«Ես ուզում եմ նմանվել քեզ», Լիահոնա, սեպտ. 2025։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Ես ուզում եմ նմանվել քեզ
Ես զգացի ճնշող անհանգստություն, որը բխում էր անհամապատասխանության վախից, մինչև որ աղոթեցի:
Նկարը՝ Դեյվիդ Մալանի
Երկար, ծանր օրից հետո, որը լի էր երեք փոքր երեխաներին խնամելու հետ կապված դժվարություններով, այն ամենը, ինչ ես ուզում էի անել, լոգանք ընդունելն ու քնելն էր:
Ես խոր շունչ քաշեցի ու մտա սենյակս հանգստանալու։ Հենց այդ ժամանակ ներս մտավ մեր հնգամյա դուստրը և հիշեցրեց ինձ, որ իր հերթն էր ամենամսյա անձնական հարցազրույցների համար, որ ես ու ամուսինս սկսել էինք նրա և մեր երեք տարեկան որդու հետ: Մենք նրանց հարցեր էինք տալիս իրենց սիրած բաների և այն մասին, թե ինչ էր նրանց դուր գալիս մանկապարտեզում կամ եկեղեցում: Այնուհետև հիշեցնում էինք նրանց, որ նրանք Աստծո զավակներն են, և որ մենք սիրում ենք նրանց:
Ինձ դուր էին գալիս այդ զրույցները, բայց ես ֆիզիկապես կամ հոգեպես շատ հոգնած էի զգում՝ անձնական զրույցը անցկացնելու համար: Ես սկսեցի դստերս ասել, որ վաղը երեկոյան կխոսենք, բայց հասկացա, թե որքան կարևոր էին մեր զրույցները նրա համար:
«Լավ,- հոգնած ասացի ես,- արի կանչենք հայրիկին»:
Մենք երեքս նստեցինք մահճակալին և սկսեցինք զրուցել։ Երբ ամուսինս մի պահ դուրս եկավ սենյակից, ես հարցրի մեր դստերը. «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս»:
Ես պատրաստ չէի նրա պատասխանին. «Նմանվել քեզ»:
Աչքերիցս արցունքներ հոսեցին, սիրտս լցվեց զգացմունքներով։ Ես հուզված էի այն բանից, թե ինչպես էր դուստրս տեսնում ինձ, բայց զգացի ճնշող անհանգստություն, որը բխում էր անհամապատասխանության վախից: Մտածում էի բոլոր պատճառների մասին, որ երեխաներիս համար իդեալական օրինակ չէի հանդիսանում, և ես խորապես գիտակցում էի իմ թերությունները:
Ավելի ուշ՝ այդ գիշեր, երբ ես աղոթում էի, ջերմեռանդորեն խնդրեցի Երկնային Հորը, որ օգնի ինձ դառնալ ավելի լավ օրինակ իմ դստեր համար և ավելի արժանի լինել նրա հիացմունքին: Հանկարծ մխիթարության, հույսի և սիրո ճնշող ալիքը ողողեց ինձ: Ես հասկացա, թե ինչ երախտագիտություն ունեին իմ Երկնային Հայրը և Փրկիչը իմ հանդեպ՝ պարզապես մայր լինելու համար, որը փորձում էր ավելի լավը լինել: Նրանք ընդունեցին իմ ջանքերը և իմ կողքին էին, որպեսզի օգնեն ինձ դառնալ այն մայրն ու դուստրը, որը նրանք տեսնում են իմ մեջ:
Ես իմ ամբողջ սրտով գիտեմ, որ Աստված ճանաչում և սիրում է մեզ, և «շնորհիվ Փրկչի քավության արտոնող զորության» մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին մենք հույս ունենք դառնալ: