«Օրհնված քահանայության իշխանությամբ և զորությամբ», Լիահոնա, սեպտ. 2025:
Օրհնված քահանայության իշխանությամբ և զորությամբ
Եկեղեցու անդամներն օգտագործում են Աստծո զորությունը՝ Եկեղեցում, տանը և ամբողջ աշխարհում ուրիշներին ծառայելու և օրհնելու համար:
Մեր վկայությունն աշխարհին այն է, որ Աստծո սուրբ քահանայությունը կարևոր է Նրա փրկության և վեհացման աշխատանքն իրականացնելու համար, որ Նա վերականգնել է քահանայությունը երկրի վրա այդ նպատակով, և որ այն կառավարվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից:
Քահանայության իշխանության և զորության անհրաժեշտությունը
Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է: Եկեղեցին այն գործիքն է, որը Նա ստեղծել է, որպեսզի կատարի մարդկության փրկագնման հիմնական աշխատանքը ավետարանի այս վերջին տնտեսության մեջ, ճիշտ այնպես, ինչպես այն տնտեսության ժամանակ, երբ Նա ապրում էր երկրի վրա: Եկեղեցու միջոցով.
-
Նա կարող է հռչակել Իր ավետարանը ողջ աշխարհում:
-
Նա կարող է առաջարկել մկրտություն և մյուս բոլոր ուխտերը, նույնիսկ ուխտի ուղի՝ դեպի Իր սելեստիալ արքայությունը:
-
Նա կարող է հավերժության համար միավորել ընտանիքները:
-
Նա կարող է փրկության պարգևներ մատուցել նույնիսկ նրանց, ովքեր մահացել են առանց դրանց:
-
Նա կարող է սպասավորել Աստծո զավակների ֆիզիկական կարիքները մեր օրերում։
Այս մեծ նպատակներն իրագործելու և Փրկչի վերադարձին պատրաստվելու համար Եկեղեցուն անհրաժեշտ է Աստծո շարունակական առաջնորդությունը, իշխանությունը և զորությունը: Եկեղեցին «ճշմարիտ և կենդանի եկեղեցին» է (Վարդապետություն և Ուխտեր 1․30), քանի որ Քրիստոսն այն ներդնում է Իր առաջնորդությամբ և զորությամբ Իր քահանայության միջոցով՝ «Սուրբ Քահանայություն, ըստ Աստծո Որդու Կարգի» (Վարդապետություն և Ուխտեր 107․3)։
Բայց առանց այս սուրբ քահանայության Եկեղեցին ըստ էության կլիներ աշխարհիկ կազմակերպություն, որն աշխարհում բարիք կգործեր, բայց անզոր՝ հասնելու Աստծո որդիներին և դուստրերին Նրա ներկայության մեջ հավերժական կյանքի ուրախությանը նախապատրաստելու վերջնական նպատակին: Այս քահանայությամբ և այս քահանայության աշխատանքը ղեկավարելու բանալիներով Եկեղեցում կա և՛ իշխանություն, և՛ կարգուկանոն:
«Եկեղեցում քահանայության ամբողջ իշխանությունը գործադրվում է քահանայության բանալիներ կրողների ղեկավարության ներքո:
Եկեղեցու արական սեռի արժանավոր անդամները ստանում են քահանայության իշխանություն՝ քահանայության շնորհման և քահանայության պաշտոնների ձեռնադրման միջոցով: Եկեղեցու բոլոր անդամները կարող են գործադրել պատվիրակված իշխանություն, երբ նրանք ձեռնադրվում կամ նշանակվում են՝ օժանդակելու Աստծո աշխատանքի իրականացմանը»:
Քահանայության բանալիների միջոցով Տիրոջ առաջնահերթությունները միշտ գերակայելու են: Ոչ ոք չի կարող պահպանել անձնական օրակարգ, որը ներդաշնակ չէ Նրա առաջնորդությանը: Ոչ ոք չի կարող հաջողության հասնել քահանանենգման մեջ՝ փնտրելով անձնական շահ և անձնական հետևորդներ:
Քահանայությունը նաև կարևոր դեր է խաղում Եկեղեցու անդամների տներում: Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Այն սկզբունքը, որ քահանայության իշխանությունը կարող է գործադրվել միայն մեկի ղեկավարության ներքո, ով կրում է այդ գործառույթի բանալիները, առանցքային է Եկեղեցում, բայց կիրառելի չէ ընտանիքում»։ Հայրերը նախագահում և գործադրում են քահանայությունը իրենց ընտանիքում․ խորհրդատվություն, անցկացնել ընտանեկան ժողովներ, քահանայություն կամ բժշկող օրհնություններ տալ ընտանիքի անդամներին կամ այլոց, և այլն՝ առանց քահանայության բանալիները կրող մեկի ղեկավարության կամ թույլտվության:
«Նույն սկզբունքը կիրառվում է այն դեպքում, երբ հայրը բացակայում է, և մայրն է ընտանիքի ղեկավարը։ Նա նախագահում է իր տանը և նպաստում է, որ քահանայության զորությունն ու օրհնությունները հասանելի լինեն իր ընտանիքում՝ իր օժտման և տաճարում իր կնքման շնորհիվ»։
Քահանայության վերականգնումը մեր օրերում
15 մայիսի, 1829 թվական
Այս վերջին տնտեսության մեջ քահանայության իշխանության վերականգնումն ընթացավ կանոնավոր, քայլ առ քայլ առաջընթացով: Երբ մեր տնտեսության հիմնարար սուրբ գրությունը՝ Մորմոնի Գիրքը, թարգմանվում էր 1829 թվականին, Տերը սկսեց տեղադրել իր քահանայության կառուցվածքը: Ի պատասխան Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի՝ մկրտության վերաբերյալ աղոթքով հարցմանը, հարություն առած Հովհաննես Մկրտիչը հայտնվեց և շնորհեց նրանց Ահարոնյան քահանայությունը, որը «կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները» (Վարդապետություն և Ուխտեր 13․1): Այդ իշխանությունով Ջոզեֆն ու Օլիվերը մկրտեցին միմյանց, իսկ ավելի ուշ՝ մյուսներին, երբ Եկեղեցին պաշտոնապես կազմավորվեց:
1829 թվականի մայիսի 15-ից անմիջապես հետո
Հովհաննես Մկրտիչի հայտնվելուց շատ չանցած՝ հին առաքյալներ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը հայտնվեցին և շնորհեցին բարձրագույն կամ Մելքիսեդեկյան քահանայությունը, այդ թվում՝ «իմ արքայության բանալիները և ավետարանի տնտեսությունը՝ … ժամանակների լրության համար» (Վարդապետություն և Ուխտեր 27․13, տես նաև 128․20)։
3 ապրիլի, 1836 թվական
Քահանայության հավելյալ անհրաժեշտ իշխանությունը եղավ այնուհետ, երբ Կիրթլենդի տաճարում երեք հնագույն մարգարեներ՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան, հայտնվեցին Ջոզեֆին և Օլիվերին և նրանց հանձնեցին Իսրայելի հավաքման և Տիրոջ տաճարներին վերաբերող աշխատանքի բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 110․11–16)։
1829 թվականի ամառ – 1835 թվականի ապրիլ
Վարդապետություն և Ուխտերում այժմ սրբադասված հայտնությունները Մարգարե Ջոզեֆ Սմիթին հրահանգեցին տղամարդկանց բարձրագույն (Մելքիսեդեկյան) և նախապատրաստական (Ահարոնյան) քահանայությունների պաշտոններին կարգելու վերաբերյալ. քահանայության պաշտոնյաների նշանակումը, ինչպիսիք են՝ եպիսկոպոսները և քահանայության քվորումների և խորհուրդների կազմավորումը։
1835–1973 թվականներ
Մարգարեական ուղղությունը շարունակում է առաջնորդել քահանայության կազմակերպությունն ու գործառույթը Եկեղեցում: Օրինակ՝ Յոթանասունականների քվորումները կազմավորվեցին Կիրթլենդի դարաշրջանում՝ Տասներկուսի Քվորումին աջակցելու համար: Դեպի Արևմուտք մեծ արտագաղթից և Եկեղեցու անդամների՝ լայն աշխարհագրական տարածքներում ցրվելուց հետո այս քվորումները նշանակվեցին՝ գործելու Եկեղեցու ցցերում:
1973 թվականից–ներկա ժամանակ
Նախագահներ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985), Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) և Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) վարչակազմերի ներքո Յոթանասունականները և նրանց քվորումները սկսեցին գործել ուղղակիորեն Տասներկուսի Քվորումի ներքո՝ Եկեղեցու ընդհանուր մակարդակում և Եկեղեցու տարածաշրջաններում: Այնուհետև ցցի մակարդակի քվորումները դադարեցվեցին: Այսօր Բարձրագույն Իշխանության և Տարածքային Յոթանասունականների տասներկու քվորումներն օգնում են առաքյալներին՝ «եկեղեցին կառուցելիս և բոլոր ազգերի մեջ նրա գործերը կարգավորելիս» (Վարդապետություն և Ուխտեր 107․34)։ Յոթանասունականների հավելյալ քվորումներ կարող են ստեղծվել Եկեղեցու ընդլայնման հետ մեկտեղ:
Երեց Քրիստոֆերսոնը ողջունում է եղբայրներ Սամփսոն և Դանիել Ամակոներին Գամբիայում (Արևմտյան Աֆրիկա) 2022 թվականի փետրվարին:
Քահանայություն. Օրհնելու զորությունը
Մի խոսքով, քահանայության իշխանության և զորության նպատակը, որը Հիսուս Քրիստոսը վերականգնեց, օրհնելն է: Այն Եկեղեցու անդամներին հնարավորություն է տալիս օգտագործել Աստծո զորությունը Եկեղեցում, տանը և ամբողջ աշխարհում՝ ուրիշներին ծառայելու և օրհնելու համար: Անդամները միանում են Փրկչին՝ իրականացնելով Նրա փրկության և վեհացման աշխատանքը՝ կիրառելով աստվածային պարգևներ և զորություն իրենց ունեցածից շատ ավելին, որպեսզի օգնեն Աստծո արքայությանը աճել և լցնել երկիրը (տես Վարդապետություն և Ուխտեր 65․2, 5–6)։
Տերը բացատրել է, որ «այս մեծագույն [Մելքիսեդեկյան] քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:
Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը:
Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց՝ մարմնում» (Վարդապետություն և Ուխտեր 84.19–21):
Արարողությունները, իհարկե, քահանայության կողմից կատարվող արարողություններն են կամ հաղորդությունները, որոնցով մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ՝ սկսած մկրտությունից և շարունակելով Տիրոջ տանը ստացված ուխտերի միջոցով: Այս ուխտերը պահելով է, որ մենք «բնական» տղամարդկանցից և կանանցից վերածվում ենք սրբերի (տես Մոսիա 3․19)՝ Քրիստոսի քավող շնորհով ու դառնում արդարացված և սրբացված, անմեղ ու անբիծ՝ Աստծո առաջ (տես Վարդապետություն և Ուխտեր 20․29–31, 3 Նեփի 27․16–20)։
«Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» հռչակագրում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը ամփոփում է հետևյալ միտքը․
«Մենք հայտարարում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կազմավորվել է 1830 թվականի ապրիլի 6-ին, Քրիստոսի Նոր Կտակարանի վերականգնված եկեղեցին է: Այս Եկեղեցին խարսխված է իր գլխավոր անկյունաքար՝ Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքին և Նրա անսահման Քավությանն ու իրական Հարությանը: Հիսուս Քրիստոսը ևս մեկ անգամ կանչել է առաքյալներ և նրանց տվել քահանայության իշխանություն: Նա հրավիրում է բոլորիս գալ դեպի Իրեն և Իր Եկեղեցին, ստանալ Սուրբ Հոգին, փրկության արարողությունները և ձեռք բերել հարատև ուրախություն»: