«Աստված ինձ խաղաղություն տվեց», Լիահոնա, սեպտեմբեր 2025։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Աստված ինձ խաղաղություն տվեց
Կապը, որը ես վայելում էի Երկնային Հոր հետ, օգնեց ինձ հաղթահարել մի շատ դժվար ժամանակաշրջան:
Երբ մենք պատրաստվում էինք երգել Կոնսեպսիոնի (Չիլի) տաճարի նվիրագործման նիստի ժամանակ 2018 թվականին, չափահաս երիտասարդների երգչախմբի բոլոր անդամները, որոնց ես ղեկավարում էի, նույն նպատակն ունեին՝ կատարել երաժշտական և հոգևոր աշխատանքը, որն անհրաժեշտ է՝ Աստծուն մեր լավագույն նվիրաբերությունը տալու համար:
Երգչախմբի անդամների հետ, որոնք Չիլլան քաղաքի երկու ցցերից էին, ես նվիրվեցի հնարավորինս մաքուր լինելուն: Ես ցանկանում էի արտացոլել Քրիստոսի Լույսն իմ կյանքում: Ես ուզում էի, որ այն նվիրատվությունը, որը մենք տվեցինք Աստծուն Նրա սուրբ տանը, հնարավորինս կատարյալ լիներ: Ես գիտեի, որ եթե մենք կատարեինք մեր բաժինը, Երկնային Հայրը կօգներ մեզ, և մենք կերգեինք այնպես, ինչպես Նա կցանկանար, որ մենք երգենք:
Նվիրագործման ժամանակ մենք երգեցինք մեր ձայնով ու մեր սրտով։ Կարծում եմ՝ հրեշտակները երգում էին մեզ հետ։ Երգչախմբի ձայնը կատարյալ էր։ Մենք զգացինք, որ Աստծո շնորհը մեզ հետ է, և որ Նա գոհ է մեր նվիրաբերությունից: Այդ զգացումը երկար մնաց ինձ հետ։
Տաճարի նվիրագործումից հետո ես զգացի հոգևորապես սնված և Երկնային Հոր հետ միավորված: Ես զգացի ավելի ամուր կապ Նրա հետ, քան երբևէ զգացել էի: Այդ կապն այնքան ուժեղ էր, որ ես հոգևորապես ուղղորդված էի զգում, թե ինչ պետք է խնդրեմ, երբ աղոթում էի (տես 3 Նեփի 19․24)։
Տաճարի նվիրագործման ժամանակ ես հինգ շաբաթական հղի էի: Մի քանի ամիս անց ես վիժեցի երեխայիս։ Դա սարսափելի ժամանակ էր: Ես այնքան տխուր էի, հատկապես երբ իմացա, որ հնարավոր է, որ չկարողանամ այլևս երեխաներ ունենալ։
Բայց այդ դժվարին փորձառությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ինձ հոգևորապես ամենաուժեղն էի զգում: Ես հասկացա, որ պատրաստվել էի այս պահին այն նվիրաբերության միջոցով, որը մենք մատուցել էինք տաճարում: Հոգևոր ուժը, որը ես զգացել էի, օգնեց ինձ հաղթահարել այս փորձությունը, քանի որ Երկնային Հայրն ինձ հետ էր և ինձ խաղաղություն տվեց:
Կարճ ժամանակ անց Աստված մի հրաշքով օրհնեց ինձ ու ամուսնուս։ Մենք անչափ ուրախացանք, երբ մեր որդին՝ Արթուրոն, ստացավ մի փոքրիկ քույրիկ՝ Դանիելային։
Ես չէի կարողանա դիմակայել այդ փորձառությանը առանց սերտ կապի, որը վայելել էի Երկնային Հոր հետ: Ես գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու և Նրա կամքին համապատասխան: Այս հիշողությունները դեռևս ուրախությամբ ու երախտագիտությամբ են լցնում իմ սիրտը: