2025
Որտե՞ղ են իմ խոստացված օրհնությունները տասանորդ վճարելուց
Սեպտեմբեր 2025


«Որտե՞ղ են իմ խոստացված օրհնությունները տասանորդ վճարելուց», Լիահոնա, սեպտ․ 2025

Որտե՞ղ են իմ խոստացված օրհնությունները տասանորդ վճարելուց

Երկնային Հայրը հաճախ շնորհում է «կարևոր, բայց նուրբ» օրհնություններ՝ անմիջապես հրաշքների փոխարեն, երբ մենք վճարում ենք մեր տասանորդը:

նկար` մարդը տասանորդը դնում է ծրարի մեջ

Նկարը` Դիլին Մարշի

Մաղաքիան մարգարեացավ, որ եթե մենք մեր տասանորդը տանք Աստծուն, ապա Նա կբացի երկնքի պատուհանները և օրհնություն կհեղի, «որ բավարար տեղ չլինի» (Մաղաքիա 3.10):

Այդ խոստումով մենք հաճախ ենք լսում հրաշքների և անմիջական օրհնությունների պատմություններ, որոնք եկել են նրանց, ովքեր պատվել են իրենց տասանորդը վճարելու պատվիրանը: Բայց ի՞նչ կպատահի, եթե մենք նման օրհնություններ չստանանք մեր հուսահատ նյութական կարիքների ժամանակներում: Նմանատիպ օրհնություններ չտեսնելը մեր կյանքում կարող է հուսահատեցնող լինել: Մենք նույնիսկ կարող ենք հարցնել. «Մի՞թե ես օրհնված չեմ»։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը հիշեցնում է մեզ, որ «երկնքի պատուհանները բացվում են շատ առումներով: Որոշ դեպքերում դրանք նյութական են, որոշ դեպքերում՝ հոգևոր։ Մի քանիսը՝ չերևացող և հեշտ անտեսվող։ Վստահեք Տիրոջ ժամանակացույցին, օրհնությունները միշտ կգան»։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուսմունքները կարող են նաև օգնել մեզ տեսնել, որ օրհնությունները, որոնք մենք ստանում ենք, կարող են գալ բազմաթիվ ձևերով, որոնց մասին մենք գուցե չմտածենք: Նա ասել է. «Այս պատվիրանին [տասանորդի օրենքին] հնազանդվելիս ստացվող բազմազան օրհնություններ կան, որոնք կարևոր, սակայն աննկատ են: Նման օրհնությունները կարող են նկատելի լինել միայն այն դեպքում, երբ մենք հոգևորապես զգոն ենք և դիտունակ (տես Ա Կորնթացիս 2․14)»։

Լիարժեք տասանորդ վճարելու կարևոր, բայց աննկատ օրհնությունները փնտրելը և ճանաչելը կարող են օգնել մեզ հասկանալ, որ Աստված տեղյակ է մեր մասին և օրհնում է մեզ:

Կարևոր, բայց աննկատ օրհնություններ

Աստծո կամքը միշտ չէ, որ նույնն է, ինչ մերը (տես Եսայի 55.8–9): Այդ պատճառով Աստծո օրհնությունները միշտ չէ, որ գալիս են մեզ այնպես, ինչպես ցանկանում ենք կամ ակնկալում: Օրինակ՝ երեց Բեդնարը բերել է անսպասելի օրհնությունների մի քանի օրինակներ, որոնք կարող են գալ տասանորդ վճարելուց. «Երբեմն, մենք խնդրում ենք Աստծուց հաջողություն, իսկ Նա տալիս է մեզ ֆիզիկական և մտավոր ուժ: Մենք խնդրում ենք բարեկեցություն, բայց ստանում ենք ընդլայնված հեռանկարներ և ավելի մեծ համբերություն կամ խնդրում ենք հոգևոր աճ և օրհնվում ենք շնորհի պարգևով: Նա կարող է տալ մեզ վստահություն և համոզվածություն, երբ մենք ձգտում ենք հասնել արժանապատիվ նպատակների: Եվ երբ մենք աղերսում ենք, որ ազատվենք ֆիզիկական, մտավոր և հոգևոր դժվարություններից, Նա կարող է մեծացնել մեր վճռականությունը և տոկունությունը»:

Երեց Բեդնարը նաև առաջարկել է, որ երբեմն «օրհնությունը, որ գալիս է մեզ երկնային պատուհանների միջոցով, կարող է լինել գործելու և մեր իսկ պայմանները փոխելու ավելի մեծ կարողությունը, այլ ոչ թե ակնկալելը, որ մեր պայմանները կփոխվեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի միջոցով»: Տեսեք, օրինակ, թե Արգենտինայից մի ամուսին և կին ինչպես են դա զգում իրենց կյանքում իրենց «Ինչո՞ւ ես դու դեռ տասանորդ վճարում» պատմվածքում։ (Լիահոնա, մարտ. 2013, 37)

Աստծո ժամանակացույցը

Մենք կարող ենք նաև սովորել վստահել, որ օրհնությունները գալիս են Աստծո ժամանակին և Նրա իսկ ձևով:

Յոթանասունից երեց Մայքլ Ջոն Ու. Թեհն ասել է․ «Երբ հնազանդվում ենք տասանորդի օրենքին, մենք ․․․ չպետք է վերջնաժամկետ տանք Աստծուն։ Ոմանք հակված են ակնկալելու, որ նյութական օրհնությունները կգան իրենց գնահատմամբ որոշակի ժամանակին: Ահա թե ինչպես են շատերը կորցնում իրենց վստահությունը Նրա խոստումների հանդեպ: Նրանք սկզբում հավատարիմ են, բայց հետո դադարում են հնազանդվել որոշ ժամանակ անց, երբ իրենց սպասելիքները չեն արդարանում: Մենք պետք է գիտակցենք, որ ամեն ինչ արվում է ըստ Տիրոջ կամքի և ժամանակացույցի, և ոչ թե մեր»:

Ըմբռնելով, որ Աստծո ժամանակացույցը տարբերվում է մերից, կօգնենք մեզ ավելի լավ հասկանալ, որ հենց այն պատճառով, որ մենք անմիջական հրաշք չենք ունեցել, չի նշանակում, որ մենք օրհնված չենք:

Աստծո իմաստությունը

Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Ինչ-որ մեկն ասել է, որ կյանքն այն է, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մինչ մենք այլ ծրագրեր ենք կազմում: Այն բաների պատճառով, որոնց վրա մենք վերահսկողություն չունենք, մենք չենք կարող պլանավորել և իրականացնել այն ամենը, ինչ ցանկանում ենք մեր կյանքում: Շատ կարևոր բաներ կկատարվեն մեր կյանքում, որոնք մենք չենք պլանավորել, և ոչ բոլորն են ողջունելի»:

Մեր մահկանացու ճանապարհորդության ընթացքում նույնիսկ նրանք, ովքեր հնազանդ են տասանորդի օրենքին, կարող են ունենալ ֆինանսական դժվարություններ՝ գործազրկություն, անսպասելի արտակարգ իրավիճակներ, ֆինանսների վատ կառավարում կամ աշխատավարձերի լճացում։ Իմացությունը, որ Աստված վերահսկում է, կարող է օգնել մեզ աճել հավատքով և համբերությամբ, երբ որոնենք տասանորդի կարևոր և աննկատ օրհնությունները: Հնարավոր է, որ այս դժվարություններից մի քանիսը իրականում օրհնություններ են, որոնք կօգնեն մեզ աճել հենց փորձության ընթացքում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Հյու Բ. Բրաունը (1883–1975) մի անգամ կիսվել է այդպիսի դասով, որը նա սովորել է Կանադայի մի ֆերմայում` հաղարջի թուփն էտելիս:

Երբ նա գնում էր մաքրելու և վերանորոգելու իր ունեցվածքը, հանդիպեց հաղարջի մի թփի, որը բարձրացել էր ավելի քան վեց ոտնաչափ և հատապտուղ չէր տալիս: Հետևաբար, նա կտրուկ կտրեց այն՝ թողնելով միայն արցունքի կաթիլի նման փոքր կոճղեր։ Տեսարանն այնպես թվաց, կարծես հաղարջի թուփը լաց է լինում, և երեց Բրաունը կարծեց, թե լսել է՝ ինչպես է թուփը ասում.

«Ինչպե՞ս կարողացար այդպես վարվել ինձ հետ: Ես այնքան լավ աճում էի: ․․․ Իսկ հիմա դու ինձ կտրեցիր: ․․․ Ես էլ կարծում էի, թե դու այստեղի այգեպանն ես»:

Երեց Բրաունը պատասխանեց, «Լսի՛ր, հաղարջի փոքրիկ թուփ, ես եմ այստեղի այգեպանը, և ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, որ դու դառնաս: Եթե ես քեզ թույլ տամ գնալ այնպես, ինչպես ուզում ես, դու երբեք ոչ մի բանի չես հասնի: Բայց մի օր, երբ դու բեռնված լինես պտուղներով, կմտածես և կասես. «Շնորհակալություն, պարոն Այգեպան՝ ինձ կտրելու համար, որ ինձ այնքան սիրեցիր, որ ցավ պատճառես»»։

Երբ մենք ֆինանսապես պայքարում ենք և չենք տեսնում տասանորդ վճարելու խոստացված օրհնությունները, մենք կարող ենք արցունքներով խնդրել Աստծուն նույն ձևով. «Ինչպե՞ս կարողացար այդպես վարվել ինձ հետ: Ես անում եմ այն ամենը, ինչ դու խնդրել ես: Իսկ հիմա դու ինձ կտրեցիր»:

Այս ժամանակներում մենք կարող ենք մի պահ մտածել՝ արդյոք փորձությունները, որոնցով անցնում ենք, իսկապես մեծ օրհնություններ կբերեն ճամփորդության ընթացքում սովորած դասերից: Մենք կարող ենք սովորել լիովին վստահել Այգեպանին և այն օրհնություններին, որոնք Նա պատրաստել է մեզ համար, երբ մենք մոտ մնանք Նրան:

Շարունակական հույս և աղոթքներ

Աննկատ, բայց կարևոր օրհնությունները, որ Աստված տալիս է մեզ տասանորդ վճարելուց, կարող են օգնել մեզ վեր կանգնել աշխարհի բազմաթիվ դժվարություններից: Մեր սիրառատ Երկնային Հայրը կատարելապես կհարմարեցնի այդ օրհնությունները, որպեսզի օգնի մեզ աճել և ավելի նմանվել Իրեն: Երբ մենք հավատ գործադրենք գալիք բոլոր օրհնությունները ճանաչելու և ընդունելու հարցում, մենք կարող ենք տեսնել Մաղաքիայի խոստման կատարումը:

Երբ կասկածն ու հուսահատությունը ծագում են ֆինանսական դժվարություններից, եթե մենք արցունքներով հարցնում ենք՝ արդյոք օրհնված ենք, մենք հույսը չենք կորցնում: Փոխարենը՝ մենք կարող ենք աղոթել, որպեսզի տեսնենք այն աննկատ և կարևոր օրհնությունները, որոնք Տերը շնորհել է մեզ, և հավատք ունենանք մեզ համար Երկնային Հոր ծրագրի հանդեպ:

Ինչպես երեց Անդեսոնը վկայել է․ «Ես խոստանում եմ, որ եթե ապավինեք Տիրոջը, երկնքի օրհնությունները կգան»: