2025
Բժշկվել Քրիստոսով
Սեպտեմբեր 2025


Տարածաշրջանի նախագահության ուղերձը

Բժշկվել Քրիստոսով

Ցցի համաժողովից հետո, որը ինձ խնդրել էին նախագահել, ցցի նախագահը ինձ ծանոթացրեց մի հրաշալի և քաջարի երիտասարդ ամուրի կնոջ հետ։ Ես իմացա, որ միսիա ծառայելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղի ծանր և սուր տեսակ։ Նա ենթարկվել էր ցավոտ, երկարատև և միջամտող բուժումների, որոնք թողել էին ֆիզիկական և հուզական սպիներ։

Ես տեսնում և զգում էի նրա տառապանքը։ Սիրտս ցավում էր նրա համար։ Նրա աչքերն արցունքոտ էին, երբ հարցրեց, թե ինչու է դա պատահել իր հետ, մինչ նա այդքան մեծ ցանկություն ուներ ծառայելու Տիրոջը։ «Ինչպե՞ս պետք է շարունակեմ ապրել կյանքիս մնացած մասն այդքան անորոշության մեջ»,- հարցրեց նա։ Ես նրան հրավիրեցի իր կյանքի յուրաքանչյուր օրը համարել Աստծո պարգև։ Ի վերջո, մեզանից ոչ ոք չգիտի, թե երբ մեր Երկնային Հայրը մեզ տուն կկանչի։ Եթե մենք ապրենք և սիրենք ամեն օր, քանի դեռ շնչում ենք, և մեզ նվիրենք Աստծո ծառայությանը, մենք օրհնված կզգանք, նույնիսկ մեր փորձությունների և նեղությունների մեջ։ Ես նրա հետ կիսվեցի որոշ անձնական բաներով, որոնք սովորել էի Աստծուն դիմելու և սեփական տառապանքներում ուրախություն գտնելու մասին: Հոգին մղեց ինձ հրավիրել նրան գիտակցաբար չկենտրոնանալ ինքն իր վրա, և ես հորդորեցի նրան աղոթել տեսնող աչքերի համար, որպեսզի նա կարողանա տեսնել ուրիշների փորձությունները Փրկչի աչքերով և օրհնություն լինել նրանց համար իր կյանքի ամեն օրվա ընթացքում:

Մեր սեփական կյանքի հանդեպ մեր տեսակետը կփոխվի, երբ մենք ձգտենք ծառայել ուրիշներին։ Մեր դառը բաժակը կդառնա օրհնված և ավելի քաղցր, երբ մենք ձգտենք անցնել «ինչու՞ եմ տառապում» մտածելակերպից դեպի «ինչպե՞ս կարող եմ ծառայել» մտածելակերպը։ Մենք կզգանք հրեշտակների աջակցությունը և ավելի առատորեն կզգանք Փրկչի բժշկող ուժը մեր կյանքում։

Մարկոսի 5-րդ գլխում կարդում ենք մի կնոջ մասին, որը 12 տարի տառապում էր արյունահոսությունից։ Նրա վիճակը ոչ միայն ազդել էր նրա առողջության վրա, այլև նրան մեկուսացրել էր հասարակությունից։ Նա հավանաբար հուսահատված էր։ Երբ նա լսեց Հիսուսի մասին, հավատաց, որ Նրա զգեստին դիպչելը կբուժի իրեն։ Հավատքով նա ձեռքը մեկնեց և դիպավ դրան։ Հիսուսը շրջվեց և փնտրեց նրան՝ ասելով. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր»։ Ահա, թե ինչն է այստեղ ուշագրավ. նա ոչ միայն ֆիզիկապես բուժվեց, այլև «բժշկվեց»՝ վերականգնվեց հոգևոր, մտավոր, հուզական և սոցիալական առումներով։

Հիսուս Քրիստոսը առաջարկում է ոչ միայն մխիթարություն կամ բուժում, այլև բժշկում։ Մենք բոլորս կարող ենք կրել անտեսանելի բեռներ՝ ցավ, հիվանդություն, վիշտ, կախվածություն, կասկած, մեղքի զգացում կամ ամոթ։ Մենք կարող ենք կոտրված զգալ և բժշկվելու կարիք ունենանք։ Երբ մեր տառապանքի մեջ մենք ձեռք ենք մեկնում դեպի երկինք և կանչում ենք առ Տերը անկեղծ հավատքով ասված աղոթքով, Նա լսում է մեզ, այցելում է մեզ այնտեղ, որտեղ մենք ենք, և բժշկում է մեզ։

Բժշկման ավելի խոր իմաստը ամբողջական լինելը, խաղաղություն ունենալը և մեր Երկնային Հոր հետ ներդաշնակ լինելն է։ Փրկչի քավության միջոցով մենք բոլորս կարող ենք հաղթահարել ֆիզիկական և հոգևոր մահը և ամբողջական դառնալ։ Փրկչի քավության միջոցով բոլորս կարող ենք հաղթահարել ֆիզիկական ու հոգևոր մահը և բժշկված լինել։

Ես և կինս՝ Քիրսթին, մասնակցեցինք 2022 թվականի միջազգային ԵԶՀ-ին Գերմանիայում: Այդ տարվա ԵԶՀ-ի երգերից մեկը ամենատպավորիչն է եղել ինձ համար: Այն կոչվում է «Բժշկող»: Սրանք կրկներգի բառերն են. «Նա բժշկողն է, Ազատողը բոլոր ցավերից, բոլոր բեռներից և սպիներից: Երբ ցավ ես զգում, գտիր Նրա ողորմածությունը, և Նա կնորոգի քո սրտի ամեն մասնիկը»: Ինձ համար դժվար է երգել առանց հուզվելու և արցունքներ թափելու: Ախ, որքան կարիք ունեմ, որ Փրկիչը մնա ինձ հետ և ինձ բժշկի: Երբ մենք միասին հավատքով քայլում ենք ուխտի արահետով, Փրկիչը քայլում է մեզ հետ: Նրա հրավերը նույնն է բոլորիս համար. «Ինձ մո՛տ եկեք»: Նա գիտի ձեր սիրտը: Նա գիտի, թե ինչ բեռ եք կրում։ Եվ միայն Նա կարող է իսկապես բժշկել ձեզ:

Примітки:

  1. Մոսիա 2․21

  2. Մոսիա 2․17

  3. Մատթեոս 26․39 և 3 Նեփի 11․11

  4. Մատթեոս 26․27

  5. Մարկոս 5․34

  6. 2 Նեփի 33․3

  7. Խոսք և երաժշտություն՝ Նիկ Դեյի։ Գործիքավորում՝ Միչ Դեյվիսի, Նիկ Դեյի և Շոն Հյուբրիչի։ Պրոդյուսեր՝ Միչ Դեյվիս։ Արտիստ՝ ՄակՔենա Հիքսոն © 2022 Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Այս երգը կարող է բազմացվել միայն առանձին դեպքերում` ոչ առևտրային նպատակներով՝ եկեղեցում կամ տանը օգտագործելու համար:

  8. Մատթեոս 11․28-29