«Դուք երջանկացրել եք ձեր տատիկին», Լիահոնա, սեպտ․ 2025։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Դուք երջանկացրել եք ձեր տատիկին
Տատիկիս զարմուհին չէր պատկերացնում, թե որքան մեծ նշանակություն ունեին նրա նվերն ու ուղերձը ինձ համար:
Հեղինակի տատիկի հարսանեկան լուսանկարը
Մեծանալով խուլ ծնողների հետ՝ ես քաջ գիտակցում էի, որ իմ ընտանիքը տարբեր է: Երբ ես երիտասարդ էի, Եկեղեցու ժողովներին կամ միջոցառումներին ծնողներիս թարգմանող չկար, ուստի մենք հազվադեպ էինք հաճախում եկեղեցի։
Ես միշտ ինձ օտար էի զգում և ունեի խմբից դուրս մնալու զգացում՝ ցանկանալով այն, ինչ ունեին իմ ծխի մյուս անդամները՝ ընտանիք, որը միասին աղոթում և սովորում էր:
Ավագ դպրոցիս ավարտին մոտ, սակայն, մենք ավելի ակտիվ դարձանք Եկեղեցում: Իմ ծնողները կնքվեցին Մեսայի (Արիզոնա) տաճարում, և չորս քույրերիցս երկուսը և ես կնքվեցինք նրանց հետ:
Հինգ տարի անց ես պատրաստվում էի օժտվել և ամուսնանալ տաճարում: Իմ տաճարային կնքումի նախորդ երեկոյան եղբայրս և նրա կինը գնացին տաճար՝ փոխարինող աշխատանք կատարելու մորս ծնողների համար՝ նախապատրաստվելով նրանց կնքմանը հաջորդ օրը: Մայրս այն ժամանակ գրեթե 20 տարվա նորադարձ էր և ցանկանում էր սկսել իր ընտանիքի պատմությունը և տաճարային աշխատանքը:
Հաջորդ օրը մեր պապիկներն ու տատիկները կնքվեցին միմյանց հետ, եղբայրս և նրա կինը դարձյալ փոխարինող անձ էին։ Դա իմ հարսանիքի օրն էր, այո, բայց դա ինձ համար լրացուցիչ նշանակություն ուներ։ Իմ տատիկն ու պապիկը, որոնց ես երբեք չէի տեսել, կիսում էին ինձ հետ այս առանձնահատուկ օրը:
Մի քանի օր անց, երբ ես ու ամուսինս բացում էինք հարսանեկան նվերները, մենք բացեցինք տատիկիս առաջին զարմուհու մի շատ յուրահատուկ նվեր: Նա կրոնասեր կին էր, որը մտերիմ էր եղել տատիկիս հետ։ Նվերը տատիկիս նկարն էր՝ իր իսկ հարսանիքի օրը: Ուղեկցող բացիկում գրված էր. «Տատիկդ այնքան երջանիկ է քեզնով և քեզ տեսնում է վերևից»։
Այս զարմուհին չէր պատկերացնում, թե որքան մեծ նշանակություն ունի նրա ուղերձն ինձ համար: Նա չգիտեր նաև տաճարային աշխատանքի մասին, որը վերջերս կատարվել էր տատիկիս համար: Այդ պահին ես իմ սրտում գիտեի, որ տատիկս գոհ էր ինձնից և երջանիկ, որ մեր ընտանիքը սկսել էր ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի կարևոր ճամփորդությունը:
Այժմ մենք հավերժական ընտանիք էինք՝ մեր նախնիներին հավաքելու ճանապարհին և մորս առաջնորդությամբ՝ վարագույրից այն կողմ մեր ընտանիքը օրհնելու համար: