Երիտասարդներ
3. Դուք կարող եք օգնել Աստծո գործին


Հիսուս Քրիստոսը հսկում և հոգ է տանում Իր ոչխարների մասին։

3.

Դուք կարող եք օգնել Աստծո գործին

Մովսես 1.39

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին: Նա ցանկանում է օգնել նրանց գտնել երջանկություն և ուրախություն, վերադառնալ Իր մոտ և ձեռք բերել հավերժական կյանք։ Սա կոչվում է Նրա փրկության և վեհացման գործը, և Նա հրավիրում է ձեզ օգնել։

Հավերժական ճշմարտություններ

Աստծո գործը և փառքն է` իրականացնել ձեր անմահությունը և հավերժական կյանքը։ Անմահությունը հարություն առած մարմնով հավիտյան ապրելն է։ Հավերժական կյանքը կամ վեհացումը նշանակում է ավելի նմանվել Աստծուն և հավերժ ապրել Նրա հետ որպես ընտանիքներ։ Այս ամենը հնարավոր է Հիսուս Քրիստոսի և Նրա քավող զոհաբերության շնորհիվ: Դուք կարող եք վստահել Նրան։

Դուք կարող եք օգնել Աստծո գործին՝ գալով Քրիստոսի մոտ և օգնելով ուրիշներին անել նույնը։ Ամեն անգամ, երբ դուք ինչ-որ բան եք անում՝ մեկին օգնելու հետևել Հիսուս Քրիստոսին, դուք նպաստում եք Աստծո գործին։

Հրավերներ

Ապրեք ավետարանով: Կառուցեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ամեն օր ապաշխարեք: Ստացեք Աստծո քահանայության արարողությունները և պահեք ձեր ուխտերը։ Դարձրեք դա ձեր մնացած կյանքի նմուշը։

Հոգ տարեք կարիքավորների համար։ Գտեք ուրիշներին ծառայելու և սպասավորելու եղանակներ, այդ թվում՝ ձեր ընտանիքին, ձեր ընկերներին և ձեր համայնքին։ Կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու հիանալի միջոցներից մեկը ծոմապահության օրենքին հնազանդվելն ու ծոմապահության նվիրատվություններ անելն է։

Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Թող ձեր խոսքերն ու գործողություններն արտացոլեն Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը։ Պատրաստ եղեք պատմել ձեզ հարցնող յուրաքանչյուրին այն հույսի և երջանկության մասին, որը դուք զգում եք որպես Նրա աշակերտ։ Երիտասարդ տղամարդկանց համար լիաժամկետ միսիայում ծառայելը քահանայության պարտականություն է։ Երիտասարդ կանանց համար սա հզոր հնարավորություն է. աղոթեք՝ իմանալու համար, թե արդյոք Տերը կցանկանար, որ դուք ծառայեք։ Պատրաստվեք ավետարանով կիսվել ձեր ողջ կյանքի ընթացքում։

Միավորեք ընտանիքները հավերժության համար՝ կատարելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք։ Սովորեք ձեր նախնիների մասին։ Պարզեք, թե ով ունի տաճարային արարողությունների կարիք։ Որքան հնարավոր է հաճախ այցելեք տաճար՝ նրանց համար մկրտվելու և հաստատվելու համար։ Եթե օգնության կարիք ունեք, այցելեք FamilySearch.org.

Հիսուս Քրիստոսը սպասավորում է Ամերիկա աշխարհամասում

Խոստացված օրհնություններ

Դուք կունենաք Աստծո օգնությունը։ Երկնային Հայրը չի ակնկալում, որ դուք այս աշխատանքը կատարեք ինքնուրույն։ Նա ձեզ հետ է: Երբ դուք խոնարհաբար նվիրաբերեք ձեր ժամանակն ու սիրտը, Նա զարմանալի բաներ կանի ձեր միջոցով։ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է:

Դուք կլցվեք ուրախությամբ։ Աստծո գործը ուրախալի գործ է։ Մասնակցելով դրան՝ կարող եք զգալ այն ուրախությունը, որը Նա է զգում։ Պատկերացրեք այն ուրախությունը, որը կկիսեք Երկնային Հոր և Նրա զավակների հետ, որոնց օգնել եք Նրան մոտ բերել։

Հարցեր և պատասխաններ

Կարո՞ղ է Աստված իսկապես օգտագործել ինձ Իր գործում։ Այո: Կան բազմաթիվ եղանակներ, որոնք կօգնեն աշխատանքին։ Կարող է թվալ, որ մյուս մարդիկ ավելի տաղանդավոր կամ հմուտ են, բայց ձեր Երկնային Հայրը տեսնում է ձեր ներուժը։ Նա ձեզ պարգևներ է տվել, որոնք կարող եք օգտագործել Նրա զավակներին ծառայելու և նրանց հավաքելու համար։ Նորմալ է, եթե այս պարգևները տարբերվում են մյուս մարդկանց ունեցածից։ Իրականում, այդ պատճառով էլ ձեր պարգևներն այդքան արժեքավոր են։ Դուք անհրաժեշտ եք։

Տես Մատթեոս 10.39 (եթե դուք կորցնեք ձեր կյանքը Փրկչի ծառայության մեջ, դուք կգտնեք այն), Ա Կորնթացիներին 12.14-27 (Քրիստոսի մարմնի բոլոր անդամները անհրաժեշտ են), Փիլիպպեցիներին1.6 (վստահ եղեք, որ Աստված գործում է ձեր մեջ), Հակոբ 5.72 (այգու Տերը աշխատում է ձեզ հետ), Վարդապետություն և Ուխտեր 18.15-16 (ձեր ուրախությունը մեծ կլինի նրանց հետ, ում Քրիստոսի մոտ կբերեք), 64.33-34 (մեծ գործը գալիս է փոքր ու հասարակ բաներից), Մովսես 1.6 («Ես աշխատանք ունեմ քեզ համար»), 6.31-34 (Աստված որակավորում է նրանց, ում կանչում է, նույնիսկ եթե նրանք իրենց անբավարար են զգում

Տաճարային երաշխավորագրի հարց

  • Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին: