Youth
7. Արարողությունները և ուխտերը ձեզ համար հասանելի են դարձնում Աստծո օրհնությունները


Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուս Քրիստոսին

7.

Արարողությունները և ուխտերը ձեզ համար հասանելի են դարձնում Աստծո օրհնությունները

Վարդապետություն և Ուխտեր 84․20

Ձեր Երկնային Հայրը անհամբեր սպասում է ձեզ սովորեցնելուն և օրհնելուն։ Նա դա անում է մկրտության, հաստատման և հաղորդության նման արարողությունների միջոցով։ Այսպիսի արարողությունների միջոցով մենք ուխտ կամ խոստում ենք կապում Աստծո հետ։ Ուխտերը պահելը մեծացնում է Աստծո զորությունը ձեր կյանքում և օգնում է ձեզ պատրաստվել հավերժական կյանքին։ Ահա թե ինչու են արարողություններն ու ուխտերը թանկարժեք մեզ համար, քանի որ դրանք ամրապնդում են մեր կապը մեր Երկնային Հոր և մեր Փրկչի հետ և օգնում են մեզ ավելի նմանվել Նրանց։

Հավերժական ճշմարտություններ

Արարողությունները ձեզ ուղղորդում են դեպի Հիսուս Քրիստոսը։ Արարողությունը սրբազան ծես է՝ խորհրդանշական իմաստներով, որոնք սովորեցնում են Հիսուս Քրիստոսի մասին։ Օրինակ՝ հաղորդությունը միայն հաց ու ջուր չէ։ Այն մեզ հիշեցնում է Փրկչի մասին։

Ուխտերը Աստծո սիրո, վստահության և ակնկալիքների նշան են։ Դրանք ձեր հարաբերությունները Աստծո հետ տանում են ավելի խոր մակարդակի։ Ուխտ կապելը ցույց է տալիս, որ դուք սիրում եք Աստծուն և նվիրված եք Նրան։ Դուք կարող ես վստահել Նրան, և Նա կարող է վստահել ձեզ։ Այդ ավելի խոր նվիրվածության հետ մեկտեղ գալիս է Նրա զորությանն ու օգնությանն ավելի մեծ հասանելիություն, երբ դուք պահում եք ձեր ուխտերը։

Դուք ուխտեր եք կապում Աստծո հետ, երբ մկրտվում և հաստատվում եք, և երբ ճաշակում եք հաղորդությունը։ Մկրտվելիս դուք խոստանում եք ձեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները ձեր ողջ կյանքի ընթացքում։ Հաղորդության ժամանակ դուք նաև խոստանում եք միշտ հիշել Նրան։ Սրանք ձեր խոստումներն են։ Քանի որ դուք ցանկանում եք պահել դրանք, Աստված խոստանում է ձեզ տալ Սուրբ Հոգին որպես մշտական ուղեկից։

Հրավերներ

Հաղորդությանը վերաբերվեք որպես սրբազան պարգևի։ Ցույց տվեք ձեր նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին՝ պատրաստվելով սրբազան փորձառության հաղորդության ժամանակ։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի այս արարողությունը դառնա ձեր շաբաթվա հոգևոր կարևորագույն իրադարձությունը։

Փնտրեք Փրկչին արարողությունների մեջ։ Երբ դիտում կամ մասնակցում եք որևէ արարողության, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ եմ ես սովորում սրանից Հիսուս Քրիստոսի մասին» կամ «Ինչպե՞ս է դա ինձ ավելի մոտեցնում Նրան»։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է Հոգին ուսուցանում ձեզ։

Թող ձեր ուխտերն առաջնորդեն ձեր գործողությունները։ Երբ պետք է ընտրություն կատարեք, հիշեք ձեր ուխտյալ հարաբերություններն Աստծո հետ։ Հավատարիմ եղեք Նրան։ Հարցրեք ինքներդ ձեզ. սա համահո՞ւնչ է իմ ուխտերին։ Օրինակ՝ արդյո՞ք ես սիրում և ծառայում եմ ուրիշներին, մխիթարում եմ մխիթարության կարիք ունեցող մարդկանց և կանգնում եմ որպես Քրիստոսի վկա՝ ամենուր և միշտ։

Քրիստոսը սեղանի շուրջ՝ նեփիացիների համար հաղորդությունը պատրաստելիս

Խոստացված օրհնություններ

Դուք կարող եք զորություն ունենալ հաղթահարելու գայթակղությունը, մեղքը և կյանքի փորձությունները։ Ուխտեր կապելը և պահելը ձեզ հնարավորություն է տալիս օգտվել Աստծո զորությունից։ Այդ զորությամբ դուք կարող եք վստահորեն դիմակայել ամեն ինչի։ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:

Դուք կարող եք մաքուր և ներված լինել։ Աստծո խոստումի մի մասը՝ ձեր մկրտության ուխտը պահելու համար, ձեր մեղքերի թողությունն է։ Դա նշանակում է, որ երբ դուք ապաշխարեք և պահեք Աստծո հետ ձեր խոստումները, Նա կների ձեզ և կօգնի ձեզ կատարելագործվել։

Դուք կարող եք Սուրբ Հոգին միշտ ձեզ հետ ունենալ։ Մկրտության և հաղորդության հետ կապված մեկ այլ խոստում է Նրա Հոգու մշտական ընկերակցությունը և հրեշտակների սպասավորությունը։ Դուք երբեք ստիպված չեք միայնակ դիմակայել ձեր դժվարություններին։ Աստված երբեք չի լքում Իր ուխտյալ զավակներին՝ դուք կարող եք հույս դնել այդ փաստի վրա։

Դուք կարող եք ունենալ Աստծո ուխտյալ ժողովրդի աջակցությունը։ Դուք պատկանում եք Փրկչի Եկեղեցու ուխտյալ մարդկանց համայնքին։ Դուք միմյանց բարձրացնում և խրախուսում եք։ Դուք միասին սգում եք և միասին ցնծում։ Դուք կրում եք միմյանց բեռը։ Ձեր ընտանիքը, եպիսկոպոսը, ղեկավարները և Եկեղեցու մյուս անդամներն այստեղ են՝ ձեզ օգնելու համար, և դուք կարող եք օգնել նրանց։

Հարցեր և պատասխաններ

Արդյոք կարող եմ լինել Հիսուս Քրիստոսի լավ հետևորդ առանց արարողությունների և ուխտերի։ Կան շատ լավ մարդիկ, ովքեր անկեղծորեն հետևում են Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե երբեք մկրտված կամ տաճարում չեն եղել։ Սակայն, Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ստանան Իր արարողությունները և ուխտեր կապեն Իր հետ, որպեսզի նրանք ավելի մեծ հասանելիություն ունենան Նրա օգնությանը, ողորմությանը և զորությանը։ Սա է Հիսուս Քրիստոսի կողմից Իր Եկեղեցին վերականգնելու հիմնական պատճառներից մեկը։ Աստծո յուրաքանչյուր զավակ կունենա հնարավորություն՝ այս կամ հաջորդ կյանքում՝ ընդունելու հավերժական կյանքի համար անհրաժեշտ արարողություններն ու ուխտերը։

Ես միշտ չէ, որ հավատարիմ եմ եղել իմ ուխտերին։ Կա՞ արդյոք հույս ինձ համար։ Այո: Հիսուս Քրիստոսի ավետարանը հույսի և նոր սկիզբների ավետարան է։ Ահա, թե ինչու ենք մենք ամեն շաբաթ ընդունում հաղորդությունը։ Երկնային Հայրը գիտեր, որ մենք սխալներ կգործենք և նոր սկիզբ կպահանջվի։ Փրկիչը Իր կյանքը տվեց՝ ձեզ վերադարձի ճանապարհ տալու համար։ Երբ դուք հավատք եք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապաշխարում, կարող եք վերականգնել Աստծո զորության հասանելիությունը։

Տես Ա Կորնթացիներին 11․23–26 (հաղորդությունը ընդունելը ցույց է տալիս, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին և Նրա քավությանը), Մոսիա 18․10, 13 (մկրտության ուխտը), Վարդապետություն և Ուխտեր 13 (Ահարոնյան քահանայությունը ներառում է ապաշխարության, մկրտության և հրեշտակների ծառայության բանալիները), 20․37 (մկրտության պահանջները), 20․77, 79 (հաղորդության աղոթքները):

Տաճարային երաշխավորագրի հարց

  • Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը՝ տանը և եկեղեցում, մասնակցել ձեր ժողովներին, պատրաստվել և արժանավորությամբ ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով: