Երիտասարդներ
Կատարեք ոգեշնչված ընտրություններ


Կատարեք ոգեշնչված ընտրություններ

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում դուք կգտնեք Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ուսմունքները: Այս ճշմարտություններն ընդունելով որպես ձեզ ուղեցույց՝ դուք կարող եք կատարել ոգեշնչված ընտրություններ, որոնք կօրհնեն ձեզ այժմ և ողջ հավերժության ընթացքում:

Դուք Աստծո սիրելի հոգևոր զավակն եք: Նրա երջանկության մեծ ծրագիրը հնարավորություն է տալիս ձեզ հոգևոր առումով աճել և զարգացնել ձեր աստվածային ներուժը: Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին որպես ձեր Փրկիչ։

Ձեր Երկնային Հայրը վստահում է ձեզ: Նա մեծ օրհնություններ է տվել ձեզ, ներառյալ ավետարանի լրիվությունը և սուրբ արարողություններն ու ուխտերը, որոնք կապում են ձեզ Նրա հետ և Նրա զորությունը բերում ձեր կյանք: Այս ուխտերի հետ գալիս է լրացուցիչ ուրախություն և պատասխանատվություն։ Նա գիտի, որ դուք կարող եք փոխել աշխարհը, և դա, շատ դեպքերում, պահանջում է տարբերվել աշխարհից: Ընտրություններ կատարելիս փնտրեք ձեր Երկնային Հոր առաջնորդությունը: Սուրբ Հոգու միջոցով Նա կօրհնի ձեզ ոգեշնչմամբ:

Հիսուս Քրիստոսը հավիտենական ուրախության ճանապարհն է: Երբ դուք օգտագործում եք Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրության ձեր ազատությունը, դուք այն ուղու վրա եք, որը տանում է դեպի հավերժական երջանկություն: Հիսուս Քրիստոսին դարձրեք ձեր չափանիշը, ձեր քարակոփ ամուր հիմքը: Կառուցեք ձեր կյանքը Նրա ուսմունքների վրա և ձեր ընտրությունները գնահատեք դրանցով: Ուխտերը, որոնք դուք կապում եք մկրտության ժամանակ, հաղորդության ժամանակ և տաճարում, Քրիստոսում ձեր ամուր հիմքի կառուցման քարն են: Դուք դեռևս կբախվեք մաքառումների և գայթակղությունների, բայց Երկնային Հայրը և Փրկիչը կօգնեն ձեզ հաղթահարել դրանք:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նպատակը ձեզ «այո» կամ «ոչ» ասելը չէ ամեն հնարավոր ընտրության վերաբերյալ, որին կարող եք հանդիպել: Փոխարենը, Տերը հրավիրում է ձեզ ապրել ավելի բարձր և սուրբ ձևով՝ մի կյանք, որը կենտրոնացած է հավերժական ճշմարտությունների և Տիրոջ խոստացված օրհնությունների վրա։ Սա է Նրա ճանապարհը։ Այս ուղեցույցը ձեզ կսովորեցնի Նրա ճանապարհի մասին: Այն բացատրում է ճշմարտությունները, որ Ինքն է հայտնել: Դարձրեք այս ճշմարտությունները ձեր ուղեցույցը ընտրություններ կատարելու համար՝ կարևոր ընտրություններ, ինչպիսիք են տաճարում ուխտեր կապելը և միսիայում ծառայելը, ինչպես նաև ամենօրյա ընտրություններ, ինչպիսիք են՝ ինչպես վերաբերվել մարդկանց կամ ինչպես անցկացնել ձեր ժամանակը։

Թեև ուրիշները կարող են օգնել ձեզ, սակայն ձեր հոգևոր աճն անձնական է: Դա ձեր պատասխանատվությունն է։ Ամեն օր գործադրեք ձեր լավագույն ջանքերը կատարելագործվելու համար, պահեք Աստծո պատվիրանները, հարգեք ձեր ուխտերը և օգնեք ուրիշներին ավելի մոտենալ Փրկչին:

Տես Մոսիա 4.29–30 (մեղք գործելու ուղիներն անթիվ են, ուստի մենք պետք է զգույշ լինենք), Հելաման 5.12 (կառուցեք ձեր հիմքը Քրիստոսի վրա), Վարդապետություն և Ուխտեր 45.57 (վերցրեք Սուրբ Հոգին որպես ձեր ուղեկից), 25․13 (հավատարիմ մնացեք ձեր ուխտերին):

Ինչպես է կազմված այս ուղեցույցը

Յուրաքանչյուր թեմա ունի երեք մաս.

  1. Հավերժական ճշմարտություններ կամ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը

  2. Հրավերներ՝ գործելու այդ ճշմարտությունների հիման վրա

  3. Խոստացված օրհնություններ, որոնք Տերն առաջարկում է նրանց, ովքեր ապրում են Իր ուսմունքներով