8.
Տաճարային արարողություններն ու ուխտերը ձեզ համար ավելի հասանելի են դարձնում Աստծո օրհնությունները
Երկնային Հոր որոշ օրհնություններ այնքան սրբազան են, որ Նա մեզ պատվիրել է առանձնացնել հատուկ, սուրբ վայրեր՝ տաճարներ, որտեղ կարող ենք դրանք ստանալ։ Տաճարում՝ Տիրոջ տանը, դուք կարող եք ստանալ Նրա բարձրագույն արարողությունները՝ օժտումն ու կնքումը, և ստանալ Նրա ավելի մեծ խոստումները։
Հավերժական ճշմարտություններ
Օժտումը գիտելիքի և զորության պարգև է։ Տաճարային օժտման արարողությունների ժամանակ դուք ավելի լիարժեքորեն եք վերցնում Փրկչի անունը ձեզ վրա։ Դուք ուխտ եք կապում հնազանդվել Աստծուն, զոհաբերել՝ Նրա կամքը կատարելու համար, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հնազանդվել մաքրաբարոյության օրենքին և Իր Եկեղեցուն նվիրաբերել ձեր կյանքը և այն ամենը, ինչ Աստված տվել է ձեզ։ Սրանք ձեր խոստումներն են։ Աստված խոստանում է օրհնել ձեզ ավելի մեծ գիտելիքներով, պաշտպանությամբ և Իր զորությանը հասանելիությամբ։ Նա նաև խոստանում է ձեզ Իր հետ ապրելու համար հավիտենական կյանք տալ։ Որպես օժտման մաս, դուք ստանում եք սուրբ քահանայության հանդերձը կրելու սրբազան արտոնությունը։ Հանդերձը Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է և տաճարային ձեր ուխտերի հիշեցումը։
Տաճարային կնքումը միավորում է զույգերին և ընտանիքներին հավերժության համար։ Տաճարային կնքման արարողության ժամանակ դուք և ձեր ամուսինը/կինը ուխտ կկապեք Աստծո և միմյանց հետ։ Դուք կխոստանաք լիովին հավատարիմ լինել Աստծուն և միմյանց, սիրել և ծառայել միմյանց, և միասին աշխատել՝ Աստծո օրենքները պահելու համար։ Սա ձեր խոստումն է։ Աստված խոստանում է, որ ձեր հարաբերությունները ձեր ամուսնու/կնոջ և երեխաների հետ կարող են հավերժ տևել։ Նա նաև խոստանում է, որ դուք կարող եք ստանալ բարձրագույն փառքը Նրա հետ սելեստիալ արքայությունում, եթե պահեք ձեր ուխտերը։ Այս օրհնությունը կոչվում է վեհացում։
Հրավերներ
Միշտ ունեցեք տաճարային երաշխավորագիր։ Հանդիպեք ձեր եպիսկոպոսության անդամի հետ՝ երաշխավորագիր ստանալու համար։ Նա ձեզ հարցեր կտա այն մասին, թե ինչպես եք ապրում Տիրոջ չափանիշներով՝ Նրա սուրբ տունը մտնելու համար։ Հաճախակի վերանայեք այս հարցերը։ (Դուք կարող եք գտնել դրանք այս ուղեցույցի հավելվածում): Նույնիսկ եթե դուք ապրում եք տաճարից հեռու, թող ձեր երաշխավորագիրը լինի Տիրոջ հանդեպ ձեր սիրո և Նրա չափանիշներով ապրելու ձեր նվիրվածության խորհրդանիշը։
Որքան հնարավոր է հաճախ գնացեք տաճար: Ձեր տաճարային երաշխավորագրով դուք կարող եք մտնել Տիրոջ տունը և մկրտվել ու հաստատվել ձեր նախնիների համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ ձեզ տրված օրհնությունները։ Օգտվեք տաճարում լինելու յուրաքանչյուր հնարավորությունից։ Փնտրեք Տիրոջն Իր տանը։ Փնտրեք Նրան արարողությունների, խորհրդանիշների և ձեր զգացած Հոգու մեջ։ Դուք կգտնեք Նրան։
Պատրաստվեք ուխտեր կապել Տիրոջ տանը։ Դա անելու լավագույն միջոցներից մեկը ձեր մկրտության ուխտը պահելն է։ Դարձրեք այն ձեր առաջնորդող նպատակներից մեկը՝ ստանալ տաճարային արարողությունները և լինել ողջ կյանքի ընթացքում ուխտ պահող։ Սկսեք հիմա ապրել այն օրենքներով, որոնց կխոստանաք հնազանդվել տաճարում՝ հնազանդություն Աստծո պատվիրաններին, զոհաբերություն, Հիսուս Քրիստոսի ավետարանը, մաքրաբարոյություն և նվիրաբերում։ Ձեր ընտանիքը, եպիսկոպոսը և Եկեղեցու մյուս ղեկավարները կարող են օգնել ձեզ։
Խոստացված օրհնություններ
Դուք կարող եք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։ Նա կօգնի ձեզ դառնալ արդարության ավելի մեծ հետևորդ։ Տաճարային արարողություններն ու ուխտերը կուսուցանեն ձեզ, թե ինչպես մտնել Աստծո ներկայություն և ստանալ հավերժական կյանք՝ Նրա հետ։
Դուք կլինեք զինված Աստծո զորությամբ։ Տաճարային ուխտերը գալիս են այն խոստումով, որ Աստծո զորությունն ու փառքը կլինեն ձեզ վրա։ Նրա հրեշտակները կհսկեն ձեզ։
Տաճարում անցկացրած ժամանակը ձեզ ավելի սերտորեն կկապի Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու հետ։ Դուք կզգաք Աստծո խաղաղությունն ու հանգստությունը։ Դուք կլսեք Նրա ձայնն ավելի մեծ պարզությամբ։ Երկինքները կբացվեն ձեզ համար, և դուք ավելի լավ կհասկանաք Նրա ճանապարհները։ Դուք ավելի մեծ ուժ կունենաք դիմակայելու ձեր մարտահրավերներին, քանի որ ձեր սիրտը կապված է Նրա սրտի հետ։
Հարցեր և պատասխաններ
Ե՞րբ կարող եմ օժտում ստանալ։ Ձեր օժտումը ստանալու որոշումը անձնական է. այս որոշումը կայացրեք աղոթքով։ Խորհրդակցեք ձեր ընտանիքի և Եկեղեցու ղեկավարների հետ։ Օժտումը ստանալու համար դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան և այլևս չսովորեք ավագ կամ միջնակարգ դպրոցում։ Դուք կօժտվեք միսիայում ծառայելուց կամ կնքվելուց առաջ, բայց օժտվելուց առաջ պարտավոր չեք սպասել այս երկու իրադարձություններից որևէ մեկին։ Դուք պարզապես պետք է ցանկություն և նախապատրաստություն ունենաք ձեր Երկնային Հոր հետ լրացուցիչ ուխտեր կապելու և պահելու համար։ Ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կարող են օգնել ձեզ իմանալ, թե արդյոք դուք պատրաստ եք։ Մի դիտարկեք օժտումը որպես հավերժական ստուգաթերթիկի վրա գտնվող առաջադրանք։ Տեսեք այն որպես ձեր հավերժական ճամփորդության գեղեցիկ և փառահեղ մաս՝ Քրիստոսի մոտ գալու և Աստծո մեծագույն հոգևոր օրհնությունները ստանալու համար։
Ինչո՞ւ է ինձ տաճարային երաշխավորագիր անհրաժեշտ՝ տաճար մտնելու համար։ Տաճարը Տիրոջ տունն է, և Նա է սահմանում այնտեղ մտնելու չափանիշները։ Տաճարային արարողություններն ու ուխտերը այնքան սրբազան են, որ պահանջում են հատուկ հոգևոր նախապատրաստություն։ Տաճարային երաշխավորագրի հարցազրույցը նախատեսված է համոզվելու համար, որ դուք հոգևորապես պատրաստ եք տաճարային ուխտերի բարձրագույն արտոնություններին։ Երկնային Հայրը հրավիրում է Իր բոլոր զավակներին պատրաստվել Իրեն խոստումներ տալուն Իր սուրբ տանը։
Արդյո՞ք ես պետք է կատարյալ լինեմ տաճարային ուխտեր կապելու համար։ Ոչ ոք կատարյալ չէ։ Աստված խնդրում է ձեզ լինել ազնիվ և կամենալ պահել Իր պատվիրանները։ Աստծո հետ ուխտեր կապելն ու պահելն է, որ ձեզ զորություն է տալիս դառնալ կատարյալ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա ձեր ուժն է:
Տես Եսայի 2․2–3 (Տաճարում Աստված մեզ ուսուցանում է Իր ճանապարհները), Մատթեոս 11․28–30 (ձեզ վրա վերցրեք Փրկչի լուծը), 1 Նեփի 14․14 (Աստծո զորությունը Իր ուխտյալ ժողովրդի վրա է), Վարդապետություն և Ուխտեր 97․15–16 (Աստծո ներկայությունը և փառքն Իր տանն են), 109․22 (տաճարում մենք զինված ենք Աստծո զորությամբ), 131․1–4, 132․4–6, 15–20 (հավերժական կյանք ստանալու համար տղամարդն ու կինը պետք է կնքվեն հավերժության համար՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտի միջոցով), Աբրահամ 1․2 (Աբրահամը ցանկանում էր լինել արդարության ավելի մեծ հետևորդ և ստանալ ավելի մեծ գիտելիքներ):
Տաճարային երաշխավորագրի հարց
-
Դուք Ձեզ արժանի համարո՞ւմ եք տաճար մտնելու և տաճարային արարողություններին մասնակցելու համար: