Երիտասարդներ
2. Աստված ցանկանում է հաղորդակցվել ձեզ հետ


Հայրն ու Որդին հայտնվում են Ջոզեֆ Սմիթին սրբազան պուրակում

2.

Աստված ցանկանում է հաղորդակցվել ձեզ հետ

Վարդապետություն և Ուխտեր 8․2–3

Ավետարանի Վերականգնումը սկսվեց, երբ Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանի աղոթեց, և Երկնային Հայրը ու Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, պատասխանեցին նրան։ Աստված շարունակում է առաջնորդել Իր Եկեղեցին ապրող մարգարեների միջոցով։ Նա նաև ցանկանում է խոսել քեզ՝ Իր զավակի հետ, Սուրբ Հոգու միջոցով։ Սուրբ Հոգու՝ ձեզ հետ խոսելու ձևը ճանաչելն ամենաարժեքավոր հմտություններից մեկն է, որը կարող եք ձեռք բերել։

Հավերժական ճշմարտություններ

Հոգին առաջնորդում է ձեզ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։ Սա Սուրբ Հոգու կարևոր դերն է։ Նա նաև կոգեշնչի ձեզ ապաշխարել և հետևել Հիսուս Քրիստոսին, որպեսզի կարողանաք ստանալ Նրա քավության օրհնությունները։ Ապաշխարելիս Հոգին մաքրագործում է ձեզ և օգնում է ձեզ փոխվել։

Սուրբ Հոգին խոսում է ձեր մտքին և սրտին։ Հոգուց եկող ուղերձները կարող են ձեր մտքին գալ բազմաթիվ ձևերով՝ ոգեշնչված մտքերի, նախազգուշացումների, պարզ հասկացողության և հոգևոր հիշողությունների միջոցով։ Սուրբ Հոգին կարող է խոսել ձեր սրտի հետ՝ ոգեշնչող զգացմունքների միջոցով, ինչպիսիք են՝ մխիթարությունը, վստահությունը, խաղաղությունը, սերը, ուրախությունը, խոնարհությունը, երախտագիտությունը և համբերությունը։

Հրավերներ

«Ստացիր Սուրբ Հոգին»։ Այս խոսքերն ասվեցին, երբ դուք հաստատվեցիք Քրիստոսի Եկեղեցու անդամ։ Ինչպե՞ս եք ստանում Սուրբ Հոգին։ Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հնազանդվելով։ Նա ձեր ուժն է: Նրան հետևելը Սուրբ Հոգուն հրավիրում է ձեր կյանք։

Աղոթքով փնտրեք ձեր Երկնային Հորը։ Բացեք ձեր սիրտը Նրա առաջ։ Շնորհակալություն հայտնեք Նրան այն բազմաթիվ հրաշալի օրհնությունների համար, որոնք Նա տվել է ձեզ։ Կիսվեք Նրա հետ ձեր ուրախություններով, մտահոգություններով և հարցերով։ Հանդարտ եղեք և լսեք Նրա պատասխանները, որոնք կարող են գալ որպես խաղաղության զգացողություններ, մտքեր կամ ինչ-որ բան անելու տպավորություն։

Լսեք Աստծո ձայնը սուրբ գրություններում։ Սուրբ գրություններն Աստծո խոսքերն են ձեզ։ Սովորեք դրանցից ամեն օր՝ Նրա ձայնը բացահայտելու և Նրա սերը զգալու համար։ Կարդալիս մտածեք, թե ինչ կարող է Նա ուսուցանել ձեզ, և գրի առեք ստացած տպավորությունները։ Սուրբ գրությունների, մասնավորապես Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը, դարձրեք ձեր կյանքի ամենօրյա սովորություն։

Գործեք ձեր ստացած հոգևոր տպավորությունների հիման վրա։ Եթե ունեք միտք կամ տպավորություն՝ անելու ինչ-որ բարի բան, որը կօգնի մեկին, արեք դա։ Բոլոր բարի բաները գալիս են Աստծուց։ Ցույց տվեք ձեր Երկնային Հորը, որ Նա կարող է վստահել ձեզ՝ հետևելու Նրանից ստացված տպավորություններին։

Հիսուս Քրիստոս

Խոստացված օրհնություններ

Սուրբ Հոգին կմխիթարի և կառաջնորդի ձեզ։ Նա հայտնի է որպես Մխիթարիչ։ Նա կաջակցի ձեզ դժվարին ժամանակներում։ Նա կօգնի ձեզ իմանալ, թե ինչ ասել կամ անել։ Նրա ազդեցությամբ դուք կարող եք տարբերել ճշմարտությունը կեղծից։ Նա կարող է օգնել ձեզ գտնել լավը ուրիշների և ձեր մեջ։ Հոգին կարող է նաև զգուշացնել ձեզ վտանգի մասին։ Նա կառաջնորդի ձեզ դեպի Հիսուս Քրիստոսը և կհեռացնի ձեզ մեղքից։

Դուք կարող եք ստանալ հոգևոր պարգևներ։ Կան բազմաթիվ պարգևներ, որոնք Աստված տալիս է Իր զավակներին Իր Հոգու միջոցով։ Սուրբ գրություններում հիշատակվածներից մի քանիսն են՝ հայտնությունը, Հիսուս Քրիստոսին հավատալը, ուսուցումը, խորաթափանցությունը և իմաստությունը։ Աղոթեք՝ հարցնելով Երկնային Հորը ձեզ տված հոգևոր պարգևների, դրանց զարգացման եղանակների և այն մասին, թե ինչպես է Նա ցանկանում, որ դուք դրանք օգտագործեք ուրիշներին օրհնելու համար։

Հարցեր և պատասխաններ

Ինչո՞ւ են ուրիշները ինձանից ավելի մեծ հոգևոր փորձառություններ ունենում։ Ոչ բոլոր հոգևոր փորձառություններն են հրաշքով լի կամ կտրուկ։ Շատ դեպքերում Աստված մեզ հետ խոսում է մեր մտքերի կամ մեր սրտերում առկա նուրբ զգացմունքների միջոցով։ Սրանք մեղմ, հանդարտ ձայնի շշունջներն են։ Դուք կարող եք զգալ Հոգին և սակայն չգիտակցել դա։ Շարունակեք աղոթել։ Շարունակեք ուսումնասիրել Աստծո խոսքը։ Ժամանակի և փորձի հետ դուք կսովորեք ճանաչել Հոգին տարբեր ձևերով։

Տես Գ Թագավորների 19․11-12 (Աստված խոսում է մեղմ, հանդարտ ձայնով), Հովհաննես 15․26 (Հոգին վկայում է Քրիստոսի մասին), Մորոնի 10․3-5 (Հոգով ճանաչեք ճշմարտությունը), Վարդապետություն և Ուխտեր 11․12-13 (Հոգին առաջնորդում է գործել բարիք), 45․57 (ունեցեք Հոգին որպես ձեր ուղեկից), 46․8-26 (հոգևոր պարգևներ):

Տաճարային երաշխավորագրի հարց

  • Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին: