2025
Քովիդի համաճարակը գրեթե տապալեց Թաբերնաքլ երգչախմբի նրա երազանքը
Սեպտեմբեր 2025


Քովիդի համաճարակը գրեթե տապալեց Թաբերնաքլ երգչախմբի նրա երազանքը, Լիահոնա, սեպտ․ 2025։

Քովիդի համաճարակը գրեթե տապալեց Թաբերնաքլ երգչախմբի նրա երազանքը

Կարանտինի մեկուսացումը մեծ դաս տվեց. Քրիստոսանման սեր միայնակների հանդեպ:

Լաուրա Էչարի Հերմոսո

2024 թվականի աշնանը, Եվրոպայի Կենտրոնական Տարածաշրջանի տարածքային կազմակերպության խորհրդատուի կոչումը ստանալուց շատ չանցած, Լաուրա Էչարի Հերմոսոն ճամփորդեց ավելի քան 5000 մղոն (8047 կմ) Պամպլոնայի (Իսպանիա) իր տնից՝ երգելու որպես Տաճարային հրապարակի Թաբերնաքլ երգչախմբի հրավիրյալ-անդամ:

Նա ընդամենը երեք օր էր Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ), երբ նրա COVID-19-ի թեստը դրական արդյունք տվեց և նա ինքնամեկուսացվեց։ Գալիք գերագույն համաժողովի համար երգչախմբում երգելու նրա հնարավորությունը անհասանելի էր թվում:

Հյուրանոցի իր սենյակի միայնության և մեկուսացման մեջ նա ծնկի իջավ և աղոթեց: Նա հույս ուներ ապաքինման: Նա փափագում էր երգել։ Նա պահեց իր հավատքը:

Մեկ տարի առաջ

Կորստի դժվարին պահին, երբ բեղմնավորման համար կատարված բուժումներն անհաջող էին, իսկ նրա մայրը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությունով, քույր Էչարին չէր կարողանում երգելու ցանկություն գտնել, որպեսզի երգեր այնպես, ինչպես նախկինում: Դժվար էր, քանի որ երաժշտությունը միշտ եղել էր նրա կյանքի կարևոր մասը: «Դա այն կարիքն է, որը ես միշտ ունեցել եմ պատանեկությունից ի վեր»,- ասաց նա:

Քույր Էչարին իր մոր հետ

Քույր Էչարին (ձախից) իր մոր՝ Մարիայի հետ:

Աղոթելիս մի միտք ծագեց, որ նա պետք է ավելի շատ մարդկանց հետ երգի։ Մեկ շաբաթ անց նրա հետ կապվեց Եկեղեցու մի պաշտոնյա, որը հարցազրույց վերցրեց նրանից: «Նա խոսեց մի երաժշտական ​​նախագծի մասին, որը սկսել էր Եկեղեցին, և որ նրանք փնտրում էին երգիչներ»,- ասաց քույր Էչարին:

Նա չասաց հատուկ նպատակը, բայց երկրորդ հարցազրույցից հետո պաշտոնյան հայտնեց, որ Եկեղեցին փնտրում էր հրավիրյալ երգիչներ Թաբերնաքլ երգչախմբի համաշխարհային մասնակիցների ծրագրի համար, որպեսզի երգեն գերագույն համաժողովում:

«Եվ ես սկսեցի լաց լինել, որովհետև չգիտեի, թե ինչ է լինելու, բայց զգացի, որ Տերն ինձ հետ էր, Տերը գիտեր իմ մասին, և դա մի բան էր, որը ես երբևէ չէի սպասում»,- ասաց նա:

Ճանապարհ դեպի գերագույն համաժողով

Հարցազրույցը միայն նախնական էր, որին հաջորդեց երկրորդ հարցազրույցը մյուսների հետ: Քույր Էչարին նաև ստիպված էր ձայնագրել իրեն երգելիս և ներկայացնել մի քանի ձայնագրություններ: Այնուհետև նա վերջին, վիրտուալ հարցազրույցն ունեցավ Թաբերնաքլ երգչախմբի երաժշտական ​​տնօրեն Ռայան Մերֆիի հետ: «Ես չափազանց լարված էի»,- ասաց նա:

Ի վերջո, ամբողջ աշխարհում 13 ուրիշ մարդկանց հետ նա ընտրվեց՝ երգելու գերագույն համաժողովում, և 2024 թվականի սեպտեմբերին նա ինքնաթիռ նստեց և մեկնեց Միացյալ Նահանգներ: Ժամանումից հետո նրա մոտ ախտորոշվեց COVID-19, և հենց այդ ժամանակ էլ սկսվեց նրա կարանտինը:

Տնից հեռու մենակ մնալը մեծ դաս տվեց. Փրկիչը մխիթարություն կպարգևի նրան միայնակ պահերին (տես Հովհաննես 14.26–27): «Ես կարծում էի, որ չեմ հասնի դրան»,- ասաց նա: «Ես բավականին հուսահատված էի, բայց հավատք ունեի։ Միևնույն ժամանակ ես ինձ լավ չէի զգում։ Հիմա իմ հիմնական նպատակներից մեկն այն է, որ փնտրեմ նրանց, ովքեր կարող են իրենց միայնակ զգալ և փորձեմ մխիթարել նրանց»։

Ութ օր մեկուսացումից հետո նրա առողջությունն ու ձայնը վերականգնվեցին, և նա պարապեց երգչախմբի հետ։ Նա իր ձայնը միացրեց հարյուրավոր մարդկանց ձայներին՝ համաժողովների կենտրոնում և երգեց 2024 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում:

Թաբերնաքլ երգչախմբի խմբային լուսանկար

«Աստված ապրում է: Նա տեղյակ է մեզանից յուրաքանչյուրից»,- ասաց նա: «Երաժշտությունը բուժիչ է, ունի բուժիչ ուժ, և մենք պետք է մեր կյանքը լցնենք երաժշտությամբ: Դա շատ կարևոր է։ Ես զգում եմ, որ Տերը փորձում է ինձ ասել. Լցրու կյանքդ երաժշտությամբ»: