2025
Տերն ինձ առաջնորդեց տուն
Սեպտեմբեր 2025


«Տերն ինձ առաջնորդեց տուն», Լիահոնա, սեպտեմբեր 2025։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Տերն ինձ առաջնորդեց տուն

Երբ ես հետևեցի Բոլիվիա վերադառնալու հոգևոր հուշմանը, Տերն առաջնորդեց ինձ դեպի հավերժական ընտանեկան օրհնություններ:

մոլորակի շուրջը պտտվող ինքնաթիռի նկար

Նկարը՝ Դեյվիդ Մալանի

Մինչ աշխատում էի իմ դոկտորական աստիճանի վրա և երաժշտություն էի դասավանդում Միացյալ Նահանգներում, ես ջանում էի ապրել ավետարանով և զգալ Աստծո ազդեցությունն իմ կյանքում: Ես հեռու էի տնից և երբեմն ինձ միայնակ էի զգում, բայց զգում էի, որ Նրա սերն ու ձայնը առաջնորդում են իմ որոշումները:

Մի օր զգացում առաջացավ, որ ես պետք է վերադառնամ իմ հայրենիք՝ Բոլիվիա: Վերադառնալը անլուրջ որոշում չէր: Գործերը լավ էին ընթանում։ Բայց աղոթելուց հետո ես զորեղ կերպով զգացի, որ պետք է վերադառնամ, քանի որ ինձ ինչ-որ կարևոր բան էր սպասում այնտեղ:

Վերադարձիցս հետո Բոլիվիայի լավագույն համալսարաններից մեկում բացվեց երաժշտության բակալավրի ծրագիր, որտեղ ես գտա դասախոսի աշխատանք:

Իմ ծխում ես շուտով հանդիպեցի մի երիտասարդ կնոջ, որին նախկինում երբեք չէի տեսել: Նրա ծնողները դարձի էին եկել Եկեղեցի, մինչ տարիներ առաջ ես պատրաստվում էի մեկնել Միացյալ Նահանգներ: Մենք սկսեցինք հանդիպել և ամուսնացանք, ինչը մեծ օրհնություն էր իմ կյանքում:

Երկու տարի առաջ տատիկիս մոտ քաղցկեղ ախտորոշեցին։ Մենք շատ մտերիմ էինք։ Երբ ես երիտասարդ էի, նա ինձ ասում էր. «Դու միշտ ինձ հետ կլինես, և ես գիտեմ, որ դու հոգ կտանես իմ մասին»:

Քանի որ վերադարձել էի տուն, ես այնտեղ էի, երբ նա իմ կարիքն ուներ, և նրա հետ ամեն օր ժամանակ էի անցկացնում վերջին ամիսների ընթացքում: Նա չէր միացել Եկեղեցուն իր մահից առաջ, սակայն սիրում էր Լիահոնա ամսագիրը, Մորմոնի Գիրքը և գերագույն համաժողովը: «Ես հավատում եմ այդ ամենին»,- ասում էր նա:

Ավելի ուշ ես օրհնվեցի՝ լինելով Կոչաբամբայի (Բոլիվիա) տաճարում ծնողներիս հետ, երբ տատիկս կնքվեց իր ամուսնու հետ, որը մահացել էր երիտասարդ տարիքում: Նա երբևէ կրկին չէր ամուսնացել: Ես զգացի, որ նրանք այնտեղ էին՝ տաճարում, մեզ հետ երջանիկ և կրկին միասին: Գեղեցիկ տեսարան էր իմ ծնողներին տեսնել կնքման սենյակում՝ որպես նրանց փոխարինող անձ:

Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մեր կյանքում, բայց Տերը գիտի, թե մենք որտեղ պետք է լինենք: Նա նաև գիտի, թե ինչպես օրհնել մեզ, և Նա կառաջնորդի մեզ գործել Իր փոխարեն՝ ուրիշներին օրհնելու համար: Եթե մենք վստահենք Նրա իմաստությանը և առաջնորդությանը, ես գիտեմ, որ Նա կարող է ավելին ստանալ մեր կյանքից, քան մենք կարող ենք ինքնուրույն: