քահանայության բանալիները իրենց կոչումների համար։ Քահանայության բանալիները կառավարում են Աստծո գործը։ Նրանք իշխանություն և լիազորություն են տալիս տղամարդկանց և կանանց՝ օգնելու այդ գործում։

Քահանայության իշխանությունն օրհնում է Աստծո բոլոր զավակներին։ Քանի որ քահանայությունը վերականգնվել է, դուք կարող եք ստանալ արարողություններ և Աստծո հետ ուխտեր կապել։ Դուք կարող եք գործել Աստծո անունով, երբ ստանում եք հանձնարարություն կամ կոչում իշխանություն ունեցող մեկից։

Հրավերներ

Ընդունեք Եկեղեցու կոչումները և հավատարմորեն ծառայեք։ Երբ դուք ստանում եք Եկեղեցու կոչում, դուք Աստծուց լիազորություն եք ստանում ծառայելու այդ դերում։ Դուք կարող եք նաև Աստծուց առաջնորդություն ստանալ ձեր ծառայության համար։ Ծառայելով՝ դուք ներկայացնում եք Հիսուս Քրիստոսին։ Նրան ձեր լավագույնը տվեք։

Սատարեք նրանց, ում Աստված կանչել է ծառայելու։ Սատարելը նշանակում է ավելին, քան պարզապես ձեռք բարձրացնելը, երբ Եկեղեցու ժողովում անուն է կարդացվում։ Դա նշանակում է աջակցել և օգնել։ Փնտրեք եղանակներ՝ ցույց տալու, որ դուք աջակցում եք այն մարդկանց, որոնց Հիսուս Քրիստոսը կանչել է ծառայելու Իր Եկեղեցում։

Կատարեք հանձնարարություններ ձեր Եկեղեցու ղեկավարների, այդ թվում՝ ձեր քվորումի կամ դասարանի նախագահության կողմից տրված։ Նրանք Աստծուց իշխանություն ունեն, որը նրանք ձեզ են արտոնում այդ առաջադրանքի համար։ Ձեզ կարող է հանձնարարվել ծառայել ինչ-որ մեկին, ողջունել մարդկանց, երբ նրանք ժամանում են հաղորդության ժողովին, կամ օգնել որևէ միջոցառման հետ կապված։ Անկախ առաջադրանքից, այն համարեք Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու և Աստծո զավակներին ծառայելու հնարավորություն։

Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից, Հորդանան գետում

Խոստացված օրհնություններ

Դուք կարող եք վստահ լինել, որ ձեր ստացած արարողությունները լիազորված են Հիսուս Քրիստոսի կողմից։ Սա այն հիմնական բաներից մեկն է, որը Հիսուս Քրիստոսի Եկեղեցին դարձնում է եզակի։ Քահանայության արարողություններում է բացահայտվում Աստծո զորությունը։

Դուք կդառնաք գործիք Տիրոջ ձեռքերում։ Երբ դուք ծառայեք Տիրոջը Իր իշխանությամբ և Իր ծառաների ղեկավարությամբ, ովքեր կրում են քահանայության բանալիները, Նա կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես ծառայել ուրիշներին Իր գործում։ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Ձեր ծառայությունը կօգնի ձեզ ավելի մոտենալ Նրան և ուրախություն կպարգևի ձեզ։

Հարցեր և պատասխաններ

Ո՞վ է իմ ծխում կրում քահանայության բանալիները։ Եպիսկոպոսը և երեցների, ուսուցիչների և սարկավագների քվորումների նախագահները կրում են քահանայության բանալիները։ Սա նշանակում է, որ Տերը նրանց հանձնարարել է ուղղորդել քահանայության գործածումը ծխում բոլորին ծառայելու և օրհնելու համար։

Ինչպե՞ս են քահանայության բանալիները օրհնում ինձ։ Մկրտության և հաղորդության նման արարողությունները լիազորված են քահանայության բանալիներով։ Երբ դուք կոչում եք ստանում Եկեղեցում, դուք ձեռնադրվում եք բանալիներ կրողի ղեկավարության ներքո։ Սա ձեզ օրհնում է այդ կոչմանը ծառայելու իշխանությամբ։ Եկեղեցու ղեկավարներն ու ուսուցիչները, ովքեր ծառայում են ձեզ, նույնպես քահանայության իշխանություն են ստացել բանալիների միջոցով։

Ինչպե՞ս են տղամարդիկ և կանայք ծառայում քահանայության իշխանությամբ։ Արժանի տղամարդկանց շնորհվում է քահանայություն և նրանք ձեռնադրվում են քահանայության պաշտոնների, ինչպիսիք են սարկավագը, ուսուցիչը, քահանան և երեցը։ Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ, ովքեր ձեռնադրվել են ծառայելու կոչման մեջ, Աստծուց ստանում են քահանայության լիազորություն՝ այդ կոչումը կատարելու համար։ Նույնը վերաբերում է կանանց և տղամարդկանց, ովքեր առաջադրանք են ստանում Եկեղեցու ղեկավարներից։

Տես Վարդապետություն և Ուխտեր 35․24–27 (Եկեղեցին առաջնորդվում է Տիրոջ տված բանալիներով), 107․18–20 (Մելքիսեդեկյան և Ահարոնյան քահանայության բանալիները), 110․11–16 (Մովսեսը, Եղիան և Եղիասը վերականգնեցին բանալիները):

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր

  • Դուք աջակցո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահին` որպես մարգարե, տեսանող ու հայտնող և որպես միակ մարդը Երկրի վրա, որը լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները:

  • Դուք աջակցո՞ւմ եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

  • Դուք աջակցո՞ւմ եք Եկեղեցու մյուս Բարձրագույն Իշխանություններին և տեղական ղեկավարներին: