Երիտասարդներ
5․ Քայլեք Աստծո լույսով


Հիսուս Քրիստոսը հովվում է ոչխարների հոտին

Կարիք չեմ ունենալու, հեղինակ՝ Յոնսուն Կիմ։ Նկարը՝ Havenlight-ի

5.

Քայլեք Աստծո լույսով

Գաղատացիներին 5․25

Դուք ավելի լավ ընտրություն եք կատարում, երբ կարողանում եք հստակ տեսնել իրերը: Ահա թե ինչու լույսն այդքան կարևոր է. լույսը հեշտացնում է ճիշտ ուղին տեսնելը: Երկնային Հայրը ձեզ հնարավորություն է տվել օգտվելու երկնային լույսի աղբյուրից՝ Սուրբ Հոգու պարգևից, որպեսզի օգնի ձեզ հստակ տեսնել լավն ու վատը, ճիշտն ու սխալը։

Հավերժական ճշմարտություններ

Դուք կարող եք Սուրբ Հոգին ունենալ որպես մշտական ուղեկից։ Երբ դուք հաստատվեցիք որպես Եկեղեցու անդամ, ձեզ հրավիրեցին «ստանալ Սուրբ Հոգին»։ Հոգին որպես ձեր մշտական ուղեկից ունենալու հնարավորությունը Աստծուց ձեզ տրված մեծագույն պարգևներից մեկն է։

Լավ ընտրություն կատարելը բարելավում է Հոգին զգալու ձեր կարողությունը: Այս աշխարհում շատ լավ և օգտակար բաներ կան: Ճիշտ այնպես, ինչպես ձեր մարմնի վրա ազդում է այն, ինչ դուք ուտում և խմում եք, ձեր միտքն ու հոգին կրում են այն ամենի խոր ազդեցությունը, ինչ դուք կարդում եք, դիտում և լսում եք:

Հրավերներ

Ամեն օր ժամանակ հատկացրեք Տիրոջը: Սովորեք Նրանից։ Միշտ հիշեք Նրան։ Աղոթեք ձեր Երկնային Հորը: Ուսումնասիրեք սուրբ գրությունները և կենդանի մարգարեների խոսքերը: Ապա ձգտեք ապրել ձեր սովորածով:

Փնտրեք այն, ինչը քաջալերում է, ոգեշնչում և հրավիրում է Հոգուն: Երբ դուք ընտրություն եք կատարում այն մասին, թե ինչ դիտել, կարդալ, լսել կամ ինչին մասնակցել, մտածեք, թե ինչ եք զգում դրանից հետո: Արդյո՞ք դա լավ մտքեր է առաջացնում: Հեռու մնացեք ամեն ինչից, որը ծաղրում է սրբազան բաները կամ անբարոյական է։ Մի մասնակցեք որևէ բանի, որը թուլացնում է ձեր դատողությունը կամ զգայունությունը Հոգու նկատմամբ, օրինակ՝ բռնությունը, ալկոհոլը և վնասակար դեղորայքն ու թմրանյութերը: Քաջություն ունեցեք անջատելու տեսանյութը կամ խաղը, դուրս գալու ֆիլմից կամ պարահանդեսից, փոխելու երաժշտությունը կամ հրաժարվելու այն ամենից, ինչը չի համապատասխանում Հոգուն։

Օգտագործեք սոցիալական լրատվամիջոցները՝ ոգեշնչելու համար: Սոցիալական լրատվամիջոցները կարող են հաղորդակցման հզոր գործիք լինել: Եթե դուք օգտագործում եք այն, կենտրոնացեք լույսի, հավատքի և ճշմարտության վրա: Մի համեմատեք ձեր կյանքը այն ամենի հետ, ինչով ապրում են ուրիշները: Հիշեք, որ ձեր արժեքը գալիս է երկնային ծնողների զավակ լինելուց, ոչ թե սոցիալական ցանցերից:

Ձգտեք առողջ փորձառությունների և իրական, երկարատև հարաբերությունների։ Զգույշ եղեք, որ տեխնոլոգիաների և լրատվամիջոցների օգտագործումը չփոխարինի ընտանիքի և ընկերների հետ անցկացրած ժամանակին: Սոցիալական լրատվամիջոցները և այլ տեխնոլոգիաները կարող են խլել ձեր ժամանակի մեծ մասը՝ առանց դրա դիմաց մեծ արժեք տալու։ Դադար առեք վիրտուալ աշխարհից և կապվեք իրական կյանքի մարդկանց հետ:

Հիսուս Քրիստոսը ոչխարների հոտ է տանում խոտածածկ դաշտով

Խոստացված օրհնություններ

Դուք կարող եք Հոգին միշտ ձեզ հետ ունենալ: Այս խոստումը այն ուխտի մասն է, որը դուք կապում եք ամեն անգամ, երբ ճաշակում եք հաղորդությունը։ Հոգին կվկայի ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Նա կմխիթարի, կառաջնորդի, կզգուշացնի և կսրբացնի ձեզ: Նա կօգնի ձեզ ճանաչել ճշմարտությունը և տեսնել լավը աշխարհում:

Հարցեր և պատասխաններ

Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք ես զգում եմ Սուրբ Հոգին: Որպեսզի սովորեք տեղյակ լինել Հոգու մասին, ձեզանից կպահանջվի ժամանակ, կիրառում և համբերություն: Նա տարբեր մարդկանց հետ խոսում է տարբեր ձևերով: Մի անտեսեք պարզ բաները՝ խաղաղության զգացումը, որը դուք ստանում եք՝ լսելով ինչ-որ մեկի վկայությունը, կամ անհանգստության զգացումը, որը դուք ստանում եք սխալ ընտրություն կատարելուց հետո: Սուրբ գրություններում փնտրեք Հոգու հաղորդակցման տարբեր եղանակներ, աղոթեք դրանց մասին և շարունակեք փնտրել Հոգին զգալու հնարավորություններ:

Ի՞նչ է պոռնոգրաֆիան: Ես ինչո՞ւ պետք է խուսափեմ դրանից: Պոռնոգրաֆիան սեռական զգացմունքներ արթնացնելու համար նախատեսված ներկայացում է՝ նկարներով կամ բառերով։ Պոռնոգրաֆիան լինում է բազմաթիվ ձևերի, այդ թվում՝ տեսանյութերի, նկարների, գրքերի, խաղերի և երաժշտության։ Դա կարող է լինել նաև հաղորդագրություններ կամ նկարներ, որոնք միմյանց են ուղարկում ընկերները: Պոռնոգրաֆիան անարգանքով է վերաբերվում սուրբ բաներին՝ մեր ֆիզիկական մարմիններին և սեռական զգացմունքներին: Դուք կարող եք հանդիպել պոռնոգրաֆիկ նյութերի՝ առանց նախատեսելու: Անկախ նրանից՝ դիտավորյալ եք հանդիպում պոռնոգրաֆիկ նյութերի, թե ոչ, անմիջապես հեռացեք։ Կարող եք նաև խոսել ծնողի կամ այլ վստահելի մեծահասակի հետ: Պոռնոգրաֆիկ նյութերի նպատակային դիտումը մեղք է և վնասում է Հոգին զգալու ձեր կարողությանը: Դա թուլացնում է ձեր ինքնատիրապետումը և խեղաթյուրում է ձեր և ուրիշների պատկերացումները: Հիսուս Քրիստոսը զորություն ունի օգնելու ձեզ դիմակայել պոռնոգրաֆիային և ապաշխարել: Շրջվեք դեպի Նա և հեռացեք խավարից: Ձեր եպիսկոպոսը կարող է օգնել ձեզ ուժ և ներում ստանալ Փրկչի միջոցով: Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:

Տես Սաղմոս 119․105 (Աստծո խոսքը լույսի պես է մեր ճանապարհին), Ամովս 5․14 (փնտրեք բարին), Գաղատացիներին 5․22–23 (Հոգու պտուղները), Մորոնի 7․18–19 (Քրիստոսի լույսը), Վարդապետություն և Ուխտեր 6․23 (Տերը խաղաղություն է խոսում), 20․77, 79 (հաղորդության աղոթքները):

Տաճարային երաշխավորագրի հարց

  • Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41)։ Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել Ձեր մտքերով և պահվածքով։