Երիտասարդներ
1․ Աստծո ծրագիրը ձեզ համար է


Քրիստոսը քայլում է դաշտով

1.

Աստծո ծրագիրը ձեզ համար է

Ալմա 22.13

Նախքան երկիր գալը, դուք ապրել եք ձեր երկնային ծնողների հետ։ Դուք նրանց սիրելի զավակն եք։ Երկնքում դուք ուսուցանվեցիք Աստծո ծրագրի մասին Իր ընտանիքի համար։ Դուք ուրախությամբ ընդունեցիք այս ծրագիրը, քանի որ այն կօգներ ձեզ աճել և առաջադիմել՝ ավելի նմանվելով Աստծուն՝ ստանալով ֆիզիկական մարմին, լինելով երկրային ընտանիքի մաս և ապրելով կյանք երկրի վրա։ Այս փորձառություններից մի քանիսը դժվար կլինեին։ Մեր Հայրը գիտեր սա, ուստի որպես Իր ծրագրի մաս Նա ուղարկեց Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնի ձեզ։ Մենք այն անվանում ենք փրկության ծրագիր կամ երջանկության ծրագիր։

Հավերժական ճշմարտություններ

Երկնային Հայրը ծրագրի հեղինակն է։ Նա ձեր հոգու Հայրն է, և Նա սիրում է ձեզ։ Նա ցանկանում է ձեզ տալ Իր ամենամեծ օրհնությունը՝ հավիտենական կյանք Իր հետ։ Այլ կերպ ասած, Նա ցանկանում է, որ դուք ավելի նմանվեք Իրեն և ապրեք այն ուրախ, փառահեղ կյանքը, որով Նա է ապրում։ Նա ամենազոր է և գիտի ամեն ինչ։ Դուք կարող եք վստահել Նրան, նույնիսկ երբ կյանքը դժվար է։

Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձնում այդ ծրագիրը։ Աշխարհի ստեղծումից առաջ Երկնային Հայրը Նրան ընտրեց որպես ձեր Փրկիչ։ Հիսուս Քրիստոսը միակն է, ով կարող է ձեզ վերադարձնել ձեր Երկնային Հոր մոտ։ Ահա թե ինչու մենք ընտրում ենք հետևել Նրան։ Ամեն ինչ կախված է այդ ընտրությունից։

Ամուսնությունն ու ընտանիքը կարևոր են Աստծո ծրագրում։ Դուք Աստծո ընտանիքի մասն եք կազմում, և Նրա բոլոր հոգևոր զավակները երկիր են գալիս մոր և հոր միջոցով։ Աստված ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միասին առաջ ընթանան դեպի հավերժական կատարելություն։ Տղամարդիկ և կանայք հավասարապես նպաստում են սիրող, միասնական ամուսնությանը։ Ընտանեկան կյանքը երկրի վրա՝ նույնիսկ իր բոլոր թերություններով հանդերձ, կարող է մեծ ուրախություն բերել։ Այն նախատեսված է ձեզ օգնել Աստծո հետ հավիտենական կյանքին նախապատրաստելու համար։

Հրավերներ

Պահպանեք հավերժական հեռանկար Երբ դուք բախվում եք գայթակղությունների, փորձությունների, հիասթափությունների կամ դժվար ընտրությունների, հիշեցրեք ինքներդ ձեզ Աստծո ծրագրի մասին։ Տեսեք, թե ինչպես Նրա ծրագրի մասին ձեր իմացած հավերժական ճշմարտությունները կարող են օգնել ձեզ այլ կերպ նայել ձեր մարտահրավերներին։

Փնտրեք Աստծո ձեռքը ձեր կյանքում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Աստված օրհնում ձեզ։ Դա կարող է լինել ինչ-որ մեկի բարի արարք, խաղաղության մի պահ կամ աղոթքի պատասխան։

Ընտրեք հետևել Աստծո ծրագրին։ Իմացեք, թե ինչ է ձեր Երկնային Հայրը ցանկանում, որ անեք։ Փնտրեք Նրա առաջնորդությունը, երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, ապրող մարգարեների խոսքերը, ընտանիքի հռչակագիրը և ձեր հայրապետական օրհնությունը: Սա կօգնի ձեզ պատրաստվել ծառայելու Տիրոջը՝ որպես միսիոներ և ձեր ողջ կյանքի ընթացքում։ Տիրոջը ծառայելը, հավերժական ամուսնությունը և երեխաների դաստիարակությունը դարձրեք բարձր առաջնահերթություն։ Կատարեք ձեր ներդրումը երջանիկ ընտանիք ունենալու գործում հիմա՝ հետևելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։

Հիսուս Քրիստոսը քայլում է խոտածածկ դաշտում, Իր վրայից լույս է շողում

Խոստացված օրհնություններ

Դուք կարող եք դիմակայել կյանքի փորձություններին քաջությամբ և ունենալով հույս Քրիստոսում։ Քանի որ դուք գիտեք Աստծո հավերժական ծրագրի մասին, դուք ունեք արժեքավոր գործիք, որը կարող է օգնել ձեզ դժվար ժամանակներում։ Դուք գիտեք, որ կյանքում շատ ավելին կա, քան այն, ինչ տեղի է ունենում ծննդյան և մահվան միջև։ Դուք գիտեք, թե իրականում ով եք, որն է ձեր նպատակը և ով կարող եք դառնալ Փրկչի օգնությամբ։ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:

Դուք կարող եք ստանալ հավերժական կյանք՝ հետևելով Հիսուս Քրիստոսին։ Նա ձեզ զորություն կտա ավելի նմանվելու Իրեն, վերադառնալու ձեր երկնային ծնողների մոտ և հավիտյան ապրելու ուրախության մեջ ձեր սիրելիների հետ։ Վստահեք Հիսուս Քրիստոսին։

Հարցեր և պատասխաններ

Ինչո՞ւ է կյանքը երբեմն այդքան դժվար: Ինչպե՞ս կարող եմ ուժ գտնել։ Այս կյանքում ձեր ունեցած փորձառությունները՝ նույնիսկ ամենադժվարները, կարող են ձեր օգտի համար լինել։ Դրանք կարող են օգնել ձեզ աճել և զարգանալ, երբ դուք դիմեք Փրկչին։ Չկա այնպիսի մի բան, որի միջով դուք անցնում եք, որը Հիսուս Քրիստոսը չհասկանա Իր քավող զոհաբերության շնորհիվ։ Նա ճշգրիտ գիտի, թե ինչպես օգնել ձեզ։ Կենտրոնացրեք ձեր կյանքը Նրա վրա, և Նա կբարձրացնի ձեզ բոլոր կասկածներից ու վախերից վեր։

Երբեմն ընտանիքում և ամուսնության մեջ երջանկության գաղափարը թվում է այնքան հեռու։ Ինչպե՞ս կարող եմ ինքնավստահություն գտնել։ Անկախ ձեր իրավիճակից, մի հրաժարվեք Երկնային Հոր ծրագրից։ Նա չի հրաժարվի ձեզանից։ Եթե դուք հավատարիմ եք Փրկչին և ձեր ուխտերին, դուք կգտնեք պատասխաններ Հիսուս Քրիստոսի ուսմունքներում։ Նա հասկանում է այն ամենը, ինչ դուք զգում եք։ Նրա միջոցով դուք ուժ կստանաք հնազանդվելու Աստծո պատվիրաններին և ստանալու Նրա խոստացած օրհնությունները։ Վստահեք Նրան և Նրա ավետարանին:

Տես 2 նեփի 9․13 (Որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը), Մոսիա 2․41 (նրանք, ովքեր պահում են պատվիրանները, կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում), Ալմա 12․28-34 (Աստված Իր զավակներին հայտնի դարձրեց փրկագնման ծրագիրը), Աբրահամ 3․22-26 (Աստծո ծրագիրը ներառում էր մեզ երկիր ուղարկելը, որտեղ մենք կարող էինք ինքներս ընտրել հետևել Նրա պատվիրաններին):

Տաճարային երաշխավորագրի հարց

  • Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին: